22:57
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Որպես բժիշկ` ինձ համար մեծագույն պարգեւը հիվանդի գոհունակությունն է

2019-02-13 15:19


 «Դե Ֆակտո» N 147 (01/2019թ.) 

Բժիշկ լինելը, այն էլ վիրաբույժ, զուտ աշխատանք չէ, այլ կոչում: Իր կոչմանը հավատարիմ Մուշեղ Միրիջանյանն հենց այն վիրաբույժներից է, ով հարյուրավոր մարդկանց պարգևել է, մարդու համար, թերևս, ամենակարևորը` առողջություն, նրա համար մարդու կյանք փրկելն ու նրանց առողջացնելն առաքելությունն է:
Մուշեղ Միրիջանյանն իր ամբողջ կյանքը նվիրել է վիրաբուժությանը` ստանալով բազում շնորհակալագրեր և մեդալներ, սակայն նրա համար ամենաթանկն իր հիվանդների երախտապարտ խոսքերն են:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը:

 

-Պարո՛ն Միրիջանյան, բավականին բարդ և պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, կխնդրեի ներկայացնեք, ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց վիրաբույժի մասնագիտությունը:


-Վիրաբույժ լինելն իմ ցանկությունն էր դեռ մանուկ հասակից, որն իրականություն դարձավ արդեն երիտասարդ տարիքում:
Այսօր հաստատակամ կարող եմ ասել, որ չեմ զղջում այս պատասխանատու և բարդ մասնագիտությունն ընտրելու համար:

-Դուք Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության բաժանմունքի ղեկավարն եք, որպես բաժանմունքի ղեկավար` կխնդրեի ներկայացնեք, ի՞նչ ծառայություններ են գործում բաժանմունքում:

-Մեր բաժանմունքում գործում են բոլոր այն ծառայությունները, որոնք կապված են վիրաբուժության հետ:
Բացի բուժական աշխատանքից մեր բաժանմունքում իրականացվում է նաև գիտական աշխատանք: Այստեղ ուսուցանում են բժշկական համալսարանի բարձր կուրսի ուսանողները:

-Բաժանմունքն արդյո՞ք ունի արդի սարքավորումների խնդիր:

-Բաժանմունքում սարքավորումների հագեցվածությունը կարող եմ գնահատել բավարար, սակայն, այնուամենայնիվ միշտ էլ կարիք է լինում վերազինել բաժանմունքն արդի սարքավորումներով:

-Բաժանմունքում ինչպիսի՞ հիվանդությունների հետ եք հաճախ առնչվում:

-Ցավով պետք է նշեմ, որ վերջին ժամանակներում բավականին շատացել են ավտովթարի հետևանքով տրավմաները: Ավտովթարները, դանակահարությունները և հրազենային վիրավորումները դարձել են համաճարակ:

-Դուք նաև Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի վարիչն եք, բազում սերունդներ եք կրթել` ո՞րն է եղել Ձեր պատգամն ապագա վիրաբույժներին:

-Երիտասարդ վիրաբույժներին, նախ և առաջ պատգամում եմ` լինեն նվիրված իրենց մասնագիտությանը և ազնիվ հիվանդի հետ:
Բժիշկը պետք է մշտապես կատարելագործի իր գիտելիքները և իր կուտակած մասնագիտական փորձն օգտագործի հանուն իր հիվանդի ապաքինմանը:

-Պարո՛ն Միրիջանյան, ըստ Ձեզ` ինչպիսի՞ն են այսօրվա երիտասարդները, արդյո՞ք հեշտ է աշխատել նրանց հետ:

-Այսօրվա երիտասարդությունն առաջադեմ է, նպատակասլաց, ընկալունակ և շատ հեշտ է աշխատել նրանց հետ: Այսօր շատ բանիմաց և խելացի երիտասարդներ ունենք, ովքեր արժանի ու լավ բժիշկներ են, նրանք ունեն լավ պոտենցիալ առաջ գնալու և իրենց մասնագիտության մեջ հաջողությունների հասնելու, ուղղակի այդ երիտասարդներին պակասում է պետական աջակցությունը: Եթե պետության կողմից լինի աջակցություն, ապա այդ դեպքում ամեն բան լավ կլինի:

-Երկար տարիներ է արդեն կատարում եք բարդ վիրահատություններ, ի՞նչ եք զգում ամեն անգամ վիրահատարան մտնելիս:

-Անկախ հիվանդության բարդությունից, վիրահատարան մտնելիս ես միայն մտածում եմ, ինչպես անեմ, որ վիրահատությունն անցնի բարեհաջող և փորձեմ փրկել և առողջացնել տվյալ մարդուն:

-Ձեր նվիրական աշխատանքը տարիների ընթացքում գնահատվել են բազմաթիվ պարգևներով, ի՞նչ նշանակություն ունեն դրանք Ձեզ համար:

-Յուրաքանչյուր բնագավառում գնահատված լինելը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող:
Իմ կատարած աշխատանքի համար ստացել եմ բազում պարգևներ: Ինձ համար` որպես բժիշկ, մեծագույն պարգևը հիվանդի գոհունակությունն է և հստակ կարող եմ ասել, որ պարգևներից լավագույնը` դա հիվանդի շնորհակալությունն է, երբ նրանց տեսնում ես առողջ և երջանիկ:
Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր գնահատում եմ իմ կատարած համեստ աշխատանքը, այն ինձ ուժ է տալիս էլ ավելի մեծ եռանդով աշխատելու:

-Բժշկությունն օր օրի զարգանում է, ի՞նչ նորարարական մեթոդներ են կիրառվում վիրաբուժության մեջ:

-Աշխարհում օր օրի վիրաբուժության մեջ ի հայտ են գալիս բազում նորարարական մեթոդներ, ցավոք սրտի պետք է նշեմ, որ Հայաստանում վիրաբուժության ոլորտը ետ է մնում միջազգային ստանդարտներից:
Պետք է անընդհատ մեկնել վերապատրաստումների` դրսի փորձը բերելով մեր երկիր, զարգացնել բժշկությունը: Գիտեք, բժիշկները միայն իրենց միջոցներով չեն կարող մեկնել վերապատրաստումների, հարկավոր է պետության աջակցությունը:
Հեղափոխություն արած երկիր ենք, ինչո՞ւ չպետք է լինի հեղափոխություն նաև առողջապահության ոլորտում:


Պետք է «հեղափոխություն» լինի նաեւ առողջապահության ոլորտում

 

-Մեծ է Ձեր ավանդը բժշկության, ինչպես նաև գիտության ասպարեզում, ըստ Ձեզ` ի՞նչ բնավորության գծերով պետք է օժտված լինի բժիշկը, որպեսզի կարողանա կերտել այն հաջողակ ուղին, որին այսօր հասել եք:

-Յուրաքանչյուր մասնագիտության մեջ` լինի բժիշկ, մանկավարժ, մարդը պետք է նվիրված լինի իր մասնագիտությանը, լինի արդար և մաքուր խղճով:

-Ըստ Ձեզ, որո՞նք են այն մեխանիզմները, որ բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները դարձնում են անկաշկանդ և դյուրին:

-Գիտեք, իմ կարծիքով բժիշկը պետք է պետության կողմից ստանա աջակցություն, որպեսզի նա իր աշխատանքում մտածի միայն հիվանդի առողջության մասին, բժիշկը չպետք է հիվանդի հետ քննարկի գումարային հարցեր: Մենք այդ դաստիրակությունը ստացել ենք Խորհրդային Միություն տարիներից, այժմ էլ այդպես շարունակվում է: Իմ կարծիքով, միայն այդ պարագայում է հնարավոր, որպեսզի ավելի անկաշկանդ և դյուրին լինեն փոխհարաբերությունները հիվանդի հետ:

-Խոսենք միջազգային համագործակցությունների մասին, կա՞ն դրսում աշխատող վիրաբույժներ, ում հետ ունեք համագործակցություններ:

-Իհարկե, շատ ականավոր վիրաբույժներ կան ում հետ համագործակցում եմ արդեն երկար տարիներ` հրապարակում եմ գիտական աշխատանքներ:
Այժմ էլ Ռուսաստանի Դաշնության ակադեմիայից ունեմ հրավեր, որպեսզի զեկույց կարդամ:

-Ամուր ընտանիք կազմելը յուրաքանչյուր մարդու համար ամենակարևորն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ունեմ գեղեցիկ և ներդաշնակ ընտանիք, հրաշք թոռնիկներ, ում երջանկությամբ ինձ կրկնակի երջանիկ եմ զգում:

-Ինչպիսի՞ն է Մուշեղ Միրիջանյանն աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Ունեմ շատ նախասիրություններ, դրանցից մեկը շներն են, ունեմ թվով 20 շուն:
Մենք` մի խումբ շնասերներ, մի քանի տարի առաջ հիմնադրեցինք «Հայկական լեռնաշխարհի գամփռների շնասերների ակումբ» ՀԿ-ն, որոշեցինք պաշտպանել ու խթանել մեր գամփռ շների բազմացմանը` պահպանելով նրանց տեսակը: Օգտագործելով նրանց սպեցիֆիկ հատկությունները, կարելի է նրանց օգտագործել բազմապրոֆիլ ոլորտներում, սկսած անասնապահության բնագավառից, գայլերի դեմ պայքարից, հետախուզությունից, վերջացրած սահմանների պահպանությունից:

-Ի՞նչ արժեքներ եք փոխանցում Ձեր երեխաներին, որոնք փոխանցվել են Ձեր ծնողներից:

-Ես իմ երեխաներին փոխանցել եմ ամենակարևորը` իմ ծնողների գենը, իմ կարծիքով դրանից ավելի ոչինչ կա:

-Եվ վերջում, որպես բժիշկ` ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, որպեսզի խուսափեն առողջական խնդիրներից:

-Թող հետևեն իրենց առողջությանը, աշխատեն այնպես անել, որ չհիվանդանան: Ցանկանում եմ, որ մարդկանց սոցիալական խնդիրները, վերջապես կարգավորվեն, որպեսզի նրանք կարողանան ժամանակին դիմել բժշկի:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...