21:26
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բոլոր ծրագրերն ուղղված են Սարուխան համայնքի բարեկարգմանն ու բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը

2018-11-26 14:36

 «Դե Ֆակտո» N 146 (09-10/2018թ.) 

Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում հոկտեմբերի
21-ին տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Սարուխանում 5884 ընտրողից քվեարկել են 2321-ը, կամ` 39,45 տոկոսը: Այստեղ հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյովա Աբրահամյանը` հավաքելով 944 ձայն:
Ընտրությունների, համայնքում առկա ձեռքբերումների, խնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Սարուխան համայնքի նորընտիր ղեկավար Լյովա Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, նախ ցանկանում ենք Ձեզ շնորհավորել համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, մոտ մեկ տարի պաշտոնավարել եք Սարուխան համայնքը` ի՞նչ ձեռքբերումներ կմատնանշեք:

-Շատ շնորհակալ եմ, 1996 թվականին ընտրվել եմ Սարուխանի համայնքապետ և չորս անգամ վերընտրվել եմ այդ պաշտոնում, իսկ 2017 թվականին նշանակվել եմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ասեմ, որ իմ հարազատ համայնքի խնդիրներին մշտապես քաջատեղյակ եմ եղել ցանկացած խնդրին մոտենում եմ սրտացավորեն և աշխատում եմ այնպես անել, որ յուրաքանչյուր խնդիր սեղմ ժամկետում ստանա իր լուծումը: Իմ պաշտոնավարման օրվանից բազում ծրագրեր են կյանքի կոչվել: Կատարվել է համայնքի բարեկարգման աշխատանքներ. կենտրոնական փողոցներում, մոտ 1500 մետր, գիշերային լուսավորություն է անցկացվել: Ոռոգման համակարգի խնդիրներից խուսափելու նպատակով, համայնքի տնամերձ հատվածների համար կառուցեցինք ջրատար, որպեսզի այդ հատվածներում լուծվեն ոռոգման խնդիրները: Կառավարության ծրագրի շրջանակներում նախատեսված է ասֆալտապատել մոտ չորս երկրորդային ճանապարհներ, առաջին ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ավարտված է, շուտով նաև մեկնարկ կտրվի երկրորդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Դեռ բազում ծրագրեր ունենք, որոնք կյանքի կկոչենք առաջիկայում, այդ բոլոր ծրագրերն ուղղված կլինեն Սարուխան համայնքի բարեկարգմանն ու բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը:

-Ո՞րքան բնակչություն ունի համայնքը և հիմնականում ի՞նչով են զբաղվում բնակիչները, արդյո՞ք կան աշխատատեղեր:

-Համայնքն ունի 8381 բնակիչ: Հիմնականում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ, իսկ քանի որ այստեղ հողերը այդքան էլ բերրի չեն, բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի մշակմամբ:
Իսկ Ձեր այն հարցին, թե արդյո՞ք համայնքում աշխատատեղեր կան թե ոչ` ասեմ, որ այն մեր ամենացավոտ խնդիրներից մեկն է, քանի որ գրեթե չկան աշխատատեղեր, որի հետևանքով բնակիչների մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի:

-Պարո՛ն Աբրահամյան, իսկ բերքատվության առումով ինչպիսի՞ն էր տարին:

-Այս տարվա բերքը անցյալ տարվա բերքի շուրջ 30%-ն է կազմում. հիմնական պատճառը կարկտահարությունն էր:

-Կատարված աշխատանքների հետ մեկտեղ, դեռ ի՞նչ չլուծված խնդիրներ կան համայնքում:

-Ընդհանուր առմամբ մեզ համար առաջնային խնդիրը գյուղի ընդհանուր բարեկարգումն է. ասֆալտապատում, գիշերային լուսավորության ցանցի ավելացում, կոյուղաջրերի հեռացում: Գիտեք, ինչքան էլ որ փորձում ենք ճանապարհները հողային շերտով բարեկարգել, միևնույն է, մի քանի ամիս անց անձրևներից, նույնիսկ քամուց ճանապարհները նորից հայտնվում են նույն վիճակում: Պետք է գտնենք միջոցներ, որպեսզի կարողանանք գոնե համայնքային գլխավոր ճանապարհները վերանորոգել: Մեզ համար կարևոր է նաև, որ համայնքում զարգանա մշակութային և սպորտային կյանքը, որոնց զարգացման համար անհրաժեշտություն կա կատարել ներդրումներ: Ունենք մշակույթի տուն, որի դահլիճը գտնվում է անմխիթար վիճակում և կարիք ունի վերանորոգման: Համայնքում գործում է համայնքային գրադարան, որն ունի 18000 կտոր գրականություն, պատմության թանգարան, երկու մանկապարտեզ: Առաջին մանկապարտեզը կառուցվել է 1965 թվականին և մինչև այժմ այնտեղ որևէ վերանորոգման աշխատանք չի իրականացվել, և այսօր այն ունի հիմնանորոգման կարիք, որը ևս լուրջ խնդիր է համայնքի համար: Կան բազում խնդիրներ, սակայն մենք յուրաքանչյուր քայլ ձեռնարկում ենք որպեսզի վերոնշյալ խնդիրները ստանան իրենց լուծումները: Համայնքապետարանի բոլոր ծրագրերը ուղղված են հենց համայնքի բարեկարգմանն ու զարգացմանը:

-Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում աշխատանքում:

-Իմ կարծիքով, ցանկացած աշխատանքում պետք է լինես ազնիվ և նվիրված, միայն այդ պարագայում կարող ես հասնել հաջողության:

-Պարո՛ն Աբրահամյան, և վերջում` Ձեր մաղթանքը համայնքի բնակիչներին:

-Ցանկանում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին ինձ, իսկ ես, խոստմանս համաձայն, իմ նվիրական աշխատանքի շնորհիվ կփորձեմ Սարուխան համայնքը ծաղկեցնել` դարձնելով էլ ավելի բարեկարգ և գեղեցիկ:

 


Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...