22:42
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սյունեցու կամքն անկոտրում է

2018-11-24 12:16

 «Դե Ֆակտո» N 146 (09-10/2018թ.) 

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ ՏԻՄ ընտրություններ:
Ընտրություններում առաջադրվել էր համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու. Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Նարեկ Բաբայանը և անկուսակցականներ Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը:
10021 ձայնով քաղաքապետ ընտրվեց անկուսակցական, 33-ամյա Գևորգ Փարսյանը:
Ընտրությունների, համայնքում առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ:


Մեծ եռանդով ու նվիրումով շարունակելու եմ կառուցել, նորոգել եւ շենացնել իմ քաղաքը:

-Պարո՛ն Փարսյան, ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Կապանի քաղաքային համայնքի ղեկավար ընտրվելու առթիվ: 


-Շնորհակալություն: Ընտրությունն անցկացվեց արդար և թափանցիկ, այն արտահայտեց սյունեցու անկոտրում կամքը:

-Հետաքրքի՞ր է, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը Կապանի քաղաքապետի ընտրություններում:

-Համայնքապետի թեկնածու առաջադրվելու որոշումը միայնակ չեմ կայացրել, այստեղ մեծ դեր ունեցավ ընկերներիս, հարազատներիս, համաքաղաքացիներիս ցանկությունը, ովքեր ինձ խնդրեցին և պահանջեցին, որպեսզի մասնակցեմ այս ընտրություններին:
Մինչև այս ընտրությունները, ևս եղել են առաջարկներ մասնակցելու ընտրություններին, սակայն միշտ խուսափել եմ, բայց այս անգամ երկար բանակցություններից հետո, ի վերջո համաձայնվեցի, որովհետև հնարավորություն կար առանց կաշկանդվելու և որևէ մեկի կամակատարը լինելու` մասնակցել ընտրություններին:

-Պարո՛ն Փարսյան, նախ կխնդրեմ ներկայացնեք, ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:

-Սիրով, ծնվել եմ 1985թ.Կապան քաղաքում:
1992-2002թթ. սովորել եմ Կապանի թիվ 3 և 1 միջնակարգ դպրոցներում, այնուհետև Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Կապանի Հենակետային վարժարանում:
Դպրոցն ավարտելուց հետո` 2002թ., ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
2004-2006 թվականներին ծառայել եմ ՀՀ զինված ուժերում:
2009 թվականին ավարտել եմ իրավագիտության ֆակուլտետը: Այնուհետև ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` «Տնտեսական քաղաքականություն և իրավունք» բաժինը:
Սովորելուն զուգահեռ աշխատել եմ «Կապանի Նորոգշին» ընկերությունում`որպես իրավաբան:
2014 թվականից «Ռազբիլդինգ» ընկերության գլխավոր տնօրենն եմ:

-Ի՞նչ առանցքային խնդիրներ կան Կապան քաղաքում:

-Կապան խոշորացված համայնքում կա 31 վարչական շրջան` 37 գյուղական բնակավայրով` յուրաքանչյուրը բազում հոգսերով և խնդիրներով:
Իմ քարոզարշավի ընթացքում եղել եմ բոլոր գյուղերում, ծանոթացել այնտեղ առկա խնդիրներին: Բնակիչների հիմնական խնդիրները կապված են ջրի սակավության, ճանապարհների անմխիթար վիճակի, շենքերի տանիքների նորոգման, խաղահրապարակների կառուցման և գյուղտեխնիկայի ձեռքբերման հետ:
Պետք է նաև գյուղերում մեծ ուշադրություն դարձնել մշակութային, սպորտային կյանքի զարգացմանը:
Բոլոր այս առաջ քաշված խնդիրները պետք է լուծվեն քայլ առ քայլ:

-Ո՞րն է լինելու Ձեր առաջին նախաձեռնությունը:

-Նախ և առաջ, պետք է հանդիպեմ համայնքապետարանի աշխատակազմի հետ` քննարկելու մի շարք խնդիրներ:
Քանի որ խոշորացված համայնք է, ուստի խնդիրները բազմազան են և բավականին շատ: Պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնենք գյուղերին, քանի որ այնտեղ շատ խնդիրներ կան լուծելու:
Մեր ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես ճանապարհների բարեկարգումը և տրանսպորտի հետ կապված խնդիրները:

-Պարո՛ն Փարսյան, կադրային փոփոխություններ կլինե՞ն:

-Կադրային արմատական փոփոխություններ չեմ պատրաստվում անել: Ավելի շատ պետք է աշխատակիցներին լիարժեք ինքնադրսևորման հնարավորություն տալ, իսկ եթե պաշտոնյան իր պարտականությունները պատշաճ չի կատարում, ապա նա պետք է զիջի իր տեղը ավելի պրոֆեսիոնալ աշխատակցի, ով իր աշխատանքը կկատարի լիարժեք` գիտակցելով իր վրա դրված պարտավորությունները:
Համայնքապետարանի աշխատանքում շատ եմ կարևորում երիտասարդ կադրերի ներգրավվածությունը:

-Արդյո՞ք Կապան քաղաքը հետաքրքիր է ներդրողների համար, կա՞ն գործարարներ, ովքեր ցանկանում են Կապանում բիզնես գործունեություն ծավալել և հիմնականում` ո՞ր ուղղությամբ:

-Մեզ մոտ զարգացած է հանքարդյունաբերությունը և հիմնական շեշտը դրված է հենց դրա վրա:
Սակայն պետք է մտածենք նաև զբոսաշրջության ոլորտը զարգացնելու մասին, որի համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ` հյուրանոցներ, ռեստորաններ: Շատ մեծ հույսեր ունեմ օդանավակայանի գործարկման հետ կապված, որը նոր թափ կհաղորդի զբոսաշրջության ոլորտին: Պետք է կկառուցվի նաև Աղվանի գյուղի ճանապարհը, որը անմիջապես կապված է Տաթևի վանական համալիրի հետ:
Առաջիկայում կլինեն ներդրողներ, ովքեր իրենց ներդրումներով կփորձեն զարգացնել մեր քաղաքը: Ցանկանում եմ նշել, որ այն գործարարները, ովքեր կցանկանան այս ոլորտներում ներդրումներ կատարել, ապա նրանց համար կստեղծվի համապատասխան բոլոր պայմանները` վստահության մթնոլորտում իրագործելու իրենց ծրագրերը:

-Ի՞նչ որակական հատկանիշներով պետք է օժտված լինի համայնքապետը, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատանք իրականացնել և արժանանալ բնակիչների վստահությանը:

-Համայնքապետը պետք է լինի ժողովրդի նկատմամբ բարյացակամ, կամեցող, հանդուրժող, աշխատասեր և կարողանա համայնքի առաջ ծառացած խնդիրների լուծումը ճիշտ կազմակերպել և քայլ առ քայլ լուծել դրանք, իսկ բնակիչների վստահությանը նա կարժանանա, միանշանակ, իր մարդկային արժանիքներով և կատարած աշխատանքներով:
Գիտեք, իմ բնակիչների վստահության քվեն ինձ համար ամենաթանկն է, և ես աշխատելու և գործելու եմ Կապանում մեծ եռանդով ու նվիրումով` կառուցելով և շենացնելով իմ քաղաքը:

-Եվ վերջում, ինչպե՞ս կցանկանաք տեսնել Կապան քաղաքը մի քանի տարի անց:

-Կարծում եմ երազանքներից չպետք է խոսենք, ես պոպուլիզմով չեմ զբաղվում, դրա համար եկեք ռեալ դիտարկենք իրավիճակը` պետք է շատ աշխատել փոփոխությունների համար:
Կապան քաղաքը ձգված է մայրուղու երկայնքով, իսկ քանի որ մայրուղու աջ ու ձախ կողմերը գտնվում են անմխիթար վիճակում, ցանկանում եմ, որ տարիներ անց հիանանք այդ մայրուղու գեղեցիկ տեսքով: Իմ նպատակներից մեկն է ամբողջովին բարեկարգել այդ հատվածը, որպեսզի այն տպավորիչ լինի հյուրերի համար:
Կցանկանայի նաև քաղաքում զարգանար զբոսաշրջության ոլորտը, այն կարող ենք զարգացնել լեռնային և էկո ուղղություններով: Զբոսաշրջության ոլորտի հետ կապված շատ հետաքրքիր գաղափարներ ունենք, որոնք կիրագործենք առաջիկայում:


Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...