16:01
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ցանկանում եմ, որ մեր հայրենակիցները կարողանան աշխատել եվ ապրել բարեկեցիկ եվ արժանապատիվ կյանքով` մեր իսկ երկրում

2018-11-19 14:08

«Դե Ֆակտո» N 146 (09-10/2018թ.)

 «Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Այծեմնիկ Օհանյանը

-Տիկի՛ն Օհանյան, լինելով բժիշկ` Ձեզ պատկերացնո՞ւմ էիք քաղական գործչի դերում: Ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը քաղաքական դաշտ:

-Երբեք չեմ պատկերացրել, որ կգա մի ժամանակաշրջան, երբ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ քաղաքական դաշտում: Կարծում եմ, որ եթե կայացած մասնագետը` լինի բժիշկ, ճարտարապետ, լեզվաբան, սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ապա երկրում ամեն ինչ չէ որ լավ է: Որպես պատգամավոր աշխատել եմ չորս ամիս և փորձել ուժերիս ներածին չափով օգտակար լինել հասարակությանը և դառնալ կայունություն ստեղծող քաղաքական գործընթացների մասնակից:

-Օրերս տեղի ունեցավ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին վերաբերող քվեարկություն և չընդունվեց նոր օրենսգիրքը, Դուք ինչ կարծիքի եք, որի՞ն եք կողմնակից:

-«Ծառուկյան Դաշինք» խմբակցության բոլոր անդամները կողմ են քվեարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին:

-Տիկի՛ն Օհանյան, Դուք ընդգրկված եք Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, այս ամիսների ընթացքում ի՞նչ աշխատանքներ են կատարվել հանձնաժողովում:

-Մասնակցել եմ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին, որտեղ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անունից հանդես եմ եկել առաջարկություններով, որոնցից որոշներն ընդունվել են:
Ինչպես նաև որպես պատգամավոր` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց եմ ուղղել կառավարությանը բուժաշխատողներին հուզող ամենացավոտ հարցերից մեկի վերաբերյալ. ինչու առողջապահության բնագավառի, բուհերի, ինչպես նաև երաժշտական դպրոցների աշխատակիցները չեն հանդիսանում սոցփաթեթի շահառուներ: Հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է և ընթացքի մեջ է:

-Դուք 2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եք, որքանո՞վ են ներդաշնակվում Ձեր և կուսակցության գաղափարախոսությունները:

-Ես շատ ապակուսակցականացված անձնավորություն եմ, և եթե իմ և կուսակցության գաղափարախոսությունը չհամընկնեին, ապա ես «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ չէի լինի:
Մեր կուսակցության գաղափարախոսության կենտրոնում մարդն է և նրա սոցիալական վիճակը: Ես չեմ վախենա ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձում է ստեղծել երկրի տնտեսական զարգացման ողնաշարը և ձևավորել կայուն միջին խավ` գործոններ, որոնք հիմնաքարային են մեր պետության հետագա զարգացման համար:

-Հայաստանի Հանրապետությունն այսօր թևակոխում է զարգացման նոր փուլ, երկրում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ, նոյեմբերի 1-ին իրավունքի ուժով Ազգային ժողովն ազատ արձակվեց, Դուք ի՞նչ կարծիքի եք` արդյո՞ք անհրաժեշտ էր լուծարել խորհրդարանը:

-Իմ կարծիքը միանշանակ դրական է:

-Տիկի՛ն Օհանյան, ինչպե՞ս կգնահատեք կառավարության աշխատանքը:

-Չի կարելի ասել, որ այս ամիսների ընթացքում որևէ էական փոփոխություն է տեղի ունեցել, քանի որ այն շատ կարճ ժամանակահատված էր: Այս ամիսների ընթացքում ինձ համար, թերևս, ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ մեր երկրում տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ մեծ պայքար, քանի որ կոռուպցիան մեր երկրում արդեն ողողել էր բոլոր բնագավառները:
Մարդկանց մոտ հավասար իրավունքներ ունենալու հույս է առաջացել, ինչն ինքնին դրական փոփոխություն է:
Որպես բժիշկ կարող եմ փաստել, որ վերջին ամիսներին որոշակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել նաև առողջապահության ոլորտում:

-Ո՞րն եք համարում կյանքում Ձեր ամենամեծ հաջողությունը:

-Գիտեք, իմ կարծիքով յուրաքանչյուր մարդու համար, նախ և առաջ, ամենամեծ հաջողությունը կյանքում կայուն և ամուր ընտանիք ունենալն է, այնուհետև նոր մասնագիտական ձեռքբերումները: Իմ ամենամեծ հաջողությունն իմ ընտանիքն ու մասնագիտությունն է:

-Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր կրկին ընտրություն կատարելու, Դուք նորից նույն մասնագիտական ուղին կընտրեի՞ք:

-Միանշանակ, այս երեք ամիսների ընթացքում ես հասկացա, որ առանց իմ աշխատանքի ես չեմ պատկերացնում իմ կյանքը և հետագա գործունեությունը:

-Ո՞րն է հայ կնոջ նկարագիրը` Ձեր ընկալմամբ:

-Իմ ընկալմամբ հայ կինը բանիմաց է, գործունյա, նպատակասլաց և այդ ամենն ուղղված է իր երեխաններին, ծնողներին, ընտանիքին արժանապատիվ կյանք ապահովելուն: Ես միշտ ասում եմ, որ հայ կինը բացառիկ երևույթ է. հիշո՞ւմ եք Սպիտակի երկրաշարժի տարին, ինչպիսի անասելի ծանր իրավիճակ էր մեր մարզերում, սանիտարական վիճակն ապահովելու համար չկային անգամ տարրական պայմաններ, բայց համաճարակ չեղավ, և դա միայն ի շնորհիվ մեր հայ կանանց: Ինձ թվում է` երկրագնդի վրա հայ կնոջից ուժեղ տեսակ չկա:

-Կո՞ղմ եք, որ կինը զբաղվի քաղաքականությամբ:

-Եթե շատ խելացի է, ներուժ ունի միանշանակ կողմ եմ: Օրինակ` Ազգային ժողովում շատ բանիմաց կանայք կան, ովքեր պարտավոր են զբաղվել քաղաքականությամբ:

-Տիկի՛ն Օհանյան, ամուր ընտանիքն ազգի հենասյունն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Համամիտ եմ: Ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ, երեք թոռնիկ, շուտով չորրորդ թոռնիկս էլ լույս աշխարհ կգա:

-Ի՞նչ արժեքներ եք ստացել Ձեր ծնողներից, որոնք փոխանցում եք Ձեր զավակներին:

-Ծնողներս ինձ սովորեցրել են լինել բարի, ազնիվ և կարեկից դիմացինի նկատմամբ: Գիտեք` կյանքում ծնողներիս ամենակարևոր պատգամներից է եղել նաև այն, որ իմ արարքներին հետևեմ կողքից և լինեմ ինքնաքննադատ:
Ծնողական հենց այս կարևոր արժեքներն էլ փոխանցել եմ իմ զավակներին:

-Տիկի՛ն Օհանյան, և վերջում` ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Նախ և առաջ ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն տիրի և մեր սահմաններն ամուր լինեն: Ցանկանում եմ նաև, որ Հայաստանը լինի հավասար իրավունքների և հնարավորությունների երկիր, և որ մեր հայրենակիցները կարողանան աշխատել և ապրել բարեկեցիկ և արժանապատիվ կյանքով` մեր իսկ երկրում:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...