00:53
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լավ բժիշկն ամենուր լավն է, կապ չունի թե որտեղ է աշխատում

2018-11-03 11:45

«Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը

-Պարո՛ն Մոսինյան, կխնդրեմ ներկայացնեք ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:


-1986թ աշխատանքի եմ ընդունվել Սանահինի խորհրդային տնտեսությունում որպես բանվոր, այնուհետև 1998-2000թթ աշխատել եմ «Հիպոկրատ» ՍՊԸ-ում, որպես տնօրեն:
2000 թվականից մինչ օրս աշխատում եմ «Ալավերդու» բժշկական կենտրոնում, սկզբնական շրջանում աշխատել եմ որպես տնօրենի ադմինիստրատիվ գծով տեղակալ, այնուհետև որպես շտապ օգնության կայանի և ընդունարանի վարիչ:
2005-2007թթ «Ալավերդու կանխարգելիչ ախտահանում» ԴՓԲԸ-ում որպես տնօրեն, իսկ արդեն 2007թ նշանակվել եմ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն:

-Ի՞նչ առաջնային ծրագրեր են իրականացվել բժշկական կենտրոնում վերջին տարիներին:

-Համաշխարհային բանկի վարկային ծրագրով և «Ալավերդու» ԲԿ-ի ֆինանսների ներդրմամբ իրականացվել է «Ալավերդու» ԲԿ-ի հիմնանորոգում և վերազինում, ախտաբանաանատոմիական բաժանմունքի կառուցում և վերազինում:
«Դիակոնիա» բարեգործական ընկերության «Բժիշկներ առանց սահմանի» Վորլդ Վիժն կազմակերպությունների և «Ալավերդու» ԲԿ-ի ֆինանսական միջոցների հաշվին վերանորոգվել և վերազինվել է Սանահին Սարահարթի բուժկետը և հակատուբերկուլյոզային ծառայության տարածքը:

-Ձեր ղեկավարման ընթացքում, ո՞րը կարող եք համարել Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ազգաբնակչության շրջանում բուժաշխատողների, հատկապես բժիշկների վաղեմի կորցրած վստահության և հարգանքի վերականգնումը:

-Պարո՛ն Մոսինյան, ի՞նչ բաժանմունքներ են գործում կենտրոնում:

-Հիվանդանոցային բժշկական օգնության գծով գործում են` ներքին բժշկական, մանկաբուժական, մանկաբարձական, գինեկոլոգիական, նեոնատոլոգիական, վերակենդանացման, անեսթեզիոլոգիական, ներզննական, ախտաբանաանատոմիական, կլինիկական դեղորայքային: Հիվանդանոցային և արտահիվանդանոցային` ընդհանուր վիրաբուժական, վարակիչ հիվանդությունների, վնասվածքաբանական, ֆիզիոթերապևտիկ, ֆունկցիոնալ ախտորոշիչ (ուլտրաձայնային և էլեկտրասրտագրություն), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ֆլյուորոգրաֆիա և մամոգրաֆիա), լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական և բակ լաբորատորիա):
Արտահիվանդանոցային բժշկական օգնության գծով` ընտանեկան բժշկություն, բժշկական ընդհանուր պրակտիկա, մանկաբուժական ընդհանուր պրակտիկա, տուբերկուլյոզային, մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, նյարդաբանական, ակնաբանական, ուռուցքաբանական, սրտաբանական, ներզատաբանական, մաշկաբանական, վեներաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, հոգեբուժական, թերապևտիկ, ստոմատոլոգիական, բժշկական շտապ օգնություն:

-Այսօր բժշկական կենտրոնն ունի՞ սարքավորումների խնդիր:

-«Ալավերդու» ԲԿ-ն հագեցված է վերջին սերնդի բուժսարքավորումներով, միայն ունենք կոմպյուտերային տոմոգրաֆիայի կարիք:

-Ինչպիսի՞ն է կենտրոնի մասնագիտական հագեցվածությունը և Ձեր բժիշկները վերապատրաստումների մեկնո՞ւմ են:

-«Ալավերդու» ԲԿ-ն ապահովված է պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, որոնք վերապատրաստում են անցել ոչ միայն Երևանի առաջատար կլինիկաներում, այլ նաև ՌԴ- ի մայրաքաղաքում և Եվրոպական այլ երկրներում:

-Այսօր արդյո՞ք վստահություն նկատվում է մարզային բժիշկների նկատմամբ, թե՞ բնակիչները նախընտրում են բուժում ստանալ մայրաքաղաքում:

-Մարզային բժիշկների նկատմամբ վստահություն հիվանդների կողմից միշտ էլ եղել է: Լավ բժիշկն ամենուր լավն է,կապ չունի թե որտեղ է աշխատում, այլ խնդիր է տվյալ կազմակերպության` բժշկական սարքավորումներով հագեցվածության հարցը:

-Որպես բժշկական կենտրոնի ղեկավար, ի՞նչն եք կարևորում բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում:

-Բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները այն բացառիկ հարաբերություններից են, որտեղ շահերի բախում երբեք չի լինում: Երկու կողմերի նպատակը հիվանդի ապաքինումն ու առողջացումն է: Ուստի այստեղ անհրաժեշտ է սովորական մարդկային, փոխադարձ հարգանքով և վստահությունով համեմված փոխհարաբերություններ:


-Օրեր առաջ Ալավերդու բժշկական կենտրոնն արժանացավ տարվա բժշկական կենտրոն մրցանակին, որը, թերևս, խոսում է Ձեր անձնվեր աշխատանքի մասին, ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար պարգևները:

-Պարգևները, ինչ խոսք, միշտ էլ հաճելի են, իսկ երբ դու նրան արժանանում ես հանրային և լրատվամիջոցների հարցումների արդյունքում, դրական զգացողությունները բազմապատկվում են, նույն չափով բազմապատկելով պարտավորություններդ ու պատասխանատվություններդ:

-Ինչ եք կարծում, կարևո՞ր է, որ բժշկական կենտրոնի տնօրենը մասնագիտությամբ բժիշկ լինի:

-Այո, ես գտնում եմ, որ բժշկական կազմակերպության ղեկավարը պետք է անպայման բժիշկ լինի, ունենալով կառավարման և տնտեսագիտական խորը գիտելիքներ:

-Ի՞նչ սկզբունքներով եք աշխատանքում առաջնորդվում:

-Աշխատում եմ երբեք սկզբունքներիս հակառակ գործողություններ չանել, փորձում եմ հնարավորինս քայլել արդարության և օրենքի ուղեգորգով:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...