2018-09-27 16:22
«Դե Ֆակտո» N 145 (07-08/2018թ.)
Հոկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: «Դե Ֆակտո» ամսագիրը զրուցել է քաղաքապետի հավանական թեկնածու Վահե Մովսիսյանի հետ,
ով մեզ հետ զրույցում ներկայացրել է քաղաքում ծառացած խնդիրներն ու խոսել նախընտրական ծրագրերի մասին:
Վահե Մովսիսյանը ծնվել է 1985 թվականին էջմիածին քաղաքում` մանկավարժների ընտանիքում: Ավարտել է Էջմիածնի թիվ 11 միջնակարգ դպրոցը:
Այնուհետև բարձրագույն կրթությունը ստացել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիալական մանկավարժություն և հոգեբանություն ֆակուլտետում` ստանալով դատական հոգեբանի որակավորում:
Ավարտելուց հետո աշխատանքային ուղին սկսել է ֆինանսական համակարգից: Աշխատել է «ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունում որպես վարկային մասնագետ:
2011 թվականից առ այսօր աշխատում է «Յունիբանկ»-ի էջմիածնի մասնաճյուղում որպես մասնաճյուղի կառավարիչ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Անկուսակցական է:
-Պարո՛ն Մովսիսյան, ի՞նչն է պատճառը, որ որոշել եք առաջադրել Ձեր թեկնածությունը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում:
-Այն շատ բարդ որոշում էր ինձ համար: Մեր քաղաքի մանկավարժները, արվեստագետները, մտավորականները վստահելով ինձ, առաջարկում են որոշում կայացնել և ներկայացնել իմ թեկնածությունն այս պատասխանատու ընտրություններում: Նրանց վստահությունը շատ մեծ պատիվ և մեծ պատասխանատվություն է ինձ համար, ու ես ամեն ինչ կանեմ, որ իմ հարազատ քաղաքի բնակիչները չհիասթափվեն: Լավ գիտակցում եմ, որ այսօր էջմիածինն ունի բազում խնդիրներ, որոնք պետք է լուծի նորընտիր քաղաքապետը:
Ես ոչ միայն պատրաստ եմ, այլև պատասխանատուն կլինեմ, որպեսզի այդ բոլոր խնդիրները գտնեն իրենց լուծումները:
Մարդն իր հայրենիքին, քաղաքին կամ գյուղին պետք է վերաբերվի այնպես, ինչպես իր տանը, ուստի յուրաքանչյուրս մեծ ջանք ու եռանդ պետք է գործադրենք մեր քաղաքի բարգավաճման համար` հատկապես քաղաքապետը:
-Ասացիք, որ բազում խնդիրներ կան Էջմիածին քաղաքում, ո՞ր խնդիրներ են այսօր առանցքային համարվում և ի՞նչ ծրագրեր եք կյանքի կոչելու ընտրվելու պարագայում:
-Շուրջ 33 տարի է ինչ ապրում եմ Էջմիածին քաղաքում և քաջածանոթ եմ քաղաքում առկա բոլոր հիմնախնդիրներին: Այսօր Էջմիածինն ունի աղբահանության խնդիր, փողոցները բարեկարգ չեն, ջրահեռացման, ջրամատակարարման համակարգերը գտնվում են ծայրահեղ վատթար վիճակում. այս խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն:
Նաև շատ ցավով պետք է նշեմ, որ Էջմիածինը, լինելով հոգևոր կենտրոն, մշակութային, հոգևոր կյանքը անկում է ապրում:
Մեր մշակույթը, կրոնը դարերից է եկել ու դեռ պետք է դարերով ապրի: Այն պետք է վերականգնենք, քանի որ մշակույթը, կրոնը ազգի հոգևոր հայելին է:
Էջմիածին քաղաքում ունենք շատ լավ արվեստագետներ, որոնք այսօր մոռացված են:
20 տարի շարունակ կամա թե ակամա այստեղ, «պաշտել» են անհատի, այժմ ամեն ինչ փոխվել է, ժամանակներն են փոխվել, այո՛, իրավիճակ է փոխել, այսուհետ կարևոր է ժողովրդի կամքն ու ցանկությունը:
Ըստ օրենքի սահմանած ժամանակահատվածում կներկայացնեմ իմ նախընտրական ծրագիրը: Քաղաքի բնակչությանը ներկայանալու եմ ոչ թե իմ անցյալով կամ ներկայով, այլ ապագայի տեսլականով, իմ ծրագրերով և հնարավորություններով: Հավանության դեպքում փորձելու եմ ամեն ինչ անել, որ առաջնային համարվող խնդիրները կարգավորվեն: Պետք է զարկ տրվի մշակութային կյանքի զարգացմանը: Պետք է կարողանանք երկու տարվա ընթացքում ստեղծել 300 աշխատատեղ, որը լուրջ խնդիր է Էջմիածին քաղաքի համար, պատկերացնո՞ւմ եք, վերջին երեք ամսվա ընթացքում ոչ մի աշխատատեղ չի ստեղծվել քաղաքում:
Իմ թիկունքում կանգնած է հզոր թիմ` մտավորականներ, արվեստագետներ, գործարարներ, որոնցից յուրաքանչյուրն իր հնարավորությունները ներդնելու է քաղաքի բարեկեցության և զարգացման համար:
-Էջմիածինը Հայոց հոգևոր մայրաքաղաքն է, այստեղ զբոսաշրջության զարգացման համար մեծ հեռանկարներ կան:
-Այո՛, պետք է զարգացնել զբոսաշրջության ոլորտը` կառուցելով իջևանատներ, զվարճանքի կենտրոններ, հանգիստի վայրեր: Կարծում եմ, որ տուրիզմը պետք է զարգանա կայուն կերպով: Մենք ունենք այդ խնդրի լուծման բանաձևը և պատրաստվում ենք այն իրագործել ՏԻՄ ընտրություններից հետո: Ցանկությունս շատ մեծ է զարգացնելու ներգնա տուրիզմը:
-Ներդրումային ծրագրերի համար ի՞նչ հեռանկարներ կան այստեղ:
-Էջմիածին քաղաքը ներդրողների համար միշտ հետաքրքիր է եղել: Նախկինում ոչ ոք իրավունք չուներ ներդրում անել Էջմիածին քաղաքում, բոլոր «դռները» փակ են եղել, այսօր այլ ժամանակներում ենք ապրում: Յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն անել այստեղ` նպաստելով քաղաքի բարեկեցությանն ու զարգացմանը:
-Պարո՛ն Մովսիսյան, Ձեր պատկերացմամբ ինչպիսի սկզբունքներով պետք է առաջնորդվի քաղաքապետը:
-Ես կարծում եմ, որ համայնքի ղեկավարը չպետք է լինի պաշտոնյա, նա պետք է անձնվիրաբար ծառայի իր ժողովրդին, պետք է յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ հասանելի լինի իր քաղաքի բնակիչներին:
Թիմային կառավարման քաղաքականությամբ պետք է ղեկավարի քաղաքը, որևէ մեկն այլևս իրավունք չունի ասելու. «Այս սարն իմն է, այս ծառն իմ է», այժմ այլ իրավիճակ է, պետք է ծառայել ժողովրդին:
-Իսկ վերջում, ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտրվելու հնարավորությունները:
-Այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ: Երբ կգրանցվեմ որպես քաղաքապետի թեկնածու, կհրապարակեմ նախընտրական ծրագիրս և կներկայացնեմ իմ համաքաղաքացիներին, այդ ժամանակ նոր ճիշտ կլինի խոսել հնարավորությունների մասին: Կարծում եմ, որ այս գործում կարևորը ոչ թե ձայնահավաքությամբ զբաղվելն է, այլ հաղթանակին ընդառաջ գնալը: Չմոռանանք, որ մենք ապրում ենք 2018 թվականի մայիսի 8-ից հետո ստեղծված Նոր Հայաստանում և այստեղ մեծամտությունն ու «դաբռոները», սուտ խոստումները, երևակայական պատկերացումները, մեծ-մեծ խոսելը չունեն իրենց տեղը: Առաջ Աստված: Ես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ և առաջնորդվում եմ քրիստոնեական բարոյախոսության սկզբունքներով:
Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ