21:16
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼՈՒՄ

2018-09-26 16:40

   «Դե Ֆակտո» N 145 ( 07-08/2018թ.)

Հայկական բնաշխարհը հարուստ է իր անզուգական և դրախտային բնությամբ, բազմաթիվ լեռնաշղթաներով: Յուրաքանչյուր մարզ առանձնանում է իր պատմական կարևոր նշանակությամբ և ունի իր տեղային ուրույն առանձնահատկությունը:
Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը: Այստեղ բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները: Արմավիրի մարզում են հայտնաբերվել Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության Արգիշտիխինիլի քաղաքի ավերակները...:
Մարզն առանձնանում է իր պատմաճարտարապետական մեծագույն արժեքներով: Դրանք են` Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Գայանե և Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Պատմամշակութային արժեքների պահպանման, ինչպես նաև մարզի զարգացման առաջնային և կարևոր պայմաններից է խելացի և բանիմաց ղեկավար ունենալը, ում ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ մարզը կարող է օր օրի զարգանալ` դառնալով էլ ավելի առաջադեմ և պահպանել իր պատմամշակութային կարևոր արժեքները:
Այդ իմաստով Արմավիրի մարզն այժմ գտնվում է հուսալի ձեռքերում. հունիսի 8-ից մարզի ղեկավարումը հանձն է առել մարդկային բարձր որակներով օժտված, մշակութային արժեքները գնահատող, մարզային տնտեսության զարգացմամբ մտաhոգ Գագիկ Մուշեղի Միրիջանյանը, ով մեզ ներկայացրեց աշխատանքային 100 օրն ու մարզի զարգացման իր տեսլականը:



Եթե որևէ մեկը ցանկություն ունի Արմավիրի մարզում ներդրումներ կատարել,

ապա մենք պատրաստ ենք ցանկացած հարցով օժանդակել նրան:


-Պարո՛ն Միրիջանյան, շնորհավորում ենք մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, արդյո՞ք սպասելի էր Ձեզ համար այս պաշտոնում նշանակվելը:

-Շնորհակալ եմ: Մարզպետի պաշտոնում նշանակվելն ինձ համար անսպասելի էր: Շատ հաճախ մենք ինքներս էլ չգիտենք, թե ինչ գործնական առաջարկներ են մեզ սպասվում: Այնուամենայնիվ, մեծ պատասխանատվությամբ և նվիրումով եմ ստանձնել աշխատանքս, դա փաստ է, և այն էլ ավելի ակնառու կդառնա ապագայում:
Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմին, մասնավորապես` ղեկավար Գագիկ Ծառուկյանին, և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նման պատասխանատու և դժվարին աշխատանքն ինձ վստահելու համար:

-Շուտով կլրանա Ձեր պաշտոնավարման 100 օրը, ինչպե՞ս կգնահատեք Ձեր գործունեությունն այս ընթացքում և որքանո՞վ եք հասցրել իրականացնել Ձեր առջև դրված ծրագրերը:

-Աշխատանքային առաջին ծրագիրն ուղղված էր կադրային քաղաքականությանը: Ասեմ, որ կադրային փոփոխությունները միտված են եղել միմիայն աշխատանքային գործունեության մեջ անհրաժեշտ և արհեստավարժ կադրեր ընդգրկելուն, որոնք իրենց գիտելիքներով, հմտությամբ կնպաստեն մարզի զարգացմանը:
Երկրորդ ծրագիրը, որի մեկնարկն արդեն տրվել է և դեռ ընթացքի մեջ է, դա համայնքային այցերն են, որոնց նպատակը համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալն է: Համայնքային այցերի արդյունքում շուտով կունենանք նաև համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ճանապարհային քարտեզ, որով առաջնահերթության կարգով հնարավոր լուծումներ կտրվեն այդ խնդիրներին:
Այս հարցի շրջանակներում կարևոր եմ համարում նաև նշել, որ երբ ստանձնեցի Արմավիրի մարզի ղեկավարումը, այն ամենալարված մարզերից մեկն էր համարվում` իր տարաբնույթ խնդիրներով և ժողովրդական ընդվզումներով: Իսկ այժմ վստահորեն կարող եմ ասել, որ այս կարճ ժամանակահատվածում իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում Արմավիրի մարզը դարձել է ամենահանգիստ մարզերից մեկը, ուր որևէ ընդվզում և անհանդուրժողականություն չկա ժողովրդի կողմից:
Այնուամենայնիվ, դեռ բավականին մեծ ծավալով աշխատանքներ ունենք անելու, և իրատեսական կլինի, որ կատարված աշխատանքներն ամփոփենք գալիք տարում:

-Անդրադառնանք մարզի առողջապահության ոլորտի խնդիրներին և ձեռքբերումներին, ինչպիսի՞ն է բուժսպասարկման մակարդակը մարզում:

-Մասնագիտությամբ բժիշկ եմ, և առողջապահության ոլորտն ամենաթիրախայիններից է ինձ համար: Այս համակարգում հսկայածավալ փոփոխություններ ունենք անելու, դրանք հիմնականում իրականացվելու են մարզպետարանի ենթակայությամբ գտնվող չորս խոշոր հիվանդանոցներում, արյան փոխներարկման կենտրոնում: Այդ բարեփոխումներն առաջին հերթին միտված են լինելու բուժսպասարկման որակի բարձրացմանը:
Ձեզ ներկայացնեմ այդ ուղղությամբ նախատեսվող մեր ձեռնարկներից մի քանիսը.
* Մեծամորի բժշկական կենտրոնում որոշ ծառայությունների օպտիմալացում,
* Բաղրամյանի տարածաշրջանի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում, մարզագույքով և անհրաժեշտ սարքավորումներով ապահովված մարզադահլիճի հենքի վրա, առողջության վերականգնողական բաժանմունքի բացում,
* Արմավիրի բժշկական կենտրոնի ամբուլատոր հատվածի արդիականացում:
Հավելեմ, որ իմ կարգադրությամբ այժմ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք մշտադիտարկում են իրականացնում մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հաստատություններում` պարզելու դրանցում առկա խնդիրները: Մշտադիտարկման արդյունքների ամփոփումից հետո մենք հստակ պատկեր կունենանք բժշկական կենտրոնների ընդհանուր վիճակի և առաջնային լուծում պահանջող խնդիրների մասին. ըստ այդ էլ կծրագրենք մեր անելիքները:

-Պարո՛ն Միրիջանյան, իսկ առողջապահության ոլորտում կադրային առումով կա՞ն խնդիրներ:

-Այս պահի դրությամբ մոտավորապես հարյուր հիսուն և ավել թոշակային տարիքի անձինք աշխատում են առողջապահական հաստատություններում: Կարծում եմ, որ պետք է թույլ տանք երիտասարդ սերնդին օգտագործելու իրենց մասնագիտական կարողությունները և առաջիկայում նրանք նույնպես հնարավորություն կունենան աշխատելու տարբեր բուժհաստատություններում:

-Խոսենք նաև դպրոցների մասին: Այս պահին մարզի դպրոցներից քանի՞սն ունեն վերանորոգման անհրաժեշտություն, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

-Մարզպետարանի ենթակայության տակ գտնվում է 113 դպրոց, այդ թվում` երկու հատուկ դպրոց, որոնք վերակազմավորվել են համընդհանուր ներառական կրթության ծրագրով:
Ցավոք պետք է նշեմ, որ շենքային պայմանները շատ դպրոցներում աղետալի վիճակում են: Կան դպրոցներ, որտեղ նույնիսկ տարրական հիգիենիկ նորմերն են խախտված: Օրինակ` չորս դպրոցում սանհանգույցները դրսում են, սակայն արդեն քայլեր ենք ձեռնարկել նոր ուսումնական տարվան ընդառաջ հարցը կարգավորելու ուղղությամբ:
Դպրոցներում ևս մշտադիտարկում է իրականացվում, որի արդյունքների ամփոփումից հետո բազում փոփոխություններ կունենանք, որոնք հիմնականում ուղղված կլինեն դպրոցաշինությանը, կադրային քաղաքականությանը և դասաժամերի ճիշտ բաշխմանը:

-Արմավիրի մարզը հայտնի է իր պատմամշակութային արժեքներով, հետաքրքիր է` զբոսաշրջությանն ուղղված ի՞նչ ծրագրեր կան:

-Արմավիրի մարզը բավականին հայտնի է իր պատմամշակութային արժեքներով: Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը` իր գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղր լիճը, հին հեթանոսական կենտրոն Բագարանը, Մուսալեռ և Սարդարապատի հուշահամալիրները:
Ասեմ, որ տարեցտարի մարզում նկատվում է զբոսաշրջիկների թվի աճ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Զբոսաշրջության զարգացմանն ուղղված մեր հիմնական ձեռնարկներից է հյուրատներ, հանգստի գոտիներ ստեղծելը, ինչու չէ նաև էկո տուրիզմին զարկ տալը:

-Մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: Ինչպիսի՞ն էր տարին բերքատվության առումով: Արդյո՞ք այսօր գյուղացին կարողանում է իր գյուղմթերքը սպառել:

-Տարին գյուղատնտեսության համար կարող եմ գնահատել դրական: Իհարկե, ցավով պետք է նշեմ, որ կարկտահարությունը բավականին մեծ վնաս է պատճառել 31 համայնքի: Համայնքներ ենք ունեցել, որտեղ վնասի չափը հասել է 100 %-ի: Ասեմ, որ գյուղատնտեսական ոլորտում մեզ համար շարունակում է առաջնային և կարևոր համարվել ոռոգման ջրի խնդիրը, որի հնարավոր լուծման համար մարզի ՋՕԸ-երի պատասխանատուները գրավոր դիմում են ներկայացրել Ջրային կոմիտեի նախագահին` մարզում 28 խորքային հոր հորատելու խնդրանքով: Այս իմաստով խնդիր ունենք նաև գործող խորքային հորերի վերանորոգման հետ:
Իսկ Ձեր այն հարցին, թե արդյոք գյուղմթերքի իրացման խնդիր ունի մարզը, թե ոչ, ապա ասեմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ այս պահին իրացման խնդիր գրեթե չունի: Ըստ իս` իրացման հիմանական խնդիրն առաջանում է այն պատճառով, որ գյուղացին չունի հստակ ուղեցույց գյուղմթերքի մշակման հարցում, որը կօգնի նրան իր ստացած բերքն առանց խոչընդոտների իրացնել և շահույթ ունենալ:

-Արմավիրի մարզը հայտնի է նաև սպորտային անցյալով և ներկայումս նկատելի են բազում հաջողություններ այս ոլորտում, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված սպորտային ոլորտում:

-Մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ եթե անհատը դեռ երիտասարդ տարիքից ընդգրկված է լինում որևէ մարզաձևում և վարում է առողջ ապրելակերպ, ապա կարող ենք ասել, որ նա ընտրել է ճիշտ ճանապարհ, որը խրախուսելի է:
Այդ իսկ պատճառով սպորտային ոլորտը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Մեզ համար առաջնային են մարզադպրոցների շենքային պայմանների բարելավումը և հանրակրթական դպրոցների մարզադահլիճների բարեկարգումը: Ասեմ ավելին, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համաձայնագիր ունենք կնքված, ըստ որի, համապատասխան բարեկարգման աշխատանքներից հետո նրանք մեզ կօժանդակեն մարզական գույքով:
Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ մարզում տարբեր մարզաձևերի մասով ունեցել ենք և ունենք լուրջ հաջողություններ գրանցած սպորտսմեններ: Այսօր ես հաստատակամորեն հայտարարում եմ, որ տարբեր մարզաձևերում հաջողության հասած մեր մարզիկներին և մարզիչներին օժանդակելու ենք, և նրանք միշտ լինելու են մեր ուշադրության կենտրոնում:

-Արդյո՞ք ներդրումային ծրագրերի ներգրավման համար մարզում առկա են բարենպաստ պայմաններ:

-Միանշանակ կարող եմ ասել, որ Արմավիրի մարզում գործարար միջավայրի համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, և ես` որպես մարզի ղեկավար, հավաստիացնում եմ, որ կանգնած եմ ցանկացած ներդրողի կողքին:
Այս պահին Իրանի Իսլամական Հանրապետությունից, արաբական երկրներից, ինչպես նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից ցանկացողներ կան մարզում տարբեր ներդրումներ կատարելու:
Իսկ եթե մեզ հաջողվի լուծել մարզի սահմանամերձ համայնքներից երեքի գազաֆիկացման հարցը, ապա ջերմոցային տնտեսությունների հիմնման լուրջ ծրագիր կիրականացնենք: Այժմ աշխատանքներ ենք տանում այդ համայնքները գազաֆիկացնելու ուղղությամբ:
Առիթից օգտվելով, ցանկանում եմ նաև կոչով հանդես գալ և ասել, որ եթե որևէ մեկը ցանկություն ունի Արմավիրի մարզում կատարել ներդրումներ, ապա մենք պատրաստ ենք ցանկացած հարցով օժանդակել նրան:

-Այս ամիսների ընթացքում հանդիպումներ եք ունեցել բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, բարեգործական ծրագրի ղեկավարների հետ, ինչպիսի՞ արդյունքներ են տվել այդ հանդիպումները:

-Այո, հաճախակի են դարձել հասարակական կազմակերպությունների, բարեգործական ծրագրերի, հիմնադրամների հետ իմ հանդիպումները, որոնց ընթացքում տեղի են ունենում ամենատարբեր ծրագրերի շուրջ քննարկումներ` ուղղված փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը և ոլորտային խնդիրների լուծմանը:
Ասեմ, որ Արմավիրի մարզում տարիներ շարունակ բացառիկ դերակատարում է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF), որի օժանդակությամբ վերանորոգվել է 8 դպրոց, 9 բուժհաստատություն, 3 մանկապարտեզ և հիմնվել է 7 խաղահրապարակ, 6 ստեղծագործարան, 7 դպրոցական ճաշարան և ատամակայան: Օգտվելով առիթից` իմ շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել հիմնադրամի տնօրինությանը և ողջ անձնակազմին` իրականացված մեծածավալ աշխատանքների համար:
Սա մեզ համար հանդիսանում է համագործակցության լավագույն օրինակ և հիմք` մեր հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու գործում:

-Պարո՛ն Միրիջանյան, Ձեզ մոտ յուրաքանչյուր հինգշաբթի նշանակված է ընդունելության օր, հիմնականում ի՞նչ խնդիրներով են բնակիչները Ձեզ դիմում:

-Հիմնականում մարդիկ դիմում են սոցիալական խնդիրներով, պետք է ցավով նշեմ, որ կան մարդիկ, ովքեր օգտվում են իրավիճակից և փորձում են շահարկել սոցիալական խնդիրը, այդ իսկ պատճառով, ես հիմնականում գումարի փոխարեն փորձում եմ նրանց օգնել աշխատանքի տեղավորման հարցում, իհարկե կան մարդիկ, որոնց իրոք շտապ անհրաժեշտ է այդ գումարը, պատրաստակամությամբ օգնում եմ:

-Հայաստանում «Թավշյա հեղափոխություն»-ից հետո կարծես իրավիճակը փոխվել է, երկրում, շատ մարդիկ օգտվում են ստեղծված իրավիճակից, դուք ինչ դիտարկում ունեք այս խնդրի վերաբերյալ:

-Այո՛ ճիշտ եք, շատ մարդիկ օգտվում են ստեղծված իրավիճակից և պղտոր ջրում փորձում են ձուկ որսալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին մենք մեր թիմով աչալուրջ ենք և մեր ամենօրյա աշխատանքով հետևում ենք, որ ոչ ոք հանկարծ չօգտվի ստեղծված իրավիճակից:

-Խոսենք նաև քաղաքական վերջին զարգացումների մասին, ԲՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, ի՞նչ եք կարծում` որքանով էր այդ ընտրությունը արդարացված:

-Ես կողմ եմ, որպեսզի Նաիրա Զոհրաբյանն իր մասնակցությունն ունենա ընտրություններում: Հաղթանակի դեպքում Երևան քաղաքը միանշանակ կունենա առաջին խելացի կին քաղաքապետը:

-Պարո՛ն Միրիջանյան, սոցիալական ցանցում մի գրառում տեսանք, որ Ձեզ անվանում էին ժողովրդական մարզպետ, ինչպե՞ս է հաջողվել այս կարճ ժամանակահատվածում արժանանալ այդ կոչմանը և ո՞ր սկզբունքներ են որոնց անդավաճան եք մնում:

-Աշխատանքում ինձ համար առաջնային սկզբունք է, որ օրը քսանչորս ժամ հասանելի լինեմ բնակիչների համար: Փորձում եմ ազնիվ լինել յուրաքանչյուր բնակչի հետ և իմ հնարավորությունների սահմաններում օգնել և սատարել նրանց:

-Բավականին հագեցած գրաֆիկով եք աշխատում, արդյո՞ք հասցնում եք ժամանակ տրամադրել Ձեր ընտանիքին:

-Երբեք չեմ թողնում աշխատանքս մուտք գործի ընտանիք, ունեմ հանգստյան օր, որը ամբողջությամբ նվիրում եմ ընտանիքիս:

-Եվ վերջում, ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Արմավիրի մարզը մի քանի տարի անց:

-Եթե կարողանանք մեկ տարվա ընթացքում մարզում առկա խնդիրների 15%-ը լուծել, ապա Արմավիրի մարզը կդառնա ուժեղ և բարգավաճ:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...