03:10
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԻՆ

2018-09-24 15:40

«Դե Ֆակտո » N 145 ( 07-08/2018թ.) 

 

Հայրենիքը, ընտանիքը, ընկերները ՀՀ Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի արժեքային համակարգի կարևոր մասն են կազմում, նա իր պատգամավորական գործունեությամբ փորձում է նպաստել ՀՀ առաջընթացին` հավատալով զարգացած և հզոր Հայաստան ունենալու հեռանկարին:
«Դե Ֆակտո» ամսագրին տված հարցազրույցի ընթացքում նա առավել մանրամասն ներկայացնում է իր գաղափարներն ու քաղաքական թիմի աշխատանքի նպատակները, պատմում իր անցած ուղու և նվիրական երազանքի մասին:

ՆԱՊՈԼԵՈՆ ՍՈՒՐԵՆԻ ԱԶԻԶՅԱՆ

Ծնվել է 1946թ. հունվարի 17-ին Երևանում:
1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Ապրանքագետ:
1962-1964թթ. եղել է Երևանի թուղթ-ստվարաթղթի կոմբինատի բանվոր,
1966-1976թթ. աշխատել է առևտրի և հասարակական սննդի համակարգում,
1976-1982թթ. եղել է Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատի արտադրամասի վարիչ, արտադրության պետ, տնօրենի տեղակալ,
1982-1983թթ.` «Աջափնյակ» ունիվերսամի տնօրեն,
1983-1985թթ.` Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատի փոխտնօրեն,
1985թ.` «Բջնի» գործարանի տնօրեն,
1986-1990թթ.` թիվ 8 սննդառի տնօրեն,
1990-1991թթ.` «Գործվածքհագուստկոշիկառ»-ի տնօրեն,
1991-1992թթ.` Հայկոոպի մեծածախ և մանրածախ բազայի տնօրեն,
1997-1999թթ.` «Ֆլան» ՍՊԸ տնօրեն,
2012-2017թթ.` «Միլար» ՍՊԸ տնօրեն:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 22 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք և միաբանություն» խմբակցության անդամ: «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԱՄ կուսակցություն): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 25.05.2003-02.03.2005թթ.` «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չի եղել:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:


Մեր խմբակցության ներքո համախմբվել են իրապես աշխատող

եւ

հայրենիքին նվիրված մարդիկ,

ովքեր իրենց պատգամավորական մանդատն օգտագործում են

ի նպաստ իրենց հայրենիքի եւ ժողովրդի:

 

-Պարո՛ն Ազիզյան, Դուք ՀՀ ազգային ժողովի ավագ սերնդի պատգամավորներից եք, ունեք աշխատանքային հարուստ կենսագրություն: 2017թ. Աժ ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվեցիք Աժ պատգամավոր: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները:

-Ես բարձր եմ գնահատում ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը` նախ և առաջ նկատի ունենալով «Ծառուկյան» խմբակցության աշխատանքը: Մեր խմբակցության ներքո համախմբվել են իրապես աշխատող և հայրենիքին նվիրված մարդիկ, ովքեր իրենց պատգամավորական մանդատն օգտագործում են ի նպաստ իրենց հայրենիքի և ժողովրդի: Ինձ համար Աժ աշխատանքը գնահատելուց բացի, ավելի կարևոր չափանիշ չկա: Մեր խմբակցության ղեկավարը` Գագիկ Ծառուկյանը, մեծ հայրենասեր է, ում ղեկավարած խմբակցության աշխատանքը միտված է հայրենիքին ծառայելուն:
Եթե խոսեմ մնացած խմբակցությունների աշխատանքի մասին, ապա պետք է նշեմ, որ դրանցում ևս կան հայրենիքին ազնվորեն ծառայող մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն ՀՀ զարգացման գործում և անկախ մեր քաղաքական հայացքների տարբերություններից` ես բարձր եմ գնահատում այդ պատգամավորների աշխատանքը:

-Դուք այն պատգամավորներից եք, ով պարտաճանաչ ներկայանում է Աժ բոլոր նիստերին, ունի իր կարծիքը, դիրքորոշումը, ո՞րն եք համարում
Աժ-ում արդյունավետ աշխատելու ամենակարևոր գրավականը:

-Աժ-ում աշխատանքը, նախ և առաջ սկսվում է այն խմբակցությունից, որում ընդգրկված ես, պետք է այնտեղ ձևավորված լինի առողջ մթնոլորտ, գործընկերներդ պատրաստ լինեն բանավիճելու, քննարկելու յուրաքանչյուր հարց, օրենքի նախագիծ, և դրա արդյունքում քաղաքական թիմը պետք է կարողանա հանգել մեկ ընդհանուր եզրակացության, որն առաջին հերթին կսպասարկի ժողովրդի շահերը: Մեր խմբակցության աշխատանքն այդպիսին է, ինչի համար ես ուրախ եմ: Մեզ մոտ մշտապես ակտիվ քննարկումներ են լինում, որոնց արդյունքն արտացոլվում է քվեարկությունների և ելույթների ժամանակ:

 

«Ծառուկյան» խմբակցությունն Աժ այն քաղաքական ուժն է, որը երբեք չի կորցնում

օբյեկտիվության եւ սուբյեկտիվության սահմանը` լավին լավ է ասում, վատին` վատ:


-Ինչպե՞ս կգնահատեք Աժ քաղաքական ուժերի աշխատանքը:

-Ընդհանրապես, Աժ պատգամավորի աշխատանքը գնահատվում է նրա քվեարկություններով, որոնց միջոցով նա արտահայտում է իր հստակ դիրքորոշումը: «Ծառուկյան» խմբակցությունն Աժ այն քաղաքական ուժն է, որը երբեք չի կորցնում օբյեկտիվության և սուբյեկտիվության սահմանը` լավին լավ է ասում, վատին` վատ: Եթե առաջարկվում է օրենքի որևէ նախագիծ, որը չի սպասարկում ժողովրդի շահերը, ապա մեր խմբակցությունը միանշանակ դեմ է քվեարկում դրան, հիմնավորում իր այդ քայլը` զերծ մնալով անձնավորված, վիրավորանք պարունակող արտահայտություններից: Մենք դեմ ենք որևէ մեկին պիտակավորելու, սևացնելու և պատգամավորին ոչ վայել վարքագծի դրսևորումներից: Մենք կպատասխանենք միայն մեր հասցեին հնչեցված անհիմն և վիրավորանք պարունակող գնահատականներին, որը կլինի ավելի խիստ: Կցանկանայի, որ Աժ պատերի ներքո աշխատող բոլոր գործիչները` ընդդիմադիր, թե իշխանամետ, ևս առաջնորդվեին այն սկզբունքներով ու արժեքներով, որոնք բնորոշում են մեր խմբակցության աշխատանքը:

-Շատ է խոսվում գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների մասին, ըստ Ձեզ` ինչո՞ւ նախորդ իշխանություններին չհաջողվեց կանխել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, և ինչո՞ւ ներկայիս իշխանությունները ևս այդ առումով շոշափելի արդյունքների չեն հասել:

-Ես կարծում եմ` գնաճի կանխման ամենակարևոր գրավականը ՀՀ հարկային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելն է: Այն «աճպարարական» թվերն ու վիճակագրական տվյալները, որ ներկայացվում են տարբեր կենտրոնների կողմից` հիմնավորելով գնաճին նպաստող գործընթացները, ինձ համար կարևորություն չունեն: Կարևոր է ժողովրդի վիճակը, նրա կենսապայմանները, եթե դրանք վատ են, ապա ինձ համար որևէ օբյեկտիվ համարվող պատճառ չի կարող որպես հիմնավորում ծառայել: Ուղղակի պետք է քաղաքական կամք դրսևորել:

-Որպես վարկանիշային ցուցակով ընտրված պատգամավոր` ինչպիսի՞ շփումներ ունեք Ձեր ընտրողների հետ, ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:

-Ես իմ ընտրողների հետ ամենօրյա շփման մեջ եմ: Պետք է նշեմ, որ ինձ դիմում են հիմնականում կենցաղային, անձնական խնդիրներով, որոնց փորձում եմ լուծում տալ կամ եթե դրանք իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում չեն, ուղղորդել, թե ուր գնան, ում դիմեն, ձգտում եմ ամեն կերպ աջակցել նրանց:
Իհարկե, շատ կցանկանայի լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները որևէ օրենքի նախագծի շուրջ: Հուսամ` դա էլ կլինի:

-Պարո՛ն Ազիզյան, որո՞նք եք համարում ՀՀ վերջին տարիների գլխավոր ձեռքբերումները:

-Եթե խոսեմ ձեռքբերումների մասին, ապա պետք է նշեմ, որ մեծ առաջընթաց է ապրել Հայոց բանակը, որը մեր երկրի անվտանգության գլխավոր երաշխավորն է, փոխվել է այնտեղ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, լավացել են պայմանները: Ի դեմս մեր հայրենասեր և խիզախ զինվորների` մենք տեսնում ենք նվիրյալների, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի, ինչի հավաստիքը Ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Կարծում եմ` մեզ համար ամենակարևորն Արցախի խնդրի կարգավորումն է, եթե այն չլուծվի, մենք չենք կարող խոսել տնտեսության և այլ ոլորտների զարգացման մասին:
Հայաստանում մեծ թափով զարգանում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաները, մենք այդ առումով ավելի առաջատար դիրքերում ենք, քան շատ ու շատ երկրներ:
Այժմ արդյունավետ ծրագրեր են մշակվում նաև գյուղատնտեսության զարգացմանն ուղղված` նոր տեխնոլոգիաներ է ներդրվում, որոնք ժամանակի ընթացքում զարգացման տեմպ կհաղորդեն այդ ոլորտին:
Եթե կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, նախ և առաջ ՀՀ հարկային օրենսգրքում, բանկային համակարգում, ապա կզարգանա նաև փոքր և միջին բիզնեսը, կստեղծվեն աշխատատեղեր, ժողովրդի սոցիալական վիճակը էապես կլավանա:

Եթե չեն բարձրացել ժողովրդի աշխատավարձերը, թոշակները, արտագաղթի տեմպերը չեն նվազել,

ապա ժողովուրդը չի կարող իր կառավարությունից լիարժեք գոհ լինել:

 

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կառավարության աշխատանքը:

-Կառավարության աշխատանքի գնահատականն արտացոլվում է ժողովրդի ապրելակերպի մեջ, կառավարությունը կոչված է բարելավելու ժողովրդի կենսամակարդակը: Եթե չեն բարձրացել ժողովրդի աշխատավարձերը, թոշակները, արտագաղթի տեմպերը չեն նվազել, ապա ժողովուրդը չի կարող իր կառավարությունից լիարժեք գոհ լինել, ես ևս չեմ կարող ասել, թե գոհ եմ կառավարության աշխատանքից:

 

Գագիկ Ծառուկյանն առաջին հերթին բարձր արժանիքներ ունեցող անձնավորություն է,

ում եզակի տեսակը, մոտեցումները արտահայտվում են նրա լայնամասշտաբ գործունեության մեջ,

իր թիմակիցների եւ ժողովրդի հետ ջերմ հարաբերություններում, բոլորի հոգսը իրենը համարելու հրաշալի հատկությամբ:


-Ինչպե՞ս կգնահատեք Գագիկ Ծառուկյանի գործունեությունը` որպես «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ և բարերար:

-Գագիկ Ծառուկյանն առաջին հերթին բարձր արժանիքներ ունեցող անձնավորություն է, ում եզակի տեսակը, մոտեցումները արտահայտվում են նրա լայնամասշտաբ գործունեության մեջ, իր թիմակիցների և ժողովրդի հետ ջերմ հարաբերություններում, բոլորի հոգսը իրենը համարելու հրաշալի հատկությամբ: Կարող եմ անվերջ խոսել նրա արժանիքների մասին, քանի որ նա իսկապես մարդու եզակի տեսակ է, քաղաքական, հասարակական, մարզական գործիչ, և, ի վերջո, մեծ բարեգործ: Նրա հետ համեմատվելու համար պետք է գոնե նրա կատարած աշխատանքի կեսը կատարել: Այնքան մեծ թվով մեդալների, որոնց արժանացել են մեր մարզիկները նրա կատարած ներդրումների և աշխատանքի շնորհիվ, անգամ 100 մլն. բնակչություն ունեցող երկրների մարզիկները չեն կարողանում ստանալ: Պետք է նկատել, որ Գագիկ Ծառուկյանը մեծ ներդրում ունի նաև այլ ոլորտներում, Աստված տա նա մշտապես ունենա այսպիսի հնարավորություններ օգնելու մեր ժողովրդին:

-Պարո՛ն Ազիզյան, կյանքի ինչպիսի՞ ուղի եք անցել:

-Իմ գիտակցական կյանքը բավականին վաղ տարիքում է սկսվել: Դեռևս դպրոցական տարիներից աշխատել եմ գործարանում` որպես բանվոր, կատարել եմ նաև շինարարական աշխատանքներ, ձգտել եմ ինքս վաստակել գումար և աջակցել ընտանիքիս: Իսկ 22 տարեկան հասակից արդեն զբաղեցրել եմ տարբեր լուրջ պաշտոններ, ղեկավարել ընկերություններ, մեծ կոլեկտիվներ: Մինչև այսօր իմ նախկին կոլեկտիվների անդամների հետ ունեմ ջերմ հարաբերություններ, քանի որ մենք աշխատել ենք փոխադարձ հարգանքի, ազնվության մթնոլորտում:

-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ սկզբունքներ պետք է ունենա ղեկավարը, ինչպիսի՞ ղեկավար եք եղել:

-Որպես ղեկավար` ես բարի և ջերմ վերաբերմունք եմ ցուցաբերել առաջին հերթին ամենահասարակ աշխատանք կատարողների նկատմամբ` մաքրուհու, բանվորի, փորձել ավելացնել նրանց աշխատավարձը, ըստ արժանվույն գնահատել նրանց աշխատանքը: Կարծում եմ` ղեկավարը պետք է ազնիվ, բարի, աշխատասեր, համարձակ, որոշումներ կայացնող, մարդկային բարձր հատկանիշեր ունեցող անձնավորություն լինի, խտրականություն չդնի աշխատողների միջև, երբեք սուտ խոստումներ չտա և միշտ իմանա իր խոսքի արժեքը: Նա նաև պետք է ունենա բոլորի կարծիքը լսելու, քննարկելու և ճիշտ եզրակացություններ անելու կարևոր հատկանիշ:

 

Ես մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, ունեցել եմ հիանալի ծնողներ,

ովքեր մշտապես իմ մեջ ներարկել են կրթության, հայրենիքի նկատմամբ սեր, ազնվություն,

հարգանք մարդկային փոխհարաբերություններում, սկզբունքային եւ վճռական տղամարդու հատկանիշեր:

 

-Ինչպե՞ս են դաստիարակել Ձեզ Ձեր ծնողները, ի՞նչ արժեքներ են փոխանցել:

-Ես մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, ունեցել եմ հիանալի ծնողներ, ովքեր մշտապես իմ մեջ ներարկել են կրթության, հայրենիքի նկատմամբ սեր, ազնվություն, հարգանք մարդկային փոխհարաբերություններում, սկզբունքային և վճռական տղամարդու հատկանիշեր: Հայրս դատավոր էր և տեսակով` խստապահանջ: Ես լավ էի սովորում դպրոցում, բայց հաճախ էի դասերից փախչում և արժանանում նրա պատժին: Իհարկե, այսօր շնորհակալ եմ նրան, նաև մորս` ինձ տված դաստիարակության, փոխանցած արժեքների համար:

-Ձեր փոքր հայրենիքն Ապարանն է, հետաքրքիր է, ի՞նչ հատկանիշերով են հատկապես աչքի ընկնում ապարանցիները և տարբերվում մյուս շրջանների բնակչությունից:

-Ապարանցիներն իրենց հող ու ջրին կառչած, ավանդապաշտ մարդիկ են, ում կերպարին հատուկ են մեծերի նկատմամբ հարգանքը, հայրենասիրությունը, ազգային հպարտությունը և այլ վեհ հատկանիշեր: Անկախ այն հանգամանքից, որ իրենց տարածաշրջանի բնակլիմայական պայմանները նպաստավոր չեն գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, նրանք չեն թողնում իրենց հողը, այնտեղ արտագաղթ գրեթե չի արձանագրվում: Նրանք նաև աչքի են ընկում ընկերասիրությամբ, եթե ուզում ես ընկերության լավ օրինակ տեսնել, ապա դրա մեջ պետք է պարտադիր ապարանցի լինի: Ապարանցիները նաև ամուր ընտանիքներ են կազմում և լավ դաստիարակություն տալիս իրենց զավակներին:

 

Ապարանցիներն իրենց հող ու ջրին կառչած, ավանդապաշտ մարդիկ են,

ում կերպարին հատուկ են մեծերի նկատմամբ հարգանքը, հայրենասիրությունը,

ազգային հպարտությունը եւ այլ վեհ հատկանիշեր:


-Ձեր գործընկեր, ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նույնպես ապարանցի է, ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ, ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:

-Արդեն երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Սամվել Ալեքսանյանին, ով ևս ապարանցի է, արտակարգ անձնավորություն, ունի ավանդական ընտանիք, որտեղ իշխում է հարգանքը և սերը մեծերի հանդեպ: Բարձր եմ գնահատում նրա ջանքերով մեր երկրում կատարված ներդրումները, որոնց շնորհիվ 10-յակ հազարավոր մարդիկ ապահովվել են աշխատանքով: Նա աշխատասեր, գործարար դաշտում հաջողելու եզակի շնորհ ունեցող անձնավորություն է, ով կարողանում է ճիշտ հասկանալ առաջարկ-պահանջարկ հարաբերությունները և արդյունավետ քայլեր կատարել:
Սամվել Ալեքսանյանը նաև անսահման հումորի տեր, անմիջական և բարի անձնավորություն է, ում հետ հաճելի է շփվել, զրուցել, ընկերություն անել: Կարծում եմ` ժողովուրդը գնահատում է նրա գործադրած ջանքերն ու աշխատանքը, ինչի համար ես շատ ուրախ եմ: Աստված տա նրա երեխաները նմանվեն իրեն և իր գործի արժանի շարունակողները լինեն:

-Մի ամբողջ կյանք եք ապրել, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Իմ ամենակարևոր և ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է` իմ երեխաներն ու թոռները: Աստված ինձ պարգևել է 3 զավակ և 4 թոռնիկ, ինչի համար անսահման շնորհակալ եմ:
Ինձ համար թանկ են նաև իմ ընկերները, իսկական ընկերությունը ևս մեծ հարստություն է մարդու կյանքում: Ես ընկերասեր անձնավորություն եմ, ունեմ ընկերներ, ում հետ մեր մտերիմ հարաբերությունները սկսվել են դեռևս դպրոցական տարիներից և շարունակվում են մինչև այսօր:

 Իմ ամենակարեւոր եւ ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է` իմ երեխաներն ու թոռները:


-Ինչի՞ց եք ամենաշատը նեղսրտում, ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

-Շատ եմ ցավում, որ այսօրվա մարդկանցից շատերի մոտ բացակայում է իրենց խոսքի արժեքի գիտակցումը: Ում ինչ հարցով դիմում ես, նույն պատասխանն ես լսում` հարց չկա, լինի բարձրաստիճան պաշտոնյա, թե որևէ շարքային մարդ: Հարց չկա, հայերենում նշանակում է, որ այդ հարցը հնարավոր է լուծել և կարճ ժամանակում: Մինչդեռ իրականում կարող է ամենահասարակ հարցի լուծումը այնքան ձգձգվել, որ ամենահամբերատար մարդն անգամ կորցնի ինքնատիրապետումը: Նման մոտեցումը ազդում է մեր կյանքի որակի վրա, որովհետև հենց նման փնթի ու անպատասխանատու վերաբերմունքն է պատճառը, որ ամենատարրական հարցերի լուծումը կարող է ձգձգվել ամիսներով ու տարիներով` խլելով մարդու ունեցած ամենաթանկ բանը` ժամանակը և քայքայել նյարդերը:

-Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ, և ինչպե՞ս եք թոթափում աշխատանքային լարվածությունը:

-Աշխատանքից դուրս սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, հետևել սպորտային իրադարձություններին, հատկապես` բռնցքամարտի, ֆուտբոլի, ըմբշամարտի: Փոքր տարիքում զբաղվել եմ բռնցքամարտով, և ինձ շատ հոգեհարազատ է այդ մարզաձևը:
Սիրում եմ նաև առանձնանալ բնության գրկում, ջրի ափին, ամփոփել մտքերս, խաղաղեցնել հոգիս, ինչի շնորհիվ հաջողվում է ճիշտ եզրահանգումներ անել:
Իսկ աշխատանքային լարվածությունը թոթափելու լավագույն տարբերակն ինձ համար, իհարկե, ընտանիքիս, մասնավորապես` հրաշք թոռնիկներիս հետ ժամանակ անցկացնելն է: Ես ընկերություն եմ անում նրանց հետ, փորձում հավասարվել տարիքով ու հասկանալ նրանց: Ինձ ամենաերջանիկ մարդն եմ համարում, որ ունեմ իրենց, կարծում եմ` ավելի մեծ հարստություն կյանքում չի կարող լինել:

-Եվ վերջին հարցը` ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

-Ես երազում եմ զարգացած, հզոր, խաղաղ երկինք ունեցող Հայաստանի մասին, որտեղ հայ ժողովուրդը կապրի բարեկեցիկ կյանքով: Ես վստահ եմ, որ մեր հրաշք երկրի այդ հեռանկարը շատ մոտ է: Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է և զարգացման որոշակի սահմանագծի հասնելուց հետո մենք ականատես կլինենք դեպի մեր երկիր ներգաղթի կտրուկ աճի:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...