2018-07-14 13:00
ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ
ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր
«Դե Ֆակտո » N 144 ( 05-06/2018թ.)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը միակն էր ՀՀԿ խմբակցությունից, ով մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի թեկնածության քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին: Դրան հաջորդեց նրա` թերևս տրամաբանական հաջորդ քայլը` նա լքեց ՀՀԿ խմբակցությունը` դառնալով անկախ պատգամավոր:
Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ հարցազրույցում պարզաբանեց, թե ինչու նման որոշում կայացրեց, ինչ արձագանք գտավ այն խմբակցությունում, ինչ սպասելիքներ ունի նոր կառավարությունից, ինչպես նաև անդրադարձավ Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցած իրադարձություններին:
-Պարո՛ն Ցոլակյան, մայիս ամիսը` որպես հաղթանակների ամիս, նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ: Ինչպե՞ս կգնահատեք այն, ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Անժխտելի է, որ մայիսը հաղթանակների ամիս է հայ ժողովրդի համար, իսկ 2018-ի մայիսը նշանավորվեց մեկ այլ` Հայաստանի երիտասարդ և անկախ սերնդի հաղթանակով, սակայն, զինվորական լեզվով ասած, բարձունք գրավելը շատ ավելի հեշտ է, քան բարձունքը պահելը: Հիմա խնդիրները նոր են առաջանում, և շատ կարևոր է, թե ինչ քայլեր կձեռնարկեն նոր իշխանությունները դրանք լուծելուն ուղղված: Ես միշտ ասում եմ` եթե ամեն ինչ ճիշտ արվի, փառք ու պատիվ նրանց, եթե ոչ` ժողովրդին իրենք են սովորեցրել պայքարի ուղին:
Իհարկե, ես շատ եմ ցանկանում, որ նոր իշխանությունները հաջողեն, և ես պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել նրանց այդ հարցում:
-Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ-ում քվեարկության ժամանակ Դուք ՀՀԿ խմբակցությունից միակ պատգամավորն էիք, ով կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ինչպե՞ս հանգեցիք նման որոշման, ի՞նչ կարծիք ունեք այսպես կոչված «առնետավազքի» մասին:
-Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավից սկսած` ես ուշիուշով հետևում էի շարժման ձևավորման գործընթացին, դրանում ժողովրդի ներգրավվելու դինամիկային, հավատի և վստահության մթնոլորտի ձևավորմանը և, ի վերջո, համաժողովրդական պայքարին: Ես չէի կարող հաշվի չառնել առկա իրավիճակը և դեմ գնալ ժողովրդի կամքին. չէ՞ որ ԱԺ պատգամավորը ժողովրդի կողմից ընտրված իր ներկայացուցիչն է, ով պետք է գործի հանուն ժողովրդի շահի: Իսկ քվեարկության հետ կապված իմ որոշման մասին ես նախօրոք հայտնել էի, այսինքն` ես որևէ գաղտնի արարք ինձ թույլ չեմ տվել, որևէ մեկին չեմ ստել և չեմ զղջում իմ կատարած քայլի համար, ու այդ իսկ պատճառով Ձեր նշած «առնետավազքը» չի կարող որևէ կապ ունենալ իմ անվան հետ: Ես առաջնորդվել եմ ազնիվ մղումներով, իմ խղճի թելադրանքով` չունենալով որևէ ակնկալիք: Ես պարզապես ժողովրդի շահը գերադասել եմ խմբի շահից:
-Ի՞նչ կարևորություն ունի Ձեզ համար Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հնչեցված այն միտքը, որ Ձեր անունը ոսկե տառերով գրվեց Հայոց պատմության մեջ:
-Իհարկե, հաճելի էր, սակայն պետք է կրկնեմ, որ ես դա չեմ արել բարձր գնահատականների արժանանալու կամ այլ նպատակներով, իմ քայլը իմ խղճի և մտքի արտահայտությունն է եղել:
-Ինչպիսի՞ արձագանք գտավ Ձեր քայլը ՀՀԿ խմբակցության շրջանակներում:
-Բնական է, որ տարբեր արձագանքներ գտավ, իհարկե, դժկամությամբ ընդունվեց, քանի որ կուսակցությունն ունի իր կարգապահական նորմերը, որոնք պետք է պահպանել: Կարող եմ միայն մի բան ասել, որ նրանք ճիշտ են իրենց տեսանկյունից, ես` իմ: Եվ ես չեմ զղջում իմ արարքի համար:
ԱԺ պատգամավորը ժողովրդի կողմից ընտրված իր ներկայացուցիչն է,
ով պետք է գործի հանուն ժողովրդի շահի
-Ինչպե՞ս կգնահատեք կառավարության նոր կազմը, երիտասարդ ուժերի ներգրավումը:
-Նորմալ: Ճիշտ է, ես ավագ սերնդի ներկայացուցիչ եմ, սակայն իմ մտածողությունն ու գաղափարները շատ մոտ են երիտասարդ սերնդի մտածողությանը: Կարծում եմ` ճիշտ է երիտասարդ կադրերին ճանապարհ տալը և հնարավորություն` ինքնադրսևորվելու, կառուցելու իրենց երազած Հայաստանը, իսկ ավագ սերունդը պետք է հենարան լինի նրանց համար: Պետք է նկատի ունենալ, որ այն ավյունը, էներգիան, որ ունեն երիտասարդները, իմ հասակակիցները չունեն, փոխարենը` երիտասարդների մոտ բացակայում է փորձը: Ոչինչ, թող սխալվեն, մի քիչ չարչարվեն ու կհասնեն լավագույն արդյունքի: Ես շատ կուզենայի, որ նրանք հաջողեին: Իսկ եթե նրանց շարքում կլինեն մարդիկ, ովքեր չեն արդարացնի ժողովրդի, կառավարության սպասումները, կարելի է ընդամենը նրանց փոխարինել մեկ ուրիշով, այդտեղ որևէ սարսափելի բան չկա:
-Դուք ՀՀ ԱԺ-ում ներկայացնում եք Շիրակի մարզը, ո՞ր խնդիրների հետ են հիմնականում կապված մարզում առկա դժգոհությունները:
-Ես չեմ սիրում այս միտքը ասել, բայց փաստ է, որ Շիրակն ամենաաղքատ մարզն է: Երկրաշարժի աղետալի հետևանքները դեռևս շարունակում են խոչընդոտել մարզի զարգացմանը, և, ցավոք, աղետի գոտի հասկացությունը դեռևս իրականություն է: Դրան պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ այստեղ զարգացած չէ հանքարդյունաբերությունը` ի տարբերություն այլ մարզերի:
Մարզում առաջնային կարևորություն ունի աշխատատեղերի խնդիրը, բնակարանաշինության հարցը: Երեսուն տարի է անցել երկրաշարժից, բայց շուրջ 2900 ընտանիք իր գլխի վերևում սեփական տանիք չունի: Իհարկե, բավականին մեծ աշխատանք է կատարվել` բնակարանաշինությանն ուղղված, սակայն խնդիրն ամբողջությամբ չի լուծվել: Պետք է լրջորեն ուսումնասիրել այն, այդ 2900 ընտանիքների մի մասն ունի քարաշեն տնակներ, որոնք կարող են սեփականաշնորհվել և դառնալ տուն նրանց համար, արդյունքում, իմ դիտարկմամբ, կմնան 1400-1500 ընտանիքներ, որոնց պետք է ապահովել բնակարաններով:
Ես հույս ունեմ, որ նոր իշխանությունները վերը նշված խնդիրների հետ կապված կունենան իրենց ծրագիրը, ինքս` որպես պատգամավոր, պատրաստվում եմ բարձրաձայնել դրանք և ստանալ սպառիչ պատասխաններ:
-Մեծ աղմուկ բարձրացավ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի շուրջ, որի հանգուցալուծմանը Դուք կարևոր դերակատարում ունեցաք, ինչո՞ւմն էր խնդիրը:
-Հեղափոխության էներգիան դեռևս չի մարել ժողովրդի շրջանում, և ցանկացած խնդրի դեմ պայքարելու միջոց է դառնում բողոքի ակցիաների կազմակերպումը: Իհարկե, ես դա ճիշտ մոտեցում չեմ համարում, քանի որ խնդիրների լուծման համար օրենքով նախատեսված տարբեր միջոցներ կան: Շիրակի պետական համալսարանի հետ կապված` պետք է նշեմ, որ հիմնականում մի քանի դասախոսներ բարձրաձայնեցին, որ բուհում առկա են որոշակի խախտումներ և ինձնից պահանջում էին, որ ես` որպես բուհի խորհրդի նախագահ, խորհրդի նիստ անցկացնեմ և ռեկտորի նոր ընտրություններ կազմակերպեմ: Սակայն ես պարզ բացատրեցի, որ նման բան անելու դեպքում կրկին ընտրվելու է բուհի ներկայիս ռեկտորը, քանի որ խորհրդի կազմում նրա աջակիցները մեծ թիվ են կազմում: Առաջարկեցի սպասել ՀՀ ԿԳ նախարարի այցին, նրա կարծիքը լսել, այնուհետև քայլեր ձեռնարկել: Սակայն նրանք չընդունեցին իմ տեսակետը և ավելորդ խոսքեր հնչեցրին իմ հասցեին: Ես հրաժարվեցի թե՛ խորհրդի նախագահի և թե՛ անդամի պարտավորություններից: Նոր խորհուրդ կկազմվի, որն էլ կընտրի բուհի նոր ռեկտորին, իսկ խախտումների հարցով կզբաղվեն դատական մարմինները:
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կրթության և գիտության նախարարի աշխատանքը, կոռուպցիայի դեմ նրա սկսած պայքարը:
-Ես դրական եմ գնահատում նրա աշխատանքը, կարծում եմ` նրա գլխավոր խնդիրը պետք է լինի խնդիրներին համակարգային լուծումներ տալը: Կոռուպցիան ոչ միայն կրթական համակարգում, այլ երկրում առկա աղետալի երևույթներից է, որի դեմ ցանկացած իշխանություն պետք է պայքարի:
Եվ իմ կարծիքով` իշխանության կողմից վենդետա չիրականացնելու մոտեցումը շատ ճիշտ է, իհարկե, խոսքս քրեական հանցագործությունների վրա աչք փակելու մասին չէ, այլ այն մասին, որ պետք է գործել ապացուցողական դաշտում, սահմանել աշխատանքային խիստ կանոններ և չստեղծել նպաստավոր պայմաններ օրենքը շրջանցելու համար:
-Ինչպե՞ս կգնահատեք ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի նշանակումները:
-Շատ լավ ճանաչում եմ երկուսին էլ և դրական եմ գնահատում նրանց նշանակումները:
-Պարո՛ն Ցոլակյան, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեծ արձագանք գտավ նաև Սփյուռքում, ի՞նչ դրական փոփոխություններ կարելի է ակնկալել:
-Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Սփյուռքը գործուն մասնակցություն ունեցավ հայաստանյան իրադարձություններին, ինչն ազգային վերածննդի պահ էր: Կարծում եմ` չպետք է կոտրել նրանց ոգևորությունը և պետք է ամեն կերպ աջակցել նրանց, որ վերադառնան հայրենիք և իրենց կյանքը կառուցեն այստեղ:
Հայաստանյան իրադարձությունները ոչ միայն Սփյուռքում, այլև ամբողջ աշխարհում մեծ արձագանք գտավ, այդ դրական վերաբերմունքը պետք է պարտադիր օգտագործել, դրան միս ու արյուն տալ` ի շահ նոր Հայաստանի կառուցման:
Երազում եմ այնպիսի Հայաստանի մասին, որտեղ կգերակայի արդարության,
օրինականության մթնոլորտը, եւ որտեղ կհաղթի բարին: Հուսանք, հավատանք եւ սպասենք:
-Այս տարի Հայաստանի Առաջին Հանրապետության, մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը և Երևանի 2800-ամյակը տոնելուց բացի, Հայաստանում պետք է անցկացվեն Ֆրանկոֆոնիայի օրերը: Ի՞նչ կարևորություն ունեն այդ իրադարձությունները Ձեզ համար:
-Երևանը մեր մայրաքաղաքն է, որի 2800-ամյակը պետք է ազգովի տոնենք և ի լուր աշխարհի հայտնենք մեր հնամյա քաղաքի մասին: Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը պատմական կարևոր իրողություն է մեզ համար, որի բերկրանքը մինչև այսօր զգում ենք և հպարտանում:
Ինչ վերաբերում է Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում անցկացնելուն, ապա այդ իրադարձությունը միջազգային ճանաչման ևս մեկ հնարավորություն է Հայաստանի համար, հատկապես այն պարագայում, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան:
-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:
-Երազում եմ այնպիսի Հայաստանի մասին, որտեղ կգերակայի արդարության, օրինականության մթնոլորտը, և որտեղ կհաղթի բարին: Հուսանք, հավատանք և սպասենք:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ