2018-06-07 12:28
«Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.)
«Դե ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն
Անահիտ Խանզադյանը:
-Տիկի՛ն Խանզադյան, 2004 թվականից ղեկավարում եք Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցը, որը մեծապես նպաստում է Վանաձորի մշակութային կյանքի զարգացմանը, եթե ամփոփելու լինենք այս տարիներին կատարված աշխատանքները` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:
-2004թ. ղեկավարում եմ Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցը, որը հիմնադրվել է 1966թ: Դպրոցում աշխատում են բանիմաց, գրագետ մանկավարժներ: Դպրոցը հիմնադրման օրվանից ունի բազմաթիվ ավանդույթներ, որոնք պահպանվում են առ այսօր, և արդյունքում գրանցվել են բազմաթիվ ձեռքբերումներ: Տարբեր մրցույթ-փառատոներում մեր աշակերտները շահել են պատվավոր մրցանակներ ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս: Մեր շրջանավարտներից շատերն աշխատում են մայր դպրոցում, ոմանք կայացել են գիտության տարբեր ոլորտներում, մի մասն էլ սովորում են մասնագիտական բուհերում:
Խորհրդային տարիներին մեր դպրոցը համագործակցում էր ԽՍՀՄ տարբեր քաղաքների երաժշտական դպրոցների հետ, կազմակերպվում էին փոխադարձ այցելություններ` վարպետության դասեր: 1988թ. ահեղ երկրաշարժն իր կնիքը դրեց նաև Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի վրա: Շուրջ 25 տարի դպրոցը հանգրվանել էր ժամանակավոր փայտե տնակներում, սակայն դա չխաթարեց մեր բնականոն աշխատանքը, նույնիսկ այդ ժամանակ մեր սաները մասնակցեցին «Ամադեուս» միջազգային մրցույթ-փառատոնին և շահեցին առաջին և երկրորդ կարգի մրցանակներ:
-Եթե համեմատենք տարիներ առաջ և այսօր` աշակերտների թիվն ավելացե՞լ է:
-Տարիներ առաջ մեր դպրոցում սովորում էին շուրջ 300 աշակերտներ և աշխատում շուրջ 60 ուսուցիչներ: Անկախացումից հետո աշակերտների թիվը կտրուկ նվազեց և այժմ սովորում են շուրջ 160 աշակերտներ և աշխատում` 30 ուսուցիչներ:
-Այսօր ի՞նչ առանցքային խնդիրներ կան երաժշտական դպրոցում:
-2012թ-ին դպրոցը տեղափոխվեց Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի շենք: Այժմ էլ դպրոցում կան բազմաթիվ տարաբնույթ խնդիրներ: Սակայն նորից նկատվում է աշակերտների ձգտումը դեպի արվեստ, կան շնորհալի շատ աշակերտներ, որոնց ժպտուն աչքերի մեջ տեսնում ես քո մանկությունը, քո անցյալը, ներկան և պարտավոր ես հղկել այդ մանուկների մատաղ հոգիները, նրանց մեջ զարգացնել ազգայինը, գեղեցիկն ու բարձրաճաշակը:
-Խոսենք նաև Ձեր կուսակցական գործունեության մասին` որպես ՀՀ Լոռու մարզի ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ:
-2002թ-ից ՀՀԿ անդամ եմ, 2009թ-ից ՀՀԿ Լոռու մարզային կանանց խորհրդի նախագահ: Կանանց խորհրդում գործում են տարբեր հանձնախմբեր, որոնք զբաղվում են կանանց առողջապահական, սոցիալական խնդիրներով: Կանանց խորհուրդը մշտապես այցելում է վաստակաշատ ուսուցիչներին, զինվորների ընտանիքներ, ծննդատներ, կազմակերպում է կլոր սեղաններ ՀՀԿ սկզբնական կազմակերպությունների հետ, կանանց հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ:
-Տիկի՛ն Խանզադյան, ո՞վ կամ ի՞նչն է Ձեզ ուժ տալիս, օգնում հաղթահարել դժվարություններն ու հաստատակամ քայլերով շարժվել առաջ:
-Մարդը ոչ մի դեպքում չպետք է վախենա դժվարություններից` կյանքը պայքար է, լի մարտահրավերներով: Պետք է միշտ պայքարել, հասնել առավելագույնին, շարժվել ժամանակին համընթաց և երբեք չնահանջել` հանուն քո ընտանիքի և քո երկրի զարգացման:
-Ամուր ընտանիքից է սկսվում հայրենիքը, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Իմ ընտանիքը ավանդական հայ ընտանիք է, ունեմ երկու որդի, չորս թոռ: Որդիներս ունեն բարձրագույն կրթություն, ծառայել են Հայկական բանակում, ապրում են Հայաստանում: Թոռներս դպրոցականներ են, լավ են սովորում, հաճախում են սպորտի, երաժշտական դպրոց, ուսումնասիրում են անգլերեն և ռուսերեն լեզուներ:
-Անահիտ Խանզադյանին բոլորը ճանաչում են որպես արվեստագետ, իսկ ինչպիսի՞ն է տիկին Անահիտը տանը:
-Տանը ես լավ մայր, լավ տատիկ և լավ տնային տնտեսուհի եմ, ով աշխատանքային խնդիրներով չի ծանրաբեռնում ընտանիքի անդամներին:
Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ