2018-05-14 14:18
Նաիրա Նահապետյան
«Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.)
-Տիկի՛ն Նահապետյան, 2018թ. հոբելյանական տարի է Հայաստանի համար, քանի որ տոնում ենք Հայաստանի առաջին Հանրապետության, մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը և մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը: Ի՞նչ կարևորություն ունեն այս տոները Ձեզ համար:
-2018թ-ը խորհրդանշական տարի է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ ազգովի տոնելու ենք մեր պատմական հաղթանակների և մայրաքաղաքի հոբելյանական տարեդարձները: Որպես հայ մարդ` ես ինձ հպարտ և երջանիկ եմ զգում մեր անցած պատմական ուղով, ձեռքբերումներով, որոնք այսօր մեզ մղում են ավելի մեծ հաղթանակների և նվաճումների:
Մայրաքաղաք Երևանն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իմ մանկության, պատանեկության, երիտասարդության քաղաքն է: Իմ կյանքի պատմությունն այստեղ է կերտվել, իմ բոլոր հաջողությունները նրա հետ են կապվում:
-Որո՞նք եք համարում Երևանի ամենակարևոր ձեռքբերումները:
-Երևանի ամենակարևոր ձեռքբերումն առաջին հերթին իր բնակչությունն է. Երևանն ուժեղ է իրեն սիրող ու իր մասին հոգ տանող երևանցիներով: Նա ամեն օր զգում է մեր ուշադրության կարիքը, և մենք պարտավոր ենք հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի հանդեպ: Երևանի կարևոր ձեռքբերումներից է նաև իր անցած ուղին, պատմությունը, որը խորհրդանշանական կապ ունի հայ ստեղծագործ մտքի զարգացման, մտավորականության կարկառուն ներկայացուցիչների հետ, ում անունով կոչվում են երևանյան շատ ուշատ փողոցներ:
-Տարին տոնական է, սակայն խոսենք նաև 2018թ-ի իրականացվելիք ծրագրերից որո՞նք են Երևանի քաղաքապետարանի 2018թ. աշխատանքային ծրագրի հիմնական գերակայությունները:
-Նախ նշեմ, որ 2017թ. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց Երևանի 5-ամյա զարգացման իր նախընտրական ծրագիրը, որի իրականացումն, անշուշտ, էապես կզարգացնի մեր մայրաքաղաքը: 2018թ. գերակայություններն են` Երևանի կենտրոնի բեռնաթափման և քաղաքը շրջանցող ճանապարհների ճանապարհաշինարարական ծրագրերի շարունակականության ապահովումը, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխմանը միտված ծրագրի, փողոցային լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքների, ժամանակակից նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրի մեկուսացման ծրագրերի իրականացման գործնական փուլի մեկնարկը, վերելակային տնտեսության արդիականացման ծրագրի իրագործելիության ուսումնասիրման և նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ապահովումը:
-Հաճախ պաշտոնական այցով Երևան են այցելում աշխարհի խոշոր քաղաքների քաղաքապետեր, որի շրջանակներում Երևանի և այլ քաղաքների միջև ստորագրվում են համագործակցության հուշագրեր: Որքանո՞վ եք կարևորում նման համագործակցությունները:
-Վերջին տարիներին բավականին մեծ աշխատանք է իրականացվում այլ քաղաքների հետ բարեկամական կապերի ստեղծման նպատակով, որոնք ենթադրում են փորձի փոխանակում ամենատարբեր ոլորտներում, մշակութային, կրթական, տնտեսական կապերի ամրապնդում, փոխանակման ծրագրերի իրականացում և պայմանագրերի ստորագրում: Մենք նման պայմանագրեր ունենք ստորագրված Փարիզի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Վոլգոգրադի և այլ քաղաքների հետ:
-Երկար տարիներ է, ինչ աշխատում եք Երևանի քաղաքապետարանում, ավագանու անդամ եք, ինչպե՞ս կգնահատեք Երևանի նոր ձևավորված ավագանու աշխատանքը:
-Երևանի ավագանու կազմում այս անգամ աշխատում է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ, «Ելք» խմբակցություն, «Երկիր ծիրանի» կուսակցություն: «Ելքի» հետ ավելի կոնստրուկտիվ ենք աշխատում, քան «Երկիր ծիրանի»-ի հետ, քանի որ «Երկիր ծիրանին» կարծում եմ այլ առաքելությամբ է եկել քաղաքային իշխանություն, նրանք, ըստ էության, չեն աշխատում հանուն երևանցու, տպավորություն է, որ նրանք քաղաքական ծրագրեր են իրականացնում: Դա է պատճառը, որ այդ քաղաքական ուժի հետ դեռևս ընդհանուր հայտարարի չենք եկել: Սակայն պետք է հիշել, որ Երևանի ավագանին քաղաքական հարթակ չէ, այլ տնտեսական, որտեղ ավագանու յուրաքանչյուր անդամ կոչված է ծառայելու Երևանին և երևանցուն: Պետք է հասկանալ դա և համատեղ ուժերը ներդնել հանուն Երևանի ապագայի:
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ