2018-05-14 14:10
«Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.)
Մեր զրուցակիցն է ՀՀ Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Մարգարյանը, ով բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է եւ ձգտում է իր մասնագիտական գիտելիքներով ու փորձով նպաստել ՀՀ առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավմանը:
-Տիկի՛ն Մարգարյան, լինելով մասնագիտությամբ բժիշկ` ի՞նչ ծրագրերով և գաղափարներով եք ներգրավվել Աժ աշխատանքներում, և արդյո՞ք հաջողվում է դրանք իրականություն դարձնել:
-Մասնագիտությունս խորհրդարանում շատ է օգնում է ինձ և, ինչու ոչ, նաև գործընկերներիս օրենսդրական նախագծերը պրակտիկ կիրառության մեջ տեսնելու, գործնականում նախագծի կիրառման խնդիրներն ու հնարավորություններն առավել լավ պատկերացնելու հարցում, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարության կողմից բերված նախագծերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, դիտարկումներ և արդյունքում` հասնել նրան, որ ունենանք առավել պրակտիկ և օգտակար օրենսդրական նախագծեր:
Հանձնաժողովում մեր առջև դրված է պետության առողջապահական և սոցիալական ոլորտի օրենսդրական դաշտի բարելավումը, ինչպես նաև ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը: Ի թիվս հանձնաժողովի ամենօրյա աշխատանքների` ես ներկայումս աշխատում եմ նաև ապահովագրական բժշկության համակարգում այլընտրանքային օրինագիծ մշակելու ուղղությամբ: Ցանկանում եմ ունենանք մի նախագիծ, որով կկարողանանք պաշտպանել բնակչության խոցելի և անապահով հատվածի շահերը` բժշկական հասանելի և որակյալ օգնություն ստանալու հարցում: Ունեմ նաև բազմաթիվ այլ ծրագրեր և գաղափարներ, որոնք աստիճանաբար իրականացնում եմ, ներկայացրել եմ տասնյակից ավել առաջարկություններ, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից:
-Վերջին մեկ տարում ՀՀ ԱՆ կողմից քայլեր են ձեռնարկվում` ոլորտի բարեփոխմանն ուղղված: Դուք անհեթեթ եք համարել ՀՀ կառավարության կողմից ընդունված դեղատոմսերի ձևերի, դեղատոմսեր գրելու և դեղերի բացթողման կարգի վերաբերյալ որոշումը, կմանրամասնե՞ք` ինչու:
-Անհեթեթ էր, քանի որ այս պայմաններում` ներկայիս իրականության մեջ, իրագործելի չէր, ինչի մասին վկայում է հանրության ակնհայտ բացասական արձագանքն ու դեղատների թերի աշխատանքը:
Նշեմ, որ հաշվի առնելով այս հարցի կարևորությունը և հանրային հնչեղությունը` «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին քննարկում էր այս խնդիրը: Որպես խմբակցության անդամ` ես առաջարկել էի կազմակերպել և անցկացնել խորհրդարանական լսումներ, առաջարկս հավանության էր արժանացել գործընկերներիս կողմից: Այս տարվա մարտի 26-ին անցկացրեցինք խորհրդարանական լսումներ, որտեղ մասնակիցների թիվը գերազանցում էր 200-ը, նրանց թվում էին` ոլորտի պատասխանատուներ, բժիշկներ, իրավաբաններ և այլ: Սա մեր կողմից ստեղծված բացառիկ հնարավորություն էր` լսել բոլոր կողմերին, տալ հարցեր ոլորտի պատասխանատուներին և ստանալ պատասխաններ: Կարծում եմ` այս լսումներն իրենց տեսանելի արդյունքը կտան շատ մոտ ապագայում:
-Դուք նաև դեմ եք արտահայտվել շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելու մասին ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությանը` նշելով, որ այն խնդիրներ կառաջացնի, ինչու:
-Դեմ եմ արտահայտվել, քանի որ վճարովի շտապօգնությունը հասանելի չի լինի անապահով խավի համար: Իսկ անհիմն կանչերի կանխարգելման համար անհրաժեշտ է նախատեսել վճար: Միգուցե այս պարագայում անհրաժեշտ է բաժանել այս ծառայությունը երկու խմբի` 1-ինը շտապ օգնություն, իսկ 2-րդը` հրատապ բժշկական օգնություն:
-Տիկի՛ն Մարգարյան, Դուք աշխատում եք նոր լիազորություններ ստանձնող Աժ-ում, և այս ժամանակահատվածը պատմական կարևոր փուլ է Հայաստանի համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Աժ հետագա աշխատանքներից, ի՞նչ կարևոր խնդիրներ պետք է լուծի երկիրը ղեկավարող ՀՀ ԱԺ-ն:
-Վեցերորդ գումարման Ազգային ժողովն ունի կիսանախագահական կառավարման ձևից պառլամենտական կառավարման ձևի անցման և խորհրդարանական համակարգը կայացնելու բացառիկ առաքելություն, որում իր անփոխարինելի դերն ունի քաղաքական փոքրամասնությունը: Ակնհայտ է, որ երկրի խորհրդարանական կառավարման համակարգում պետության գլխավոր քաղաքական հարթակը խորհրդարանն է, որտեղ հրապարակայնորեն բախվում են իշխանության` քաղաքական մեծամասնության, և ընդդիմության` քաղաքական փոքրամասնության դիրքորոշումները: Այս պայմաններում քաղաքական մեծամասնությունը պարտավոր է հանրությանը ներկայացնել իր կայացրած որոշումների հիմնավորվածությունը: Իմ ակնկալիքներն էլ պայմանավորված են հենց դրա հետ, որ ցանկացած որոշում լինի հրապարակայնորեն քննարկված և հիմնավորված, որպեսզի մենք կարողանանք իրականացնել խորհրդարանական կառավարման համակարգի կայացման մեր առաքելությունը:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ