15:55
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«G&G խմբի ներդրումները Հայաստանում գերազանցել են 100 մլն դոլարը եւ այդ ծավալը կշարունակի աճել»

2018-05-12 10:40

Գագիկ Զաքարյան

Ազգային տնտեսության զարգացումը մեծամասամբ պայմանավորված է երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությամբ: Այսօր Հայաստանում օտարերկրյա կապիտալի ներգրավումը ամենաարդիական հարցերից մեկն է: Հայաստանի տնտեսության զարգացման գործում իր մեծ ավանդն է ներդրել նաև «Յունիբանկ» ԲԲԸ-ի համահիմնադիր և Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը, որը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով:
«Դե ֆակտո» ամսագրին տրված հարցազրույցում Գագիկ Զաքարյանն անդրադարձել է ներդրումային ծրագրերին և Հայաստանում արդյունավետ բիզնես ստեղծելու հնարավորություններին:

«Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.)

-Հայաստանում Ձեր բազմամյա գործունեությունը ներառում է տնտեսության տարբեր հատվածներ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր կողմից իրականացված ներդրումների արդյունավետությունը և երկրի ներդրումային ներուժն ընդհանրապես:


-Մեր բոլոր ներդրումային ծրագրերը, այդ թվում` Հայաստանում, զարգանում են G&G խմբի շրջանակներում, որը ստեղծվել է 25 տարի առաջ և կոչվել հիմնադիրների` իմ և Գեորգի Պիսկովի պատվին: Խումբը ներառում է ընկերություններ տարբեր ոլորտներից` ֆինանսական, արտադրության, ավիացիայի, զբոսաշրջության և այլն:
G&G խմբի ընդհանուր ներդրումներն արդեն իսկ գերազանցել են 100 մլն դոլարը, և այդ ծավալը շարունակելու է աճել: Ներդրումներ կատարելով` ես հաշվի եմ առնում ոչ միայն մեր երկրի ազգային շահերը, այլ նաև` ներդրումների եկամտաբերության մակարդակը: Կապիտալի շահութաբերությունը կարևոր ցուցանիշ է յուրաքանչյուր ներդրողի համար և Հայաստանում այն ավելի բարձր է, քան շատ այլ երկրներում:
Հայաստանի ջանքերը ուղղված են տնտեսական կայունության ապահովմանը և ձեռնարկատիրության աջակցմանը ներդրումային ծրագրերի իրականացման բոլոր փուլերում: Մշակված են համապատասխան մեխանիզմներ ներդրումների ոչ միայն շահավետ պայմանների, այլ նաև գործընթացների թափանցիկության ապահովման համար, ինչը պակաս կարևոր չէ: Արդյունքում 2017թ.-ին Հայաստանը ներգրավեց ավելի քան 404 մլն դոլարի ներդրումներ և արձանագրեց ռեկորդային տնտեսական աճ` 7.7%:
Տնտեսական մրցունակության և ներդրումային մակարդակի բարձրացումը դրական են գնահատել նաև Fitch Ratings Ռ Moody’s Investors Service միջազգային կազմակերպությունները` բարձրացնելով Հայաստանի վարկանիշը և «Կայուն» կանխատեսումը փոխելով «Պոզիտիվ»-ի:
Մեր բիզնես ծրագրերի զարգացման գործընթացը մեզ գոհացնում է: Կրկնակի հաճելի է, երբ քո գործունեությունը շոշափելի արդյունք է տալիս և ուղղված է հասարակության բարեկեցության բարձրացմանը: Չէ որ ցանկացած ներդրումային ծրագիր ենթադրում է նոր աշխատատեղեր, հարկային մուտքեր պետբյուջե և, ի վերջո, կենսամակարդակի բարձրացում յուրաքանչյուրիս համար:

-Միջազգային շուկայում Հայաստանը ներկայացնում է իրեն որպես երկիր, որը կարողացել է միավորել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության առևտրային հարթակները, և դա մեր հիմնական մրցակցային առավելություններից մեկն է օտարերկրյա ներդրողներին ներգրավելու համար:


-Դա իրոք այդպես է: Ներդրողին մենք կարող ենք առաջարկել արտահանմանն ուղղված ծրագրեր, որոնք, իմ կարծիքով, ամենահեռանկարայինն են Հայաստանի զարգացման համար, այդ թվում` ԵԱՏՄ-ի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ արտոնյալ առևտրի ռեժիմի շնորհիվ: Իրանի հետ սահմանագծին ստեղծվել է ազատ տնտեսական գոտի, որը ևս էապես ընդլայնում է արտահանման հնարավորությունները:
Նման մոտեցումը թույլ է տվել 2017թ.-ին ապահովել արտաքին առևտրի շրջանառության` Հայաստանի անկախացման տարվանից ի վեր ամենաբարձր աճը` 26.9%: Արտահանումն աճել է ավելի քան 25%:
G&G խմբի շրջանակներում մենք ինքներս ներդրում ենք կատարել արտադրության մեջ, որի մեծ մասը արտահանվում է: Համապատասխան ֆինանսավորման շնորհիվ «Մանանա» հայկական օրգանական թեյերն արդեն ներկայացված են ռուսաստանյան, եվրոպական երկրների շուկաներում, ինչպես նաև սկսել են արտահանվել ԱՄՆ և անգամ Չինաստան:

-Է՞լ որ ոլորտներում է աշխատում G&G խումբը Հայաստանում:

-Հայաստանում արագ տեմպերով զարգանում է զբոսաշրջության ոլորտը: 2017թ.-ին աճը կազմել է 18.7%: Հայաստանը գրավում է իր գեղեցիկ բնությամբ, մշակութապատմական ժառանգությամբ, ճարտարապետությամբ, համեղ խոհանոցով: Իհարկե, պետք չէ մոռանալ ամբողջ աշխարհում հայտնի կոնյակի և ծիրանի մասին: Զբոսաշրջիկներին պետք են մատչելի ծառայություններ, ոչ մեծ և հարմարավետ հյուրանոցներ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Բյուջետային հյուրանոցային բիզնեսի զարգացման համար ստեղծվել է G2U հիմնադրամը, որը կառավարում է 9 հյուրանոց, այդ թվում` Երևանում և Ծաղկաձորում: Ներկայումս հիմնադրամն աշխատում Գյումրիում և Սևանի ափին հյուրատների կառուցումը ֆինանսավորելու և հետագա զարգացման համար ներդրողների ներգրավման ուղղությամբ:
Երևանի կենտրոնում, մեր ֆինանսական աջակցության շնորհիվ, շուտով կավարտվի HolidayInn նոր, չորս աստղանի հյուրանոցի կառուցումը, որը կղեկավարի InterContinental Hotels Group միջազգային խումբը: Հյուրանոցի բացումը ծրագրված է արդեն այս տարի:
Holiday Inn Yerevan-ը կզբաղեցնի Ամիրյան փողոցի դեռևս 19-րդ դարում կառուցված երկու շինություն: Հյուրանոցը կունենա 192 համար, ֆիթնես ակումբ, 25 մետրանոց լողավազան, ՍՊԱ կենտրոն, ռեստորան ազգային խոհանոցով, ջազ ակումբ: Հյուրանոցը կունենա ապրանքանիշին հատուկ բաց լոբբի:
Մենք ուրախ ենք Հայաստանում համաշխարհային ճանաչում ունեցող Holiday Inn ապրանքանիշի հայտնվելուն աջակցելու հնարավորության համար, որը չափազանց մեծ պահանջարկ է վայելում ընտանիքներով ճանապարհորդող զբոսաշրջիկների և գործարար մարդկանց շրջանում: Հաշվի առնելով հյուրանոցի գտնվելու վայրը և գնային քաղաքականությունը Holiday Inn Yerevan-ը շատ հարմար կլինի բիզնես միջոցառումների կազմակերպման համար: Այդ նպատակով հյուրանոցում կգործեն մի քանի կոնֆերենց դահլիճներ:
Մեր աջակցությամբ կսկսի աշխատել նոր ավիափոխադրող` Lavairways ընկերությունը: Նախատեսվում են կանոնավոր չվերթներ Եվրոպա և Իրան: Սպասարկումը կհամապատասխանի իր անվանմանը. հաճախորդներին կառաջարկենք միայն լավ սպասարկում:
Ակտիվորեն շարունակում է զարգանալ նաև Յունիբանկը, որի ակտիվները գերազանցել են 200 մլրդ ՀՀ դրամը: Այսօր բանկը սպասարկում է ավելի քան 360 000 հաճախորդի: 2017թ.-ի արդյունքներով, մանրածախ վարկերի պորտֆելը ավելացել է 15%, իսկ բիզնես վարկերինը` 10%-ով: Ի դեպ, սպառողական վարկերի և անգրավ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրությունը Յունիբանկն իրականացնում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով: Հայտի ուսումնասիրությունը կատարվում է հաշված րոպեների ընթացքում` բացառելով մարդկային գործոնը: Միայն մանրածախ վարկերի գծով տարվա ընթացքում համակարգով ուսումնասիրվել է ավելի քան 410 000 հայտ:
Զգալի աճել է քարտային ուղղությունը: Քարտերով տրամադրված վարկերի քանակն աճել է 220%-ով:
Տնտեսության խթանման, ՓՄՁ-ների և ֆիզիկական անձանց համար միջոցների հասանելիության բարձրացման նպատակով Յունիբանկը վերանայեց վարկատեսակները և նվազեցրեց տոկոսադրույքները:
Բանկային ավանդների ցածր տոկոսադրույքների ֆոնին, մենք առաջարկում ենք բնակչությանը ներդնել իրենց միջոցները մեր պարտատոմսերում, որոնք ավելի բարձր եկամտաբերություն ունեն: Յունիբանկն արդեն հաջողությամբ տեղաբաշխել է պարտատոմսերի հինգերորդ թողարկումը և ցուցակել դրանք Nasdaq OMX Armenia-ում:
Հայաստանում առաջին IPO-ի և բաժնետոմսերի հետագա թողարկումների արդյունքում, բանկի մինորիտար բաժնետերերի մասնաբաժինը կազմեց ավելի քան 12%: Իսկ դա նշանակում է, որ հասարակությունը ոչ միայն վստահում է մեզ, այլ նաև համոզված է հեռանկարում բանկի առավել արդյունավետությանը: Մենք կշարունակենք Յունիբանկի ինովացիոն զարգացումը, ապահովելով հաճախորդների ակնկալիքներին համապատասխան ժամանակակից առցանց սպասարկում:

-Դուք նշեցիք, որ Յունիբանկը վերանայել է մատուցվող ծառայությունների տեսականին` այն ավելի հասանելի դարձնելով հաճախորդների համար: Ո՞ր ծառայություններն են ավելի մեծ պահանջարկ վայելում և որո՞նք են դրանց հիմնական մրցակցային առավելությունները:

-Վերջերս մենք առաջարկեցինք Non-Cash նոր սպառողական վարկատեսակը, որը տրամադրվում է քարտով ընդամենը 10 րոպեում: Իր պարզության և մատչելի պայմանների շնորհիվ, այս վարկը ոչ միայն Յունիբանկի, այլև ամբողջ բանկային շուկայում ամենապահանջված գործիքներից մեկն է:
POS վարկավորման շրջանակներում, որտեղ Յունիբանկը առաջատարներից մեկն է, հաճախորդներին առաջարկում ենք վարկերի լայն տեսականի, այդ թվում` ապրանքների ձեռքբերում բանկային երաշխիքով: Բանկի ցանցը ներառում է ավելի քան 300 գործընկեր, որոնք ներկայացված են վաճառքի 600 կետերով:
Հաճախորդների շրջանում շատ պահանջված է նաև երեք զրոների ակցիան, երբ կարելի է համակարգչային և կենցաղային տեխնիկա ձեռք բերել առանց կանխավճարի, տոկոսադրույքի և միջնորդավճարների:
Յունիբանկը շատ ակտիվ է նաև անշարժ գույքի գրավով վարկերի և հիփոթեքի շուկայում: Բանկը մասնակցում է բազմաբնակարան շենքերի շինարարության ծրագրերում և տրամադրում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր:
Բնակչության այն հատվածը, որն ունի կայուն եկամուտ, սակայն չունի բավարար խնայողություններ, կարող է օգտվել մեր հիփոթեքային վարկից, առանց կանխավճար կատարելու: Փոխարենը վարկառուն գրավադրում է լրացուցիչ անշարժ գույք:
Հիփոթեքային վարկեր տրամադրվում են նաև Ազգային հիփոթեքային ընկերության և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերի շրջանակներում:
Մենք հասկանում ենք, որ ՓՄՁ-ները ավելի երկարաժամկետ միջոցների կարիք ունեն և, այդ իսկ պատճառով ավելացրել ենք վարկերի մարման ժամկետը մինչև 10 տարի, դրա հետ մեկտեղ նվազեցնելով տոկոսադրույքները:
Այս տարվա փետրվարին, Յունիբանկը և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում աշխատելու ենք հիմնական երկու գործիքակազմով` արտահանման ապահովագրություն և նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն: Այդպիսով հաճախորդների համար լուծվում է գրավի խնդիրը` 90% ռիսկը ծածկվում է ապահովագրության կողմից:
Գերմանական KfW բանկի հետ համատեղ իրականացնում ենք բիզնես վարկավորման «Էներգաարդյունավետ» ծրագիրը` ուղղված ձեռնարկությունների էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգածախսերի կրճատմանը:
Յունիբանկն ակտիվորեն համագործակցում է Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ, որի շրջանակներում միջոցներն ուղղում է զբոսաշրջության, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում ՓՄՁ-ների երկարաժամկետ զարգացման համար: Իրականացնում ենք ծրագրեր նաև IFC և BSTDB հետ:
Փոքր բիզնեսի աջակցության համար բանկում մշակվել է վարկ, որը չի պահանջում գրավի առարկա, բավարար է երաշխավորությունը: Այսպիսի մոտեցումը պարզեցնում է վարկի ստացումը, քանի որ նոտարական և ապահովագրական ձևակերպումների համար չկա լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն:
Իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է նաև ձևակերպել Visa Business քարտ: Վարկային գիծը շատ հարմար է արագ գործարքների համար աշխարհի ցանկացած կետից:
Ակտիվ աշխատող բիզնեսն իր նախապատվությունը տալիս է «Էքսպրես» վարկին, որը տրամադրվում է մեկ օրում` հիմնվելով վարկային պատմության և լիկվիդային գրավի վրա: Այն անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, որոնք իրենց բիզնեսի զարգացման համար ցանկանում են ձեռք բերել անշարժ գույք, առաջարկում ենք բիզնես հիփոթեք:
Մենք արագ արձագանքում ենք շուկայի փոփոխություններին և ձգտում ենք, որպեսզի մեր բոլոր ծառայություններն ուղղված լինեն հաճախորդների պահանջմունքների առավելագույն բավարարմանը:

-Ձեզ մոտ սեփական բիզնեսը հիմնելու գաղափարն ինչպե՞ս առաջացավ:

-Ամեն ինչ սկսվեց զրոյից: Դեռ ուսանողության տարիներից ավիացիոն ինստիտուտում մենք ունեինք լաբորատորիա: Ավելի ուշ` 90-ականներին, հետաքրքրվեցինք բիզնեսով և սկսեցինք ներմուծել համակարգչային և կենցաղային տեխնիկա Հնդկաստանից և Սինգապուրից: Ահա այդ ժամանակ էլ ծագեց բանկ ստեղծելու գաղափարը, որը կարող էր որակյալ սպասարկել բիզնեսը: Ռուսաստանում մենք ստեղծեցինք այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք էին «Յունիաստրումը» և «Յունիստրիմը», իսկ հետո Հայաստանում բացվեց «Յունիբանկը»:
Այսօր ակտիվորեն զարգացնում ենք G&G group-ը և ներդրումային գործունեությունը Հայաստանում:

-Ձեր կարծիքով` որո՞նք են հաջող բիզնեսի հիմնական սկզբունքները:

-Առաջին հերթին կարևոր է հաճախորդների հետ կառուցել փոխհարաբերություններ` հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Միշտ պետք է քեզ դնես հաճախորդի տեղը, որպեսզի լավ հասկանաս և կարողանաս մեկ քայլ առաջ լինել: Բիզնեսը պետք է շահավետ լինի ոչ միայն սեփականատերերի, այլ նաև հաճախորդների համար: Երբ դու իրականացնում ես հաճախորդամետ քաղաքականություն, հաճախորդը պատասխանում է նույն կերպ` հավատարմությամբ: Դա էլ հենց հաջող բիզնեսի գրավականն է:
Մեկ ևս կարևոր բաղադրիչ է խոշոր բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը հասարակության հանդեպ և ակտիվ մասնակցությունը բարեգործական և հովանավորչական միջոցառումներին: Ակտիվ աջակցում ենք մեր արտիստներին, նկարիչներին, որոնք ազգային հոգևոր զարգացման մեծ գործի նվիրյալներ են: Այդպիսի մոտեցումը բիզնեսին հնարավորություն է տալիս բավարարելու ոչ միայն նյութական, այնպես էլ հոգևոր պահանջմունքները:

-Ձեր բարեգործական գործունեությունն ընդգրկում է տարբեր ոլորտներ: Որո՞նք են հիմնական առաջնահերթությունները:

-Առանձնակի ուշադրություն ենք դարձնում մշակութային, կրթական և սպորտային միջոցառումներին: Աջակցում ենք տարբեր հիմնադրամներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, այդ թվում` «Նվիրիր կյանք» հիմնադրամին:
Մասնակցում ենք «Հայաստան» հիմնադրամի ամենամյա մարաթոններին, աջակցություն ենք տրամադրում «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը: «Հայաստան» հիմնադրամի ռուսաստանյան ներկայացուցչության հետ Ռուսաստանում ֆինանսավորել ենք մանկատները:
Հայաստանում իրականացնում ենք դպրոցների բարեկարգման և կահավորման ֆինանսավորման նոր ծրագիր: Մարզական միջոցառումները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, աջակցություն է տրամադրվել սամբոյի մանկական մրցաշարերի կազմակերպմանը:
«Յունիբանկը» հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հովանավոր: Երկու երկրների միջև մշակութային կապերն ամրապնդելու համար օժանդակել ենք և՛ հայ, և՛ ռուս արտիստների: Նաև հրավիրել և մասնակցություն ենք ունեցել Շառլ Ազնավուրի, Շերի, Ջիվան Գասպարյանի համերգների կազմակերպմանը:
Մեծ հաճույքով աջակցել ենք AuroraPrize հումանիտար մրցանակաբաշխությանը:
Յունիբանկն իր աջակցությունն է տրամադրել նաև «Տեֆի-hամագործակցություն» միջազգային հեռուստատեսային փառատոնին, հանդիսացել է «Ոսկե ծիրան» փառատոնի հովանավորներից մեկը:
Ռուսաստանում մեր աջակցությունն են ստանում «Ռոմանսիադա» երիտասարդական մրցույթը, «Ոսկե նուռ» և «Ռուսական դաշտ» փառատոները:

-Դուք պարգևատրվել եք Հայ եկեղեցու բարձրագույն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով` ի գնահատություն ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության:

-Ես միշտ փորձել եմ օգտակար լինել եկեղեցուն և ուրախ էի իմ աջակցությունը տրամադրել Մոսկվայում Սուրբ Պայծառակերպության եկեղեցու և Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին եկեղեցիների կառուցմանը: Մենք նաև մասնակցություն ենք ունեցել Ռուսաստանում ուղղափառ եկեղեցիների վերականգնողական աշխատանքների ֆինանսավորմանը:

-Դրամական փոխանցումների ՅՈՒՆԻՍՏՐԻՄ միջազգային համակարգը Հայաստանում զբաղեցնում է առաջատարի դիրքերը: Ի՞նչ ուղղությամբ է զարգանալու համակարգը հետագայում:

-Հայաստանում մեր համակարգն ամենապահանջվածներից մեկն է, բոլոր հայկական բանկերն իրականացնում են ՅՈՒՆԻՍՏՐԻՄ դրամական փոխանցումներ: Հայաստան իրականացված փոխանցումների ծավալը կազմում է մոտ 60%, իսկ հակառակ ուղղությամբ` մոտ 90%: Ինչու են ընտրում մեզ: Պատասխանը շատ պարզ է` մենք առաջարկում ենք ցածր սակագին, փոխանցման բարձր արագություն և լոյալ վերաբերմունք հաճախորդի նկատմամբ: ՅՈՒՆԻՍՏՐԻՄ-ի զարգացման ռազմավարությունը ենթադրում է ծառայությունների հասանելիության բարձրացում և համալիր սպասարկում: Այսինքն, ՅՈՒՆԻՍՏՐԻՄ-ը ձգտում է հաճախորդի համար դառնալ ունիվերսալ վճարային համակարգ: Դրա համար մենք ակտիվորեն սկսել ենք քարտերի թողարկումը, այդ թվում ոչ կոնտակտային, որոնց միջոցով կարելի է կատարել ինչպես դրամական փոխանցումներ, այնպես էլ վճարումներ:
Բոլոր քարտապաններին հասանելի է մոբայլ հավելվածը, որի միջոցով կարելի է գործարքներ կատարել աշխարհի ցանկացած կետից: Ի դեպ` մեր քարտերը թույլ են տալիս նաև խնայել գումարը: Cashback ծառայության շնորհիվ հաճախորդին վերադարձվում է ծախսված գումարի մինչև 10%-ը:

-Որո՞նք են Յունիբանկի պլանները մոտ ապագայում:

-Յունիբանկը, լինելով Հայաստանի ամենաճանաչված ապրանքանիշերից մեկը, կայուն դիրքեր ունի շուկայում: Մեր աշխատանքը, առաջին հերթին, ուղղված է լինելու բանկի ներդրումային գրավչության և արդյունավետության բարձրացմանը: Զարգացման ռազմավարության հիմքում դրված է բավականին ամբիցիոզ աճ ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ բիզնեսում: 2020 թվականին մենք նախատեսում ենք մի քանի անգամ մեծացնել բանկի շահույթը, որի մեծ մասը կուղղվի մեր բաժնետերերի շահութաբաժինների վճարմանը:
Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ, մենք ներկայացված ենք Հայաստանի բոլոր մարզերում: Անխոս, մեր առաջնահերթությունն է նաև հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը և ավելի ժամանակակից և պահանջված ծառայությունների մատուցումը: Մենք դիվերսիֆիկացնում ենք վարկային պորտֆելը ինչպես բիզնես ուղղություններով, այնպես էլ ըստ հաճախորդների, կատարելագործում ենք ռիսկերի կառավարման, ներքին վերահսկողության և կորպորատիվ կառավարման համակարգերը:
Յունիբանկը կշարունակի իր ինովացիոն զարգացումը: Ավանդական բանկային սպասարկման հետ մեկտեղ, մենք ձգտում ենք մեր հաճախորդներին տրամադրել ծառայությունների ամբողջ փաթեթը նաև հեռակա: Մենք ուզում ենք լինել հաճախորդի համար բանկ, որի հետ միշտ հեշտ է և հարմար:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...