2018-05-10 11:23
«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)
Վեց ամիս նախապատրաստական աշխատանքներ, անընդմեջ կատարելագործվելու ցանկություն և նպատակին հասնելու բարդ ճանապարհ: Ահա այս սկզբունքներով աշխարհում շատ ու շատ մոդելներ կերտում են իրենց իսկ ընտրած բարդ և պատասխանատու աշխատանքային ուղին:
Մոդելի մասնագիտությունը կարող են սովորել բոլորը, բայց ոչ բոլորին է տրված գեղեցիկը զգալու, այն լավագույնս ներկայացնելու շնորհը:
Մոդելային կարիերայի սկզբունքների, բաց ֆոտոշարքերի և դրանց շուրջ հնչած քննադատությունների մասին զրուցեցինք դերասանուհի, մոդել Անիտա Հարությունյանի հետ:
-Անի՛տա, ունենալով իրավաբանի մասնագիտությունն, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել մոդելային կարիերայով:
-Մոդելային կարիերաս, որպես այդպիսին, սկսել եմ դեռևս մանկուց, Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում մասնակցել և հաղթել եմ «Միսս Արտյոմ» գեղեցկության մրցույթին` գրավելով առաջին պատվավոր տեղը, այնուհետև մասնակցել եմ «Միսս կրասոտա» գեղեցկության մրցույթին` գրավելով երկրորդ տեղը, այժմ համագործակցում եմ այնտեղի ամսագրերի հետ. ունեմ համագործակցության ուղիներ Մոսկվայում Victoria’s Secret ապրանքանիշը ներկայացնող ընկերության հետ:
Այնուհետև տեղափոխվելով Հայաստան, սկսեցի համագործակցել «Հայուհի» ամսագրի հետ: Համագործակցության ուղիները բազմազան են ուղղակի թվարկել բոլորը չեմ կարող:
Գիտեք, գեղեցիկ լինելը հրաշալի է, սակայն այդ գեղեցկությունը յուրովի ներկայացնելը` արդեն արվեստ է:
-Ի՞նչ եք մանկուց երազել և արդյո՞ք կատարվել է Ձեր մանկության երազանքը:
-Դեռ մանկուց երազում էի լինել «Սառցե» թագուհի, և ինձ համար հստակ նպատակ էի դրել. երբ մեծանամ պետք է ներկայանամ թատրոնում` կերտելով հենց այդ կերպարը և այդպես էլ եղավ:
-Դուք աշխատում եք մի բնագավառում, որտեղ մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Այո՛, աշխատանքս պահանջում է մշտապես լինել ուշադրության կենտրոնում, որն անկեղծ ասած այդքան էլ չեմ սիրում, այն ինձ խանգարում է:
-Մոդելի կարիերայի հետ մեկտեղ, նաև նկարահանվում եք ֆիլմերում, արդյո՞ք դժվար չէ համատեղելը:
-Ո՛չ, դժվար չէ, երկու աշխատանքներն էլ ինձ համար սիրելի են. երբ զբաղվում ես քո սիրելի աշխատանքով ոչինչ դժվար չի լինում: Ընդհանրապես ցանկացած պարագայում պետք է նպատակիդ հասնես բազում դժվարություններ հաղթահարելով: Ասեմ, որ հիմնականում իմ մասնագիտական ուղղվածությունը մոդելինգն է, իսկ ֆիլմում նկարահանումներն իմ սիրելի զբաղմունքներից մեկն է:
-Ըստ Ձեզ` մոդել դառնալու համար միայն գեղեցիկ արտաքին ունենալը բավարա՞ր է: Ի՞նչ այլ հատկություններով պետք է օժտված լինեն մոդելները:
-Մոդել դառնալու համար միայն գեղեցիկ արտաքին ունենալը բավարար չէ, մոդելը, նախ և առաջ պետք է կրթված լինի, բազմակողմանի զարգացած, որպեսզի ցանկացած իրավիճակում կարողանա իրեն ճիշտ դրսևորել:
-Անիտա՛, մոդելային կարիերայում կա՞ն սկզբունքներ, որոնք Ձեզ համար անընդունելի են:
-Ո՛չ, եթե դու ընտրել ես այս մասնագիտությունը, ապա պետք է կատարես այս ոլորտի բոլոր պահանջները և հանդես գաս ցանկացած իրավիճակում:
-Վերջերս ռուսական «Թոփ մոդել» ամսագրի համար հանդես եկաք բաց ֆոտոշարքով, ինչպե՞ս ստացաք նկարահանվելու առաջարկը:
-Ռուսական ճանաչված ամսագրի հետ համագործակցում եմ արդեն մի քանի ամիս, դա իմ առաջին ֆոտոշարքը չէր բաց տեսարաններով, չեմ կարող ասել թե դա ինչպես հայտնվեց Հայաստանում: Ամսագրում ի սկզբանե ներկայացված էր եղել, որ պետք է նկարահանվեմ բաց ֆոտոշարքով` ընդգծելով մարմնի յուրաքանչյուր մասնիկը, և քանի որ անսահման սիրում եմ իմ աշխատանքը, ապա առանց տատանվելու ընդունեցի առաջարկությունը:
-Այդ ֆոտոշարքը Հայաստանում այլ կերպ ընկալվեց` հնչեցին բազում քննադատություններ, առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում բացասական մեկնաբանություններին:
-Կարող եմ ասել, որ ցանկացած բացասական մեկնաբանություն գրողը ցույց է տալիս իր դաստիրակությունը, իր մակարդակը: Յուրաքանչյուր քննադատությունն ինձ ավելի է ուժեղացնում` ստիպում էլ ավելի առաջ գնալ և պայքարել կյանքի յուրաքանչյուր փուլում:
-Բացի մոդելային կարիերայից, ի՞նչ այլ նախասիրություններ ունեք:
-Առօրյաս շատ հագեցած է անցնում, ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, իսկ եթե ունենում եմ` սիրում եմ զբաղվել սպորտով և լսել դասական երաժշտություն:
-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանում մոդելի աշխատանքն ըստ արժանվույն գնահատվո՞ւմ է, ի՞նչ կասեք այստեղ գործող մոդելային կազմակերպությունների մասին:
-Կարող եմ ասել, որ մեզ մոտ այս բնագավառն այդքան էլ զարգացած չէ, խնդիրը հայկական մտածելակերպի մեջ է, պետք է կոտրենք այն կարծրատիպը, որ եթե մոդելը ներկայանում է բաց ֆոտոշարքով, ուրեմն նա անբարո է: Ես մեզ մոտ չեմ տեսնում նորմալ որևէ մոդելային կազմակերպություն: Ի՞նչ է նշանակում «Թոփ մոդել Հայաստան»` ուղղակի «փնթիների բազա»: Ես Հայաստանում միայն գնահատում եմ «Միսս ԱՊՀ» կազմակերպության աշխատանքը, իրենց կողմից կազմակերպած մրցույթներն ամբողջությամբ այլ մակարդակի են, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենցից նման գրագետ աշխատելաոճի համար: Եթե Հայաստանում ցանկանում են զարգացնել այս ոլորտը, ապա դրանցով պետք է զբաղվեն լուրջ կազմակերպություններ:
-Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ պատրաստվում եք մոդելային գործունեություն ծավալել միայն Ռուսաստանում, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Գիտեք, Ռուսաստանում ավելի հեշտ է աշխատել այս ոլորտում, դու կատարում ես քո աշխատանքը և երբեք դրա համար չես քարկոծվում, այնտեղ գնահատում են կատարածդ աշխատանքը, հարգում քո մասնագիտությունը: Նկատի ունենալով այդ հանգամանքները մեծ է ցանկությունս մասնագիտական ուղիս շարունակելու հենց Ռուսաստանում:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, պատրաստվո՞ւմ եք դուրս գալ միջազգային ասպարեզ:
-Շատ հեռանկարային ծրագրեր կան, որոնք կյանքի կկոչվեն ապագայում, մի շարք համագործակցություններ ունեմ Ռուսաստանի Դաշնության հետ կապված:
Շատ մեծ ցանկություն ունեմ ապագայում բացելու մոդելային կազմակերպություն Հայաստանում և հնարավորինս կոտրել կարծրատիպերը և զարգացնել այդ ուղղվածությունը:
-Անիտա՛, Դուք գեղեցիկ հայուհի եք, ո՞րը կարող եք համարել Ձեր հաջողության գրավականը:
-Գեղեցիկ հայուհի լինելը իմ ամենամեծ ձեռքբերումն է: Գեղեցիկ է հայոց գենը, հայուհի լինելն արդեն իսկ իմ գեղեցկության գրավականն է: Ես, նախ և առաջ հանդես եմ գալիս որպես հայուհի` դրսում ներկայացնելով մեր ազգային արժեքները, ընդգծելով դրանց առավելությունները: Հայուհի լինելն ինձ համար մեծ պատիվ է և ցանկացած երկրում ես ներկայանում եմ, նախ և առաջ որպես հայուհի, այնուհետև նոր մոդել:
-Անիտա՛, շատերին հետաքրքրում է` արդյո՞ք Անիտա Հարությունյանի սիրտը զբաղված է:
-Այն հարցը, որը կյանքում ինձ համար շատ թանկ է, ես հանրության առաջ չեմ բարձրաձայնում (ժպտում է):
Վերադառնալ