2018-04-11 16:37
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ընթացքում իրենց աշխատանքով և մոտեցումներով առանձնանում են նաև այն պատգամավորները, ովքեր նոր են սկսում իրենց պառլամենտական աշխատանքը, ունեն աշխատանքային փորձ տարբեր ոլորտներում և փորձում են իրենց գիտելիքներն ու ներուժը ներդնել օրենսդրական դաշտում: Նրանցից է Ավետ Սարգսյանը, ով ընդգրկված է ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում և ակտիվորեն մասնակցում է դրա աշխատանքներին:
Ավետ Սարգսյանի հետ հարցազրույցի ընթացքում փորձեցինք պարզել նրա տեսակետներն ու մոտեցումները մեր երկրում ընթացող տարբեր գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև զրուցել նրա բուն աշխատանքի և սկզբունքների մասին:
«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)
-Պարո՛ն Սարգսյան, Դուք կարճ ժամանակահատված է, ինչ աշխատում եք ՀՀ ԱԺ-ում, արդյո՞ք արդարացել են Ձեր սպասելիքներն ու պատկերացումները Աժ մասին:
-Պատգամավոր դառնալն ինձ համար երբևէ ինքնանպատակ չի եղել: Ես ունեմ հստակ ծրագրեր, տեսլական, որոնցով առաջնորդվել եմ այս ամիսներին և շարունակելու եմ մոտակա տարիներին ևս այդպես աշխատել:
-ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններից հետո մեր երկիրը որդեգրեց կառավարման նոր` խորհրդարանական, մոդելին անցնելու ուղին, որի առաջին քայլերից մեկը վարկանիշային ընտրությունների անցկացումն էր, հաջորդը կլինեն նոր կարգով անցկացվող ՀՀ նախագահի և վարչապետի ընտրությունները: Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական կառավարման մոդելը, արդյո՞ք այն արդյունավետ կլինի ՀՀ համար:
-Սահմանադրական առումով խորհրդարանական կառավարման ձևն առավել արդյունավետ և ժողովրդավարական է: Այս մոդելն արդի է եվրոպական տարբեր պետություններում: Այս ինստիտուտի նպատակներն են` նպաստել պետական-իշխանական համակարգի կառավարման բարձրացմանը, ապահովել ժողովրդի մասնակցությունը գործադիր իշխանության ձևավորման գործընթացում: Խորհրդարանական մեծամասնության ինստիտուտն ունակ է հաջողությամբ լուծել խորհրդարանում քաղաքական կայունության հիմնախնդիրները:
Խորհրդարանական մեծամասնության ինստիտուտն ունակ է
հաջողությամբ լուծել խորհրդարանում քաղաքական կայունության հիմնախնդիրները:
-ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Աժ ներկայացրեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանն ուղղված օրենսդրական փաթեթ, որպես էներգետիկ ոլորտում աշխատանքային փորձ ունեցող գործիչ` ինչպե՞ս կգնահատեք այն:
-Որպես օրենսդրական փաթեթ` դրական եմ վերաբերվում: Այժմ բոլոր սպառողները էլեկտրական էներգիան գնում են բաշխիչ ցանցի միջոցով: Խոշոր սպառողների մուտքը շուկա թույլ կտա էլեկտրաէներգիա գնել արտադրողներից, ինչն առաջընթաց եմ համարում այս ոլորտում: Այս փաթեթի շնորհիվ` ստեղծվում է մրցակցային միջավայր էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում:
-Դուք ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եք: Ի՞նչ աշխատանքներ են ընթանում այժմ հանձնաժողովում, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այդ ոլորտում:
-Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մշտապես հանդես է գալիս օրենսդրական ամենատարբեր նախաձեռնություններով: Հանձնաժողովն ունենում է բավականին խիստ հագեցած օրակարգ, որի ընթացքում տեղի են ունենում բուռն քննարկումներ, կարծիքների և մտքերի փոխանակումներ, երբեմն առողջ քննադատություններ և տեսակետների բախումներ: Անշուշտ, խնդիրներ կան յուրաքանչյուր ոլորտում: Սակայն անչափ կարևոր եմ համարում, որպեսզի յուրաքանչյուր խնդիր ստանա իր շուտափույթ լուծումը:
Թե՛ կյանքում և թե՛ աշխատանքում ես առաջնորդվում եմ
միևնույն սկզբունքով` լինել ազնիվ և արդարամիտ:
-Դուք ընտրվել եք թիվ 12 ընտրատարածքից, ի՞նչ խնդիրներ են առկա այնտեղ, ի՞նչ հարցերով են Ձեզ դիմում Ձեր ընտրողները և արդյո՞ք ունեք գրասենյակ Ձեր ընտրատարածքում:
-Խնդիրները տարաբնույթ են և վերաբերում են յուրաքանչյուր բնագավառին: Լիազորություններիս շրջանակներում հնարավորություններիս ներածին չափով փորձում եմ օգտակար լինել համաքաղաքացիներիս: Բնակիչների հետ իմ շփումը մշտական է` թե՛ գրասենյակում, թե՛ գրասենյակից դուրս:
-Պարո՛ն Սարգսյան, որքանո՞վ է Ձեր աշխատանքային նախորդ փորձը օգնում այսօրվա աշխատանքում:
-Ինձ վստահված յուրաքանչյուր աշխատանքի ես վերաբերվում եմ մեծ պատասխանատվությամբ և նվիրումով: Անշուշտ, ոլորտները բավականին տարբեր են, սակայն իմ անցած ուղին, տարիների ընթացքում կուտակած փորձառությունը և մշտապես նորը ուսումնասիրելու պատրաստակամությունն ինձ օգնում են նաև այս աշխատանքում:
-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում:
-Թե՛ կյանքում և թե՛ աշխատանքում ես առաջնորդվում եմ միևնույն սկզբունքով` լինել ազնիվ և արդարամիտ:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ