22:10
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երջանիկ եմ, որ ծնվել եվ մեծացել եմ անսահման մարդասիրություն եվ իր կոչմանը նվիրում ունեցող ընտանիքում

2018-04-10 15:43

 

«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)  


Հետաքրքիր զուգադիպությամբ 2018թ. Մալայանների ընտանիքում նշվում է ծննդյան երկու հոբելյան` ՀՀ ակնաբուժության ոլորտի ականավոր գործիչ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Սերգեյ Մալայանի ծննդյան 95-ամյակը եւ նրա թոռնուհու` «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի ընդհանուր գծով փոխտնօրեն, գեղեցկուհի Զառա Մալայանի ծննդյան հոբելյանը:
Հատկանշական է, որ Մալայանների վաստակաշատ ընտանիքն անսահման նվիրումով ու բարձր պրոֆեսիոնալիզմով է կատարում իր առաքելությունը` հետեւելով միջազգային փորձին եւ հավատարիմ մնալով իր գիտա-կրթական գործունեությանը:
Ծննդյան այս գեղեցիկ հոբելյանների, ստացած մրցանակի առիթով անկեղծ զրույց ունեցանք Զառա Մալայանի հետ Մալայանների ընտանեկան արժեքների, կենտրոնի ժամանակակից զարգացումների, մասնագիտական հզոր թիմ ունենալու գրավականների եւ այլ թեմաների շուրջ:

 

-Տիկի՛ն Մալայան, 2018թ. հոբելյանական տարի է ինչպես անձամբ Ձեզ համար, քանի որ օրերս տոնեցիք Ձեր ծննդյան հոբելյանը, այնպես էլ Մալայան ընտանիքի, քանի որ լրանում է Ձեր պապիկի` Սերգեյ Մալայանի ծննդյան 95-ամյակը: Մեր ողջ խմբագրակազմը շնորհավորում է Ձեզ այդ երկու կարևոր տոների առթիվ: Եթե ամփոփեք Ձեր և Մալայանների անցած ուղին, ապա ի՞նչ կարևոր արժեքներ կնշեք, որոնք հատկապես բնորոշ են Մալայաններին:

-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ես չեմ ուզում առանձնացնել իմ ձեռքբերումները ընտանիքիս հաջողություններից, քանի որ դրանք անմիջականորեն կապված են միմյանց հետ և իմ ընտանիքի անցած ճանապարհի արդյունքն են:
Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ ծնվել և մեծացել եմ ընտանիքում, որտեղ իշխում է սերն ու նվիրումը միմյանց և մասնագիտությանը: Ճիշտ է, պապիկս մեզ հետ չէ, բայց նրա վաստակը, նրա մասին հիշողությունները մեր ընտանիքի ժառանգության մի մասն են կազմում: Մեր ընտանիքին բնորոշ է միմյանց հանդեպ սերը և հարգանքը, սեփական կարծիքն ունենալը և դրանով առաջնորդվելու ազատ կամքի դրսևորումը. մեզ երբեք ոչինչ չի պարտադրվել: Ես և քույրս մեծացել ենք ներդաշնակ մթնոլորտ ունեցող ընտանիքում` անկախ այն հանգամանքից, որ հորս գրեթե չէինք տեսնում, քանի որ նրան ցանկացած ժամի կարող էին զանգահարել, ու նա առանց երկմտելու շտապում էր վիրահատության: Մենք հասկանում էինք նրա սերն ու նվիրումը բժշկի իր կոչմանը և սիրում նրա այդ եզակի տեսակը:
Աշխատելով ամեն օր զարգացող Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում` որպես փոխտնօրեն, լինելով հորս կողքին, փորձում եմ ժամանակին համահունչ կառավարման արդյունավետ միջոցներ կիրառել: Ամեն դեպքում, կխուսափեմ խոսել մեր մեծ ընտանիքի` որպես բժիշկների, ժառանգության մասին: Միայն կարող եմ շեշտել, որ նրանց ի վերուստ տրված է անսահման բարություն և մարդասիրություն: Այս երկու հոգևոր բարձր արժանիքները նրանց արժեհամակարգում հիմնարար տեղ ունեն, որոնցով նրանք առաջնորդվում են թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում: Ինձ թվում է` դրանք հենց այն արժեքներն են, որոնք պետք է կրի յուրաքանչյուր բժիշկ, քանի որ իմ խորին համոզմամբ` բժշկությունն այն ոլորտն է, որում աշխատելիս պետք է նվիրյալ լինել, այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Այդ համոզմանն եմ եկել անընդհատ գտնվելով բժիշկների, մասնավորապես` հորս կողքին, ով անվերապահորեն սիրում է իր մասնագիտությունը և անասելի նվիրված է դրան: Թեև վերջին մի քանի տարիներին գրեթե վիրահատություններ չի կատարում, ավելի շատ զբաղվում է ադմինիստրատիվ և գիտական աշխատանքով, միևնույնն է, նրա համար ամենասիրելի և ամենահոգեհարազատ վայրը վիրահատարանն է: Ես փորձում շատ բան սովորել նրանից և դասեր քաղել նրա կյանքի փորձից:

 

Ամեն նոր մրցանակ ոգեւորության եւ ուրախության յուրահատուկ պահեր է

պարգեւում. գնահատված լինելը միշտ էլ հաճելի է:

 

-2017թ. «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի փորձագետներից կազմված համատեղ հանձնաժողովի գնահատմամբ` «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն» արժանացավ մրցանակի` ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար: Հետաքրքիր է, ի՞նչ կարևորություն ունեն մրցանակները Ձեզ համար և ուրիշ ի՞նչ կարևոր ձեռքբերումներ եք ունեցել նախորդ տարում:

-Մրցանակների առումով մենք բավականին հարուստ ենք, արժանացել ենք նաև միջազգային մրցանակի, բայց կարծում եմ` ամեն նոր մրցանակ ոգևորության և ուրախության յուրահատուկ պահեր է պարգևում, գնահատված լինելը միշտ էլ հաճելի է: Մեր ձգտումներն ուղղված են ակնաբուժական բարձր մակարդակի ծառայությունների ապահովմանը` հետևելով աշխարհում տեղի ունեցող մասնագիտական զարգացումներին:
Նշեմ նաև, որ տարին հագեցած էր մի շարք աշխատանքների և ծրագրերի իրականացմամբ, որոնցից կառանձնացնեմ մեր` ակնաբույժներին միավորող, փորձի ու գիտելիքների քննարկմանը, փոխանակմանը նպաստող կոնֆերանսները: Նման նիստ և ժողով է հրավիրվել նաև Ակնաբույժների ասոցիացիայի հետ համատեղ:
Կարևոր իրադարձություն էր նաև 2017թ. մեր կենտրոնում նորագույն ախտորոշիչ սարքավորումների ներդրումը, որոնցից մի քանիսը միակն են Հայաստանում և տարածաշրջանում:


 

Մեր բժիշկների համար աշխատանքային կանոններից

առավել բարձր են մարդկային եւ մասնագիտական կանոնները:

 

-Դուք երկար տարիներ է, ինչ աշխատում եք կենտրոնում, Ձեր հայրիկին կից` ղեկավարում կենտրոնի աշխատանքը: Ինչպե՞ս կգնահատեք կենտրոնի աշխատանքը, ի՞նչ մեթոդներով և մոտեցումներով եք առաջնորդվում:

-Մեր կենտրոնն աշխատում է մեկ ընտանիքի պես, այստեղ հավաքված է մասնագետների մի խումբ, որն իր աշխատանքի նվիրյալն է, ծառայում է միևնույն գաղափարին` աչքի լույս պարգևել մարդկանց: Նրանցից շատերը հայրիկիս հետ միասին կրթական և գիտական ուղի են անցել, եղել նրա ուսանողները, օրդինատորները: Եվ պետք է նշեմ, որ նման կոլեկտիվ ղեկավարելը հաճելի է, քանի որ նրանք գիտակցում են իրենց աշխատանքի պատասխանատվության աստիճանը և ձգտում ինքնակատարելագործման: Նրանց համար աշխատանքային կանոններից առավել բարձր են մարդկային և մասնագիտական կանոնները: Մենք էլ մեր հերթին փորձում ենք ապահովել բժիշկներին, ինչպես նաև կենտրոնի այցելուներին հարմարավետ պայմաններով, կանոնակարգել կենտրոնի աշխատանքն այնպես, որ բժիշկը և հիվանդն իրենց ժամանակն արդյունավետ ծախսեն: Դրա ամենակարևոր գրավականը նախապես հերթագրումների համակարգի ներդրումն էր կենտրոնում, ինչը նախընտրելի լուծում է թե՛ բժշկի, թե՛ այցելուի համար: Այսօր անգամ մարզերից մեզ զանգահարում և նախապես հերթագրվում են, այսինքն` բժշկին այցելելու այդ մշակույթը մեզանում լայն տարածում է գտել, ինչը հեշտացնում է մեր աշխատանքը:
Քանի որ կենտրոնը կրթական, գիտական նշանակություն ունի, այստեղ է գտնվում ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնը, որի ղեկավարը հայրս է, մենք ձգտում ենք նաև որակյալ կադրեր պատրաստել ինչպես մեր, այնպես էլ ՀՀ-ում գործող ակնաբուժական ծառայությունների համար:

-Այսօր որակյալ բժշկական ծառայության մատուցում ասելով` հաշվի է առնվում, նախ և առաջ նորագույն սարքավորումների առկայությունը, հետո` լավ մասնագետի: Ի՞նչ մոտեցում ունեք Դուք այդ հարցի վերաբերյալ:

-Մենք պարբերաբար կատարում ենք սարքավորումների թարմացման, դրանք սպասարկող որակյալ նյութերի համալրման աշխատանքներ: Ամեն ջանք գործադրում ենք որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու համար, ինչի կարևոր մաս է կազմում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, սակայն կարևոր է նաև հմուտ և գրագետ մասնագետի առկայությունը: Եթե նորագույն սարքավորումը հայտնվում է ոչ մասնագետի ձեռքերում, այն չի կարող ծառայել իր նպատակին և որևէ օգուտ տալ հիվանդին: Ի վերջո, սարքավորումները կարող են չնչին փոփոխություններով ու առավելություններով ամեն տարի վերաթողարկվել` սպասարկելով դրանք արտադրող ընկերությունների բիզնես շահերը, իսկ հիվանդի շահերի պաշտպանն ու առողջության ամենակարևոր գրավականը` իր գործի գիտակ բժիշկն է:

-Տիկի՛ն Մալայան, որքանո՞վ եք կարևորում բուժկենտրոնի միջին մասնագիտական անձնակազմի աշխատանքի որակը, ի՞նչ պահանջներ են դրվում նրանց առջև:

-Ես շատ եմ կարևորում միջին մասնագիտական անձնակազմի աշխատանքը, կադրերին ընտրելիս հաշվի առնում նրանց թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային, թե՛ հաղորդակցական հմտությունները, և թե՛ պատշաճ կերպարով աշխատանքի ներկայանալու կուլտուրան: Փորձը ցույց է տալիս, որ այն բժիշկը, ով ունի գրագետ, հմուտ, իր աշխատանքը ճիշտ կազմակերպող բուժքույր, նա ավելի մեծ հաջողությունների է հասնում աշխատանքում:
Մեր կենտրոնում կատարվում են ակնաբուժական գրեթե բոլոր միջամտությունները, որոնցից մի քանիսը եզակի են Հայաստանում:

-Ձեր խոսքում նշեցիք, որ կենտրոնն ունի միջազգային համագործակցության ծրագրեր: Կխնդրեմ պատմեք դրանց մասին:

-Այսօր մեր ակնաբուժական կենտրոնը ներգրավված է 6 միջազգային ծրագրերում, և մենք հպարտ ենք, որ հատկապես մեր կենտրոնն է ընտրվել այդ ծրագրերի իրականացման համար: Դրանց առաջին խումբը հետազոտական, գիտական նշանակության, ակնաբուժական նոր մեթոդների կիրառությանն ուղղված ծրագրերն են, որոնց մի մասում մեր մասնագետները ստանձնել են փորձագետի կարգավիճակ:
Միջազգային ծրագրերի շարքում ամենահայտնին, թերևս, «Լույս հայի աչքերին» ծրագիրն է, որի շրջանակներում մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Այժմ իրականացվում է երկու ծրագիր, որոնցից մեկը կատարակտի և գլաուկոմայի նորագույն վիրահատություններն են, իսկ մյուսը անհասների ռետինոպաթիայի կանխարգելման և բուժման ծրագիրն է, երկուսն էլ ուղղված են ՀՀ ողջ տարածքի ազգաբնակչությանը: Հատկապես կարևորում եմ անհաս երեխաների շրջանում պաթոլոգիաների հայտնաբերման գործընթացը, որի իրականացմանն ուղղված` ներդրվել է հատուկ սարքավորում, ինչի միջոցով հիվանդությունը վաղ հայտնաբերելով` հնարավոր է լինում լազերային միջամտությամբ կանխել: Պետք է նշեմ, որ մինչև մեզ մոտ ներդրվելը, նման բուժում իրականացվում էր միայն Սանկտ Պետերբուրգում:
Մեր մյուս ծրագիրն ուղղված է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի հայտնաբերմանը Երևանի և ՀՀ բոլոր մարզերի դպրոցահասակ երեխաների շրջանում: Այս ծրագիրը ևս կանխարգելիչ նպատակ է հետապնդում:
Ավելացնեմ, որ վերը նշված բոլոր ծրագրերը բարեգործական են:

-Տիկի՛ն Մալայան, հատկանշական է, որ Ձեր կենտրոնը մշտապես պահպանել է առաջատարի իր դիրքերը, և այստեղ Ձեր հայրիկի` Ալեքսանդր Մալայանի կողմից ներդրվել են վիրահատությունների նոր տեսակներ, որոնք առաջին անգամ նա է կատարել Հայաստանում: Արդյո՞ք այսօր ևս կենտրոնի աշխատանքն աչքի է ընկնում նոր մեթոդների ներդրմամբ:

-Ալեքսանդր Մալայանը նոր վիրահատական մեթոդների ներդրումը Հայաստանում սկսել է 1984-85թթ.: Դրանցից առաջինը և ամենակարևորը եղջերաթաղանթի փոխպատվաստումն էր, քանի որ կերատոկոնուս հիվանդությունը մեծ տարածում ունի Հայաստանում և վիրահատական այդ մեթոդի ներդրումը աչքի լույսի պահպանման կարևոր գրավական դարձավ: Այսօր մեր կենտրոնում իրականացվում է այդ հիվանդության բուժման երեք վիրահատական մեթոդ` կախված հիվանդության զարգացման փուլերից` քրոսլինքինգ, եղջերաթաղանթի օղակների պատվաստում` այդ օղակների ստեղծման գաղափարի հեղինակ և դրանց արտադրությամբ զբաղվող Ferrara Ring իսպանական կազմակերպության հետ համատեղ, և հիվանդության զարգացման վերջին փուլում` եղջերաթաղանթի փոխպատվաստում:
Երկրորդ վիրահատությունը, որ առաջին անգամ կատարվել է Հայաստանում հայրիկիս կողմից, կատարակտի հեռացումն է ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով /ուլտրաձայնային/: Ինչպես նաև նա առաջին անգամ Հայաստանում կատարել է ապակենման մարմնի փոխանակում` վիտրեկտոմիա:
Պետք է նշեմ նաև, որ մեր կենտրոնում ներդրվել է Alcon ընկերության Verion սարքը, որը միլիմետրային մակարդակով կատարում է ոսպնյակի հաշվարկ: Խոսքը վերջին 4-5 տարիների ընթացքում կենտրոնում ներդրված նոր տեսակի ոսպնյակների մասին է, որոնք թույլ են տալիս կատարել կատարակտի վիրահատություն` ռեֆրակցիոն մոտեցմամբ, այսինքն` ոչ միայն հեռացնել կատարակտը, այլև շտկել տեսողությունը:
Եվ երրորդը ռեֆրակցիոն` տեսողության շտկման լազերային մեթոդով կատարվող վիրահատություններն են, որոնք Հայաստանում առաջին անգամ սկսել է կատարել քույրս` Ելենա Մալայանը:
Ինչպես նաև մեր կենտրոնում առաջին անգամ Հայաստանում ներդրվել են ախտորոշիչ մի շարք մեթոդներ, համապատասխան սարքավորումներ, որոնք էական նշանակություն են ունեցել ՀՀ ակնաբուժության զարգացման գործում:
Այժմ մեր կենտրոնում կատարվում են ակնաբուժական գրեթե բոլոր միջամտությունները, որոնցից մի քանիսը եզակի են Հայաստանում: Մենք քայլում ենք ժամանակին համընթաց` արդի զարգացումները հնարավորինս ներդնելով մեր կենտրոնում:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...