16:47
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2018 թվականը լինելու է բազում դրական զարգացումներով լի ներդրումների տարի

2018-04-06 16:08

«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)  


ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ

Ծնվել է 1946թ. հունվարի 2-ին Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում:


1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-էլեկտրամեխանիկ: ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ:


1964-1980թթ. աշխատել է Երևանի ՋԷԿ-ում որպես փականագործ, վարպետ, ավագ ճարտարագետ, կուսկոմիտեի քարտուղար, 1974-1980թթ.` կուսկոմիտեի ազատված քարտուղար, 1980-1987թթ.` ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, 1987-1988թթ.` ՀԿԿ Երևանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991թթ.` առաջին քարտուղար: 1991-1993թթ. եղել է Երևանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1993-1996թթ.` նախագահ, 1996թ.` Երևանի քաղաքապետարանի Խորհրդային տարածքային բաժնի պետ, 1996-2002թթ.` Երևանի Նոր նորքի թաղապետ:


2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:


Պարգևատրվել է` ՀՀ Անկախության 25-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով (2016թ), Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալով (2004թ), Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի կողմից` Լեյբնիցի մեդալով (2008թ):
Ամուսնացած է, ունի երեք երեխա, հինգ թոռ:


Քաղաքական դաշտում երկար տարիներ գործունեություն ծավալելը բարդ և դժվարին աշխատանք է, այս ոլորտում աշխատանքային կենսագրություն կերտած անձինք բազում են, սակայն Մկրտիչ Մինասյանն առանձնանում է քաղաքական դաշտում իր ակտիվ գործունեությամբ, աշխատելու և երկրին օգնելու անհագ ցանկությամբ: Նրա աշխատանքային տարիները նվիրված են եղել ժողովրդին օգնելու, երկրի տնտեսական և քաղաքական ոլորտում առաջխաղացում տեսնելու ձգտմամբ: Բացի քաղաքական և հասարակական գործունեությամբ զբաղվելուց` շատ է սիրում արվեստն ու մշակույթը. սերտ է կապը արվեստի և մշակույթի հետ, սիրում և գնահատում է հայկական թատրոնը, կինոն, նկարչությունը, իսկ գիրք կարդալը բոլորովին այլ հաճույք է համարում:
Նա իրեն հարուստ մարդ է համարում, քանի որ իր կողքին ունի արվեստասեր ընկերներ և կարծում է, որ հոգու հարստությունը ոչ մի բանով փոխարինել չի լինի:
Քաղաքական վերջին զարգացումների և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի քաղաքական հարցերի գծով խորհրդական Մկրտիչ Մինասյանի հետ:


Վստահաբար կարող եմ ասել, որ 2017 թվականին ավելի արդյունավետ աշխատանքներ կատարվեցին երկրի

քաղաքական և տնտեսական զարգացման համար, քան նախկին 4 տարիների ընթացքում էր կատարվել:

 

 

-Պարո՛ն Մինասյան, եթե փորձենք ամփոփել 2017 թվականը, ապա քաղաքական դաշտում ի՞նչ կարևոր իրադարձություններ կառանձնացնեք:

-Վստահաբար կարող եմ ասել, որ 2017 թվականին ավելի արդյունավետ աշխատանքներ կատարվեցին երկրի քաղաքական և տնտեսական զարգացման համար, քան նախկին 4 տարիների ընթացքում էր կատարվել:
Անցած տարին Հայաստանի համար տնտեսությունը կայունացնելու և ծանր վիճակից դուրս բերելու տարի էր: 2017 թվականին տնտեսության ոլորտում բավականին շատ աշխատանքներ կատարվեցին, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հետագա տարիներին առավել արդյունավետ օգտագործվեն մեր ռեսուրսները և տնտեսության մեջ ներդրումային քաղաքականությունը էլ ավելի ակտիվանա:
Անցած տարին նշանավորվեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի շնորհիվ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ նշանակություն ունեն ենթակառուցվածքները տնտեսության և երկրի զարգացման համար: Պետք է ընդունել, որ այժմ մենք ունենք հնարավորություն իրանական շուկան կապելու եվրոպական, ռուսական շուկայի հետ և դա հնարավորություն կստեղծի մեր երկրի հետագա տնտեսական զարգացման համար:
2018 թվականին մենք նշելու ենք նաև մի շարք պատմական նշանակություն ունեցող տարեդարձեր` Առաջին Հանրապետության 100-ամյակը, «Էրեբունի-Երևան»-ի 2800-ամյակը, Ղարաբաղյան շարժման 30-ամյակը:
Իմ կարծիքով այս միջոցառումները հնարավորություն կստեղծեն աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալու մեր տեղը, մեր կշիռը:
Կարծում եմ` 2018 թվականը լինելու է բազում դրական զարգացումներով լի ներդրումների տարի, քանի որ, ինչպես նշեցի, 2017 թվականին արդեն իսկ ստեղծվել են որոշակի հիմքեր տնտեսության կայունացման և զարգացման ուղղությամբ: Ես հավատում եմ մեր երկրի վաղվա օրվան և հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է տնտեսապես զարգացած երկիր:

 

Այսօր երկրի զարգացման համար, ցանկացած ոլորտում, սերնդափոխությունն անհրաժեշտություն է:


-ՀՀ Ազգային ժողովում ներկայացված է չորս քաղաքական ուժ, որոնցից երկուսը` ընդդիմադիր: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության աշխատանքը:

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանում, ընդդիմության դերը խիստ անհրաժեշտ է երկրի քաղաքական կյանքի զարգացման համար, այն քաղաքականության մի մասնիկն է: Իշխանության և ընդդիմության արդյունավետ աշխատանքն ունի տնտեսական և գործնական մեծ նշանակություն, այն բերում է տվյալ խնդրի ճիշտ որոշման ընդունմանը:
Ընդդիմությունն իր առաջարկները պետք է փորձի առաջ տանել, իշխանություններն էլ իրենց հերթին իրատեսական նկատառումներն ընդունեն և փորձեն ուղղել: Վստահաբար կարող եմ ասել, որ այսօրվա ընդդիմությունը հիմնականում ավելի շատ կառուցողական ընդդիմություն է, որը շատ ողջունելի է:

-2017թ. ՀՀ համար կարևոր քաղաքական իրադարձություն էր նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպե՞ս կգնահատեք դրա նշանակությունը ՀՀ համար:

-Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով: Եվրամիության հետ համապարփակ համագործակցության հուշագիր ստորագրելը հնարավորություն կտա կամրջի դերակատարում ունենալ, այն հնարավորություն կստեղծի մեր տնտեսական դաշտի համար ներկայացված լինել ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական շուկայում:

-Վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

-Իհարկե, այն կարծիքին չեմ, որ գների բարձրացումը լավ բան է, սակայն պետք է ականջալուր լինել նաև առողջ բանականությանը և վերլուծություններին, որոնք ներկայացվում են մասնագետների և կառավարության կողմից: Երբ սկսում ես բոլոր փաստերը հաշվի առնել, իսկապես տեսնում ես, որ այնպիսի աշխարհում, ինչպիսին մենք այսօր ապրում ենք, կատարվող բոլոր երևույթները իրար հետ շաղկապված են և այս պարագայում հնարավոր չէր, որ Հայաստանում ևս գնաճ չլիներ: Երբ համեմատական ենք անցկացնում հարևան երկրների հետ, մարդիկ ասում են` ինչո՞ւ եք համեմատում: Իսկ ինչու չհամեմատել, երբ հարևան երկրում գնաճն ավելի բարձր տոկոս է կազմում, քան մեզ մոտ: Պետք է իրազեկել մարդկանց, որ տեղեկացված լինեն: Աշխարհում, գլոբալացման այս պայմաններում, փոփոխությունները և գործընթացները շատ արագ են կատարվում: Երկրի տնտեսությունը պետք է պատրաստ լինի այդ փոփոխություններին դիմակայելու: Ինչպես իմ խոսքում նշեցի` հիմքերը ստեղծված են, որպեսզի 2018 թվականին մենք կարողանանք երկրում տնտեսության զարգացում ապահովել, որպեսզի զարգացման արդյունքում էլ թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան և կենսամակարդակի անկում չգրանցվի:

-Պարո՛ն Մինասյան, նոր Սահմանադրության համաձայն, մեր երկիրը պետք է անցնի խորհրդարանական կառավարման համակարգի, ըստ Ձեզ` ինչպե՞ս կընթանան քաղաքական հետագա զարգացումները:

-Այս տարի քաղաքական զարգացումները բուռն են լինելու: Սահմանադրական փոփոխումներից հետո, մեր երկիրը պետք է անցնի կառավարման նոր մոդելի` խորհրդարանական կառավարման համակարգի: 

Ազգային ժողովը, կարծում եմ, շատ նոր անելիքներ կունենա: Նոր խորհրդարանական կառավարման համակարգն ունի բազում առավելություններ, դրանցից մեկն այն է, որ հնարավորություն է ստեղծվում հետադարձ կապը ավելի ամուր դարձնել: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր անվտանգության խնդիրը լուծվի` մե՛ր բանակի, մե՛ր զորքի, մե՛ր բոլորի համատեղ ջանքերով: Հույս ունեմ, որ հինգ տարի հետո երկրի զարգացման միտումները ժողովուրդը կզգա իր մաշկի վրա:

-Պարո՛ն Մինասյան, ՀՀ չորրոդ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը: Ճանաչու՞մ եք նոր նախագահին, ինչպիսի՞ անձնավորություն է նա:

-Առիթ եմ ունեցել աշխատել Արմեն Սարգսյանի հետ. երբ ես վարչական շրջանի ղեկավար էի, նա նոր էր նշանակվել վարչապետ: Տպավորություններս շատ դրական են` Արմեն Սարգսյանը խելացի, բանիմաց անձնավորություն է: Երկրի նախագահը, ի վերջո ներկայացնում է մեր երկիրը ողջ աշխարհում, և կարծում եմ, որ Սարգսյանի գործելաոճը, կրթությունն ու աշխատելաոճը լիարժեք համապատասխանում են նախագահի կերպարին: Նա այն մարդկանցից է, ով հայկական մշակույթով, արվեստով ներծծված է: Երջանկահիշատակ ավագ ընկերս` Ալեքսան Կիրակոսյանն ասում էր` եթե փոքր երկրի իշխանավորը ներծծված չի իր ազգի մշակույթով, շատ հնարավոր է չարիք դառնա ժողովրդի համար: Այս դեպքում մենք գործ ունենք մտավորական մարդու հետ, ով արվեստով, մշակութային կյանքով ապրող մարդ է: Ապրելով և իր գործունեությունը ծավալելով օտար հողում, նա իր ընտանիքում պահպանել է ազգային արժեքները, հայեցի դաստիարակել իր երեխաներին:

-Որքանո՞վ է իրատեսական վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը:

-Գիտեք, ժամանակից առաջ գնահատականներ չեմ ցանկանում տալ, սակայն այսօր մեր երկրի համար առաջնային խնդիրը երկրի անվտանգությունն է, սա այն հարցն է, որ մշտապես պահանջում է տեղեկացվածություն և ուշադրություն: Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը, նրա կատարած աշխատանքները թույլ են տալիս բացի իրենից առայժմ ոչ մեկին չտեսնել այդ պաշտոնում:


 

Ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ նոր սերունդը շատ հայրենասեր է:


-Պարո՛ն Մինասյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը:

-Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանին շատ ծանր ժառանգություն էր բաժին հասել: Կառավարման այս մեկ ու կես տարվա ընթացքում գործադրված ջանքերը, բոլոր բնագավառների նկատմամբ վերահսկողությունը հանգեցրել են նրան, որ մարդիկ այսօր տեսնում են երկրի տնտեսության զարգացման հեռանկարները: Կարեն Կարապետյանը երկրի զարգացման ջատագովն է, իսկ տնտեսության կառավարման իմաստով` բարձրակարգ կառավարիչ է, համակարգային մտածողության ունի, վերլուծական միտք: Փաստը մնում է փաստ` մարդը գիտի ինչը և ինչպեսը:
Հույս ունեմ, որ մեկ-երկու տարի անց Կարեն Կարապետյանը, խորապես տիրապետելով աշխարհի տնտեսական զարգացումներին, կարող է մեր երկրի համար նորագույն հնարավորություններն իրագործելի դարձնել:

-Տարեց տարի նկատվում է, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքներում ներգրավվում են երիտասարդ կադրեր, ըստ Ձեզ` սերնդափոխությունը երկրի հետագա զարգացման համար ի՞նչ նշանակություն ունի:

-Իմ կարծիքով, այս տարին նշանավոր էր նաև այն հանգամանքով, որ Ազգային ժողովը համալրվեց երիտասարդ կադրերով, որը, ըստ իս, շատ գովելի է, քանի որ սերնդափոխությունն անհրաժեշտություն է ցանկացած ոլորտում: Մի անգամ ևս առիթ եմ ունեցել ասելու, որ դեմ եմ «գերանդիով հնձելուն», բայց երիտասարդ կադրերի համալրումը շատ կարևոր է: Մենք` ավագ սերնդի ներկայացուցիչներս, պետք է մեր գիտելիքներով, տարիների կուտակած փորձով զինենք մեզանից հետո եկող երիտասարդ սերնդին: Իմ կարծիքով, նրանք այսօր ունեն առավել մեծ հնարավորություններ ինքնադրսևորվելու, իրենց խոսքն ազատ արտահայտելու: Մենք ապրել ենք այլ ժամանակներում, երբ բազում դրականի հետ մեկտեղ եղել են արգելքներ, և մենք սահմանափակված էինք ոչ միայն մեր գործողություններում, այլ նաև մեր մտածողություն էր սահմանափակված: Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ այսօրվա երիտասարդներն ազատ են իրենց մտածողության մեջ և փորձում են համարձակ ծրագրեր իրագործել: Գիտեք, երբ մարդն ազատ է իր գործողություններում, նա ավելի մեծ եռանդով է սկսում արարել և իր արածից հաճույք ստանալ:
Մենք պետք է պահպանենք մեր լավագույն ավանդույթները, սակայն նորովի, նոր ժամանակների, նոր մշակույթի շաղախի հետ համահունչ, և այդ պարագայում կունենանք տնտեսապես զարգացած և հզոր երկիր:

-Պարո՛ն Մինասյան այս տարի լրացավ Ձեր 72-ամյակը, բավականին երկար ժամանակ է աշխատում եք և արարում հանուն վաղվա բարեկեցիկ և լուսավոր Հայաստանի, հետաքրքիր է` մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Սիրո՛վ: Հայրս Սոցիալիստական աշխատանքի հերոս էր, ՀԽՍՀ երրորդ գումարման գերագույն խորհրդի պատգամավոր: Ընտանիքում վեց երեխա էինք` երեք եղբայր, երեք քույր: Հայրս միշտ մեզ խրատում էր, որ ամեն ինչի ակունքում աշխատանքն է, աշխատանքը լիարժեք ապրելու հենարանն է: Աշխատելու, արարելու կարողությունը մարդուն տրված է ի վերուստ, ուղղակի այն պետք է օգտագործել լիարժեք: Ծնողներս ինձ միշտ ասել են, որ, նախ և առաջ պետք է կարողանալ ապրել նաև ուրիշի հոգսով: Հայրս միշտ ասում էր` նա, ով ինչ-որ մեկին լավություն է անում, միայն այդ ժամանակ է կարողանում հանգիստ քնել:

-Պարո՛ն Մինասյան, ունեք երեք զավակ, ի՞նչ խրատներ եք մշտապես տալիս Ձեր զավակներին:

-Միշտ խրատում եմ, որ պետք է ապրեն այնպես, որ սև անուն չթողնեն իրենց ետևից, այս կյանքում ամեն ինչ անցողիկ է, միայն մարդու անունն ու կատարած աշխատանք է մնում, պետք է ցանկացած իրավիճակում մարդ մնալ:

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-Շատ կցանկանայի, որ մեր ազգը կարոտախտով չտառապեր, մեր երկիրն այնքան ազատ և տնտեսապես կայուն լիներ, որ ոչ մի հայ օտար հողում չապրեր:
Նոր սերունդը շատ հայրենասեր է: Ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ երբ անհրաժեշտություն լինի, նրանք իրենց ներքին մղումով` առանց որևէ մեկին որևէ բան ապացուցելու, պատրաստ են իրենց հայրենիքը պաշտպանելու մինչև վերջ: Ցանկանում եմ, որ նոր սերունդը խաղաղ ապրի, որ հայոց երկինքը խաղաղ լինի, որ մենք կարողանանք մեր ոխերիմ հարևանին պարտադրել հաշտվելու խաղաղության հետ:
Այս ամենն ասում եմ որպես պապիկ, և ինչպես բոլոր պապիկները, ցանկանում եմ, որ մեր թոռնիկներն ապրեն խաղաղ երկնքի տակ:

 

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...