16:15
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանի էներգետիկ ոլորտը կայուն զարգացման փուլում է

2018-02-23 10:56

ՌԱԶՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
գլխավոր տնօրեն

Ծնվել է 1961թ. հուլիսի 10-ին, ՀՀ Մարտունու շրջան, գյուղ Վարդաձորում,
1968-1978թթ սովորել և ավարտել է Մարտունու շրջ. Վարդաձոր գյուղի միջն. դպրոցը,
1977-1979թթ սովորել և ավարտել է Երևան քաղաքի թիվ 2 Պրոֆ.տեխ. ուսումնարանը,
1986-1993թթ սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, որակավորումը` ինժեներ-էլեկտրիկ, մասնագիտությունը` «Արդ. ձեռնարկ. քաղաք. և գյուղերի էլ. մատակարարում»:
1979-1994թթ աշխատել է «ՀայԷներգո» հարավային էլ. ցանցերում` որպես սարքավորումների վերանորոգող էլ. մոնտյոր, Երևանի տեղամասային բարձր լարման խումբ ենթակայանների սպասարկող հերթապահ էլեկտրամոնտյոր, գերլարումներից պաշտպանության ծառայության ճարտարագետ,
1993-1995թթ աշխատել է «Երևանի էլեկտրական ցանցեր»
ՓԲԸ-ում` որպես գերլարումներից պաշտպանության ծառայության պետ,
1995-1996թթ աշխատել է «Հայէներգո» կոնցեռնում` որպես ռևիզիոն բաժնի առաջատար տնտեսագետ վերլուծող,
1996-1997թթ աշխատել է «Երևանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում` որպես ենթակայանների ծառայության պետի տեղակալ,
1997-1999թթ աշխատել է նույն ծառայությունում` որպես պետ,
1999-2001թթ աշխատել է «Երևանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 35/110 կՎ էլ. ցանցերի շահագործման մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ,
2001-2002թթ աշխատել է որպես «Երևանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ շահագործման մասնաճյուղի «Արևմուտք» շահագործման շրջանի պետ,
2002-2007թթ աշխատել է ՀԷՑ ՓԲԸ 35/110 կՎ էլ. ցանցերի շահագործման մասնաճյուղում` որպես գլխավոր ճարտարագետ,
2007-2008թթ աշխատել է «Էկթրաք-Սերվիս» ՍՊԸ-ում` որպես գլխավոր ճարտարագետ, այնուհետ` տնօրեն,
2008-2010թթ աշխատել է ՀԷՑ ՓԲԸ-ում` որպես տեխնիկական տնօրենի տեղակալ
2010-2011թթ աշխատել է ՀԷՑ ՓԲԸ, 35-110 կՎ էլ. ցանցերի շահագործման մասնաճյուղում` որպես տնօրեն, 2011-2015թթ աշխատել է ՀԷՑ ՓԲԸ-ում` որպես գլխավոր ճարտարագետ,
2015-2016թթ աշխատել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում` որպես «Շահագործում» մասնաճյուղի տնօրեն,
2016.01-2016.03 աշխատել է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում` որպես գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական,
2016.05-2016.12 աշխատել է MK ՍՊԸ-ում` որպես գլխավոր տնօրեն (ՌԴ, Նիժնի Նովգորոդ),
2016.12-2017.10 աշխատել է «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում` որպես տեխնիկական տնօրեն, այնուհետև` գլխավոր տնօրեն:
1979-1981թթ ծառայել է Խորհրդային բանակում,
Ամուսնացած է, ունի երկու երեխա:


2017 թվականն ընկերության համար
դրական ցուցանիշներով տարի էր:

 

 -Պարո՛ն Խաչատրյան, Դուք կարճ ժամանակահատված է, ինչ զբաղեցնում եք «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, բայց Ձեր աշխատանքային ողջ ուղին անցել է էներգետիկայի ոլորտում: Հետաքրքիր է, արդեն հասցրե՞լ եք լիովին ներգրավվել ընկերության աշխատանքներում:


-Իմ ամբողջ գիտակցական կյանքն անցել է էներգետիկայի ոլորտում. այստեղ ես սկսել եմ աշխատել դեռ ուսանողական տարիներից` զբաղեցնելով ամենացածրից մինչև ամենաբարձր պաշտոններ: Ես սիրում եմ այս ոլորտը և չեմ պատկերացնում ինձ այլ աշխատանք կատարելիս:
Ինչ վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության աշխատանքներին իմ ներգրավվածությանը, ապա դա ինձ համար բոլորովին դժվար չէր, հատկապես այն պարագայում, որ մինչև գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելը, աշխատել եմ որպես տեխնիկական տնօրեն:
Միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային, ինչպես նաև դրամաշնորհային միջոցներով բարձրավոլտ էլեկտրացանցերի համակարգում իրականացվել և իրականացնում են մեկ տասնյակից ավելի խոշորամասշտաբ ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունն այսօր իրականացնում է յոթ ենթակայանների վերակառուցման և երկու օդային գծերի կառուցման, ինչպես նաև նոր` բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցման ծրագրերը, որոնք դեռևս ընթացքի մեջ են:

-Ինչպիսի՞ տարի էր 2017թ. ընկերության համար, ո՞ր ծրագրերը հաջողվեց ավարտին հասցնել և որո՞նք են ընթացքի մեջ:

-2017թվականը ընկերության համար դրական ցուցանիշներով տարի էր: Մենք ավարտեցինք Հրազդան-Շինուհայր 220 կՎ, 268 կմ երկարությամբ օդային գծի կառուցման մեծ ու բարդ ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ավելացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը դեպի Իրան` 50-60 ՄՎտ հզորությամբ:
2017թ. մարտից սկսվել և ընթացքի մեջ են «Աշնակ», «Վանաձոր-1», «Հաղթանակ», «Շինուհայր», ենթակայանների վերակառուցման շինարարական աշխատանքները: Ի դեպ «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցումն իրականացնում է ռուսական Kaskad Energo LLC ընկերությունը, «Չարենցավան-3» ենթակայանինը՝ պորտուգալական EFACEC Engenharia e Sistemas S.A. ընկերությունը, իսկ «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցումը` չինական XIAN ELECTRIC ENGINEERING CO. LTD ընկերությունը:
Նշված ընկերությունները, «էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, պետք է վերակառուցեն ու շահագործման հանձնեն բոլոր չորս ենթակայանները, որոնք տասնամյակների պատմություն ունեն: Դրանց վերակառուցման արդյունքում նվազագույնի կհասնեն վթարային անջատումներն ու կորուստները, կբարձրանա էներգահամակարգի և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կկրճատվեն շահագործման ծախսերը:
2018-ին շարունակվելու են նաև «Ագարակ-2» ենթակայանի վերակառուցման, ինչպես նաև «Իրան-Հայաստան 400 կՎ» օդային գծի և «Նորավան» ենթակայանի կառուցման աշխատանքները: Ընդ որում` եթե 2012թ. «Իրան-Հայաստան 400 կՎ» օդային գծի ծրագրի շրջանակներում կառուցվել էր ընդամենը 6 հենարան, ապա 2017 թվականին դրանց թիվը հասավ 128-ի: Այդ արդյունքին կարողացել ենք հասնել ոչ միայն մեր թիմի, այլ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության արդյունավետ աշխատանքի շնորհիվ, քանի որ ժամանակին լուծումներ են տրվում առաջացած բոլոր հարցերին և խնդիրներին, և որ ամենակարևորն է, իրականացվում է ֆինանսական հոսքերի ճիշտ կառավարում:


20-ամյա գործունեության ընթացքում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»

փակ բաժնետիրական ընկերությունը լավ գործընկերներ է ձեռք բերել

միջազգային կազմակերպությունների շրջանակներում:


-Որքանո՞վ են արդյունավետ գործում ընկերության 9-ը մասնաճյուղերը:

-Մասնաճյուղերի աշխատանքը բավականին արդյունավետ է, սակայն մենք ծրագրում ենք արդյունավետության մակարդակն էլ ավելի բարձրացնել` իրականացնելով օպտիմալացման ծրագիր, որի արդյունքում որոշ մասնաճյուղեր ուղղակի կլուծարվեն, իսկ որոշները` կմիավորվեն: Մենք այդ ծրագիրը պետք է քննարկենք ապագա կառավարիչի հետ և սկսենք աշխատանքները:

-Ընկերությունը նաև միջազգային համագործակցության լայն շրջանակ ունի: Կպատմե՞ք դրանց մասին:

-20-ամյա գործունեության ընթացքում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը լավ գործընկերներ է ձեռք բերել միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Մենք համագործակցում ենք գերմանական KFW բանկի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ, ինչպես նաև, Իրանի Արտահանման Զարգացման բանկ հետ: Այս ֆինանսական խոշոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվել և իրականացվում են հանրապետության բարձրավոլտ էլեկտրացանցերի արդիականացման ծրագրերը: Աշխատանքներն իրականացվում են դրական ցուցանիշներով, փոխադարձ պարտավորությունները կատարվում են պարտաճանաչ կերպով, պատշաճ ժամկետներում:
Համագործակցում ենք նաև միջազգային տարբեր կապալառու կառույցների հետ, որոնցից են Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD և Northeast China International Electric Power Corporation համատեղ ձեռնարկությունը և Xian Electric Engineering Co, Ltd ընկերությունները: Դրանցից առաջինն իրականացնում է «Շինուհայր» և «Ագարակ-2» ենթակայանների, իսկ երկրորդը` «Վանաձոր-1» և «Աշնակ» ենթակայանների վերակառուցման աշխատանքները: Նշված ընկերությունների հետ խնդիրներ չունենք, 2017թ. պլանային աշխատանքները մի քիչ ուշացումով սկսվեցին, սակայն արագ թափով ընթացան` սահմանված գրաֆիկին համապատասխան: Վստահ եմ, որ մինչև տարեվերջ դրանք ավարտին կհասցնենք:

-Արդյո՞ք կադրային խնդիր ունի ընկերությունը:

-Մենք այժմ ապահովված ենք լավագույն մասնագետներով, սակայն նրանց տարիքային ցենզը միջինից բարձր է, և խնդիրն այն է, որ նոր մասնագետներով ընկերության կադրային ռեսուրսը համալրելու ցանկության դեպքում մենք կանգնում ենք լուրջ խնդրի առջև, որի պարագայում անգամ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մեզ չի կարող օգնել: Այսինքն` պատրաստի մասնագետներ չկան, որոնք ունակ լինեն մեր տեխնիկական արդի սարքավորումներով աշխատել: Այդ պատճառով մենք նպատակ ունենք Պոլիտեխնիկի հետ համատեղ մշակել և իրականացնել ծրագրեր, որոնց շրջանակներում ուսանողները պետք է աշխատանքային պրակտիկա անցնեն համապատասխան ընկերություններում: Մենք պատրաստ ենք անգամ ցածր կուրսերից ընտրել լավագույն ուսանողներին, խրախուսել նրանց մասնագիտական աճը, որպեսզի մի քանի տարի հետո ունենանք մեզ անհրաժեշտ մասնագիտական ներուժը: Պոլիտեխնիկն, իհարկե, պատրաստում է ինժեներներ, բայց մեր աշխատանքի մեջ պակաս կարևոր չէ նաև էլեկտրամոնտյորների ու համապատասխան որակավորմամբ բանվորների դերը: Կարծում եմ` լավ կլինի, որ բացվեն այդ մասնագետներին պատրաստող ուսումնական հաստատություններ, բայց մինչ այդ կարելի է ստեղծել, օրինակ՝ ուսումնական կենտրոններ, որտեղ մեր փորձառու մասնագետները դասընթացներ կանցկացնեն ու կպատրաստեն մեզ անհրաժեշտ կադրերը:

 

Ես բարձր եմ գնահատում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության

                                                                                        ու

հատկապես նախարար Աշոտ Մանուկյանի աշխատանքը, մենք մշտապես ստացել ենք նախարարության աջակցությունը:


-Ինչպիսի՞ն է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ համագործակցությունը:

-Ես բարձր եմ գնահատում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու հատկապես նախարար Աշոտ Մանուկյանի աշխատանքը, մենք մշտապես ստացել ենք նախարարության աջակցությունը, և ես վստահ եմ, որ այդ վերաբերմունքը և աշխատելաոճը դրսևորվում է ՀՀ էներգահամակարգում գործունեություն իրականացնող բոլոր ընկերությունների նկատմամբ: Մենք աշխատում ենք նախարարության ենթակայության ներքո և մեր հաջողությունների գրավականը նաև նախարարության հետ արդյունավետ աշխատանքի արդյունքն է:


-Ի՞նչ ծրագրեր կան նախատեսված 2018թ. համար: 

-2018թ. կշարունակենք իրականացնել ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերը և կփորձենք ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության առջև լուրջ խնդիրներ են դրված: Այն ծրագրերը, որ մենք պետք է իրագործենք, կարևոր նշանակություն ունեն մեր հանրապետության տնտեսության կայուն զարգացման համար: Այդ ծրագրերի բարեհաջող իրականացման արդյունքում կբարձրանա մեր երկրի էներգետիկ համակարգի անկախության ու անվտանգության մակարդակը, կմեծանան տարածաշրջանի էներգետիկ համակարգերին Հայաստանի ինտեգրման հնարավորությունները:
Այս տարի կսկսենք մեկ նոր ծրագրի իրականացում, խոսքը «Ալավերդի-Նոյեմբերյան» 110 կՎ լարման, 27 կմ երկարությամբ օդային գծի կառուցման մասին է, որի շինթույլտվությունն արդեն տրված է, աշխատանքները, հավանաբար կմեկնարկեն փետրվար ամսին և կտևեն 6 ամիս: Ծրագրի իրականացման նպատակն է ապահովել Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գոտու հուսալի էլեկտրամատակարարումը:

-Պարո՛ն Խաչատրյան, դեկտեմբերի 22-ին նշվում է Էներգետիկի օրը, ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

-Ես Էներգետիկի օրը տոնում եմ արդեն 36 տարի և այն յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար: Կարծում եմ` այդ օրը շատ ավելի մեծ շքեղությամբ պետք է տոնել, քանի որ էներգետիկների աշխատանքի շնորհիվ է ստեղծվում էլեկտրաէներգիա, որն ապահովում է մարդու հիմնական կենսագործությունը:

-Որպես ղեկավար` աշխատանքային ի՞նչ սկզբունքներ ունեք:

-Ես դեմոկրատ, թափանցիկ կառավարիչ եմ` պատրաստակամ լսել ցանկացած քննադատություն: Մեր ընկերությունում որոշումները կայացվում են թիմային քննարկման արդյունքում, փորձը ցույց է տալիս, որ քննարկումների արդյունքում ընդունված որոշումները բավական արդյունավետ են լինում:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները:

-Ես կարծում եմ` Հայաստանի էներգետիկ ոլորտը կայուն զարգացման փուլում է. իրականացվում են ներդրումներ` ուղղված ոլորտի հեռանկարային առաջխաղացմանը, որոնք, անպայման, կտան իրենց արդյունքները: Իհարկե, տարիներ առաջ մենք ունեցել ենք մինչև 5.000 ՄՎտ հզորության արտադրանքի հնարավորություն, և ցավոք, այսօր այդ հզորությունները չեն օգտագործվում, բայց ուրախացնող փաստն այն է, որ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները մեր երկրում տարեց տարի աճում են, ինչպես նաև զարկ է տրվում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը` հողմակայանների ու արևային կայանների կառուցման և գործարկման աշխատանքներին:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...