10:40
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եթե կարողանանք զարգացնել սառնարանային եւ ջերմոցային տնտեսությունը` բնակիչների սոցիալական վիճակը կբարելավվի

2018-02-15 10:56

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Այգեզարդ համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը:

-Պարո՛ն Մանուկյան, որքան ժամանակ է ղեկավարում եք համայնքը, ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել համայնքում: Մի փոքր կպատմե՞ք Ձեր աշխատանքային գործունեության մասին:

-Շուրջ 17 տարի է ղեկավարում եմ Այգեզարդ համայնքը, որի ընթացքում բազմաթիվ աշխատանքներ կատարելով` մի շարք կարևորագույն խնդիրների լուծում ենք տվել: Կփորձեմ ներկայացնել վերջին տասնամյակում կատարած իմ աշխատանքները. 2007 թվականին կապիտալ վերանորոգել ենք մանկապարտեզի շենքը, որտեղ այժմ գործում է երեխաների երկու խումբ: Մանկապարտեզի սպասարկման որակն այնքան բարձր է, որ մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը գնալով մեծանում է, այդ իսկ պատճառով մտածում ենք մոտակա ժամանակները ևս մեկ խումբ ավելացնել: Նույն թվականին կատարվել է նաև համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգումը, իսկ հաջորդ տարի արդեն կատարեցինք բուժամբուլատորիայի ամբողջական վերանորոգումը, որը սպասարկում է երկու գյուղ: 2009թ.-ին կապիտալ վերանորոգել ենք գյուղապետարանի շենքը, այնուհետև յուրաքանչյուր տարի` հերթականությամբ, անցկացվել է համայնքի մի շարք փողոցների արտաքին լուսավորությունը: Այժմ խմելու և ոռոգման ջրի խնդիր չունենք, քանի որ այդ համակարգերը ևս ամբողջությամբ նորոգվել են: Ոռոգման համակարգի նորոգումից հետո գյուղացիները սկսեցին նոր հողեր մշակել: Համայնքը գրեթե ամբողջությամբ գազաֆիկացվել է: 2011 թվականին գազաֆիկացվեց նաև գյուղապետարանի շենքը, ինչպես նաև այդ տարի ասֆալտապատվեց Դեմիրճյան փողոցը: 2012 թվականին զոհված ազատամարտիկ Ավետիս Հարությունյանի հուշարձանն ենք կառուցել և վերանորոգել համայնքի զբոսայգին: Մշակույթի տան վերանորոգման հետ կապված աշխատանքներից մեզ հաջողվեց կատարել միայն խաղասենյակի դռների և պատուհանների փոխման աշխատանքները, և այս պահին շենքը այնքան էլ բարվոք վիճակում չի գտնվում: 2017 թվականին կատարել ենք համայնքի դաշտամիջյան և գյուղամիջյան ճանապարհների խճապատումը:

-Համայնքում հիմնականում ի՞նչ են մշակում և 2017 թվականը գյուղատնտեսական առումով ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար:

-Գյուղում հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ և խաղողագործությամբ: Այս տարի այգիների 60-70 տոկոսը ցրտահարվեց, ինչի հետևանքով բերքատվությունը նվազեց, բերքի սակավություն եղավ, ուստի ժողովրդի վիճակն այս տարի այնքան էլ լավ չէ: Ցանկանում եմ նշել, որ այս տարի բերքի մթերման աշխատանքները շատ լավ էր կազմակերպված, չնայած նրան, որ 2015 թվականին խաղողի մթերման հետ կապված պարտքերը մինչ օրս չի մարվել, սակայն այս տարի մթերման աշխատանքները գոհացուցիչ էին` գումարները տեղում վճարվել են:

-Պարո՛ն Մանուկյան, ըստ Ձեզ` գյուղատնտեսության, հողագործության զարգացումը խթանելու համար ի՞նչ պետք է անել, գյուղացիների մոտ կա՞ն միտումներ, որ ցանկանում են ընդլայնել իրենց աշխատանքները:

-Այսօր գյուղացու ամենակարևոր և առաջնային խնդիրը վարկերի բարձր տոկոսադրույքներն են: Կառավարության նոր որոշման համաձայն` արդեն գյուղացիների համար գործելու են ցածր տոկոսադրույքներով վարկեր, ինչը հողերն ամբողջությամբ մշակելու խթան կդառնա: Ճիշտ է, այժմ էլ գոյություն ունեն վարկեր, որոնք սուբսիդավորվում են պետության կողմից, սակայն նույնիսկ այդ պայմանները գյուղացուն ձեռնտու չէ: Քանի որ այս տարի մթերումը սպասվածից լավ է կատարվել` գյուղացիները շահագրգռված են հաջորդ տարվա համար ավելացնել պտուղ-բանջարեղենի մշակման ծավալները, հուսով եմ` եկող տարի նույնպես գյուղացիները մթերման աշխատանքներից գոհ կմնան:

-Ո՞րն է Ձեր համայնքի առանձնահատկությունը, բնակիչների սոցիալական վիճակն ինչպիսի՞ն է:

-Բավականին լավ աշխարհագրական դիրք ունենք, համայնքի բնակչության թիվը կազմում է 3900: Համայնքն ունի պտղատու այգիների այնպիսի տարածք, որտեղ արարատյան դաշտավայրի ամենահամեղ ծիրանն է աճում և այն սովորականից 10 օր շուտ է հասնում: Այդ հատվածներում միրգ և բանջարեղեն մշակողները բավական մեծ շահույթ են ստանում, քանի որ այն շուտ է հասնում և բարձ գին է ունենում: Բնակչության սոցիալական վիճակը կարելի է գնահատել միջին, արտագաղթ չունենք, կան մարդիկ, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի: Պետք է նշեմ, որ եթե մեզ մոտ կարողանանք զարգացնել սառնարանային և ջերմոցային տնտեսությունը, որը շատ եկամտաբեր զբաղմունք է, այդ ժամանակ, կարծում եմ, բնակիչների սոցիալական վիճակը ևս կբարելավվի:

-Ինչպիսի՞ն է մարզպետարան-համայնքապետարան կապը, կարողանո՞ւմ եք ժամանակին կատարել տարեկան բյուջեն:

-Շատ լավ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ ունենք մարզպետարանի հետ: Մարզպետի հետ մշակվել է եկող տարվա համար մի ծրագիր, որով նախատեսվում է համայնքի կենտրոնական 1,9 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումը, ինչպես նաև բարձրացրել ենք մշակույթի տան վերանորոգման հարցը, որը մեծ ծախսերի հետ է կապված: Ինչ վերաբերում է բյուջեին, ասեմ, որ իմ ղեկավարման տարիների ընթացքում տարեկան բյուջեն միշտ կատարել ենք 100 տոկոսով:

Լրագրող Դշխուհի Իսոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...