11:12
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մոտ ժամանակներս պետական միջոցներ են պետք, որ համայնքը մի փոքր տեսքի բերվի

2018-02-12 11:15

 «Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար Արմեն Եղյանը

 

 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

-Պարո՛ն Եղյան, 2010 թվականից ղեկավարում եք Սիս համայնքը, այս ընթացքում ի՞նչ առանցքային խնդիրներ են լուծվել համայնքում:


-Ճիշտ է, այս տարիների ընթացքում բավականին աշխատանքներ են կատարվել ուղղված համայնքի բարեկեցությանը և բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը, սակայն ես բավարարված չեմ, համայնքը վերջնական տեսքի հասցնելու համար, կարծում եմ, երկար տարիներ է անհրաժեշտ: Կատարված աշխատանքներն իրագործվել են համայնքի միջոցներով. երկու տարի առաջ 30 մլն դրամ ֆինանսական միջոցներով 800 մ ասֆալտապատման աշխատանքներ ենք կատարել, իսկ հաջորդ տարվա համար նախատեսել ենք 11 մլն դրամի նախագիծ, որը ևս ուղղված կլինի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրագործմանը: Յուրաքանչյուր տարի` ամռան ամիսներին, կատարվում են կոպճապատման աշխատանքներ: Մոտ չորս տարի առաջ երկու կիլոմետր լուսավորության ցանց ենք կառուցել, իսկ 2012 թվականին կառուցել ենք համայնքապետարանի շենքը: 2011 թվականին համայնքի միջոցներով կահավորել ենք մանկապարտեզը, իսկ վերանորոգման աշխատանքները կատարվել է «Փրկեք երեխաներին» բարեգործական կազմակերպության կողմից: Այս տարվա ընթացքում մանկապարտեզում 8մլն դրամի ներդրում ենք կատարել. իրականացրել ենք պարսպապատման աշխատանքներ, մանկապարտեզի բակում պտղատու և դեկորատիվ բույսերի ծառատունկ ենք կազմակերպել, ինչպես նաև անցկացրել ենք ոռոգման ջուր: Իմ ղեկավարման տարիների ընթացքում, համայնքի միջոցներով կառուցել ենք մշակույթի տունը, որն այժմ աշխատում է որպես հանդիսությունների սրահ և տրամադրվում է բնակիչներին անվճար: Համայնքի կարևոր խնդիրը` խմելու ջրի բացակայությունն է: Կարողացել ենք ընդամենը մոտ 7 կմ ջրագիծ փոխել, այս պահին մոտ 20 կմ փոխելու ենթակա խողովակներ ունենք: Եթե ֆինանսական աջակցություն լինի, ապա առաջին հերթին կլուծենք հենց խմելու ջրի խնդիրը, քանի որ հիմնականում օգտվում ենք արտեզյան ջրհորներից, իսկ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության որոշման` վերջին տարիներին չի թույլատրվում նոր արտեզյան ջրհորներ փորատել:

-Ասացիք, որ համայնքը վերջնական տեսքի բերելու համար երկար ժամանակ է հարկավոր, առաջիկայում առանձնացրե՞լ եք ծրագրեր, որոնք հնարավոր կլինի իրականացնել, կամ` դիմե՞լ եք համապատասխան մարմինների` աջակցության համար:

-Իհարկե շատ ծրագրեր կան, բայց այս պահի դրությամբ համայնքի առաջնային խնդիրը փողոցների ասֆալտապատումն է, խմելու ջուրը, գազաֆիկացումը, այնուհետև դպրոցի ջեռուցման խնդրին պետք է լուծում տրվի, ինչի համար դիմել ենք համապատասխան մարմիններին, ովքեր խոստացել են կատարել դպրոցի ջեռուցման աշխատանքները: Դպրոցի պատուհանները եվրոպական արտադրության են, այժմ ճաշարանն ենք վերանորոգում: Այս պահին, կրկին համայնքի միջոցներով, նորոգում ենք փոստատան շենքը: Համոզված եմ` համայնքի միջոցները բավարար չեն, որ մոտակա ժամանակահատվածում այդ խնդիրներից որևէ մեկին կարողանանք լուծում տալ: Մոտ ժամանակներս պետական միջոցներ են պետք, որ համայնքը մի քիչ տեսքի բերվի:

-Պարոն Եղյան, ո՞րքան է կազմում բնակչության թիվը և գյուղացին հիմնականում ինչո՞վ է զբաղվում:

-Մեր համայնքն այդքան էլ հին չէ, բնակիչները հիմնականում Ադրբեջանի փախստականներ են, ովքեր բնակություն են հաստատել մեզ մոտ 1988 թվականին: Համայնքն ունի 1800 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Սակայն պետք է նշեմ, որ մեր համայնքում, ի տարբերություն շատ այլ համայնքների, զբաղվածության մակարդակը բավականին բարձր է: Մեզ մոտ հիմնականում զարգացած է ձկնաբուծությունը, որը բավականին եկամտաբեր զբաղմունք է:

-Ունե՞ք որևէ որդեգրած սկզբունք, որով առաջնորդվում եք:

-Հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի համայնքի համար գոնե մի փոքր լավ լինի:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք համայնքի բնակիչներին:

-Ամենակարևորը` մեր սահմաններում խաղաղություն լինի, բնակիչները խաղաղ ապրեն, իսկ մնացած խնդիրները ժամանակի ընթացքում, անպայման լուծում կստանան:

Լրագրող Դշխուհի Իսոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...