22:22
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Դժվարությունների մեծ մասն արդեն հաղթահարված է

2018-02-09 14:58

 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 


«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Արարատի մարզի Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը:


-Պարո՛ն Սիմոնյան, մոտ 20 տարի է համայնքի ղեկավարն եք, ինչպե՞ս եք ընդունել համայնքը և ի՞նչ տեսք ունի այն այժմ, ի՞նչ խնդիրներ են կարգավորվել համայնքում:


-2000 թվականին, երբ դարձա համայնքի ղեկավար` համայնքն ուներ դժվար լուծվող խնդիրներ, սկսեցի դժվարությունները կամաց-կամաց հաղթահարել և այսօր` ետ նայելով հասկանում եմ, որ դժվարությունների մեծ մասն արդեն հաղթահարված է: Բոլոր համայնքների նման մեր համայնքը ևս ունեցել է առաջնային խնդիրներ:
Այս տարիների ընթացքում կատարվել է հնարավորինս ամեն ինչ: Չենք ունեցել ամբուլատորիա, այսօր արդեն ԾԻԳ-ի միջոցով ամբուլատորիա է կառուցված համայնքում, որը սպասարկում է միանգամից 3-4 գյուղ: Չենք ունեցել նաև մանկապարտեզ, բայց 2005 թվականին այդ խնդիրը ևս լուծեցինք` այսօր արդեն 105 երեխա ամբողջ տարին օգտվում է մանկապարտեզից: Ոռոգման ներտնտեսային ցանցի խնդիր ենք ունեցել, որը ամբողջությամբ փոխվել է իմ ղեկավարության ընթացքում: Խմելու ջրի համակարգը 99 տոկոսով փոխվել է: Այս տարիների ընթացքում գիշերային լուսավորությամբ և գազամատակարարմամբ համայնքը ևս ամբողջովին ապահովվել է: Այսօր կենցաղային բոլոր պայմաններով համայնքը ապահովված է. մնում է բնակիչը գա, տուն կառուցի և բնակվի:

-Ինչո՞վ են հիմնականում զբաղվում համայնքի բնակիչները. արդյո՞ք կան արտագնա աշխատանքի մեկնողներ:

-Համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Համայնքում կա 339 հեկտար վարելահող, որն ամբողջովին մշակվում է, նույնիսկ 1 սանտիմետր դատարկ հող չունենք: Համայնքում զարգացած է նաև ջերմոցային տնտեսությունը:
Գյուղատնտեսության ճյուղերից այստեղ բաց և փակ գրունտի աշխատանքներն են շատ: Տնտեսությունն անընդհատ մեծացնում ենք: Արտագնա աշխատանքի մեկնողներ բացարձակ չունենք, նույնիսկ մեզ մոտ են գալիս աշխատում, որովհետև հոյակապ հողեր ունենք:
Համայնքում ես ևս ունեմ իմ միջոցներով ձեռք բերած հողակտորներ, որտեղ կառուցել եմ ջերմոցներ: Վարկեր եմ վերցրել, իսկ տնտեսությունը զարգացնելով, կարողացել եմ վարկերը փակել: Այս պահին էլ ուզում եմ անասնապահությամբ զբաղվել:

-Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել էր մարզ, ի՞նչ զարգացման ծրագիր եք ներկայացրել վարչապետին:

-Մեր գործին հիմնականում խանգարում էր Թուրքիայից և Պարսկաստանից բերված անորակ բանջարեղենը: Բարձր գներով անորակ բանջարեղեն էին բերում և վաճառում` խանգարելով մեր տնտեսությանը, համայնքի զարգացմանը: Ես խնդրեցի վարչապետին, որպեսզի լուծում տա այդ խնդրին, քանի որ մենք` մեր արտադրանքով, նույնիսկ ամբողջ հանրապետությանը կարող ենք ապահովել բանջարեղենով: Վարչապետը լուծեց այս հարցը: Այսօր մեր շուկաներում այլևս չեք հանդիպի ոչ մի նմանատիպ բանջարեղենով բեռնված մեքենա:

 

-Ի՞նչ խնդիրներ կան գյուղի հետագա զարգացման հետ կապված. ի՞նչ պլաններ ունեք 2018 թվականին իրագործելու համար:

-Ես առաջնային խնդիրներից եմ համարում գյուղական դպրոցների հարցը: Շատ կուզենայի, որ կառավարությունը մարզային դպրոցներին ուշադրություն դարձներ: Ոչ մի համայնքում այժմ նոր դպրոց չկա: Ընտրությունների ժամանակ դպրոցները մասնակի վերանորոգվել են դրսից, բայց ներքին վերանորոգում դեռ պետք է արվի: Համայնքում միլիոնավոր խնդիրներ կան նաև կադաստրի հետ կապված:
Շատ կուզենայի, որ այն համայնքները, որոնք ունեն մանկապարտեզ, երաժշտական դպրոց, սպորտհամալիր` այդ համայնքներին տրված դոտացիաների գումարների չափը բարձրացվեր:

 

Լրագրող` Լուիզա Ավագյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...