00:33
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առաջին իսկ վայրկյանից մեզ մոտ հիվանդն իրեն զգում է հուսալի ձեռքերում

2018-03-13 12:03

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)   

Բժշկական կենտրոնների ճիշտ և գրագետ աշխատանքն այսօր, թերևս, ամենակարևորն է հասարակության համար, իսկ առավել կարևորն այն է, երբ այդ կենտրոնների ղեկավարները համապատասխան գիտելիքներով, կլինիկական մտածելակերպով խթան են հանդիսանում առողջապահական ոլորտի զարգացմանը: Հենց այդպիսի ղեկավար է Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը, ով օրվա ցանկացած պահի պատրաստակամ է օգնել բժշկական կենտրոն այցելած յուրաքանչյուր հիվանդի:
Բժշկական կենտրոնի խնդիրների, ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանի հետ:

 

-Տիկի՛ն Ավանեսյան, աշխատանքային ի՞նչ ուղի եք անցել մինչ բժշկական կենտրոնի տնօրեն նշանակվելը:


-Աշխատանքային գործունեությունս սկսել եմ Վաղարշապատի պոլիկլինիկայից՝ աշխատելով որպես բժիշկ-սոնոգրաֆիստ, այնուհետև 2011 թվականին նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Կարմիր Բլուր» պոլիկլինիկայում որպես տնօրեն: Վեց տարի անց` 2017 թվականի ապրիլի 7-ին, նշանակվեցի Արարատի մարզի Դարակերտ գյուղի ՊՈԱԿ-ի տնօրեն, որից հետո նույն թվականի օգոստոսի 10-ից արդեն աշխատում եմ Մասիսի բժշկական կենտրոնում:

-Ի՞նչ խնդիրներով ընդունեցիք բժշկական կենտրոնը և այս կարճ ժամանակահատվածում, ի՞նչ բարենպաստ աշխատանքներ են իրականցվել Մասիսի բժշկական կենտրոնում:

- Բժշկական կենտրոնը բավականին լուրջ խնդիրների առջև էր կանգնած: Առաջնային և կարևոր խնդիրներից մեկն այն էր, որ բնակիչները կորցրել էին հավատը բժշկական կենտրոնի և բժիշկների նկատմամբ: Աշխատանքային առաջին իսկ օրվանից փորձեցի կարգավորել բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները և կարծում եմ, որ այսօր դա ինձ մոտ ստացվել է: Օրինակ, եթե նախորդ տարի ծննդատանն ունեցել ենք 15 ծնունդ, ապա այս տարի կտրուկ աճել է ցուցանիշը` հասնելով մինչև 61-ի, թերևս դա խոսում է այն մասին, որ բնակիչների մոտ արդեն վստահություն կա մեր բժշկական կենտրոնի և բժիշկների նկատմամբ: Բուժ-անձնակազմի հոգեբանության մեջ փորձում եմ սերմանել այն սկզբունքը, որ հիվանդը չպետք է առանց բուժօգնություն ստանալու հեռանա բժշկական կենտրոնից: Մեր հաստատություն դիմած ցանկացած հիվանդի բուժ-անձնակազմը բարեհամբույր և հոգատար վերաբերմունք է ցուցաբերում, իսկ դա նպաստում է, որ հիվանդն իրեն պաշտպանված զգա և հավատա, որ հուսալի ձեռքերում է:
Այս ընթացքում ստեղծվել է անհետաձգելի բուժօգնության ծառայություն, որի իմաստը կայանում է նրանում, որ երբ հիվանդը մտնում է ընդունարան, առաջին իսկ վայրկյանից ստանա անհետաձգելի բուժօգնությունը և ապա տեղափոխվի համապատասխան բաժանմունք: Իմ աշխատանքային այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ կարգավորել բժիշկների և բուժքույրերի արտաքին տեսքը. սահմանվել է համապատասխան աշխատանքային հագուստ, բժիշկները կրում են սպիտակ խալաթ, իսկ բուժքույրերը վարդագույն տաբատ և սպիտակ վերնաշապիկ: Ըստ իս, երբ բժշկական կենտրոն ես այցելում, առաջին իսկ հայացքից բժիշկը պետք է քեզ վստահություն ներշնչի, ուստի ինձ համար, բացի գիտելիքները, շատ կարևոր էր նաև մեր բժիշկների արտաքին տեսքը:


Մեր հաստատություն դիմած ցանկացած հիվանդի բուժ-անձնակազմը բարեհամբույր և հոգատար

վերաբերմունք է ցուցաբերում, իսկ դա նպաստում է, որ հիվանդն իրեն

պաշտպանված զգա և հավատա, որ հուսալի ձեռքերում է:


-Դուք խոսեցիք այն մասին, որ ցանկացած պարագայում հիվանդն առանց բուժօգնություն ստանալու չպետք է հեռանա բուժ-կենտրոնից, իսկ երբ հիվանդը վճարունակ չէ, ինչպե՞ս եք վարվում այդ դեպքում:

-Այն մարդիկ, ովքեր վճարունակ չեն ձևակերպվում է պետպատվեր: Պետպատվերի խմբի մեջ մտնում են հատուկ սոցիալական խնդիր ունեցող մարդիկ, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամները, «Փարոս» համակարգում ընդգրկված մարդիկ, Հայրենական և Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները և միայնակ թոշակառուները: Ինչպես նշեցի, մեր բժշկական կենտրոնից ոչ ոք չի հեռանում առանց բուժօգնություն ստանալու, շատ են լինում դեպքեր երբ հիվանդները ընդգրկված չեն լինում նշված որևէ խմբի մեջ, սակայն իմ մակագրությամբ սպասարկվում են անվճար:

-Ի՞նչ բաժանմունքներ է գործում Մասիսի բժշկական կենտրոնում:

-Բժշկական կենտրոնում գործում է շտապ օգնության կայան, որը սպասարկում է Մասիս քաղաքի և հարակից գյուղերի բնակչությանը: Ունենք ընդունարան, որտեղ, ինչպես նշեցի, անհետաձգելի բուժօգնության ծառայությունն է գործում: Կենտրոնում գործում է մանկական բաժանմունք, թերապևտիկ բաժանմունք, ինֆեկցիոն բաժանմունք, գինեկոլոգիական ծառայություն, ընդհանուր վիրաբուժության բաժանմունք, որի մեջ արդեն ներառված է կրծքային վիրաբուժությունը: Նաև ունենք արտահիվանդանոցային ծառայություն, լաբորատոր դիագնոստիկ ծառայություն, ծննդատուն, պոլիկլինիկա և դիահերձարան:
Բժշկական կենտրոնում գործում են բժշկական ծառայություն մատուցելու համար, գրեթե, բոլոր անհրաժեշտ բաժանմունքները` համապատասխան սարքավորումներով և, ամենակարևորը, որակյալ կադրերով, որոնք բարձրորակ բուժծառայություն են մատուցում:

 Համոզված եմ, որ տարիներ հետո կունենանք ավելի 

բարեկարգ և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն:

-Տիկի՛ն Ավանեսյան, բժշկական կենտրոնն արդյո՞ք ունի մասնագետների խնդիր և հաճա՞խ են Ձեզ մոտ հրավիրվում արտերկրից մասնագետներ:

-Մասնագետների խնդիր այժմ չունենք, իմ ղեկավարման ընթացքում բժշկական կենտրոնը համալրվել է նոր որակավորում ունեցող մասնագետներով. կրծքային վիրաբույժ, տրավմատոլոգ: Հաճախ ենք տարբեր արտասահմանյան երկրներից հրավիրում մասնագետների, ովքեր այցելելով մեր բժշկական կենտրոն կատարում են անվճար հետազոտություններ և վիրահատություններ, որը մեր բժիշկների համար դառնում է պրակտիկ հմտություններ ձեռք բերելու, ինքնուրույն արվող աշխատանքների որակը բարձրացնելու յուրօրինակ վերապատրաստման գործընթաց: Օրինակ, երկու ամիս առաջ մեր կենտրոն էին ժամանել ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից տարբեր բժիշկներ. գինեկոլոգ, թերապևտ, քիթ-կոկորդ-ականջաբան, երկու մանկաբույժ, բժիշկ-տրավմատոլոգ, ակնաբույժ և վիրաբույժ: Այցի շրջանակներում արտերկրից ժամանած մասնագետները կատարեցին անվճար հետազոտություններ և վիրահատություններ:

-Շենքային պայմաններն այդքան էլ բարվոք վիճակում չեն, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

-Շենքային պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում, շենքը բավականին հին է, կոսմետիկ վերանորոգման կարիք ունի, սակայն մի բան հստակ կարող եմ ասել, հին տունն էլ երբ մաքրում ես, նոր է երևում: Մենք փորձում ենք պահպանել այն, ինչ ունենք: Կենտրոնն այժմ բավականին լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, իմ ղեկավարման ընթացքում ձեռք են բերվել որոշ սարքավորումներ, օրինակ` նորածնային բաժանմունքում ձեռք է բերվել ացեսի ապարատ: Իմ միջոցներով գնել եմ մեզի ավտոմատ անալիզատոր: Հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք դուրս գալ այս դժվարին իրավիճակից, համոզված եմ, որ տարիներ հետո կունենանք ավելի բարեկարգ և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն:


Բժշկական կենտրոնի տնօրենը չպետք է միայն ադմինիստրատիվ աշխատանք կատարի,

քանի որ նա պատասխանատվություն է կրում 

մարդու, թերևս ամենաթանկ բանի՝ կյանքի համար:


-Ո՞ր դեպքում եք հիվանդներին ուղեգրում Երևանի բժշկական կենտրոններ:

-Հիվանդներին ուղեգրում ենք Երևանի բուժ-հաստատություններ միայն գանգուղեղային տրավմաների դեպքում, մնացած բոլոր դեպքերում հիվանդները բուժում ստանում են միմիայն մեր բժշկական կենտրոնում:

-Տիկի՛ն Ավանեսյան, ինչ եք կարծում, կարևո՞ր է, որ բժշկական կենտրոնի տնօրենը մասնագիտությամբ բժիշկ լինի:

-Այո՛, շատ կարևոր է որպեսզի բժշկական կենտրոնի տնօրենը մասնագիտությամբ բժիշկ լինի: Պարզ դեպքով մեկնաբանեմ` օրինակ, հիվանդանոցում հրատապ դեպք է պատահել, եթե ես բժիշկ չլինեմ, չպատկերացնեմ հիվանդության ընթացքը, հետևանքները, չունենամ համապատասխան գիտելիքներ և կլինիկական մտածելակերպ, ապա վստահ կարող եմ ասել, որ շատ դժվար կլիներ այդ իրավիճակում կողմնորոշվելը և ճիշտ որոշում կայացնելը: Բժշկական կենտրոնի տնօրենը չպետք է միայն ադմինիստրատիվ աշխատանք կատարի, քանի որ նա պատասխանատվություն է կրում մարդու, թերևս ամենաթանկ բանի` կյանքի համար:

-Բավականին ձեռքբերումներ ունեք աշխատանքում, Ձեզ սիրում և հարգում են աշխատավայրում, ի՞նչ սկզբունքներով եք աշխատում, որ կարողանում եք հասնել նման հաջողությունների:

-Շատ հետևողական և պահանջկոտ ղեկավար եմ: Ամենակարևորն ինձ համար աշխատանքում ընտանեկան մթնոլորտ ձևավորելն է: Ամեն անգամ աշխատանքային ծրագրերի քննարկման ժամանակ իմ բժիշկներին ասում եմ` թողեք ձեր առօրյա խնդիրները դրսում և լավ տրամադրվածությամբ մտեք այս ընտանիք, որտեղ անցկացնում եք օրվա գերակշիռ մասը և կենտրոնացեք միմիայն ձեր աշխատանքի վրա:

 

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...