2018-01-18 15:44
«Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.)
Արարատի մարզը Հայաստանի գյուղատնտե֊սության հենասյուներից է, թերևս Հայաստանի ամենաքաղաքականացված մարզը և ակնհայտ է, որ նման մարզ կառավարելը և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսանկյունից մեծ պատասխանատվություն ու հմտություններ է պահանջում:
Ամփոփելով 2017 թվականը «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը տարվա մարզպետ է ճանաչել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին` հաշվի առնելով առավելապես երկու գործոն. անցնող տարվա ապրիլին տեղի ունեցած Խորհրդարանական ընտրություններն Արարատի մարզում անցան բավականին մրցակցային և քաղաքականացված մթնոլորտում, ու թեև Արարատի մարզից պատգամավորի ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանն անձնական մեծ հեղինակություն և հարգանք ունի մարզում, ինչի արդյունքում վերջին տարիներին հանրապետության մասշտաբով ստանում է ամենաբարձր քվեները, այս անգամ ևս ամենաշատ ձայներով ընտրվեց Ազգային Ժողովի պատգամավոր (Արայիկ Գրիգորյան` 45 339 ձայն, Կարեն Կարապետյան` 44 255 ձայն, Սամվել Ալեքսանյան` 42472 քվե), ի պատիվ Գրիգորյան ընտանիքի` մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, որ չի միջամտելու Խորհրդարանական ընտրություններին և չի աջակցելու որևէ թեկնածուի, այդ թվում և իր եղբորը` Արայիկ Գրիգորյանին:
Այս հայտարարությունը մի կողմից ցույց տվեց, որ Արայիկ Գրիգորյանը չի ցանկանում և թույլ չի տալիս, որ իր համար աշխատի մարզային վարչական ռեսուրսը, իսկ մյուս կողմից` մարզպետ Արամայիս Գրիգորյանը մրցակցային և արդար ընտրություններ ապահովեց սեփական մարզում` իր բաժին լեգիտիմության կաթիլն ավելացնելով միջազգային կառույցների կողմից լավագույն ընտրություններ համարվող Խորհրդարանական ընտրությունների ծովում: Մարզպետ Արամայիս Գրիգորյանը հաջողությամբ փակեց նաև մարզի տնտեսական տարին. մթերումները կատարվել են ժամանակին, գյուղացիները ստացել են իրենց գումարները, պետական բյուջեով հատկացված գլոբալ ծրագրեր են իրականացվում Արարատի մարզում` Վեդու ջրամբարի կառուցումից մինչև արտեզյան ջրերի օգտագործման կանոնակարգում...
Արարատի մարզն առաջատար է նաև վարչապետի հանձնարարականները կատարելու հարցում, և վարչապետ Կարեն Կարապետյանը Արամայիս Գրիգորյանի հաշվետվությունն ընդունելիս բարձր գնահատական հնչեցրեց մարզպետարանի և մարզպետի հասցեին:
Կարծում եմ` բավարար հիմքեր ունենք Արարատի մարզպետին տարվա մարզպետ ճանաչելու համար...
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի
գլխավոր խմբագիր
Վերադառնալ