17:35
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա Բրենդ 2017 «Ծիրանի» ռեստորանների ընտանիք. «Տարվա բրենդ 2017»

2018-01-15 17:14

 «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)

Фото Луизы Погосян.




          Հայկական ավանդական ընտանիքի մի գեղեցիկ պատմություն, որը վերաճեց «համեղ» բիզնեսի:
«Ծիրանի» բառն ինքնին արտահայտում է այն գաղափարը, որի շուրջ կառուցվել է մի փոքրիկ ռեստորանների ընտանիք. «հայի համը» մարմնավորող ծիրան, ծիրանի ծառ:
«Ծիրանի» ռեստորանների ընտանիքի մաս կազմող յուրաքանչյուր ռեստորանի յուրատիպությունը, ոգին, կոլորիտն այնքան ազգային ու այնքան հայկական են, որ անտարբեր չեն թողնում ոչ միայն տեղացիներին, այլև Հայաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկի:
Բարձր գնահատելով «Ծիրանի» ռեստորանների ընտանիքի աշխատանքը և իր գործունեության տեսակի մեջ եզակիությունը` «Դե Ֆակտո» ամսագիրը «Ծիրանի» ապրանքանիշը ճանաչել է «Տարվա բրենդ 2017»: Իսկ «Ծիրանի»-ի ստեղծման պատմությանը փորձենք ծանոթանալ «Ծիրանի» ռեստորանների ընտանիքի տնօրեն Ստյոպա Ծառուկյանի հետ զրույցի ընթացքում:

 

-Պարո՛ն Ծառուկյան, մի փոքր կպատմե՞ք «Ծիրանի» ապրանքանիշի ակունքների մասին:

-«Ծիրանի» բրենդի պատմությունն իմ ընտանիքի, մեծ պապիս պատմությունն է: Պապս անսահման հյուրասեր ու ավանդապահ հայ մարդ էր, սիրում էր համեղ պատրաստել, Առինջ գյուղի իր տան բակում սեղան գցել, հյուրեր ընդունել. խոհանոցը նրա տարերքն էր: Պապս` Ստյոպա Ծառուկյանը, որոշում է իր տան ներքնահարկում ռեստորան բացել` իրեն տրված խոհարարական շնորհը վերածել եկամտի աղբյուրի: Կարճ ժամանակում պապիս ռեստորանը մեծ համբավ է ձեռք բերում, նրա մոտ են հյուրընկալվում մեծանուն մարդիկ, ովքեր սիրում ու մեծ հարգանք էին տածում պապիս նկատմամբ: Հայրս` Սամվել Ծառուկյանը, տեսնելով ընտանեկան փոքրիկ բիզնեսի մեծ հաջողությունները, որոշում է խոհարարական դպրոցում ուսանել, զարգացնել պապիցս ժառանգած` համի հանդեպ սերն ու նուրբ զգացումը, ձեռք բերել նոր հմտություններ և շարունակել նրա գործը:
1991-1992թթ. Առինջ գյուղում պապիս ստեղծած «Փոքրիկ Ստեփանոս» ռեստորանն ամենամեծն էր: Ցավոք, պապս երկար չաշխատեց իր ստեղծած ռեստորանում` երկու տարի անց նա հեռացավ կյանքից: Այնուհետև հայրս որոշեց մեզ պատկանող մի փոքրիկ հողակտորի վրա բացել արագ սննդի կետ, որտեղ պապիս բաղադրատոմսով պատրաստված համեղագույն քաբաբներ ու խորոված էր մատուցում: Այժմ այն «Համով տնակ» անունը կրող արագ սննդի ռեստորան է: Միառժամանակ անց հայրս դրան կից ստեղծում է «Գինետուն» ռեստորանը, որն այժմ վերակառուցվում է և շուտով իր հյուրընկալ դռները կբացի` իր ձմեռային հիանալի այգով, հարմարավետ, ջերմ ու գողտրիկ իր անկյուններով:
Եվ, ի վերջո, «Ծիրանի»-ի մասին: Այն շատ հետաքրքիր պատմություն ունի. հայրս ծիրանենիների այգի ուներ, այգուն պետք էր նոր շունչ հաղորդել` բնության այդ հրաշքը կիսել մարդկանց հետ և որոշվեց ստեղծել այգի-ռեստորան: Դա 2012թ. էր. «Ծիրանի» այգի-ռեստորանի գործունեության սկիզբը:

 

Մեր նպատակն էր ստեղծել մի իրականություն, որտեղ յուրաքանչյուր ոք կհայտնվի հին հայկական,

ավանդական տանը, ուր հավաքվում են մտերիմներով, նշում ուրախ առիթներ

կամ պարզապես լավ ժամանակ անցկացնում` վայելելով հայկական համեղ խոհանոցի ճաշատեսակներ:

 

-Ինչպիսի՞ արձագանքների հանդիպեցիք այգի-ռեստորանի գործունեության սկզբում և ինչո՞ւ որոշեցիք «Ծիրանի» ռեստորան բացել նաև մայրաքաղաք Երևանում:

-Շատերը թերահավատ էին, որ Երևանից մոտ 10 կմ հեռու գտնվող ռեստորանը կունենա այցելուներ: Բայց հայրս հաստատակամ էր, հավատում էր այն գաղափարին, որ ներդրել էր դրանում: Եվ ժամանակն ապացուցեց, որ նա չէր սխալվել: Սկսեցինք պապիցս մեզ փոխանցված «հաց տվողի» ընտանեկան ավանդույթը վերածել բիզնեսի` այս գործին ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, ապահովել ծառայությունների մատուցման բարձր մակարդակ:
Մենք ջանք չենք խնայել մեր ռեստորանում ավանդական հայկական մթնոլորտի, միջավայրի ապահովման ու ստեղծման համար` օգտագործելով ավանդական կահկարասի, մատուցելով ավանդական ուտեստներ, հրամցնելով հայի ականջին հաճելի երաժշտություն, հյուրընկալելով մարդկանց գրկաբաց ու ջերմությամբ: Մեր նպատակն էր ստեղծել մի իրականություն, որտեղ յուրաքանչյուր ոք կհայտնվի հին հայկական, ավանդական տանը, ուր հավաքվում են մտերիմներով, նշում ուրախ առիթներ կամ պարզապես լավ ժամանակ անցկացնում` վայելելով հայկական համեղ խոհանոցի ճաշատեսակներ: Կարծում եմ` հաջողել ենք:
Այգի-ռեստորանի հաջողված նախագիծն ու նրա այցելուների ցանկությանն անսալով` որոշեցինք մայրաքաղաքի սրտում ևս ունենալ «Ծիրանի» ռեստորան, որն ինքնին տուն է, տուն-ռեստորան, որտեղ ստեղծել ենք հայ ազնվական մարդու կենսակերպը ներկայացնող մի միջավայր, և որտեղ մեր յուրաքանչյուր այցելու իրեն կարող է զգալ հայ ազնվականության մի մասնիկը, ով իր մեջ կրում էր այն լավագույնն ու արժեքավորը, որ ունեցել ենք ոչ վաղ անցյալում:

-Մի փոքր խոսենք ճաշացանկի մասին: Ինչպիսի՞ն է այն:

-Մեր ռեստորանների «համը» հայրս է որոշում ու պահում, ով մեր ընտանեկան բաղադրատոմսերն ու խոհարարական հմտությունները փոխանցել է մեր մյուս խոհարարներին: Սննդի բաղադրամասերի որակից մինչև ճաշատեսակների պատրաստում և մատուցում նա է վերահսկում: Մեզ համար չափազանց կարևոր է էկոլոգիապես մաքուր ու որակյալ սննդի օգտագործումը և յուրաքանչյուր ճաշատեսակի համային ու որակական հատկանիշների պահպանումը:
Ճաշացանկը բազմազան է, մատուցում ենք այն ամենը, ինչ յուրաքանչյուր հայկական ավանդական ընտանիքներում` տոլմաների մեծ տեսականի, խորովածների լայն ընտրանի, խաշ և ոչ միայն: «Ծիրանի» ռեստորաններում մատուցվում է նաև տեղում պատրաստվող ավանդական թոնրի թարմ հաց, քաղցրավենիքի և պահածոների լայն տեսականի: Մայրաքաղաքում գործող «Ծիրանի» տուն-ռեստորանի սրահում յուրաքանչյուր հյուր կարող է հետևել հայկական ավանդական լավաշի պատրաստման գործընթացին, վայելել հին երևանյան տան մթնոլորտը:
Ճաշացանկը տարվա ընթացքում երկու անգամ թարմացնում ենք, նոր համեր ենք ստեղծում` պահպանելով ավանդական հայկական խոհանոցի ավանդույթները, միևնույն ժամանակ մեր հյուրերի համար մնալով համի առումով կանխատեսելի և յուրատիպ:



«Ծիրանի» ռեստորանների ընտանիքը հայտնի հյուրեր շատ է ունեցել, բայց նրանցից մեկի`

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի համացանցում տեղադրած «Ծիրանի»-ում

արված ինքնանկարը միջազգային հետաքրքրության ալիք բարձրացրեց «Ծիրանի»

ապրանքանիշի հանդեպ:

-«Ծիրանի» ռեստորանների ընտանիքում կարևոր տեղ է զբաղեցնում նաև նորաբաց «Ոստան» ռեստորանը, որը ևս հետաքրքիր և գողտրիկ մի անկյուն է Երևանի հենց սրտում: Մի փոքր պատմեք` ինչպե՞ս այն ստեղծվեց:

-Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մի օր Աբովյան փողոցով զբոսնելիս նկատեցի ներկայիս «Ոստան» ռեստորանի խորհրդանշանական դուռը` մաքրամաքուր հայկական ոճով կառուցված մի դուռ, որն անչափ տպավորեց ինձ: Վարձակալության հայտարարություն կար: Անմիջապես զանգահարեցի: Շենքը խիստ անմխիթար վիճակում էր, հիմնովին վերանորոգման կարիք ուներ, բայց ես չհապաղեցի: 100 օրում «Ոստան» ռեստորանի վերակառուցումն ավարտվեց, և իր հյուրընկալ ու պատմությամբ ներծծված դուռը բացեց բոլորի առջև: Ձգտել ենք պահպանել շենքի ներքին հարդարանքի յուրաքանչյուր մանրուք` այն շատ հայկական է, երևանյան, կարծես ժամանակն այստեղ կանգ է առել: «Ոստան» ռեստորանի դռան բռնակը ևս հետաքրքրական պատմություն ունի. այն ժամանակին գողացել էին, սակայն մենք գտել ենք վարպետին և վերականգնել այն. դուռն այժմ ամբողջական է, ինչպես իր ստեղծման ժամանակ` 20-րդ դարասկզբին:
«Ոստան»-ի նախասրահում ներկայացված է «Պրեգոմեշ» զարդերի հավաքածուն, որը ևս յուրահատուկ ազգային կոլորիտ ու ոգի է հաղորդում ռեստորանին:
«Ոստան» ռեստորանի խոհանոցը նույնպես հայկական է, սակայն ունի իր ուրույն ձեռագիրն ու համը: Այստեղ հաշվի են առնվել տարբեր հյուրերի ակնկալիքներն ու համային պահանջները:

-«Ծիրանի» ռեստորանների ընտանիքի մաս կազմող ռեստորաններում հայտնի հյուրեր շատ եք ունեցել, սակայն այս տարի Ձեզ հյուրընկալվեց բարձրաստիճան մի պաշտոնյա, ում կողմից համացանցում տեղադրված ինքնանկարը միջազգային արձագանք գտավ: Խնդրում եմ պատմեք այդ մասին:

-Մեր հյուրերը շատ տարբեր են և բոլորին հավասարապես մեծ հարգանքով ենք հյուրընկալում: Դուք խոսում եք ՀՀ և ՌԴ կառավարությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումից հետո «Ծիրանի» այգի-ռեստորան այցելության մասին, որի ժամանակ արված ինքնանկարը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տեղադրել էր համացանցում: Դա իսկապես լայն արձագանք գտավ համացանցում և մեր ռեստորանի նկատմամբ միջազգային հետաքրքրության ալիք բարձրացավ: Մեզ համար մեծ պատիվ է նման բարձրաստիճան հյուրեր ունենալը և նրանց բարձր գնահատականին արժանանալը: Մեր հիշարժան հյուրերից է նաև լեգենդար Շառլ Ազնավուրը, ում բախտ ունեցա հանդիպելու «Ոստան» ռեստորանում: Նա տպավորված էր ռեստորանով, ինչը մեր հետագա համագործակցության հիմք դարձավ, որի մասին այս պահին կլռեմ:

-Ըստ Ձեզ` արդյո՞ք «Ծիրանի» բրենդը կայացել է:

-Կայանալ նշանակում է հասնել վերջնական նպատակակետին, իսկ մենք դեռևս շատ աշխատանքներ ու նախագծեր ունենք իրականացնելու: Միշտ զարգանալու ու առավելագույնին ձգտելու ճանապարհ կա անցնելու: Կարծում եմ` «Ծիրանի» ապրանքանիշը դեռևս ճանապարհ ունի անցնելու: Տեղական շուկայում առաջատարներից է, սակայն չենք սահմանափակվում միայն այստեղով` ասելիք ունենք Հայաստանի սահմաններից դուրս ևս:

 

«Ծիրանի»-ի հաջողության գաղտնիքն ամփոփվում է մեկ բառի մեջ` ընտանիք,

որն իր մեջ ներառում է ջերմություն, ազնվություն, մաքրություն, սեր,

հոգատարություն առ մեր թիմի բոլոր անդամներ եւ հյուրեր:

-Ո՞րն եք համարում «Ծիրանի» բրենդի հաջողության գրավականը:

-«Ծիրանի»-ի հաջողության գաղտնիքը կարող եմ բնորոշել մեկ բառով` ընտանիք, որն իր մեջ ներառում է ջերմություն, ազնվություն, մաքրություն, սեր, հոգատարություն առ մեր թիմի բոլոր անդամներ և հյուրեր: Սա արժեք է, որը բարձր է գնահատվում մեր յուրաքանչյուր հյուրի կողմից, և որը շատ դժվար է ներդնել բիզնեսում ու փոխանցել սպառողին:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ծրագրերը շատ են, յուրահատուկ, սակայն այժմ չեմ ուզում բացել փակագծերը:

-Առջևում Ամանորն է, ի՞նչ հետաքրքիր առաջարկներ և ծրագրեր կան տոնի հետ կապված:

-Այս տարի մենք որոշել եք աշխատել ամանորյա տոներին, մեր ռեստորանները բաց են լինելու, ունենք հետաքրքիր անակնկալներ, այնպես որ սպասում ենք բոլորին:

-Ինչպիսի՞ տոն է Ձեզ համար Ամանորը, ինչպե՞ս եք այն տոնում և Ձեր բարեմաղթանքը:

-Ամանորն իմ ամենասիրելի տոներից է, որը նշում եմ ընտանիքիս և հարազատներիս հետ միասին: Այն շատ լավ առիթ է սիրելի մարդկանց ուրախացնելու, նրանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար:
Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթում բոլորիս սեր, լավատեսություն, ինքնավստահություն, հավատ վաղվա օրվա հանդեպ և երջանկություն:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...