20:03
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԸ աշխարհում միակ երկիրն է, որին հաջողվել է արտաքին քաղաքականության նման կուրս որդեգրել

2018-01-15 16:35

ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

 «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)

 -Պարո՛ն Հարությունյան, Աժ աշխատանքները մոտենում են ավարտին, հետաքրքիր է, որքանո՞վ է Ձեզ հաջողվել այս մի քանի ամիսների ընթացքում ներգրավվել Աժ աշխատանքներում, և արդյո՞ք Աժ մասին Ձեր նախնական պատկերացումներն իրականությանը մոտ էին:

-Մինչև Աժ պատգամավոր դառնալը, ես քաջ գիտակցում էի, թե ինչ պարտականություններ և առաքելություն ունի պատգամավորը, ինչպիսի աշխատանք է ինձ սպասվում, այդ առումով ոչինչ չի փոխվել, թեև, բնական է, որ պատկերացումներն ու իրականությունը չեն կարող լիովին համընկնել:
Ես աշխատում եմ Աժ գերծանրաբեռնված հանձնաժողովներից մեկում` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, բավականին ակտիվ ներգրավվածություն ունեմ մեր հանձնաժողովի աշխատանքներում, տվյալ պահին աշխատում եմ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների պատրաստման ուղղությամբ, նախատեսում եմ առաջարկել որոշակի փոփոխություններ իրականացնել ՀՀ հարկային օրենսգրքում, որոնք հնարավորություն կտան բարելավել բիզնես միջավայրը:

-2017թ. մոտենում է ավարտին, ամփոփելով 2017թ. Աժ աշխատանքները` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կնշեք, ընդունված օրենքներ, որոնք հատկապես կարևորում եք:

-Ամփոփելով տարին` պետք է նշեմ, որ ՀՀ Ազգային ժողովը բավականին արդյունավետ է աշխատել, ընդունել է օրենքներ, որոնք ուղղված են մեր երկրում առկա խնդիրների լուծմանը, հասարակության կենսամակարդակի բարձրացմանը, երկրի անվտանգության ապահովմանը և այլն: Կարևորում եմ հատկապես «Զինծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

ՀՀ Ազգային ժողովը 2017թ. բավականին արդյունավետ է աշխատել, ընդունել է օրենքներ,

որոնք ուղղված են մեր երկրում առկա խնդիրների լուծմանը,

հասարակության կենսամակարդակի բարձրացմանը,

երկրի անվտանգության ապահովմանը:

-Որքանո՞վ եք ճիշտ համարում տարկետման իրավունքի սահմանափակումը, և արդյո՞ք ուսանողների պայքարը տեղին էր:

-Համոզված եմ, որ պարտադիր զինծառայությանն անցնելը ճիշտ որոշում էր, բանակը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այն պահպանի և ավելացնի իր հզորությունը, ամրությունը: Մենք կարող ենք բանակում ևս օգտագործել գիտական ներուժը, ստեղծել պայմաններ, որպեսզի այնտեղ երիտասարդները նաև գիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունենան: Օրենքի կիրառման մեկնարկից հետո նախատեսվում են իրականացվել քայլեր բանակում գիտական պոտենցիալը ռազմարդյունաբերության ոլորտում օգտագործելու ուղղությամբ: Ես կարծում եմ` պարտադիր չէ, որ գիտական ներուժ ունեցող զինվորը ծառայի առաջնագծում, նա կարող է շատ ավելի արդյունավետ աշխատանք իրականացնել ռազմաարդյունաբերության ոլորտում և այդպիսով ծառայել հայրենիքին, ինչը պակաս կարևոր չէ:

-Աժ կողմից ընդունված ուրիշ ի՞նչ օրենքներ և դրանցում կատարված փոփոխություններ եք կարևորում:

-Երևի թե կառանձնացնեմ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական դաշտի բարելավմանը, օրինակ` «Ավելացված արժեքի հարկի վերադարձի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որը կգործի 2017 թվականի հունիսի 1-ից: Այսինքն` դա հետին ուժով ընդունված օրենք է, որը հնարավորություն կտա 2017 թ. երկրորդ կիսամյակի ավելացված արժեքի հարկի կանխավճարները, գերավճարները հաշվանցել 2018 թ. հունվարի 21-ից հետո:
Բավականին կարևոր օրենքներից եմ համարում նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը: Այն բավականաչափ կփոխի պատկերը էներգետիկայի ոլորտում, կկատարվեն հիմնարար փոփոխություններ, որոնց շնորհիվ` համակարգը կազատականացվի, մենաշնորհ չի լինի:


Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված

գործընկերության համաձայնագիրը ՀՀ արտաքին

քաղաքականության ոլորտում կարեւոր հաղթանակ էր:


-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ կարծիք ունեք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, ըստ Ձեզ` կա՞ր դրա ընդունման անհրաժեշտությունը:

-Ըստ իս` ընտանիք և բռնություն բառերը ոչ մի պարագայում չպետք է հայտնվեն մեկ նախադասության մեջ: Ընտանեկան բռնության կանխարգելման համակարգի ներդրումը, բնականաբար, անհրաժեշտություն է, բայց այն պետք է ուղղված լինի ընտանիքում բռնությունը կանխարգելելուն, բացառելուն, ընտանիքը հաշտեցնելուն: Պետք է նշեմ, որ օրենքը բավականին լուրջ փոփոխություններ կրեց, և այդ փոփոխված տարբերակն ինձ համար ավելի ընդունելի է, նախնական տարբերակին ես ինքս դեմ էի:

-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կառավարության մեկ տարվա գործունեությունը:

-Կառավարությունը ջանք չի խնայում իրականացվող փոփոխությունների շնորհիվ դրական արդյունքների հասնելու համար, ինչը հաճախ խիստ քննադատության է արժանանում: Կառավարության գործունեության նպատակն է լավ կենսապայմաններ ստեղծել ՀՀ քաղաքացու համար, իսկ դրա համար, նախ և առաջ պետք է հիմք լինի, ինչը որ նախապատրաստում է ՀՀ կառավարությունը` իրականացվող փոփոխությունների, նոր օրենքների ընդունման միջոցով, որոնք, ցավոք, երբեմն ցավոտ են լինում հասարակության որոշ հատվածների համար: Կարծում եմ` ժամանակ է պետք, որպեսզի արված փոփոխությունների արդյունքները նկատելի լինեն թե՛ տնտեսական և թե՛ հասարակական կյանքում:

-Վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:

-Գնաճը պայմանավորված չէ ՀՀ վարած տնտեսական քաղաքականությամբ կամ տեղի տնտեսվարողների կամայականությամբ: Մեր երկրում գնաճ է արձանագրվել այն մթերքների շրջանում, որոնք թանկացել են ողջ աշխարհում: Մասնավորապես` կարագի գնի թանկացումը պայմանավորված է չինական շուկայի կողմից ներկայացված մեծ պահանջարկով: Մնացած ապրանքների թանկացումը ևս պայմանավորված է արտաքին, այլ ոչ թե ներքին գործոններով:

-Ինչպե՞ս կգնահատեք 2018թ. բյուջեն, որքանո՞վ է այն իրատեսական:

-2018 թ. բյուջեն ունի հիմնականում սոցիալական ուղղվածություն, ինչպես և նախորդ տարիների բյուջեները: Ես այն իրատեսական եմ համարում, թեև, իհարկե, կցանկանայի ավելի մեծ բյուջե ունենայինք, սակայն դրա պոտենցիալն առայժմ չունենք:

 Ցանկացած քաղաքական եւ պետական գործիչ

մեկ առաքելություն ունի կատարելու`

ամեն օր ստեղծելու ավելի լավ Հայաստան:


-2017թ. ՀՀ համար կարևոր քաղաքական իրադարձություն էր նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպե՞ս կգանահարեք դրա նշանակությունը ՀՀ համար, ի՞նչ կտա այնՀայաստանին: 

-Իմ գնահատմամբ` այն ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում կարևոր հաղթանակ էր: ՀՀ-ն կարողացավ աշխարհին ներկայանալ ոչ թե կամ-կամ, այլ և-և սկզբունքով, և փոխվեց այն տեսակետը, թե ՀՀ-ն Ռուսաստանի կցորդն է, ընդհակառակը` ՀՀ-ն ցույց տվեց, որ ունի իր արտաքին քաղաքական կուրսը, որով փորձում է մեկտեղել Եվրասիական Տնտեսական Միության և Եվրամիության դրական կողմերը: Համենայն դեպս, Հայաստանի Հանրապետությունը աշխարհում միակ երկիրն է, որին դա հաջողվել է անել:
Կարծում եմ` համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի մեր տնտեսական դաշտի համար` ներկայացված լինել ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական շուկայում:

-Ինչպե՞ս եք վերաբերվում ռուսական հեռուստաալիքների կողմից արված հայտարարություններին, ի՞նչ ենթատեքստ եք տեսնում:

-Բազմիցս նշվել է, որ դրանք Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումները չեն, ավելի շուտ` անհատ լրագրողների կամ որևէ հեռուստաալիքի կարծիքներ են: Այնպես որ, ես լուրջ չեմ վերաբերում այդ ամենին:

-Պարո՛ն Հարությունյան, Դուք պատգամավոր եք ընտրվել ՀՀԿ համապետական ցուցակով, ունե՞ք գրասենյակ, որտեղ հանդիպում եք ՀՀ քաղաքացիների հետ:

-Բնականաբար, ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենում ժողովրդի հետ: Գրասենյակ` որպես այդպիսին, դեռևս չունեմ, բայց նախատեսում եմ ունենալ, թեև պետք է ասեմ, որ գրասենյակի բացակայությունը չի խանգարում մեզ: Մենք հանդիպում ենք հիմնականում Չարենցավանում և հարակից գյուղերում, ես լսում եմ նրանց խնդիրները և հնարավորության դեպքում աջակցում:

-Ըստ Ձեզ` ի՞նչ կարևոր առաքելություն ունեն կատարելու երիտասարդ քաղաքական և պետական գործիչները:

-Կարծում եմ` անկախ տարիքից, ցանկացած գործիչ մեկ առաքելություն ունի կատարելու` ամեն օր ստեղծելու ավելի լավ Հայաստան:

-Ի՞նչ խնդիրներ կցանկանայիք լուծված տեսնել ՀՀ-ում 2018թ.:

-Շատ կցանկանայի Հայաստանը տեսնել առանց խնդիրների, բայց եթե իրատես լինեմ, ապա կցանկանայի, որ ՀՀ պետական աշխատողներն իրականում ծառայեին հայրենիքին, գործեին ի նպաստ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ամեն ոք իր տեղում և դերում լիներ: Եթե այդպես լինի, ապա մեր երկրի զարգացումն ու առաջընթացն առավել տեսանելի կլինի:

-Առջևում Ամանորն է, ինչպե՞ս եք այն տոնում, ի՞նչ կբարեմաղթեք մեր ժողովրդին:

-Ամանորը գեղեցիկ, ընտանեկան տոն է, որը նշում եմ ընտանիքիս հետ:
Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում ամենակարևորը` խաղաղ և ձեռքբերումներով լի տարի:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...