22:16
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
2018 թվականը տնտեսական աճի տարի է լինելու

2018-01-15 16:26

 «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)

2017թ. ընթացքում Աժ-ի և ՀՀ կառավարության արդյունավետ համագործակցության արդյունքում ընդունվել են մեր երկրի համար կարևոր օրենքներ, որոնք միտված են մեր երկրի թե՛ տնտեսական, թե՛ իրավական և թե՛ այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

 

-Պարո՛ն Հարությունյան, 2017թ. մոտենում է ավարտին, տարին նշանակալի էր Ձեզ համար, քանի որ 2017-ին սկսեցիք Ձեր պատգամավորական աշխատանքը: Արդյո՞ք մինչև պատգամավոր ընտրվելը ԱԺ աշխատանքի մասին Ձեր պատկերացումները և ընտրվելուց հետո առկա իրականությունը համընկան, ինչպե՞ս կբնութագրեք ՀՀ ԱԺ կազմը, նրա աշխատանքը:

-Եթե անկեղծ լինեմ, ապա իմ պատկերացումները ՀՀ Ազգային ժողովի մասին փոքր-ինչ այլ էին և միանշանակ տարբեր: Պետք է նշեմ, որ Աժ-ում աշխատանքը շատ ավելի բարդ է, ծանրաբեռնված, քան ես կարծում էի:Ինչ վերաբերում է Աժ կազմին, ապա բոլոր չորս խմբակցություններն էլ համալրված են բանիմաց մարդկանցով, ում հետ համատեղ աշխատանքը և՛ հետաքրքիր է, և՛ կառուցողական, և՛ բեղմնավոր: Կարծում եմ` առաջիկայում ևս մեզ սպասվում է հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:

-Դուք Աժ-ում ներկայացնում եք Կոտայքի մարզը, որը Երևանին բավականին մոտ է և ՀՀ առավել զարգացած մարզերից մեկն է: Ի՞նչ խնդիրներ են առկա մարզում, ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում, ունե՞ք գրասենյակ, որտեղ Ձեր ընտրողները կարող են հանդիպել Ձեզ:

-Խնդիրները ՀՀ Կոտայքի մարզում գրեթե նույնն են, ինչ ամբողջ հանրապետությունում: Մեր մարզի քաղաքային համայնքները նախկինում եղել են արդյունաբերական կենտրոններ, իսկ այսօր դրանցում բացակայում են նախկին հզորություններով գործող արտադրությունները, ինչն էլ հանգեցնում է աշխատատեղերի բացակայությանը:
Ես ունեմ գրասենյակ Աբովյան քաղաքում, որտեղ յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10:00-18:00-ը հանդիպում եմ մարզի բնակչության հետ: Հիմնականում դիմում են աշխատանքի ապահովման ու սոցիալական այլ խնդիրներով և ես, իհարկե, փորձում եմ իմ հնարավորությունների չափով աջակցել նրանց, ինչպես նաև խնդրին առավել հիմնարար լուծում տալու նպատակով քայլեր եմ ձեռնարկում մարզ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, որպեսզի ստեղծվեն աշխատատեղեր, և մարզի ազգաբնակչությունը հնարավորություն ունենա իր սոցիալական կարիքները հոգալու:
Ավելացնեմ նաև, որ առայժմ մարզի մյուս քաղաքներում գրասենյակներ չունեմ, սակայն իմ գրասենյակի աշխատակիցների միջոցով կապ եմ պաշտպանում իմ ընտրատարածքի բոլոր համայնքների բնակիչների հետ, տեղեկացված եմ նրանց խնդիրներին:

-Ամփոփելով Աժ 2017թ. աշխատանքները` ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կնշեք:

-Աժ-ի և ՀՀ կառավարության արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ընդունվել են մեր երկրի համար կարևոր օրենքներ, որոշ օրենքներում կատարվել անհրաժեշտ փոփոխություններ, լրացումներ, որոնք միտված են եղել մեր երկրի թե՛ տնտեսական, թե՛ իրավական և թե՛ այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն: Մասնավորապես` դրական եմ գնահատում կոռուպցիայի նվազեցման, տնտեսական դաշտի կատարելագործմանը խթանող ընդունված օրինագծերը, «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը, որը իրականացված փոփոխություններից և խմբագրումներից հետո առավել համապատասխանեցվել է մեր ավանդական ընտանեկան արժեքներին: Կարծում եմ` այդ օրենքի կարիքը մեր իրականությունում իրոք կա, որովհետև ընտանեկան բռնության զոհերը շատ են մեր հասարակությունում, որոնց մենք հաճախ չենք նկատում կամ չենք բարձրաձայնում նման դեպքերը:

 

2018թ. բյուջեն բալանսավորված է, իրատեսական: Այն, ունենալով ներդրումների

ներգրավման հատուկ շեշտադրություն, կապահովի տնտեսկան աճ՝ արդարացնելով բոլորիս սպասումները:


-Ձեր գնահատմամբ` որքանո՞վ էին կարևոր «Զինծառայության մասին» օրինագծում կատարված փոփոխությունները, և արդյո՞ք ուսանողների համառ պայքարը բնական և տեղին եք համարում:

-Ըստ իս` այդ օրենքի ընդունումն էլ ժամանակին էր և ճիշտ: Կարծում եմ` որոշ ժամանակ անց ուսանողները ևս կհասկանան և կընդունեն, որ օրենքի ընդունումն անհրաժեշտություն էր, քանի որ այն, նախ և առաջ հավասարություն և արդարություն հաստատեց ուսանողների շրջանում: Ինչ վերաբերում է ուսանողների պայքարին, ապա բնական եմ համարում այն, և ինչ-որ տեղ ուրախ եմ, որ նրանք կարողանում են պայքարել իրենց գաղափարների և սկզբունքների համար, թեև չէի ցանկանա, որ հատկապես «Զինծառայության մասին» օրինագծի հետ կապված ուսանողներն այդպիսի մոտեցումներ ունենային: Իմ որդին ևս զորակոչվեց բանակ, վերադարձավ և շարունակեց ուսումը, և ես շատ գոհ եմ, քանի որ և՛ կրթությունը, և՛ ծառայությունը հավասարապես պետք է կարևոր լինեն յուրաքանչյուր երիտասարդի համար:

-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք 2018 թվականի բյուջեն, որքանո՞վ է այն իրատեսական:

-Ես առիթ եմ ունեցել բյուջեի վերաբերյալ իմ դիրքորոշումն արտահայտելու, նշելու, որ այն ինձ համար բալանսավորված, իրատեսական բյուջե է: Ճիշտ է, մեր գործընկերների շրջանում հնչում է նաև քննադատություն այն առումով, որ դրանում առկա չէ կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի ավելացում, բայց ես կարծում եմ, որ 2018թ. բյուջեն արդարացնելու է մեր բոլորի սպասումները, քանի որ այն թույլ կտա խուսափել ֆինանսական պարտավորությունների, պարտքերի աճից, ինչպես նաև ունենալով կապիտալ ներդրումների ներգրավման ուղղությամբ հատուկ շեշտադրություն` այն կապահովի տնտեսական աճ: Կարևորում եմ նաև, որ մեծ ուշադրություն է դարձվում թե՛ առողջապահության, թե՛ սոցիալական, և թե՛ կրթության ոլորտներին:

-2017թ. ՀՀ քաղաքական կարևոր իրադարձություն էր ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը, ինչպե՞ս կգնահատեք դրա նշանակությունը Հայաստանի համար:

-Համաձայնագրի ստորագրումը կարևորագույն ձեռքբերում է մեզ համար: Այն լավ ձեռնարկ է, մինչ բոլոր անդամ երկրների վավերացումը, որը` որպես ուղեցույց, կարող է օգտակար լինել մեր երկրին` տարբեր ոլորտներում արագ բարեփոխումներ իրականացնելուց մինչև օրենսդրական դաշտի կատարելագործում, շուկայական հարաբերությունների ազատականացում և այլն: Ես բարձր եմ գնահատում ընդունած որոշումը:

-Ի՞նչ ծրագրեր ունեք` նախատեսած 2018թ. համար, և ի՞նչ կմաղթեք ժողովրդին:

-2018թ. համար նախատեսված ծրագրերը շատ են, պետք է շարունակենք նույն ծանրաբեռնվածությամբ և առավել մեծ արդյունավետությամբ աշխատել նաև 2018թ.: Ցանկանում եմ շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, մաղթել խաղաղություն, բարեկեցություն, առողջություն և երջանկություն:

Հարցազրույցը՝
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...