23:03
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԷՑ աշխատակիցներն ու հասարակության տարբեր խմբերը` Ընկերության Արհմիութենական կազմակերպության մշտական ուշադրության կենտրոնում

2018-01-15 15:14

 Այսօր մեր իրականությունում մեծ հարգանք են վայելում մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությամբ պատրաստ են ձեռք մեկնել կարիքավոր մարդկանց, մեղմացնել նրանց հոգսը կամ պարզապես նրանց կողքին լինել: Այդպիսիններից է ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպությունը` նախագահ Արտյոմ Մուրադյանի գլխավորությամբ:

 «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.) 

 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Արհմիութենական կազմակերպությունն իր երկարամյա գործունեության ընթացքում իրականացրել է բազում սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են եղել ինչպես ՀԷՑ աշխատակիցներին` նրանց շահերի պաշտպանությանը, աշխատանքային անվտանգ պայմանների ստեղծմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, ամառային հանգստի կազմակերպմանը, առողջության պահպանմանը, նրանց մասնակցությամբ մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը, այնպես էլ տարբեր ՀԿ-ներին և հասարակության սոցիալապես խոցելի խմբերին:


Արհմիութենական կազմակերպությունն ամենախոշորն է Հայաստանում և ունի մոտ 7500 անդամ: Կազմակերպության աշխատանքը հիմնվում է գործատուի հետ 2010թ. կնքված Կոլեկտիվ պայմանագրի վրա: ««Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀԷՑ-ի ձեռքբերումից հետո Կոլեկտիվ պայմանագրի շրջանակում աշխատակիցներին տրամադրվող սոցիալական փաթեթը վերանայվեց և պայմաններն էլ ավելի լավացան, ընդլայնվեցին նաև սոցիալական աջակցության ծրագրերը»,- նշեց Արտյոմ Մուրադյանը:
Պայմանագրի 14 կետերի համաձայն` աշխատակիցներին հատկացվում է միանվագ օգնություն առօրյա կյանքում հանդիպող տարբեր իրավիճակների համար (ամուսնություն, երեխայի ծնունդ, վիրահատություն, հարազատի մահ և այլն): Պայմանագիրը ապահովում է աշխատակիցների անվտանգ և արժանավայել աշխատանքը, ամառային հանգիստը` հանգստյան տներում, առողջության վերականգնումը` առողջարաններում, մասնակցությունը հատուկ նրանց համար կազմակերպված մարզական և մշակութային միջոցառումներին: Մասնավորապես` 3000-ից ավելի աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի տարբեր հարմարավետ հանգստյան տներում, առողջարանային բուժում ստանում` Ջերմուկի և Արզնու առողջարաններում: Արդեն 2-րդ տարին է Արհմիութենական կազմակերպության ջանքերով` Արցախում զինծառայողներ ունեցող ընկերության աշխատակից ծնողները, հարազատները 2-օրյա անվճար ուղեգրերով մեկնում են Արցախի Հանրապետություն, տեսակցում իրենց զավակներին, եղբայրներին, նրանց հետ միասին այցելում տեսարժան վայրեր, մասնակցում տոնական միջոցառումներին:


ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության Կոլեկտիվ պայմանագիրն ունի ևս մեկ` շատ կարևոր, առանձնահատկություն` կազմակերպությունը միակն է Հայաստանում, որի Կոլեկտիվ պայմանագրում նախատեսված է ՀՀ էներգետիկայի համակարգում 40 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող և ընկերությունից թոշակի անցած մոտ 200 նախկին աշխատակիցների վճարել ամսական նպաստ` իրենց համար պետության կողմից սահմանված կենսաթոշակի 50%-ի չափով: «Դա արտահայտում է ՀԷՑ ՓԲԸ խորը հարգանքը և երախտիքն այդ մարդկանց վաստակի հանդեպ»,-իր խոսքում նշեց Արտյոմ Մուրադյանը:

 

ՀԷՑ ՓԲԸ-ի աշխատակիցները 


շատ են սիրում մասնակցել մարզական միջոցառումների:


ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են նաև ՀԷՑ աշխատակիցների երեխաները, ում կողմից ուսման մեջ ցուցաբերված բարձր առաջադիմությունը խրախուսվում է ընկերության կողմից: Այս տարի առաջին անգամ աշխատակիցների ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած 22 երեխաներ Արհմիության միջոցներով մեկնել են Ծաղկաձոր և իրենց մեկշաբաթյա հանգիստն անցկացրել Զարգացման Ծրագրերի Հայկական Կենտրոնի կազմակերպած Ճամբարում:
ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության կողմից մարզական միջոցառումների կազմակերպման մեկնարկը տրվեց 2003թ-ին` շախմատի մրցաշար կազմակերպելով Հանքավանում: Այնուհետև` տարիների ընթացքում, շախմատին ավելացան նարդին, սեղանի թենիսը, դարթսը, վոլեյբոլը, բադմինտոնը, բազկամարտը և բիլիարդը: Հետագայում մրցումները վերածվեցին ՀԷՑ ՓԲԸ աշխատակիցների սպարտակիադայի` նվիրված ՀՀ անկախության տոնին:


Այս տարի` 2017թ. սեպտեմբերին, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության տոներին նվիրված` Արհմիութենական կազմակերպության կողմից Ծաղկաձորում կազմակերպվեց և անցկացվեց ՀԷՑ ՓԲԸ-ի և «Արցախէներգո» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ 1-ին սպարտակիադան, որին մասնակցում էին ՀԷՑ ՓԲԸ-ի և «Արցախէներգո» ՓԲԸ-ի 300-ից ավելի աշխատակիցներ: Մրցումներն աչքի ընկան անզիջում պայքարով, բարձր կազմակերպվածությամբ, և անցան ջերմ, բարեկամական մթնոլորտում:


Սպարտակիադայի փակման արարողության ժամանակ մասնակիցներին Արհկոմի կողմից սահմանված փոխանցիկ գավաթը, պատվոգրերը, դրամական պարգևավճարները և ամառային հանգստի անվճար ուղեգրերը հանձնեցին ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը, գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, «Արցախէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ծատրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հր. Ռոստոմյանը, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ա. Խաչատրյանը, ՀՀ մարզական ֆեդերացիաների նախագահներ, օլիմպիական չեմպիոններ և մրցանակակիրներ, լեգենդար, անվանի մարզիկներ: Արարողության ընթացքում ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության նախագահ Արտյոմ Մուրադյանը Արցախի հետ բարեկամական կապերի ամրապնդման և սերտ համագործակցության համար պարգևատրվեց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով, որը նրան հանձնեց նախարար Ա.Խաչատրյանը:

 

ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության կողմից մեծ շուքով նշվում են

մասնագիտական եւ ժողովրդականություն վայելող տոները:


Արհմիության կազմակերպած մարզական միջոցառումների մեջ իր ուրույն տեղն ունի արդեն 2-րդ տարին կազմակերպված շախմատի միջազգային թիմային մրցաշարը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոներին: Մրցաշարին մասնակցեցին ՀՀ էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների, ՀՀ Ազգային ժողովի, «Արցախէներգոյի», ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկայի ոլորտը ներկայացնող թիմերը: Մրցաշարը դարձել է ավանդական և այսուհետ կանցկացվի ամեն տարի:
Յուրաքանչյուր տարի մարտի 8-ին ՀԷՑ ՓԲԸ աշխատակից կանանց և աղջիկների համար կազմակերպվում է տոնական մեծ միջոցառում, որի ընթացքում բազմաթիվ կանայք ստանում են ամառային հանգստի անվճար ուղեգրեր:
Դեկտեմբերի 22-ին մեծ շուքով նշվում է Էներգետիկի օրը, մրցանակներ ու պատվոգրեր են ստանում լավագույն աշխատակիցները, խրախուսվում են երիտասարդ մասնագետները: Ամանորի և Սուրբ ծննդի հետ կապված` Արհմիությունը ընկերության աշխատակիցների մինչև 14 տարեկան երեխաներին նվիրում է տոնական նվերներ և Ամանորի հանդեսի անվճար տոմսեր:


ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության ուշադրության

կենտրոնում են սոցիալապես անապահով խավերը:


Ամեն տարի հունվարի 13-ին` հին Նոր տարուն, ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպությունը այցելում է Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոց, Երևանի, Վանաձորի, Սպիտակի, Հրազդանի մանկատներ, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, «Փյունիկ» հասարակական կազմակերպություն, նրանց համար կազմակերպում տոնական համերգներ և նվերներ հանձնում փոքրիկներին ու ծերերին:

Արհմիութենական կազմակերպությունը հովանավորել է Հայաստանի լրագրողների ասոցիացիայի կազմակերպած Ֆուտբոլի միջազգային մրցաշարի անցկացումը, աջակցել է «Օրրան» ՀԿ-ի կողմից Վահագնի թաղամասում կազմակերպված ֆուտբոլի մրցաշարին, «Աուտիկ երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ին, «Լուսինե», «Վահագն», «Աստղաթև» ՀԿ-ներին:

 

ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպությունն իր սոցիալական ծրագրերի

շրջանակում աջակցում է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց:


Դրա վառ ապացույցն է սերտ համագործակցությունը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ: Երկու տարի անընդմեջ Արհմիությունը եղել է Համահայկական պարալիմպիկ խաղերի անցկացման գլխավոր հովանավորը:
2017թ. մայիսի 8-ին ՀԷՑ Արհմիութենական կազմակերպությունը հովանավորել է հաշմանդամների սեղանի թենիսի Հայաստանի առաջնության անցկացումը:


Հաշմանդամների աջակցության շրջանակներում կատարված աշխատանքների գլուխգործոցը կարելի է համարել ՀԷՑ ՓԲԸ Արհմիութենական կազմակերպության կողմից Միջազգային պարալիմպիկ խաղերի բազմաթիվ մրցանակակիր, աշխարհի կրկնակի փոխգավաթակիր, 1988թ. երկրաշարժից հաշմանդամ դարձած գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանին երկսենյականոց բնակարան նվիրելու նախաձեռնությունը:


«ՀԷՑ ՓԲԸ-ի հատուկ ուշադրությունը սոցիալապես խոցելի խմբերին ինքնանպատակ չէ, ընկերությունն ամեն ջանք գործադրում է հնարավորինս աջակցելու և օժանդակելու նման ծրագրերի իրականացմանը»,-մեզ հետ զրույցում նշեց Արհմիութենական կազմակերպության ղեկավարը: 

Հաշմանդամներին ցույց տրված աջակցության և նրանց համար կազմակերպվող միջոցառումները հովանավորելու համար ՀԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրեն Կ. Հարությունյանը և Արհմիության նախագահ Ա. Մուրադյանը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Խավիեր Գոնսալեսի կողմից 2017թ. արժանացել են հատուկ շնորհակալագրերի:


2017թ. հոկտեմբերին երկարամյա հասարակական և մարդասիրական գործունեություն ծավալելու համար ՀԷՑ ՓԲԸ Արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի ոսկե հուշամեդալով:

Նյութը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...