16:14
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ձեռք բերված հաջողությունները միջազգային նոր ձեւաչափերի են մղում

2017-12-23 13:53

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան երկար ճանապարհ է անցել`կազմակերպությունը շուրջ ինը տարի ներկայացնում է Հայաստանը բազմաթիվ գեղեցկության եւ մոդելային մրցույթներում: Այն հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, կազմակերպում եւ անցկացնում է մրցույթներ, նորաձեւության ցուցադրություններ, շնորհանդեսներ: Ասոցիացիան համակարգել է 2010 թվականին Երեւանում անցկացված ԱՊՀ երկրների Դելֆյան 6-րդ խաղերը, բազմաթիվ անգամ մասնակցել է «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում անցկացվող նորաձեւության ցուցադրություններին:
«Դե ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը, ով
կպատմի «Թոփ մոդել Հայաստան»-ի գործունեության մասին:

Ինը տարիների ընթացքում «Թոփ մոդել Հայաստան»-ը անցկացրել է հիսունից ավելի մրցույթներ, երկու տասնյակից ավելի ցուցադրություններ, որոնց մասնակցել են ավելի քան երեք հազար երեխաներ:

-Տիկի՛ն Բաղդասարյան, «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան արդեն 9 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանում: Դա, իհարկե, պարծանքի առիթ է: Կպատմե՞ք, ինչպե՞ս ծնվեց գաղափարը, որո՞նք էին առաջին քայլերը:


-Դուք ճիշտ նկատեցիք, ասոցիացիան գործունեություն է ծավալում շուրջ 9 տարի: 2008 թվականի օգոստոսի 14-ին հայտ ներկայացրեցինք, այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող մտավոր սեփականության գործակալություն` գրանցելու TOP MODEL PRODUCTION ապրանքային նշանը: Հիշում եմ, որ անհամբեր սպասում էինք որոշմանը, և նույն թվականի հոկտեմբերին, ապրանքային նշանը գրանցվելուց հետո, ստացանք այն հավաստող վկայագիրը: Շատ արագ կազմավորվեց աշխատակազմ փոքր թիմով, բայց մեծ ավյունով: Շատ լավ հիշում եմ նաև իմ զարմանքը, երբ տեղեկացա հիմնադիր Գևորգ Ասատրյանի կտրուկ որոշման մասին. առաջին մրցույթը պետք է կայանար ընդամենը երկու ամսից` դեկտեմբերին և մեր հնամյա մայրաքաղաքներից մեկի` Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում: Հետո, իհարկե, հասկացա որոշման խորհուրդը. այնտեղ է եղել մեր առաջին թատրոնը, և հենց այդ բեմում պետք էր առաջին անգամ ազդարարվեր կազմակերպության ստեղծման մասին: Թվում էր, թե ժամանակը կարճ է, բայց ամեն բան հասցրեցինք, և 2008-ի դեկտեմբերի 16-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմից ազդարարվեց մեկնարկը և կարելի է ասել, դրանով դրվեց մեր գործունեության սկիզբը: «Թոփ մոդել Արտաշատ 2008» քաղաքային մրցույթն ուներ 47 մասնակից: Մրցույթը տոնի վերածվեց, քաղաքում մի քանի օր դա էր քննարկվում: Հիշում եմ, որ ամենայն բծախնդրությամբ ընտրել և հրավիրել էինք մրցույթի ժյուրիի անդամներին. ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Մնացականյան, ՀՀ վաստակավոր նկարիչ Մարտիրոս Բադալյան, կինոռեժիսոր Արսեն Առաքելյան: Բոլորս էինք հուզված, բայց ամեն բան ստացվեց այդ օրը, հետո արդեն մրցույթների անցկացման վայրերը դարձան հանրապետության գրեթե բոլոր մարզերի քաղաքները: Ինը տարիների ընթացքում անցկացրել ենք մոտ հիսուն մրցույթ, երկու տասնյակից ավելի ցուցադրություններ, որոնց մասնակցել են ավելի քան երեք հազար երեխաներ. սա, կարծում եմ, բավական խոսուն է:

 

-Իսկ ինչպե՞ս ստեղծվեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան և ո՞վքեր են եղել կանգնած Ձեր կողքին:

-Մի գեղեցիկ օր, կրկին անգամ հիմնադիր Գևորգ Ասատրյանի հորդորով, մի գրություն պատրաստեցինք մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ի մի բերեցինք բազմաթիվ նյութեր, գրախոսականներ` մեր գործունեության վերաբերյալ, և դիմեցինք ՀՀ կառավարություն՝ ասոցիացիայի անվանման մեջ «Հայաստան» բառի օգտագործման իրավունքը ստանալու համար, որը պարտադիր ընթացակարգ էր: Այս ամենից զատ հետո պահանջվեց նաև մշակույթի, արվեստի գործիչների խրախուսական բնութագրերը մեր գործունեության մասին: Այս ամբողջ ընթացակարգի հետևում կարելի է ասել միայն մեկ մարդու` հիմնադիր Գևորգ Ասատրյանի հետևողական աշխատանքն էր, որ ինձ էր փոխանցվել, և ես իմ փոքր լուման բերեցի: Ամիսներ անց միայն ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կառավարության հատուկ ընթացակարգով և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի որոշմամբ ասոցիացիային բացառիկ իրավունքով թույլատրվեց իր անվանման մեջ օգտագործել «Հայաստան» բառը: Այս երկար ու ձիգ ընթացակարգից հետո կազմակերպությունը վերագրանցվեց «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի: Սա մեր աշխատանքի արդյունքն էր, և այն մեզ համար նոր նշաձող սահմանեց: Մեր կողքին արվեստի, մշակույթի գործիչներն են, պետական կառավարման համակարգի, մարզային, քաղաքային, վարչական շրջանների աշխատակազմերի ղեկավարները, գործարար աշխարհի մարդիկ, լրատվամիջոցները, մեր սաները, նրանց ծնողները: Ես բոլորին եմ շնորհակալ. նրանցից յուրաքանչյուրն իր լուման ունի ասոցիացիայի ձեռքբերումներում: Առանձնահատուկ, իհարկե, շնորհակալ եմ «Դե Ֆակտո» ամսագրին ու Slaq.am կայքին, որոնք մեր յուրաքանչյուր նախաձեռնության կողքին են արդեն մի քանի տարի շարունակ:

 

-Միջազգային ի՞նչ նախագծերում է ներկայումս ներգրավված «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան:

-Կազմակերպությունը բազմաթիվ միջազգային ասոցիացիաների անդամ է, տասնյակ միջազգային մրցույթների ազգային տնօրենը Հայաստանում` սկսած 2015 թվականից: Ամեն տարի մեր միջազգային գործընկերների թիվն ավելանում է, կնքում ենք համագործակցության նոր հուշագրեր, որոնք իրագործվելու են: Ի դեմս ասոցիացիայի, Հայաստանը ներկայացնում ենք միջազգային ամենատարբեր մրցույթներում, ինչպիսիք են Little Miss World, Little Miss & Mister Planet, Miss Planet: Ընդամենը օրեր առաջ ենք վերադարձել վերջին մրցույթից, որը նոր ձևաչափ էր մեզ համար: Դա մայրիկների համար նախատեսված «Միսսիս Մոլորակ 2017» գեղեցկության, նորաձևության միջազգային մրցույթն էր, որն անցկացվեց նոյեմբերի 19-26-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Հայաստանը ներկայացնող, երկու երեխաների մայրիկ Նանա Մանուչարյանը դարձավ այս հեղինակավոր մրցույթի 3-րդ մրցանակակիրը, արժանացավ «Mrs. Crace» անվանակարգին, եվրոպական ժամացույցների «BERING» ապրանքանիշի սահմանած հատուկ մրցանակին, «MAGAMA» նորաձևության տան մրցանակին: Սա չափազանց կարևոր նվաճում էր: Այսպիսի նոր ձևաչափերի 2018-ին ևս ներգրավված կլինենք: Կցանկանայի հատուկ կարևորել Հայաստանի մասնակցությունը չափազանց հետաքրքիր մի նախագծում: Խոսքը «Միսս տուրիզմ Աշխարհ 2017» մրցույթն է: «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան MISS TOURISM WORLD ապրանքանիշի բացառիկ օգտագործողն ու մրցույթի ազգային տնօրենն է Հայաստանի Հանրապետությունում: Սա, կարծում ենք կարևորագույն միջոցառում է, որի մասնակցությունը ձեռք է բերվել գրեթե երեք տարիների բանակցությունների արդյունքում, լիցենզիոն բացառիկ պայմանագրերի ստորագրումից հետո: Բրիտանական այս կազմակերպությունն այս տարի նշում է հիմնադրման 72 ամյակը: Մրցույթն անցկացվելու է 2018թ-ի հունվարի 8-30-ը Մալայզիայում: Վստահ եմ` Հայաստանը ներկայացնող մասնակիցն արժանապատվորեն կներկայացնի մեր երկիրն այս կարևոր ստուգատեսում:
Ընդամենը օրեր առաջ ենք վերադարձել «Միսսիս Մոլորակ 2017» գեղեցկության և նորաձևության միջազգային մրցույթից, որին Հայաստանը ներկայացնող Նանա Մանուչարյանն արժանացավ 3-րդ մրցանակին:


-«Թոփ մոդել Հայաստան»-ը 2018-ին ի՞նչ ծրագրեր և նախագծեր ունի:

-2017-ը հիշարժան դարձավ մեզ համար նաև նոր ապրանքանիշերի գրանցման առումով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից ազգային ընթացակարգով գրանցվել են ասոցիացիային պատկանող երկու ապրանքանիշեր` MISS ELEGANCE WORLD և PHOTOMODEL OF THE WORLD: Ներկայումս ընթանում են ապրանքանիշերի միջազգային ընթացակարգով իրավական պահպանություն ստանալու հարցերը, որը բավական աշխատատար պրոցես Է: Սա արդեն հաջորդ տարի տեղի կունենա, որից հետո երկու խոշոր նախագծերի ենք նախապատրաստվում, որոնք տեղի կունենան Երևանում: Այս ամենի մասին` ասոցիացիայի գործունեության 10 ամյակի առիթով, կարծում եմ, առիթ կլինի հանդես գալու «Դե Ֆակտո» ամսագրի էջերում:

 

Հարցազրույցը՝ Լուիզա Պողոսյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...