20:53
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առաջիկայում կան բազում նախանշված ծրագրեր, որոնք ուղղված կլինեն զբոսաշրջության զարգացմանը

2017-12-23 13:19

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցը Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանն է:

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

-Պարո՛ն Հովհաննիսյան, 1996 թվականից ղեկավարում եք Ոսկեվազ համայնքը, այս տարիների ընթացքում ի՞նչ արդյունավետ ծրագրեր են կյանքի կոչվել:


-Այս տարիների ընթացքում համայնքում լայնածավալ աշխատանքներ են կատարվել, կարգավորվել են առանցքային համարվող մի շարք խնդիրներ:
2014-2016թվականներին համայնքում ամբողջությամբ փոխվել են խմելու ջրի ջրագծերը: Այսօր համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում:


2008 թվականին գյուղը գազաֆիկացվել է և այսօր համայնքի տների 95%-ը գազաֆիկացված է, ամեն տարի գյուղապետարանի բյուջեից մինչև 6մլն դրամի գազաֆիկացման աշխատանքներ են կատարվում:
Գյուղի կենտրոնական փողոցներն ամբողջությամբ ապահովված են լուսավորությամբ:


Արվեստի դպրոցը հիմնովին վերանորոգվել է, որտեղ հաճախում է շուրջ 170 երեխա: Մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել է` աշխատանքները կավարտվեն 10 օրվա ընթացքում, և երեխաները կհաճախեն նոր վերանորոգված մանկապարտեզ:
Մոտավորապես 160 մլն դրամի աշխատանք է կատարվել ոռոգման ջրի համակարգում` վերանորոգման և նոր ջրագիծ անցկացնելու համար:


Կառուցվել է մոտավորապես 30 հա ջերմոցային տնտեսություն ելակ աճեցնելու, և 10 հա բանջարեղեն և ծաղիկներ աճեցնելու համար:


Ոսկեվազում կա մոտավորապես 130 հա ելակի տարածք, որտեղ սեզոնին աշխատում են հազարից ավել մարդ, եթե համայնքում չլիներ ոռոգման ջրի խնդիր, ապա այդ ցուցանիշը կհասներ 170 հա և մի քանի հարյուր աշխատատեղ կավելանար:

-Ինչպես նշեցիք, համայնքում ունեք ոռոգման ջրի խնդիր, ի՞նչ ծրագրեր կան ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ:

-Համայնքը ոռոգման ջուր ստանում է Արզնի-Շամիրամ ջրանցքից, որն անցնում է մի քանի համայնքների տարածքով, որտեղ վնասված են ջրագծերը և տեղ հասնող ջուրն արդեն չի բավականացնում, բացի այդ, ունենք բնական առուներ, որտեղ ջրի կորուստը հասնում է մինչև 75%-ի: Դիմել ենք և՛ մարզպետարան և՛ կառավարություն, որպեսզի նոր, ևս մեկ դոտացիոն գիծ կառուցվի Արզնի-Շամիրամ ջրանցքից Ոսկեվազի հողատարածքները ոռոգելու համար, հուսով եմ, որ մինչև 2018 թվականի ամառ կկառուցվի և չոռոգվող հողատարածքների մոտավորապես 70%-ը կոռոգվի:

-Ոսկեվազ համայնքը հայտնի է իր հնագույն եկեղեցով, Ոսկեվազի գինու գործարանով: Առաջիկայում, ի՞նչ ծրագրեր կան զբոսաշրջության զարգացման ուղղությամբ:

-Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 7-11 դարերում, այն պատմամշակութային հարուստ ժառանգություն է: Այս տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը եղավ այն, որ վերակառուցվեց եկեղեցին, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում: Նաև վերջին տարիներին մեծ շինարարական աշխատանքներ կատարվեցին նախկին Ոսկեվազի գինու գործարանում, որը կառուցվել է 1943 թվականին, որտեղ այցելում են տուրիստներ աշխարհի տարբեր երկրներից` տեսնելու գործարանը և գինու պատրաստման հետաքրքիր գործընթացը: Առաջիկայում կան բազում նախանշված ծրագրեր, որոնք ուղղված կլինեն զբոսաշրջության զարգացմանը:

-Ինչպիսի՞ն է բնակիչների սոցիալական վիճակը և կա՞ն աշխատատեղեր:

-Համեմատած մյուս համայնքների հետ, մեզ մոտ սոցիալական վիճակն այդքան էլ վատ չէ: Բավականին մեծ թվով բնակիչներ ունեն մշտական աշխատանք. համայնքի տարածքում են գործում «Հայասի գրուպ» ընկերությունը, Ոսկեվազի գինու գործարանը, ունենք նաև ջերմոցային տնտեսություններ, տրիկոտաժի ֆաբրիկա, փոքր և միջին բիզնեսով զբաղվողներ:
Ուրախությամբ նշեմ, որ այս տարի համայնքում երեք հեկտար ջերմոցային տնտեսություններ ավելացան:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ըստ Ձեզ, ո՞րն է հաջողություն հասնելու լավագույն ուղին:

-Պետք է առաջին հերթին սիրես աշխատանքդ, նվիրված լինես համայնքին և պատասխանատու լինես բնակիչների նկատմամբ. այս սկզբունքներով միայն կարող ես հասնել հաջողության:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...