22:39
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինձ համար ամենաթանկ պարգեւը ժողովրդին ծառայելու հնարավորությունն է

2017-12-23 13:02

 Արագածավան խոշորացված համայնքի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

-Պարո՛ն Պապիկյան, նախ ուզում ենք շնորհավորել Ձեզ, որ ընտրվել եք Արագածավան խոշորացված համայնքի ղեկավար՝ բավականին բարձր ցուցանիշերով: Հետաքրքիր է, ի՞նչ խոստումներ եք տվել Ձեր ընտրողներին նախընտրական շրջանում և արդյո՞ք սկսել եք դրանք իրականություն դարձնել:
-Շնորհակալություն: Նշեմ, որ ընտրություններին մասնակցել է 3524 մարդ, որից 2932-ը քվեարկել է իմ օգտին, 323-ը` դեմ, և 296 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Այսպիսի ցուցանիշով եմ ընտրվել Արագածավան համայնքի ղեկավար: Արագածավան խոշորացված համայնքի ներքո միավորվել են Արագածավան, Արտենի, Լուսակն և Գետափ համայնքները: Ինչ վերաբերում է խոստումներին, ապա պետք է ասեմ, որ ես երբևէ աչքի չեմ ընկել նախընտրական շրջանում խոստումների շռայլությամբ, և այս անգամ էլ բացառություն չի եղել, իմ ընտրողները քաջ ծանոթ են իմ աշխատելաոճին, սկզբունքներին, ես ընդամենը խոստացել եմ աշխատել այնպես, ինչպես նախորդ տարիներին եմ աշխատել` ի շահ համայնքի և նրա բնակչության բարօրության:

-Այս տարին Ձեր համայնքի համար գյուղատնտեսական առումով բարեհաջող չէր, կարկտահարությունը մեծ վնասներ հասցրեց համայնքի բերքին: Ինչպիսի՞ լուծում ստացան գյուղացիների առջև ծառացած խնդիրները:

-Իսկապես տարին այնքան էլ հաջող չէր մեզ համար, գարնանը ցրտահարություն եղավ, որից հետո երկու անգամ կարկտահարություն, իսկ երրորդ անգամ կարկուտը վնասեց մեր ողջ տարածքի և հարակից որոշակի համայնքների բերքը: Ո՛չ ծիրան ունեցանք, ո՛չ խնձոր, ո՛չ ցորեն: Գոհացուցիչ էր միայն առվույտի բերքը:
Եվ քանի որ գյուղացիները, կարելի է ասել, բերք չէին ստացել, նրանք պահանջ ներկայացրեցին կառավարութուն` ազատել իրենց հողի և ջրի հարկերից, քանի որ իրենք չեն կարող վճարել դրանք: Նրանք դուրս եկան փողոց և իրենց բողոքի ձայնն այդպես բարձրացրեցին: Ես դիմեցի մարզպետին, վերջինս` համապատասխան կառույցներին, որպեսզի առկա խնդրին խելամիտ լուծում տրվի: Եվ լուծումը չուշացավ: Վարչապետի հրահանգով նրանք ազատվեցին այս տարվա հողի և ջրի հարկերը վճարելուց:

-Ի՞նչ խնդիրներ կան Արագածավան խոշորացված համայնքում և որքանո՞վ եք արդյունավետ համարում խոշորացված համայնքի գաղափարը և մոդելը:

-Կարծում եմ` մեր համայնքի խնդիրները շատ չեն տարբերվում մյուսների խնդիրներից, աշխատատեղերի բացակայությունը, սոցիալական խնդիրները առկա են ամենուր, անգամ` մայրաքաղաքում: Կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր համայնքն ապահովված է ոռոգման ջրով, և գյուղացին կարող է մշակել իր հողը` վստահ լինելով, որ ջրի խնդիր չի ունենա: Սակայն պետք է նշեմ, որ մեր համայնքում առկա 3000 հա վարելահողից միայն 1000 հա-ն է մշակվում: Ճիշտ է, ջուրը հասանելի է, սակայն թանկ է գյուղացու համար, հատկապես, երբ բերքը սպասվածից քիչ է ստացվում կամ ընդհանրապես չի լինում, ինչպես այս տարի եղավ:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ գյուղացին հողից չհեռանա, որպես համայնքապետ` ես ձգտում եմ ամեն կերպ սատար կանգնել նրան և ոգևորել:
Ինչ վերաբերում է խոշորացված համայնքի մոդելին և գաղափարին, ապա ես դեռևս չեմ կարողացել բացահայտել դրա արդյունավետությունը, ես ավելի հակված եմ նախկին մոդելին, սակայն հույս ունեմ, որ սխալվում եմ և ժամանակի ընթացքում հակառակում կհամոզվեմ:

-Ի՞նչ ընթացքի մեջ է համայնքի եկեղեցու կառուցման գործընթացը: 

-Եկեղեցին հաջողությամբ կառուցվում է, շինարարական աշխատանքները բավականին ակտիվ են ընթանում: Մեր հոգևոր կենտրոնի կառուցման նախաձեռնողները մեր համայնքի չորս բնակիչներն են` գործարարներ, ովքեր աշխատում են Ռուսաստանում և որոշել են նման բարի գործ կատարել մեր համայնքի համար: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել նրանց այդ անչափ կարևոր ձեռնարկի համար:

-Պարո՛ն Պապիկյան, Դուք արդեն 15 տարի է, ինչ զբաղեցնում եք համայնքապետի պաշտոնը, բազմիցս վերընտրվել եք, ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:

-Կարծում եմ` իմ հաջողության գրավականը ժողովրդի վստահությունն է, որը տարիների դժվարին և նվիրված աշխատանքի արդյունք է: Ես մշտապես ձգտել եմ չչարաշահել այն, և շարունակել աշխատել` ապրելով իմ բնակչության խնդիրներով ու հոգսերով, համայնքի բյուջեն ծառայեցնելով նրանց:
Ես նաև մեծ հարգանքով և հոգատարությամբ եմ վերաբերվում մեր զինվորներին, 300 ծառայող զինվոր ունենք այս պահին, ինչպես նաև Երկրապահ կամավորականների ջոկատ: Ձգտում եմ բոլորին աջակցել իմ հնարավորությունների սահմաններում, իսկ քառօրյա պատերազմի ընթացքում ես երկրորդ օրն արդեն նրանց կողքին եմ եղել, մեր համայնքի կողմից 4 տոննա սնունդ եմ տարել սահման, ինչպես նաև հագուստ, դեղորայք, անվադողեր: Ես շնորհակալ եմ նաև իմ համայնքի բնակիչներից, ովքեր առանց մտածելու իրենց աջակցությունը ցուցաբերեցին մեր զինվորներին:

-Դուք աշխատանքային հարուստ կենսագրություն ունեք, մինչև համայնքապետի պաշտոնը զբաղեցնելը, աշխատել եք նաև այլ ոլորտներում, ստացել պարգևներ: Ո՞րն է Ձեզ համար ամենաթանկ պարգևը:

-Կյանքի տարբեր ժամանակահատվածներում ստացել եմ պարգևներ, շնորհակալագրեր, որոնք թանկ են ինձ համար, իմ պատմությունն են: ԽՍՀՄ ժամանակահատվածում ստացել եմ Արիության մեդալ, Հայաստանի անկախացումից հետո ստացել եմ ՀՀ վարչապետի շնորհակալագիր, մեդալ, ՀՀ նախագահի շնորհակալագիր, «Անանիա Շիրակացի» մեդալ: Սակայն ինձ համար ամենաթանկ պարգևը ժողովրդին ծառայելու հնարավորությունն է:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...