21:33
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բժշկի ամենակարեւոր արժանիքներն են պրոֆեսիոնալիզմը, մարդասիրությունն ու մեծ նվիրումը

2017-12-23 12:41

«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

-Պարո՛ն Խաչատրյան, 2012թ. ղեկավարում եք «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, ինչպե՞ս կգնահատեք կենտրոնի աշխատանքը:


-Շուրջ հինգ տարի է, ինչ ղեկավարում եմ Թալինի բժշկական կենտրոնը, և ուզում եմ շեշտել, որ այն ինձ համար առաջին հերթին հարազատ վայր է, որտեղ ես երկար տարիներ աշխատել եմ. սկզբում` որպես վիրաբույժ (1996թ.), այնուհետև` վիրաբուժական բաժանմունքի վարիչ, իսկ 2012թ.` կենտրոնի ղեկավար:
«Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնականում սպասարկում է Թալին քաղաքը` իր հարակից 22 գյուղերով: Թեև պետք է նշեմ, որ մեր կենտրոն են այցելում նաև տարբեր մարզերից, օրինակ` Արմավիրի, Շիրակի մարզից, և դա շնորհիվ Թալինի բժշկական կենտրոնի մատուցած բարձրորակ բուժծառայությունների, բարձրակարգ մասնագետների և հիվանդի նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքի: Ես հպարտ եմ, որ կենտրոնն ունի համախմբված և պրոֆեսիոնալ մասնագետներով հագեցած թիմ, որի գերնպատակը հիվանդին համապատասխան բուժօգնություն տրամադրելն է և նրա մասին հոգ տանելը:

 

-Ի՞նչ բաժանմունքներ ունի կենտրոնը և արդյո՞ք դրանք հագեցած են անհրաժեշտ մասնագետներով ու բուժսարքավորումներով:

-Թալինի բժշկական կենտրոնն ունի վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական և ինֆեկցիոն բաժանմունքներ: Մեր կառույցի ներքո գործում է նաև ամբուլատորիան և շտապ օգնության կայանը:
Կենտրոնը հագեցած է բարձրակարգ մասնագետներով, որոնք անցել և անցնում են անհրաժեշտ վերապատրաստումներ` թե՛ պետության կողմից իրականացվող, թե՛ վճարովի հիմունքներով: Մենք ֆինանսավորում ենք մեր մասնագետներին, որպեսզի նրանք մասնակցեն համապատասխան դասընթացների և ժամանակին համահունչ` թարմացնեն իրենց մասնագիտական գիտելիքները:
Կենտրոնի բաժանմունքներն ապահովված են անհրաժեշտ բուժսարքավորումներով, մեզ մոտ կատարվում են տարբեր բարդության վիրահատություններ: Պետք է անկեղծորեն նշեմ, որ սարքավորումների առումով թարմացման անհրաժեշտություն միշտ էլ լինում է, և այսօր մենք որոշ սարքավորումների նորացման կարիք ունենք, սակայն, ընդհանուր առմամբ, կենտրոնն աշխատում է բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ` արձանագրելով բարձր ցուցանիշեր: Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ մենք հիվանդների արտահոսք գրեթե չունենք:

-Ինչպիսի՞ն են շենքային պայմանները, արդյո՞ք կենտրոնը ջեռուցվում է:

-Շենքը բավականին հին է, և շատ լավ կլիներ, եթե այն հիմնովին վերանորոգվեր: Սակայն մենք հաճախակի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ ենք կատարում և հնարավորինս ապահովում ենք հարմարավետ պայմաններ թե՛ բժիշկների և թե՛ հիվանդների համար: Ունենք կենտրոնացված ջեռուցում, ապահովված ենք սառը և տաք ջրով, ինչը շատ կարևոր է հատկապես ձմռան ամիսներին աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար:

-Ինչպիսի՞ն է բուժսպասարկման մակարդակը պետպատվերի շրջանակներում բուժվող հիվանդների համար, և արդյո՞ք սոցիալական որևէ խմբում չներառված, սակայն անապահով ընտանիքների համար նախատեսում եք զեղչեր:

-Ինչ վերաբերում է պետական ծրագրերին, ապա մենք դրանք լիարժեք իրականացնում ենք` առանց որևէ խնդրի: Մեր կենտրոնում պետպատվերի շրջանակներում սպասարկվում է ամսական 90-100 հիվանդ, որոնք հիմնականում հասարակության սոցիալապես անապահով խմբերի ներկայացուցիչներ են: Սակայն մենք հատուկ վերաբերմունք ենք ցուցաբերում նաև այդ խմբերում չընդգրկված, բայց իսկապես ֆինանսապես անապահով ընտանիքների ներկայացուցիչներին. նրանց աջակցում ենք` տրամադրելով անհրաժեշտ բուժօգնություն թե՛ զեղչային տարբերակով, թե՛ անվճար: Մենք կատարել և կատարում ենք նաև անվճար վիրահատություններ մարզպետի կողմից ուղեգրով մեզ դիմած հիվանդներին, ու նրանց թիվը փոքր չէ:

-Ո՞րն եք համարում կենտրոնի հաջողության գրավականը:

-Կարծում եմ` մեր կենտրոնի հաջողության գրավականը մեր անկեղծ հոգատար վերաբերմունքն է հիվանդի հանդեպ և մասնագիտական բարձր որակները: Ես ինքս բժիշկների ընտանիքից եմ սերում, կինս, աղջիկս ևս բժիշկներ են, և մենք հավատացած ենք, որ բժշկի ամենակարևոր հատկանիշներն են` պրոֆեսիոնալիզմը, մարդասիրությունը և մեծ նվիրումը:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն կենտրոնում:

-Մեր առաջիկա ծրագրերից կարևորում եմ որոշ բուժսարքավորումների թարմացումը, շտապ օգնության կայանի համար նոր մեքենաների ձեռքբերումը, շենքի վերանորոգման աշխատանքների իրականացումը: Ինչպես նաև պետք է նշեմ, որ կարիք ունենք համակարգիչների ձեռքբերման և անձնակազմի համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչը բխում է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանն անցնելու գործընթացի իրականացումից:
Վերը նշված բոլոր ծրագրերն իրագործելի են, քանի որ մենք ունենք հիանալի մարզպետ, ով մշտապես մեր կողքին է և աջակցում է մեզ ամեն հարցում: Կարծում եմ` համատեղ ուժերով կկարողանանք լուծել կենտրոնի խնդիրները և պահպանել մեր մատուցած բուժծառայությունների բարձր որակը:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...