2017-12-23 12:30
«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.)
-Պարո՛ն Հովհաննիսյան, վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ` Ծաղկահովիտի և Աշտարակի բժշկական կենտրոններն ընդգրկվեցին օպտիմալացման ծրագրի մեջ: Որքանո՞վ եք արդյունավետ համարում այդ ծրագիրը:
-Պետք է նկատել, որ ժամանակակից բժշկագիտությունն անընդհատ զարգանում է, և այսօր առաջնային կարևորություն ունի դրան համապատասխան բուժծառայություններ մատուցելը, որի համար անհրաժեշտ են ֆինանսական լուրջ ներդրումներ: Գաղտնիք չէ, որ հատկապես մարզային բուժկենտրոնների համար բավականին դժվար է այդ զարգացումն ապահովելը` բարեկարգ պայմանների առկայություն, պարբերաբար թարմացվող բուժտեխնիկա, մասնագիտական կազմի վերապատրաստումներ և այլն: Այս պայմաններում, կարծում եմ, արդյունավետ որոշում է օպտիմալացման ծրագրի իրականացումը, որը գոյացած լրացուցիչ գումարների շնորհիվ մեզ թույլ կտա բարելավել շենքային պայմանները, թարմացնել բուժսարքավորումները, ստեղծել նոր` վճարովի բուժծառայություններ, որոնց պահանջարկը կա, ներգրավել նոր մասնագետների և ապահովել կենտրոնի շարունակական զարգացումը:
-Դուք երկար տարիներ է, ինչ աշխատում եք կենտրոնում, ի՞նչ հիմքերի վրա են դրված այստեղ բուժծառայությունները, մասնագիտական ինչպիսի՞ կազմ ունի կենտրոնը:
-1984թ-ից` դեռևս ուսանողական տարիներից, ես աշխատում եմ այս բուժկենտրոնում. 1984-87թթ. այստեղ համատեղել եմ իմ ուսումնական պրակտիկան և աշխատանքը, 1987թ. աշխատել եմ որպես շտապ օգնության կայանի հերթապահ բժիշկ, 1989թ.` ավագ բժիշկ, 1996թ. նշանակվել եմ հիվանդանոցի տնօրենի բուժգծով տեղակալ, իսկ 2000թ. հիվանդանոցի տնօրենն եմ: 2007թ. միավորվել են շտապ օգնության կայանը, պոլիկլինիկան և հիվանդանոցը, ստեղծվել է «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:
«Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն բազմապրոֆիլ գործունեություն է ծավալում, շտապ օգնության կայանին և պոլիկլինիկական ծառայությանը զուգահեռ` գործում են ստացիոնար բուժծառայություններ` համապատասխան բաժանմունքների ներքո` մանկական, ինֆեկցիոն, թերապևտիկ, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական (ծննդատուն), վերակենդանացման, դիագնոստիկ: Ունենք նաև լաբորատորիա: Մեր կենտրոնի բոլոր բաժանմունքներում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, մատուցում որակյալ բուժծառայություններ: Մասնագիտական կազմի առումով մենք համալրման խնդիր չունենք, նման հարց կառաջանա միայն նոր ծառայությունների ներդրման ժամանակ, ինչը մեր առաջիկա ծրագրային խնդիրներից է:
Սարքավորումների առումով պետք է նշեմ, որ կենտրոնն ունի անհրաժեշտ բուժսարքավորումներ, որոնցով իրականացնում է իր ամենօրյա աշխատանքը: Սակայն այսօրվա պայմաններում դրանց թարմացման կարիքը մշտապես զգացվում է, և մենք առաջիկայում պատրաստվում ենք նորացնել նաև մեր բուժտեխնիկան: Մենք քաջ գիտակցում ենք, որ նորագույն սարքավորումների ներդրումը նպաստում է ճշգրիտ ախտորոշման ապահովմանը, ինչը արդյունավետ բուժման ամենակարևոր նախադրյալն է:
-Ի՞նչ նոր բուժծառայություններ պետք է ներդրվեն կենտրոնում:
-Մենք ծրագրում ենք մեր կենտրոնում ստեղծել նոր ծառայություններ, որոնք նախկինում չենք ունեցել, և որոնք այսօր մեծ պահանջարկ են վայելում: Խոսքը դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքների մասին է:
Ինչպես նաև մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություններ ստեղծելու նոր ծառայություն սրտանոթային հիվանդների համար: Պետք է ձեռք բերենք համակարգչային տոմոգրաֆ, որը թույլ կտա մեր կենտրոնում կիրառել ռադիոլոգիական հետազոտության նոր և հուսալի մեթոդ, ինչը տարածաշրջանում բացակայում է:
-Ինչպե՞ս եք վերահսկում բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները կենտրոնում:
-Վստահությամբ: Ես վստահում եմ իմ կոլեկտիվին, որի յուրաքանչյուր անդամին ճանաչում եմ թե՛ որպես մասնագետ և թե՛ որպես մարդ: Անուղղակի ձևով, իհարկե, վերահսկում եմ այդ գործընթացը, հիվանդների հետ պարբերաբար ունեցած զրույցները բավարար են կարծիք կազմելու համար:
Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ