2017-12-23 12:16
«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.)
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Ալմասյանը:
-Տիկի՛ն Ալմասյան, այս տարի լրացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 80 ամյակը: Ո՞րն եք համարում դպրոցի ամենամեծ ձեռքբերումը:
-Այս տարի լրացավ Աշտարակի մայր դպրոցի հիմնադրման 80 տարին: Այն կրում է մեծ աշտարակցի, հասարակական գործիչ, վիպագիր, կրթական գործի նվիրյալ Պերճ Պռոշյանի անունը: Տարիներ շարունակ այն եղել է Աշտարակի միակ դպրոցը, որտեղ կրթվել և հարուստ գիտելիքներ են ստացել շատ ու շատ նշանավոր արվեստագետներ, բժիշկներ, ինժեներներ, քաղաքական-հասարակական գործիչներ, պետական նշանավոր այրեր: Որտեղ էլ որ մեր սաները աշխատել են, մշտապես բարձր են պահել պռոշյանական լինելու պատիվը: Դպրոցի ձեռքբերումները շատ են. մեր ամենամեծ ձեռքբերումը մարդ, հայրենասեր քաղաքացի դաստիարակելն է: Մենք այս առումով հպարտ ենք:
-Որքա՞ն աշակերտ ունի դպրոցը և ի՞նչ հիմքերի վրա է դրված աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը:
-Այսօր դպրոցում կրթվում են 210 խելացի երեխաներ, որոնք, հավատացած եմ, քայլելու են ավագների ճանապարհով, աչքի են ընկնելու դպրոցում ստացած իրենց գիտելիքներով, կարողություններով և դրանք կյանքի կոչելու հմտություններով: Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են ըստ ՀԿԳՆ կողմից հաստատված պետական ծրագրի, ուսումնական պլանի համաձայն: Դպրոցում դասավանդում են հմուտ և առարկայական բարձր պատրաստվածություն ունեցող մանկավարժներ, որոնք անընդհատ զբաղվում են ինքնակրթությամբ, տիրապետում են ժամանակակից դասեր վարելու տարաբնույթ մեթոդների, և երեխաների մեջ սերմանում են մարդկային վեհ գաղափարներ` դաստիարակելով հայեցի երեխաներ:
-Տիկի՛ն Ալմասյան, որպես տնօրեն, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում, ինչպիսի՞ն է աշակերտ-ուսուցիչ-ծնող կապը դպրոցում:
-Արդեն 2-րդ տարին է, ինչ ղեկավարում եմ դպրոցը և պետք է նշեմ, որ իմ և կոլեկտիվի հարաբերություններն ամուր հիմքեր ունեն, դպրոցում տիրում է ջերմ մթնոլորտ: Շատ եմ կարևորում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարգալից փոխհարաբերությունները. այն դրսևորվում է և՛ ուսումնական, և՛ հասարակական աշխատանքներում: Աշակերտական և ծնողական խորհուրդներն անմիջական մասնակցություն ունեն դպրոցի կառավարմանը, հասարակական աշխատանքներին և դպրոցական միջոցառումներին:
-Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաները ինչպե՞ս են ընդգրկվում դասարանական աշխատանքներում:
-Դպրոցն այն օջախն է, որտեղ ձևավորվում է անհատը` որպես հասարակության լիիրավ անդամ, որպես անհատականություն: Ուստի մեր բոլորիս պարտքն է անմնացորդ նվիրումով աշխատել և հասնել ներդաշնակ հասարակության ձևավորմանը: 2015 թվականից Պ. Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն իրականացնում է ներառական կրթություն: Դպրոցում բոլորի հետ միասին սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ: Նրանց հետ, դասավանդող ուսուցիչներից բացի, աշխատում է մասնագիտական աջակցող թիմը /հոգեբան, հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոց. մանկավարժ, համակարգող/, որոնք դասերի վերջում իրականացնում են լրացուցիչ դասընթացներ այդ աշակերտների հետ:
-Կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները որքանո՞վ են ընդունելի և կիրառելի:
-Կրթությունը շարունակական գործընթաց է անընդհատ զարգացող, փոփոխվող: Այսօր էլ կրթության ոլորտում անընդհատ փոփոխություններ են կատարվում: Կան նախընտրելի փոփոխություններ, սակայն ոլորտում կատարվող հաճախակի փոփոխությունները միշտ չէ, որ իրենց դրական ազդեցությունն են ունենում կրթության որակի վրա: Մեր դպրոցում համադրում ենք ավանդականը և նորը, վարում ենք արդյունավետ դասեր և պետական չափորոշիչներին համապատասխան կրթում վաղվա քաղաքացուն:
Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ