17:58
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նոր ղեկավար, նոր գործելաոճ եւ հանուն պետության ու ժողովրդի սկզբունքով արդյունավետ աշխատանք

2017-12-01 13:34

«Գեղարքունիք» (նախկինում` «Գավառ») ՋՕԸ ղեկավար ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆ

«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.)

-Պարո՛ն Մինասյան, անցյալ տարվա դեկտեմբերի 1-ից Դուք ղեկավարում եք «Գեղարքունիք» ՋՕԸ-ն, որը մի քանի ՋՕԸ-երի միավորման արդյունք է, դրանից առաջ զբաղեցրել եք պետական այլ պաշտոններ: Կխնդրեմ նշեք` ինչու առաջացավ ՋՕԸ-երը միավորելու անհրաժեշտությունը:


-Այո՛, 2016թ. դեկտեմբերի 1-ից նշանակվել եմ «Գավառ» ՋՕԸ-ի ղեկավար, մինչ այդ երեք տարի զբաղեցրել եմ մարզի Հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնը, իսկ դրանից առաջ աշխատել եմ որպես ՀՀ ԱՆ հարկադիր ծառայության վերահսկողության պետ:
Ինչ վերաբերում է ՋՕԸ-երի միավորմանը, ապա այդ հարցի քննարկման համար կազմակերպվեց հատուկ ժողով, որի արդյունքում որոշում կայացվեց, որ երեք ՋՕԸ-երը` «Գավառ», «Մարտունի», «Վարդենիս», պետք է միավորվեն և ստեղծվի մեկ միասնական կառույց` «Գեղարքունիք» ՋՕԸ-ն, որի ներքո ՋՕԸ-երի աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, այն կունենա տեղամասեր բոլոր համայնքներում, ինչը որ այսօր առկա է: Մեր աշխատանքային թիմն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, մենք ամեն ջանք գործադրում ենք, որ ջուրը հասնի բոլոր գյուղացիներին, ոռոգվեն համայնքների բոլոր ցանքատարածությունները:

-Որքանո՞վ է արդյունավետ երեք ՋՕԸ-երի միասնական աշխատանքը:

-Միանշանակ, ավելի արդյունավետ է այսպես աշխատելը, քանի որ աշխատանքները ղեկավարվում են մեկ կետից, ուժեղ վերահսկողություն է իրականացվում բոլոր տեղամասերի նկատմամբ, ինչպես նաև կրճատվել են ծախսերը. երեք հիմնարկի փոխարեն` մեկ ընկերության աշխատանքի համար է գումար հատկացվում: Իհարկե, միավորումը նաև աշխատատեղերի օպտիմալացում է նշանակում, ինչը ցավալի խնդիր է հատկապես մեր երկրում, սակայն մենք աշխատել ենք հնարավորինս մեղմել այն: Այսինքն` կրճատվել են այն աշխատակիցները, ում աշխատանքի արդյունավետությունը բարձր չէր, սակայն որպեսզի նրանք սոցիալապես չտուժեն, մենք իրենց հրավիրել ենք մասնակցելու սեզոնային աշխատանքների, ուստի` նրանք ամեն դեպքում առանց աշխատանքի չեն մնացել, մենք մշտապես կներգրավենք նրանց տարբեր աշխատանքներում:

-Որքա՞ն է Ձեր ընկերության կողմից սպասարկվող համայնքների թիվը, քանի՞ հա հողատարածք եք ոռոգում և ի՞նչ հզորություններով:

-Սպասարկում ենք 38 համայնք, իսկ հողատարածքները շուրջ 3 հազար հա են կազմում: Այս պահին ունենք կնքված 11 հազար պայմանագիր, բայց այդ գործընթացը շարունակվում է: «Գեղարքունիք» ՋՕԸ-ն 85 տոկոսով իրականացնում է մեխանիկական ոռոգում, ունենք 11 պոմպակայան, 59-ից ավելի խորքային հորեր:
Մեր աշխատանքի առանձնահատկությունը և դժվարությունն այն է, որ մեր կողմից ոռոգվող ցանքատարածությունները հիմնականում տնամերձ հողակտորներ են, աշխատում ենք թվով շատ ջրօգտագործողների հետ` ոռոգելով փոքր հողատարածքներ` 100-600քմ., ինչը բերում է ջրի կորուստների, ջրագողության և այլ խնդիրների: Սակայն մենք ուժեղ վերահսկողությամբ ենք աշխատում, իմ հանձնարարականով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք ամենօրյա աշխատանք են իրականացնում գանձումների և ջրաչափերի հստակեցման հետ կապված:

-Այս տարի ունեցանք եղանակային բացառիկ պայմաններ: Ի՞նչ խնդիրներ այն առաջացրեց:

-Այս տարի եղանակային պայմաններն իսկապես աննախադեպ էին, որի պարագայում մենք առավել մեծ ծանրաբեռնվածությամբ և ջրային պաշարներով աշխատեցինք: Որպես օրինակ` նշեմ, որ եթե նախորդ տարիներին մենք որոշակի հատվածի համար օգտագործում էինք 100խմ ջուր, ապա այս տարի այդ հատվածում օգտագործել ենք 300խմ ջուր: Սակայն պետք է հպարտությամբ նշեմ, որ այս երաշտ տարվա ընթացքում մեզ հաջողվեց մեծամասամբ լուծել մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, պատվով կատարել մեր աշխատանքը: Մենք մի քանի դեպք ունեցանք, երբ խափանվել էր պոմպակայանի շարժիչը, որը գործարանային պայմաններում վերանորոգվում է 5-10 օրվա ընթացքում, իսկ մեզ հաջողվեց այն տեղափոխել Երևան և մեկ գիշերվա ընթացքում վերանորոգել և առավոտյան գործարկել այն, որպեսզի չդադարեցվի ջրամատակարարումը: Իհարկե, դա ենթադրում է հավելյալ ծախսեր, ինչը մենք սիրով կատարեցինք` հանուն մեր ջրօգտագործողների:
Ոռոգման սեզոնի բացմանն ընդառաջ` նախապատրաստական աշխատանքները սկսել ենք ապրիլ-մայիս ամիսներին, որոնք ներառում են նաև վերանորոգման և արդիականացման, ինչպես նաև ամենամյա մաքրման աշխատանքներ: Այս տարի ոռոգման սեզոնn ավելի վաղ սկսվեց` հուլիս ամսի սկզբին և կշարունակվի մինչև հոկտեմբերի կեսերը:


Պետք է հպարտությամբ նշեմ, որ այս երաշտ տարվա ընթացքում մեզ

հաջողվեց մեծամասամբ լուծել մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները:


-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ձեր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում:

-Մենք մեր հնարավորությունների շրջանակներում իրականացրել ենք արդիականացման և վերանորոգման լայնածավալ աշխատանքներ, քանի որ համակարգը քայքայված վիճակում է. պոմպակայանները, ջրագծերը 1970-80-ական թվականներին են կառուցված, ինչը հանգեցնում է աշխատանքի արդյունավետության նվազման, ջրի կորուստների և այլն:
Այժմ երկու նոր պոմպակայան ունենք Զոլաքար և Մարտունի համայնքներում, որոնք լիովին սպասարկում են այդ համայնքների ոռոգելի հողատարածությունները: Առանձին հատվածներում նորոգվել են ջրագծեր, կառուցվել են նորերը` շուրջ 100-200մ. երկարությամբ, իսկ Սարուխան համայնքում 400 մ. երկարությամբ 500մմ. տրամագծով նոր ջրագիծ է կառուցվել: Պետք է նշեմ, որ աշխատանքների այդ ծավալը բավականին մեծ է ՋՕԸ-ի համար, քանի որ այն սպասարկող ընկերություն է և չի կարող մեծածավալ ծրագրեր իրականացնել, նման ծրագրերը ներկայացվում են Ջրային տնտեսության պետական կոմիտե, որտեղ որոշում է կայացվում և այլ մարմիններ դրանք իրականացնում են: Սակայն մենք մեր հավաքագրած գումարների և պետական միջոցների հաշվին վերցրեցինք այդ բեռը մեր ուսերին և կատարեցինք այդ աշխատանքները: Այժմ համայնքների բնակիչները ցանկություն են հայտնել ավելացնել իրենց ցանքատարածությունները, մենք պետք է փորձենք աջակցել նրանց, կատարել համապատասխան ներդրումներ, որպեսզի կարողանանք սպասարկել նաև նրանց նոր ցանքատարածությունները:
Պետք է ավելացնեմ, որ մենք արդյունավետ համագործակցում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ, մշտապես ստանում ենք այդ կառույցի աջակցությունը` ուղղված մեր ծրագրերին և խնդիրների լուծմանը:

-Պարո՛ն Մինասյան, Դուք բավականին արագ ինտեգրվեցիք աշխատանքային նոր ոլորտ, նոր գործելաոճ ներդրեցիք, ինչո՞վ գրավեց Ձեզ այս աշխատանքը:

-Պետք է նշեմ, որ իմ աշխատանքային և, առհասարակ, կյանքի սկզբունքն է` ծառայել սեփական ժողովրդին և պետությանը, այդ պատճառով յուրաքանչյուր աշխատանք ինձ համար յուրովի ծառայություն է իմ հայրենիքին և ժողովրդին, և ես ջանք չեմ խնայում արագ ինտեգրվելու և աշխատանքային առավելագույն արդյունավետություն ապահովելու համար:
Ես գրասենյակային ղեկավար չեմ, մշտապես շրջում եմ համայնքներում, մասնակցում բոլոր աշխատանքներին, անձամբ համոզվում, որ ամեն ինչ որակով է արվում: Եվ շատ եմ ոգևորվում, երբ նկատում եմ բնակիչների շնորհակալ հայացքները, լսում եմ նրանց գովեստի խոսքերը` ուղղված մեր կառույցի աշխատանքին: Դա ինձ ոգևորում է և պարտավորեցնում ավելի լավ աշխատել:
Իմ գործելաոճը հետևյալն է` իրականացնել որակյալ ծառայություն, սահմանել ուժեղ վերահսկողություն աշխատակազմի և ջրօգտագործողների հանդեպ, ջրբախշների ու տեղում աշխատող հանձնաժողովների միջոցով կազմակերպել արդյունավետ աշխատանք և մեր իրականացրած ծառայության դիմաց գանձվող գումարների վճարումը կազմակերպել քաղաքակիրթ պայմաններում` բանկերում և «Հայփոստի» բաժանմունքներում: Հատկապես ուզում եմ շեշտել գումարների գանձման հանգամանքը, քանի որ շատ են լինում դեպքեր, երբ ջրօգտագործողները, առանց ներկայացնելու վճարման կտրոնը, նշում են, որ կատարել են վճարումը, բայց այն հաստատող կտրոն չունեն: Ես ևս մեկ անգամ խնդրում եմ նրանց, որ վճարումներ կատարեն միմիայն իրենց տարածքում գտնվող բանկերի մասնաճյուղերում և «Հայփոստի» բաժանմունքներում, որոնց հետ մենք ունենք պայմանագրեր, և համապատասխան կտրոնով ներկայանալ մեզ մոտ: Եվ պետք է ավելացնեմ, որ արդեն իսկ արձանագրվել է գումարների գանձումների 30 տոկոս աճ, իսկ սեզոնի վերջում, կարծում եմ, ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...