2017-11-28 13:05
«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.)
«Դե Ֆակտո» ամսագիրը զրուցեց Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանի հետ, ով ներկայացրեց
համայնքում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
-Պարո՛ն Սեդրակյան, արդեն տաս ամիս է ինչ ղեկավարում եք Վարսեր համայնքը, մի փոքր կներկայացնեք ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:
-1998 թ-ից հիմնել և ղեկավարում եմ «Հուսիկ Սեդրակյան և ընկերներ» ՍՊԸ-ն: Այնուհետև, 2016թ հոկտեմբերի 23-ին ստանալով բնակիչների վստահության քվեն, ստանձնեցի Վարսեր համայնքի ղեկավարի պաշտոնը, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համայնքի բնակիչներին, կփորձեմ բոլորի սպասելիքներն արդարացնել:
-Այս ամիսների ընթացքում ի՞նչ դրական փոփոխություններ են արձանագրվել Ձեր համայնքում:
-Կարող եմ հստակ ասել, որ այս ամիսների ընթացքում բավականին նպաստավոր ծրագրեր են կյանքի կոչվել: Ցանկապատել ենք գերեզմանոցի տարածքը, որպեսզի պաշտպանենք տարածքը անասուններից: Այս ամիսների ընթացքում կատարել ենք ծառատունկ, փորձել ենք որքան հնարավոր է կանաչապատ դարձնել մեր համայնքը: Համայնքում գործում է անվճար Վարսեր-Սևան երթուղին, որը, կարող եմ ասել, շատ օգտակար և շահավետ է բնակիչների համար:
Սեպտեմբերի 1-ից դպրոցում կգործի նաև նախակրթարան:
-Որքա՞ն է բնակչության թիվը և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը:
-Ունենք 2000 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է: Համայնքում շուտով կբացվի ալրաղաց, որտեղ բնակիչների որոշ մասն աշխատանք կգտնի: Որքան շատ լինեն նման ընկերությունները, որոնք կստեղծեն նոր աշխատատեղեր, այնքան համայնքը տնտեսապես կծաղկի և կզարգանա:
-Պարո՛ն Սեդրակյան, առաջիկայում ի՞նչ նախանշված ծրագրեր ունեք:
-Ցանկություն ունենք համայնքում բացելու հանդիսությունների սրահ, որը շատ անհրաժեշտ է բնակիչների համար:
Այժմ դպրոցում իրականացվում է շենքային հատվածի վերանորոգման աշխատանքներ. փոխվում են բոլոր պատուհանները: Համայնքում արդեն շատ խնդրահարույց հարցեր ստացել են իրենց լուծումները, իսկ ամենօրյա աշխատանքի շնորհիվ, վստահ եմ, որ շուտով բոլոր խնդիրները մասամբ իրենց լուծումները կստանան:
-Ինչպիսի՞ն է համայնքապետ-բնակիչ փոխհարաբերությունները:
-Շատ լավ. իմ աշխատասենյակի դռները յուրաքանչյուր օր բաց է բոլորի համար, որքանով որ կարողանում եմ փորձում եմ օգտակար լինել համայնքի բնակիչներին:
-Ի՞նչ կարգախոս եք որդեգրել աշխատանքում:
-«Ամեն ինչ իմ հարազատ համայնքի համար», ահա իմ կարգախոսը:
-Պարո՛ն Սեդրակյան, ընտանիքը ազգի և պետության հենասյունն է, իմ փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Սիրով, ունեմ երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա: Աղջիկներս ամուսնացած են, տղաս դեռ ուսանող է, ունեմ թոռնիկներ:
Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ