21:20
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես ձգտում եմ այնպես աշխատել, որ իմ մարզը լինի լավագույնը

2017-11-16 10:52

«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.) 

Աշխատանքային 100 օրը խորհրդանշական է, և կարևոր նախապայման հետագա արդյունավետ աշխատանքի համար: Դա այն ժամանակահատվածն է, որը թույլ է տալիս լիովին ուսումնասիրել և պատկերացում կազմել աշխատանքի և անելիքների մասին, կազմել հեռանկարային ծրագրեր և ուրվագծել այն քայլերի հերթականությունը, որոնք պետք է մոտեցնեն ցանկալի ապագային: 
Արդեն լրացել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի աշխատանքային 100 օրը: Մինչ մարզպետի պաշտոնը զբաղեցնելը, նա ՀՀ Գեղարքունիքի մարզը ներկայացնում էր Աժ-ում՝ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, լավատեղյակ էր մարզի խնդիրներին, իսկ այսօր առավել խորությամբ է տիրապետում յուրաքանչյուր համայնքում առկա խնդիրներին, ունի հեռանկարային ծրագրեր, որոնց իրականացման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում: 
Կարեն Բոթոյանի աշխատանքային 100 օրվա և մարզի զարգացման հեռանկարների մասին առավել մանրամասն՝ նրա հետ մեր հարցազրույցում:

 

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իմ գործունեության հիմնական առանցքը եղել է

մարզում առկա զարգացման դրական միտումները խթանելն ու նոր հեռանկարների ստեղծումը:

 

 -Պարո՛ն Բոթոյան, արդեն լրացել է Ձեր պաշտոնավարման 100 օրը՝ որպես ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Դուք բավականին ակտիվ աշխատել եք այդ օրերի ընթացքում, եթե փորձեք ամփոփել դրանք, ապա ի՞նչ կարևոր աշխատանքներ կնշեք:


-Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից իմ գործունեության հիմնական առանցքը եղել է մարզում առկա զարգացման դրական միտումները խթանելն ու նոր հեռանկարների ստեղծումը: Պարբերական բնույթ են կրել և կրում մարզի երիտասարդության, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի ներկայացուցիչների հետ իմ ակտիվ և անմիջական շփումները: Ես կարծում եմ, որ մարզպետի աշխատանքը չպետք է սահմանափակվի աշխատասենյակում զեկույցներ ու հաշվետվություններ լսելով ու դրանց հիման վրա որոշումներ կայացնելով, այլ այն պետք է դուրս գա այդ սահմաններից, ինչպես և ես փորձում եմ անել: 
Որպես օրինակ՝ նշեմ, որ մարզպետի պաշտոնում իմ առաջին հանդիպումներից մեկը եղել է մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ես ոչ միայն լսել եմ վերջիններիս կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները, այլև հանդես եմ եկել պատասխան առաջարկով, այն է` տարբեր ծրագրերի իրականացման միջոցով աշխուժացնել մարզի ամենատարբեր ոլորտները: Այլ կերպ ասած` ես բոլորին խոստացել եմ աջակցել կյանքի կոչել ցանկացած ծրագիր, որը ՀՀ Գեղարքունիքի մարզում կստեղծի աշխատատեղեր, քարը կդնի քարի վրա: Կարծում եմ` իմ այս մոտեցումն աշխատանքային առաջին իսկ օրվանից ընկալվեց մարզի բնակչության կողմից:

 

-Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք, որոնք առաջնային եք համարում և ամեն ջանք գործադրելու եք դրանց լուծման համար:

-Խնդիրներ իրականում շատ կան, ես չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարող են խնդիրներ չլինել, դա անհնար է, հարցն այն է, որ մենք ձգտում ենք ստեղծել խնդիրների լուծմանը նպաստող համակարգ, միջավայր: Տեսեք, օրինակ, ունենք աշխատատեղերի սակավության խնդիր, բայց դրանց ստեղծումն ավելի հեշտ կլինի, եթե մենք կարողանանք պատրաստել համապատասխան որակավորում ունեցող կադրեր, տեխնոլոգներ, ՏՏ ոլորտի մասնագետներ և այլն: Այս պահին մենք գնում ենք այդ ճանապարհով: Օրինակ՝ մենք ծրագրում ենք զարգացնել մարզի ՏՏ ոլորտը, ներդրումներ ներգրավել դրանում, ինչը հիմք կհանդիսանա հետագայում բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման համար: Պատկերացրեք` մեզ հաջողվում է ստեղծել ծրագրավորողների մի քանի լեզուների տիրապետող փոքր թիմեր, այնուհետ այդ թիմերը կազմակերպում են դասընթացներ ավագ դպրոցների կամ հետաքրքրված այլ անձանց համար, բնական է, որ ոչ մեծ ժամանակահատված անց մենք կկարողանանք մարզում ստեղծել խմբեր, ովքեր, պայմանական ասած, տանը նստած կկարողանան գումար վաստակել: Այսօր համացանցը մեր առջև հսկայական հնարավորություններ է բացում, մենք պարտավոր ենք օգտվել դրանից և մարզում հանգստի կազմակերպմանը կամ գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ՝ դաշտ ստեղծել, որպեսզի մարդիկ ունենան եկամտի այլ աղբյուրներ ևս: Սա մեր գործունեության ուղղություններից մեկն է միայն:

 

-Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ՀՀ Գեղարքունիքի մարզում էր: Ինչպե՞ս ընթացավ այն, խորհրդակցության ընթացքում առանցքային ի՞նչ հարցեր քննարկվեցին:

-Վարչապետի այցի հետ կապված ես մեկ անգամ մեկնաբանություն տվել եմ, և ասել, որ այցը ոչ թե քննարկելու, այլ հետևություններ անելու և աշխատանքներում շտկումներ կատարելու համար է: Օրինակ՝ վարչապետի նշած թերություններից մեկը վերաբերում էր տեղական հավաքագրումների ցածր մակարդակին, իհարկե, այստեղ կա նաև մարզին բնորոշ արտագնա աշխատանքի գործոնը, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք այդ իմաստով այսօր արդեն շոշափելի հաջողություններ գրանցել:

 

-Վարչապետին Ձեր կողմից ներկայացված ո՞ր ծրագրերն են հավանության արժանացել, ե՞րբ է տրվելու դրանց իրականացման մեկնարկը:

-Այո՛, իմ կողմից որոշում կայացվեց, որ մարզում առկա հետաքրքիր բիզնես նախաձեռնություններից գոնե երկուսը ներկայացվեն վարչապետին: Այլ բան է, երբ պաշտոնական գրագրություն է ծավալվում, և ես այն ներկայացնում եմ համապատասխան գերատեսչությանը, մեկ այլ բան է, երբ կառավարության ղեկավարն անձամբ ծրագրի հեղինակներից է լսում դրանց մասին: Այդ առումով իսկապես արդյունավետ էին վարչապետի հետ հանդիպման ընթացքում ներկայացված երկու ծրագրերի քննարկումները, քանզի դրանց զարգացման համար եղան հանձնարարականներ հենց տեղում: Նշեմ նաև, որ նման մոտեցումները շարունակական բնույթ են կրելու: Իմ աշխատակազմին հանձնարարված է գտնել հեռանկարային, սկսնակ բիզնես ծրագրեր և փնտրել դրանց զարկ տալու ուղիները:

 

Մենք քայլեր ենք ձեռնարկում մարզի ներդրումային գրավչությունը ներկայանալի դարձնելու

եւ

մեծ թվով ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, ինչն աշխատատեղերի սակավության խնդրի լուծման եւ տնտեսության զարգացման լավագույն խթանը կլինի:


-Արդյո՞ք ներդրումային ծրագրերի ներգրավման համար մարզում առկա են բարենպաստ պայմաններ:

-Հարցը բազմաբովանդակ է, և մեկ հարցազրույցի ընթացքում դրան հստակ պատասխան տալն անհնար է: Օրինակ` «Սահմանամերձ գյուղական համայնքներին տրվող հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում՝ Ճամբարակ համայնքը ևս ներառվեց արտոնություններ ունեցող համայնքների շարքում: Ենթադրվում էր՝ սա տնտեսական մեծ ակտիվություն կբերի տարածաշրջանին, սակայն եթե ասեմ, որ արդյունքները գոհացուցիչ են, ճիշտ չի լինի: Իրականում այս նախաձեռնությունը շատ դրական քայլ էր, սակայն մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի այն իր նպատակին ծառայի: Պետք է հանդիպումներ կազմակերպենք բիզնեսի ներկայացուցիչների հետ և ներկայացնենք, թե ինչպիսի արտոնությունների մասին է խոսքը: Անձնական շփումներս ցույց են տվել մեկ բան, որ մենք մեր երկրի ներսում ճիշտ չենք գնահատում մեր հնարավորությունները, իրականում մեր ներուժը շատ ավելի մեծ է: Ներդրումային հոսքերին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ հաճախ սկսնակ կամ քիչ թե շատ կայացած գործարարներն ունենում են շատ լավ գաղափարներ, որոնք կյանքի կոչելու դեպքում կարող են դառնալ հեռանկարային ծրագրեր, բայց դրանց ծրագրային տեսք տալու ճանապարհին նրանք խնդիրների առջև են կանգնում՝ կամ շատ քիչ են համապատասխան մասնագետները, կամ էլ` ներդրվող գումարն է քիչ մասնագետներին վարձատրելու համար, որպեսզի նրանք իրենց գաղափարները ծրագրի վերածեն: Սա առաջին հայացքից փոքր հարց է թվում, բայց իրականում եթե մենք կարողանանք լուծել այդ խնդիրը, ապա ներդրումային, աշխատատեղեր ստեղծող բավականին մեծ թվով ծրագրեր կյանքի կկոչվեն: 

Ներդրում անել, գումար վաստակել ցանկանում են բոլորը, բայց պետք է ապացուցել, որ մարզում գումար ներդնելը եկամտաբեր է, իսկ դա ապացուցելու համար պետք է հաշվարկներով հիմնավորված ծրագիր:

 

-Մարզի զարգացման գերակա ուղղություններից է գյուղատնտեսությունը: Ինչպիսի՞ն են ոլորտի զարգացման միտումները:

-Գյուղատնտեսությունը շարունակում է մնալ եկամտի հիմնական աղբյուր մարզի հազարավոր ընտանիքների համար: Ոլորտի հետ կապված խնդիրների մասին շատ է խոսվել ու շարունակում ենք խոսել: Պետությունը բավական լուրջ քայլեր է ձեռնարկում օգնելու գյուղացիական տնտեսություններին զարգանալ՝ տրվում են դրամաշնորհներ, ցածր տոկոսադրույքներով վարկեր (օրինակ գյուղտեխնիկա ձեռքբերելու համար), պետությունը էժան գներով դիզվառելիք և սերմացու գնելու հնարավորություններ է տալիս և այսպես շարունակ: Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ լավ բերք ստանալը մեծապես կախված է եղանակային պայմաններից, գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտ: Այդ ռիսկերը նվազեցնելու և գյուղատնտեսությունն ավելի եկամտաբեր դարձնելու համար պետությունը լուրջ քայլեր է ձեռնարկում, գյուղատնտեսները, օրինակ, մեծ հույսեր են կապում ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հնարավորության, հակակարկտային ցանցի ընդլայնման, համայնքներում անասնաբույժների ինստիտուտի ներդրման և մի շարք այլ նախաձեռնությունների հետ:

 

-Զբաղվածության խնդիրն այսօր, թերևս, ամենաառաջնայինն է հատկապես մարզերում, ի՞նչ ծրագրեր ունեք` ուղղված նոր աշխատատեղերի ստեղծմանը:

-Ես արդեն նշեցի, որ զբաղվածության հարցը լուծելը չի կարելի սկսել ուղղակիորեն հենց զբաղվածություն ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելով: Պետք է կարողանանք միջավայր ստեղծել: Այստեղ թույլ տվեք կանգ առնել ոչ պակաս կարևոր մեկ հանգամանքի վրա ևս. մարզում տնտեսական աշխուժություն արձանագրելու համար անհրաժեշտ է, եթե չասեմ առաջնային բաղադրիչներից է, առողջ հոգեբանական մթնոլորտը: Չի կարելի ունենալ անկումային տրամադրություն, չհավատալ վաղվա օրվան ու ունենալ տնտեսական ակտիվություն, դրանք, իմ խորին համոզմամբ, միասին գոյություն ունենալ չեն կարող: Լավատեսությունն այստեղ շատ կարևոր գործոն է: Իմ հրապարակային գործունեության ընթացքում, կարծում եմ, նկատած կլինեք, որ մեծ տեղ եմ տալիս հենց այս հարցերին, չկա մարդ, ով ունեցել է ինչ-որ խնդիր՝ կապված պետական ապարատի հետ և չի կարողացել հայտնել այդ մասին ինձ: Իմ թիմը պատրաստ է շուրջօրյա աշխատել, ընդունել, լսել մարդկանց, ովքեր մարզպետի լիազորությունների շրջանակներում լուծում պահանջող հրատապ հարցեր ունեն: Ես փորձում եմ ամեն գնով ցույց տալ մեր մարզի բնակիչներին, որ իրենց կողքին եմ, բաց եմ ցանկացած քննարկման համար: Նորից եմ կրկնում, շատ կարևոր է միջավայրը, եթե միջավայրը տրամադրող ու դրական չեղավ, մենք շատ դանդաղ ենք առաջ գնալու:

 

-Ամռանը ՀՀ Գեղարքունիքի մարզը՝ իր գեղեցկուհի Սևանա լճով, դառնում է տուրիզմի կենտրոն, Հայաստանի բնակչությունը հանրապետության տարբեր շրջաններից, ինչպես նաև զբոսաշրջիկները,

ձգտում են վայելել Սևանը, սակայն այդ հետաքրքրվածությունը կարծես թե սեզոնային բնույթ է կրում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու մարզում զբոսաշրջությունը զարգացնելուն ուղղված:


-Շատ ճիշտ եք նկատում, զբոսաշրջային հոսքերը Սևանի ավազան խիստ սեզոնային բնույթ են կրում, այստեղից էլ բխում են տարատեսակ խնդիրներ. մարդիկ փորձում են երկու-երեք, իսկ լավագույն դեպքում 4 ամիսների ընթացքում այնքան գումար վաստակել, որպեսզի կարողանան ամբողջ տարին պահել իրենց սննդի կամ սպասարկման օբյեկտները: Սա իր հետ հանգեցնում է ոչ շատ բարձր մակարդակի մատուցվող ծառայությունների գնի անհամաչափ բարձրացման, իսկ դա էլ իր հերթին սկսում է վանել մարդկանց Սևանա լճի հանգստյան գոտիներից: Այդ առումով լուծումը մեկն է` Սևանը գրավիչ դարձնել նաև տարվա մյուս ամիսներին: Անկեղծ ասած՝ այս մասով մենք այժմ գտնվում ենք քննարկումների փուլում, ամենայն հավանականությամբ, մինչև տարվա վերջ կունենանք բիզնես ծրագիր, ինչը պատրաստ լինելուն պես կներկայացնեմ ՀՀ կառավարությանը: Թույլ տվեք չակերտները չբացել, միայն նշեմ, որ նախատեսում ենք ստեղծել մի հատված Սևանի ափամերձ տարածքում, որտեղ զբոսաշրջային հոսք կապահովվի շուրջտարի և այն հագեցած կլինի անհրաժեշտ ենթակառուցվածքներով ու ժամանցի վայրերով: Կարծում եմ` ինձ չհաջողվեց քիչ բացել փակագծերը, բայց կարևորը մեր ծրագիրը կարողանանք կյանքի կոչել:

 

Շուտով Գեղամա գեղեցկուհի Սեւանա լիճը կդառնա հանգստի

եւ

ժամանցի հետաքրքիր վայր ողջ տարվա ընթացքում:

-Ինչպե՞ս կգնահատեք մարզի կրթության, առողջապահության ոլորտների աշխատանքը, ի՞նչ անելիքներ եք տեսնում դրանցում:

-Վիճակը քիչ է տարբերվում մյուս մարզերում տիրող թե՛ բացասական, թե՛ դրական իրավիճակից. ունենք դպրոցներ, որոնք լավ պայմաններում են դասապրոցես անցկացնում, կան դպրոցներ, որտեղ անելիքներ կան, ես կասեի` հրատապ: Առողջապահություն ոլորտում ևս ցանկանում ենք իրականացնել ծառայությունների որակի բարձրացում, թափանցիկության ավելացում և այլն: Աշխատանքի տեղ դեռ շատ կա ու այդպես կլինի միշտ, քանզի կանգ առնել նշանակում է հետ մնալ աշխարհից:

 

-Պարո՛ն Բոթոյան, մինչև մարզպետի պաշտոնը զբաղեցնելը շուրջ չորս տարի աշխատել եք որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Հետաքրքիր է, ո՞ր աշխատանքն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-ԱԺ-ում աշխատելը մեծ փորձ էր ինձ համար: Իհարկե, այն ժամանակ լսում էի իմ անձին ուղղված քննադատություններ, որ ես ամենապասիվ պատգամավորներից եմ և այլն: Այն ժամանակ էլ, հիմա էլ համարում եմ, որ պասիվ պատգամավոր չեմ եղել, ուղղակի կա աշխատանքի երկու տեսակ՝ առաջինն արվում է հրապարակային, հարցուպատասխանների, ելույթների միջոցով, իսկ մյուսը` երբ քո ընտրողներին հուզող հարցերը բարձրացնում ես համապատասխան ատյաններում կամ պետական պաշտոնյաների մոտ, բայց առանց դրանք հրապարակելու: Ես, թերևս, դասվել եմ երկրորդ տարբերակին: Իրականում անընդհատ կապի մեջ եմ եղել այն տարածաշրջանի բնակիչների հետ, որտեղից մեծամասնական ընտրակարգով ընտրվել էի պատգամավոր: 
Ինչ վերաբերում է մարզպետի պաշտոնին, ապա այստեղ ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ է, ես աշխատանքի եմ գալիս առավոտյան 8:30-9:00-ին և պատահում է, որ հեռանում եմ ուշ գիշերով, նույնիսկ Գավառում երիտասարդներից մեկը նկար էր հրապարակել՝ գիշերվա ժամին արված, ու գրել էր՝ փաստորեն մարզպետը դեռ աշխատում է, քանզի իմ աշխատասենյակի լույսերը դեռ վառվում էին: Իրականում ես սիրում եմ իմ աշխատանքը և անկեղծորեն համարում եմ, որ սա բացառիկ հնարավորություն է ժողովրդի համար լավ գործ անելու: Ես բազմիցս ասել եմ անձնական շփումներում, որ շնորհակալ եմ երկրի նախագահից ինձ այս պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար, ես ամեն ինչ անելու եմ` արդարացնելու նախագահի վստահությունը:

 

-Այսօր ՀՀ քաղաքական դաշտում սերնդափոխություն է նկատվում, երիտասարդների ներգրավվածությունն ԱԺ-ում և պետական այլ կառույցներում մեծացել է: Ըստ Ձեզ` ի՞նչ նորություն, նոր գործելաոճ է ներդնելու երիտասարդ սերունդը, և ո՞րն եք համարում Ձեր սերնդի պաշտոնյաների պարտքը հայրենիքի հանդեպ:

 

-Սերնդափոխությունը բնական երևույթ է, ինչ վերաբերում է մեր սերնդի անելիքներին, ապա կարծում եմ, որ մենք պետք է Հայաստանը դարձնենք ավելի ժամանակակից երկիր: Ինքս Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ համայնքից եմ և տեսել եմ, թե ինչ ծանր բեռ է ընկած ավագ սերնդի ուսերին` պաշտպանել երկիրը և այս տարածաշրջանում հաստատել հայ ժողովրդի ապրելու իրավունքը: Ավագ սերունդն իրենն արեց, ու այսօր մենք ունենք անկախ Հայաստան, անկախ Արցախ: Այժմ եկել է ժամանակը հաղթելու այլ պատերազմում ու վստահ եմ, որ մենք այստեղ ևս հաղթելու ենք: Իսկ մեր սերունդն ուղղակի պարտավոր է Հայաստանը դարձնել հզոր երկիր, ես դրան հավատում եմ, մենք այդ ուղու վրա ենք: Իհարկե, դժվար է, դժգոհություններ շատ կան, բայց դա ևս փորձություն է, որ պետք է հաղթահարենք:

 

 

Երիտասարդ սերնդի խնդիրն է կառուցել հզոր եւ ժամանակակից Հայաստան.

մեր երեխաները պետք է ապրեն ավելի զարգացած Հայաստանում, այլընտրանք չկա:

 

-Դուք բավականին հագեցած գրաֆիկով եք աշխատում, կարողանո՞ւմ եք ժամանակ հատկացնել ընտանիքին, երեխաներին:

-Կարծում եմ՝ ոչ միայն ես, այլ պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ընտանիքի հետ շփվելու ժամանակ գրեթե չի ունենում: Մեկ օրինակ բերեմ` մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո միայն երկու ամիս անց եմ եղել իմ հայրական տանը, այն էլ` հերթական շրջայցերից մեկի ընթացքում կես ժամով: Իմ ծնողները, իհարկե, ըմբռնումով են մոտենում այդ հարցին, իսկ այ երեխաներս այդքան էլ չէ, նրանք կնոջս շատ են հարցնում, թե ինչու հայրիկին չեն տեսնում, իսկ երբ տեսնում են, նա իրենց հետ քիչ ժամանակ է անցկացնում: Հիմնականում տուն եմ գնում այն ժամերին, երբ երեխաներն արդեն քնած են և տանից դուրս եմ գալիս, երբ նրանք դեռ չեն արթնացել:

 

-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել ՀՀ Գեղարքունիքի մարզը Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտին:

-Ցանկություններս մաքսիմալիստական են, ցանկանում և ձգտում եմ, որ իմ մարզը լինի լավագույնը՝ թե՛ սոցիալական պայմաններով, թե՛ մշակութային ու սպորտային կյանքով: Անում եմ ամեն ինչ, որպեսզի հասնեմ դրան, իսկ թե որ փուլին կհասնեմ և ինչ վիճակ կլինի այն պահին, երբ ես կլքեմ այս պաշտոնը, թերևս, միայն Աստծուն է հայտնի: Ես լավատես մարդ եմ, և իմ լավատեսությունը հիմնավորված է:

 

 

Երազում եմ այնպիսի Հայաստանի մասին, որտեղ

ապրելու կգան աշխարհի բոլոր հայերը:


-Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում և որքանո՞վ եք պատրաստ պայքարել այդ Հայաստանի կերտման համար:

 

-Ցանկանում եմ տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ ապրելու կգան աշխարհի բոլոր հայերը: Կարծում եմ՝ ասածս իր մեջ ներառում է ամեն ինչ: Այդ նպատակին հասնելու համար մենք պետք է ունենանք զարգացած պետություն, և մենք այն ունենալու ենք: Մեր երեխաներն ավելի լավ Հայաստանում են ապրելու, այլընտրանք չկա:

 


Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...