2013-01-15 10:54
-Պարո՛ն Սանթրոսյան, 2005թ. Դուք ղեկարում եք Դիլիջան քաղաքային համայնքը, 2012թ. վերընտրվեցիք քաղաքապետի պաշտոնում: Ի՞նչ կարևորություն ունի այս հաղթանակը Ձեզ համարˋ վաստակած գնահատակա՞ն, ծրագրերը շարունակելու հնարավորությո՞ւն, թե՞…
-Հերթական անգամ ընտրվելը, իմ ընկալմամբ, ապացույցն էր այն բանի, որ անցած տարիների ընթացքում ավելի է ամրապնդվել իմ կապը համաքաղաքացիներիս հետ, որն, իհարկե, ոգևորիչ է: Վերընտրվելու հետ կապված ամենակարևոր հանգամանքը ես կհամարեի այն, որ հնարավորություն ընձեռնվեց մեր ծրագրերը իրականացնելու: Դիլիջանի զարգացման ներկա փուլում, երբ իրականացվում են համապետական և խոշոր ռեգիոնալ ծրագրեր, ավելի է մեծանում մեր պատասխանատվությունը` դրանց նպաստելու և հնարավորինս արագ և արդյունավետ լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք կարող են անգամ փոքր-ինչ խոչընդոտել քաղաքի այս առաջընթացին:
-Ամփոփելով 2012թ.ˋ ինչպիսի՞ն էր այն Դիլիջանի համար, ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:
-2012-ը շատ արգասաբեր էր մեր քաղաքի համար: Ամենակենսական հարցը, որ տարիների ընթացքում շարունակում էր մնալ մեր մտահոգությունների կենտրոնում, սողանքներն էին, 2012թ. մեծ ծավալի հակասողանքային աշխատանքներ հաջողվեց իրականացնել; Կատարվել է 600 մ. թունելախորշերի վերականգնման աշխատանքներ, այժմ նախատեսվում է ևս 300 մ. վերականգնել, որի իրականացման դեպքում քաղաքի մի մեծ հատվածում կստեղծվի հուսալի դրենաժային համակարգ: 70-ականներից հետո նման մասշտաբի աշխատանքներ չեն իրականացվել Դիլիջանում:
Օգտվելով առիթիցˋ ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ նախագահ հարգարժան Սերժ Սարգսյանին` քաղաքի համար կենսական նշանակութուն ունեցող այս հարցի վերաբերյալ ցուցաբերած մեծ օգնության և քաղաքում իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերի կապակցությամբ:
Կարևոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ մեր համաքաղաքացիներին աշխատանքով ապահովելը և գործազուրկների թվի զգալի նվազումը: Խոսենք թվերի լեզվով. եթե քաղաքի շինարարական կառույցների վրա միայն աշխատում է 4000-ից ավելի մարդ, ինչպես կարող է այս ոլորտում աշխատել ցանկացողների համար աշխատատեղի խնդիր լինել: Ավելին, մեր խոշոր կառույցներում աշխատելու են գալիս նաև հարևան համայնքներից ու մարզերից:
Հյուրանոցային ցանցի ընդլայնման հետ կապված կրկին նոր աշխատատեղեր են ստեղծվում:
-Ի՞նչ կարևոր խնդիրներ է հաջողվել լուծել ղեկավարման 7 տարիների ընթացքում:
- Նշված ժամանակահատվածում հաջողվել է իրականացնել մեր կողմից նախանշված կարևոր խնդիրների մեծ մասի լուծումը: Միայն համայնքի միջոցներով կառուցվել է ժամանակակից պահանջներին համապատասխան երկրագիտական թանգարանի նոր շենք, քաղաքային ամֆիթատրոն, Շամախյան թաղամասում ակումբի նոր շենք, հիմնականում ավարտվել է քաղաքի կենտրոնական հատվածի ճարտարապետական ձևավորումը, բոլոր կրթական, նախակրթական, մշակութային հաստատությունները ապահովված են ջեռուցման համակարգերով: Հունվարից գրադարանում կգործի ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղը, 2013-ի սեպտեմբերից` ՙԱՅԲ՚ դպրոցը:
Իրականացվել են մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ, մայթերը բարեկարգվել են, գեղարվեստորեն ձևավորվել` քանդակային էլեմենտների տեղադրմամբ: Քաղաքի ողջ երկայնքով մաքրվել է Աղստև գետի հունը: Նկատելիորեն բարելավվել է քաղաքի էլեկտրական լուսավորությունը և այլն :
Բարեկարգվել է քաղաքի հուշարձանային համալիրը, դրան կից եղբայրական գերեզմանի տարածքը, անցկացվել է էլեկտրական լուսավորություն:
-Ի՞նչ խնդիրներ են առկա այսօր Դիլիջան քաղաքում:
-Հոգևոր-մշակութային ոլորտի հետ կապված դեռևս պահանջվող լուծում չեն գտնում եկեղեցու կառուցման և քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման խնդիրները: Դեռևս չի հաջողվել վերականգնել տեղական հեռուստատեսությունը: Քաղաքի կենտրոնական հատվածի ամբողջական ճարտարապետական ձևավորմանը լրջորեն խոչընդոտում է ՙԹուֆենկյան՚ ընկերության հյուրանոցի արդեն տարիներ շարունակ կոնսերվացված շինարարությունը:
Խնդիրներ կանˋ կապված աղբահանության, նոր աղբավայրի ստեղծման և նշված ոլորտի տեխնիկական կառավարման հետ: Քաղաքի առանձին հատվածներում խնդիրներ կան խմելու ջրի որակի հետ կապված:
-Դիլիջանը Հայաստանի ամենալավ հանգստյան գոտիներից մեկն է: Այս տարի զբոսաշրջության ինչպիսի՞ ցուցանիշեր են արձանագրվել:
-Միայն քաղաքի առողջարաններն ու հյուրատները ընդունել են 20 հազարից ավելի այցելուների: Վերջին տարիներին այս ոլորտում նկատելի աշխուժություն է տիրում: Դրա լավագույն վկայություններից է նաև նոր հյուրանոցային համալիրների և հյուրատների ստեղծումը: Ֆինանսական կենտրոնի ձևավորումը և միջազգային դպրոցի առկայությունը, անշուշտ, կնպաստեն ոլորտի մեծ առաջընթացին: Քաղաքը ակտիվորեն համագործակցում է տարբեր զբոսաշրջային կազմակերպությունների հետ, համատեղ աշխատանքներ են իրականացվում միջազգային կառույցների հետ համագործակցելու ուղղությամբ:
-Ի՞նչ ծրագրեր ունեք 2013թ. հետ կապված, ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն:
-Բացի հակասողանքային ծրագիրը, կկարևորեի նաև կոյուղաջրերի մաքրման համակարգի ստեղծման և խմելու ջրի որակի բարելավմանն ուղղված միջոցառումները, որոնք մեծ ծավալով կսկսվեն 2014-ի գարնանը: Բացի մեր կողմից իրականացվող բարեկարգման, բազմաբնակարան շենքերի վերանորոգումների, ասֆալտապատման և այլ ծրագրերից, կարևոր աշխատանքներ ենք իրականացնելու ԱՍԲԱ-ի Դիլիջանում իրականացվող ծրագրի շրջանակներում, որտեղ քաղաքապետարանը հանդես է գալիս որպես գործընկերային կողմ, և աշխատանքների նախատեսված տեմպերի դեպքում արդեն 2013-ի աշնանը մի քանի տասնյակ ընտանիքներ ապահովված կլինեն մատչելի բնակարաններով:
Հարցազրույցըˋ Սուսաննա Թամազյանի
«Դե Ֆակտո» N79 (2012թ.)
Վերադառնալ