2017-10-31 12:07
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
«Դե Ֆակտո » N 136 (09/2017թ.)
Առուշանյան Առուշ Գագիկի
Ծնվել է 1991թ. մարտի 12-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
1997-2007թթ. սովորել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում:
2007թ. ընդունվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի ազգային տնտեսագիտության ֆակուլտետը և սովորել մինչև 2009թ.: Ելնելով նպատակահարմարությունից` 2009թ. տեղափոխվել է Գորիսի պետական համալսարան` տնտեսագիտության ֆակուլտետ և ավարտել 2011թ., որպես տնտեսագիտության բակալավր:
2012թ. ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան և ավարտել 2014թ.:
2008թ. օգոստոսից հիմնադրել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ն:
«Գոր Մետալ» ՍՊԸ-ի տնօրենն է, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2016թ.-ից ՀՀԿ անդամ է:
Ներկայումս` Գորիս համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Միասին մենք կարող ենք փոփոխությունների կրողը լինել:
-Պարո՛ն Առուշանյան, Դուք կարճ ժամանակ է, ինչ նշանակվել եք Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն հասցրել եք ակտիվ ներգրավվել ներհամայնքային աշխատանքներում: Բայց մինչ այդ ամենի մասին խոսելը, կցանկանայի ներկայացնեիք, թե ինչպիսի՞ ճանապարհ եք անցել, և ի՞նչ կարևորություն ունի Գորիս համայնքը Ձեզ համար:
-Գորիսն իմ ծննդավայրն է, որտեղ անցել է իմ մանկությունը, և բնականաբար, իմ ամենասիրելի քաղաքն է, որը ես ուզում եմ տեսնել զարգացած: Իմ հաջողության գրավականն իմ աշխատասիրությունն է: Պետք է անկեղծորեն նշեմ, որ դեռ դպրոցական տարիներից ես տարված եմ եղել աշխատանքով: Դպրոցն ավարտելուց հետո հայրս իր շինարարական բիզնեսի մի մասը վստահեց ինձ ու դադարեց որևէ հարցում օժանդակել: Այդ պահից ես ինքնուրույն ու անկախ դարձա և խնդիր դրեցի իմ առջև. գործունեություն ծավալել իմ քաղաքում, աշխատատեղեր ստեղծել, գնային մատչելի քաղաքականություն վարել և ապահովել սպասարկման բարձր որակ: Բիզնեսում լուրջ հաջողություններ ունենալով՝ երբեք անտարբեր չեմ եղել համայնքի խնդիրների նկատմամբ: Ես իմ սեփական միջոցներով նախաձեռնել եմ մի շարք աշխատանքներ. տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազում ծրագրերի իրականացում, անհատական օգնություններ, բարեգործական, սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված համայնքային նշանակության նախաձեռնություններ: Տարիներ շարունակ մի շարք խնդիրներ իմ ուշադրության կենտրոնում են և ես մշտապես փորձում եմ որևէ կերպ ներդրում ունենալ դրանց լուծման գործում:
-Ի՞նչ ծրագրեր, աշխատանքներ են այժմ ընթանում Գորիս համայնքում, որոնց անձամբ եք հետևում:
-Մեր համայնքում յուրաքանչյուր խնդիր խոշորացույցի տակ է առնվել, և ես անձամբ հետևում եմ այդ խնդիրների լուծման գործին: Մեծ և փոքր խնդիրներ չկան, կա խնդիր, ուրեմն՝ պետք է լուծում տրվի: Գորիսն այն եզակի քաղաքն է, որտեղ իմ միջոցներով հանրային տրանսպորտն անվճար է գործում: Համայնքում բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են սկսվել. աղբահանության արդյունավետ կազմակերպում, լուսավորության խնդրի լուծում, ճանապարհների, կանաչ տարածքների բարեկարգում, նախակրթարանների նորոգում: Իրականացվող աշխատանքները շատ են, արդյունքները՝ շոշափելի: Վերջին մի քանի շաբաթները փաստում են, որ նպատակասլաց լինելու և համատեղ ջանքեր գործադրելու արդյունքում մենք միասին շոշափելի առաջընթաց ենք արձանագրել` մեր համայնքին հաղորդելով նոր որակ, նոր լիցքեր:
-Որքանո՞վ եք արդյունավետ համարում համայնքների խոշորացման ծրագիրը Գորիս համայնքի օրինակով, ի՞նչ դրական և բացասական կողմեր կնշեք:
-Համայնքների խոշորացումը համաչափ զարգացման լայն գործիքներ է տալիս: Փոքր բնակավայրերը փոքր բյուջեներով չեն կարող էական խնդիրներ լուծել: Առաջիկայում մենք 704 մլն դրամի տեխնիկա կունենանք, որի շնորհիվ համայնքում մատուցվող ծառայությունների որակն անհամեմատ կբարելավվի, տարբեր բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացման դրական տեղաշարժ կլինի: Խոշորացումը նաև մրցակցային ավագանի ունենալու հնարավորություն է տալիս: Յուրաքանչյուր բնակավայրից ընտրված ավագանու անդամի ակտիվությունը չափազանց կարևոր է տվյալ բնակավայրի խնդիրներն օրակարգային դարձնելու համար: Խնդիրներ ևս կան, սակայն պետք է ասեմ, որ դրանք լուծելի են ժամանակի ընթացքում:
-Որո՞նք եք համարում Գորիս համայնքում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները:
-Համայնքի յուրաքանչյուր բնակչին հուզող ցանկացած խնդիր հրատապ է, և ամեն ինչ պետք է արվի այդ խնդիրներին լուծում տալու համար: Գորիս համայնքը յուրաքանչյուր բնակչի համար պետք է լինի հարմարավետ, ամբողջովին բարեկարգված, զարգացած, զբոսաշրջիկներին հիացմունք պատճառող. ինչին մենք ձգտում ենք հասնել` մեր աշխատանքով:
-Որպես Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում համայնքի բնակիչները, և ինչպիսի՞ աջակցություն են ստանում:
-Հիմնականում սոցիալական հարցերով են դիմում: Մեր աշխատանքի հիմքում երկարաժամկետ ծրագրեր են, որոնց իրականացման պարագայում, մենք պետք է նպաստենք կյանքի որակի բարելավմանը:
Ես հավատում եմ, որ մեր միասնականության եւ ստեղծագործ ներուժի
շնորհիվ ունենալու ենք հզոր, անվտանգ ու խաղաղ հայրենիք:
-Առաջիկայում՝ նոյեմբերի 5-ին, Գորիս համայնքում սպասվում են համայնքապետի ընտրություններ, որին Դուք մասնակցելու եք՝ որպես թեկնածու: Ինչպիսի՞ ընտրապայքար է սպասվում՝ ըստ Ձեզ:
-Մենք հակված ենք քաղաքակիրթ ընտրապայքարի միջոցով հասնել վստահության: Ժողովուրդն իմաստուն է և գիտի, թե իր վստահության քվեն ում կարող է տալ:
-Ի՞նչ կարգախոսով եք մասնակցելու ընտրություններին, և ի՞նչ ծրագրեր են ներառված Ձեր նախընտրական ծրագրում:
-Ես մասնակցելու եմ ընտրություններին «Միասին մենք կարող ենք փոփոխությունների կրողը լինել» կարգախոսով: Գորիս համայնքի համաչափ զարգացման ապահովումը մեզ համար իրականացվող բոլոր ծրագրերի հիմնական սկզբունքն է: Կանոնակարգել համայնքային կյանքի բոլոր ոլորտները՝ ենթակառուցվածքների պահպանում և բարելավում, բնակարանային ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրեր, բակային բարեկարգման, կանաչ տարածքների ավելացման աշխատանքներ, կրթամշակութային, սոցիալական ոլորտներում ծառայությունների բարելավում և այլն: Ծրագրերն ու միջոցառումները պետք է ունենան իրենց շարունակականությունն ու զարգացումը: Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքը վկայում է, որ մեր բոլոր ծրագրերն արժանահավատ են:
-Պարո՛ն Առուշանյան, Դուք բավականին երիտասարդ եք, ունեք բազում ծրագրեր, նոր գաղափարներ, հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում:
-Միշտ լինել ազնիվ շրջապատի և ինքդ քեզ համար: Նպատակասլացությունը, հետևողականությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ շատ կարևոր է, այն պետք է վարակիչ լինի նաև: Միշտ վստահ եմ եղել իմ ուժերի վրա, քանի որ մշտապես հասնում եմ իմ առջև դրված նպատակներին:
-Որո՞նք են ամենակարևոր արժեքները Ձեզ համար կյանքում և մարդկային փոխհարաբերություններում:
-Կյանքը ճիշտ ապրելու բանաձևում կարևորագույն գործոն է հայրենիքին պիտանի ապրելու մղումը, կամքը, քաղաքացու հանդեպ սերն ու հարգանքը, որոնք էլ աշխատանքային առօրյայում հանգեցնում են հետևողականությամբ, սրտացավությամբ ձեռք բերված արդյունքի:
-Ի՞նչն է Ձեզ ոգևորում կյանքում:
-Սովորաբար, շատ քիչ դեպքերում եմ ոգևորվում, բայց երբ աշխատանքիս արդյունքում տեսնում եմ դիմացինիս ոգևորությունը, այն ինձ ուժ է տալիս և պարտավորեցնում:
-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք անվերապահորեն հավատում:
-Ես հավատում եմ Աստծուն, որովհետև հենց Աստված է իմ սրտում հավատք և սեր դրել:
-Ի՞նչ նախասիրություններ, հետաքրքրությունների շրջանակ ունեք:
-Օրվա ընթացքում գրեթե ազատ ժամանակ չեմ ունենում, երբեմն փորձում եմ սպորտով զբաղվել:
-Եվ վերջին հարցը՝ ինչպիսի՞ Գորիսի ու Հայաստանի մասին եք երազում, և հավատո՞ւմ եք դրա իրականացմանը:
-Կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հավատա իր պետությանը, իր և ընտանիքի վաղվա օրվան, մասնակից դառնա այդ ապագայի կերտմանը: Ես հավատում եմ, որ մեր միասնականության և ստեղծագործ ներուժի շնորհիվ ունենալու ենք հզոր, անվտանգ ու խաղաղ հայրենիք:
Հարցազրույցը՝
Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ