21:16
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱԺ պատգամավորը պետք է գործի բացառապես ի շահ ժողովրդի` երկրորդելով սեփական շահը

2017-10-30 10:51

 ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր

 ՎԱՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

 «Դե Ֆակտո » N 136 (09/2017թ.)  

  

 -Պարո՛ն Ասատրյան, Դուք 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում ընտրվեցիք ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ եք, ներկայացնում եք ՀՀ Լոռու մարզը: Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել` որպես թեկնածու, ԱԺ ընտրություններում:

-Նախ պետք է նշեմ, որ մինչև ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելը, 2016 թ. ապրիլին, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ փոխմարզպետի պաշտոնից, և 2017թ. փետրվարին առաջարկ եմ ստացել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջադրել թեկնածությունս ԱԺ ընտրություններում: Եվ քանի որ ծանոթացել ու խորությամբ ուսումնասիրել էի «Ծառուկյան» դաշինքի ծրագրային 15 հիմնական դրույթները, որոնք արտացոլում են ներկայիս Հայաստանում առկա խնդիրները և միտված են ժողովրդի բարեկեցությանը, ես տվեցի իմ համաձայնությունը: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Լոռու մարզում ես երկար տարիներ աշխատել եմ` որպես Սպիտակի քաղաքապետ, այնուհետև՝ փոխմարզպետ, ու լիովին տիրապետում եմ խնդիրներին, ժողովրդի մտահոգություններին, նաև լավ պատկերացնում եմ, թե ինչպես կարելի դրանց լուծում տալ: Այդպես` ՀՀ ԱԺ ռեյտինգային ընտրությունների արդյունքում մարզում գործունեությանս ընթացքում ներդրած ջանքերի գնահատականը ես ստացա ժողովրդից` 8147 ձայն:

Որպես ԱԺ պատգամավոր՝ ես կոչված եմ եւ պատրաստակամ

խթանելու մարզի ցավոտ խնդիրների լուծմանը:

-Ի՞նչ խնդիրներ կան այսօր մարզում, որոնք առաջնահերթ եք համարում և պետք է բարձրաձայնեք ԱԺ ամբիոնից:


-ՀՀ Լոռու մարզում խնդիրները շատ են, բայց կատարված աշխատանքներն էլ են շատ, հատկապես` աղետի գոտու վերականգնմանն ուղղված, որոնց ես ակտիվ մասնակցություն եմ ունեցել իմ քաղաքապետ աշխատելու տարիներին: Իսկ այսօր ես կոչված եմ խթանել մարզում ցավոտ համարվող խնդիրների լուծմանը` որպես ԱԺ պատգամավոր, և պատրաստակամ եմ դա անելու: Հույս ունեմ` պետության հնարավորությունները կներեն մարզում առկա խնդիրները լուծելու և բնակչության համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար:


Այսօր էլ մարզում առաջնային կարևորություն ունի բնակարանաշինության հետ կապված խնդիրը, քանի որ, ճիշտ է, 1999 թ. ՀՀ կառավարության 432 որոշմամբ` երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանների վերականգնման հնարավորություն տրվեց, սակայն դրանում մեկ շեշտադրում կար` բնակարան հատկացնել ավերված բազմաբնակարան շենքերի բնակիչներին: Բայց, քանի որ Սպիտակը 100 տոկոսով էր ավերի ենթարկվել, հողին էին հավասարվել նաև սեփական բնակարանները, պետք էր պետական մոտեցման մեջ փոփոխություն մտցնել, որպեսզի տուժած բնակչության մոտ 40 տոկոսը, որ կորցրել էր իր սեփական բնակարանը, ևս հնարավորություն ստանար այն վերականգնելու` դուրս գալով իր սեփական տարածքում կառուցված ժամանակավոր կացարաններից: 2006թ., երբ արդեն մոտենում էր բազմաբնակարան շենքերի բնակիչներին բնակարանների հատկացման հերթացուցակի ավարտը, և առկա էր մեծ դժգոհություն սեփական բնակարանների բնակիչների շրջանում, ես դիմեցի ՀՀ կառավարությանն առաջարկով` աջակցել այդ մարդկանց: Մենք մոտ 1.5 տարի աշխատեցինք այդ ծրագրի ստեղծման ուղղությամբ, որին հետևեցին համապատասխան հրահանգներ, մարզպետի կարգադրություններ և կազմվեց հերթացուցակ: 2007թ. ՀՀ կառավարության արտագնա նիստ կայացավ Լոռու մարզում և համապատասխան հանձնարարություն տրվեց վերանայելու հերթացուցակը ու ներկայացնելու առաջարկություն: Մենք ներկայացրեցինք այն:


2008թ. համայնքապետի ընտրությունների ժամանակ ես չվերընտրվեցի, հետևաբար` գործընթացը դուրս մնաց իմ անմիջական հսկողությունից: Թեև այս նույն ծրագրի շրջանակներում սկսվեց սեփական բնակարանների կառուցումը միայն Սպիտակի տարածաշրջանի գյուղերում, սակայն Սպիտակ քաղաքում սեփական բնակարանների կառուցման ծրագիրը այդպես էլ չմեկնարկեց, և փաստացի սեփական բնակարաններ կորցրած ընտանիքներին բնակարաններով ապահովման հարցը մինչև այսօր մնաց անլուծելի:
Այժմ որպես պատգամավոր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ես բարձրաձայնեցի այդ խնդիրը, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացա ամբողջական ներկայացնել այն. այժմ պատրաստվում եմ գրավոր դիմել պարոն վարչապետին` հույս ունենալով, որ կստանամ կառավարության աջակցությունը և վերջնականապես միասին կլուծենք սպիտակցիներին բնակարաններով ապահովելու կարևոր խնդիրը: Իհարկե, պետք է վերանայել նախկին ցուցակը, քանի որ շատերին հաջողվել է նոր բնակարան կառուցել, սակայն կան նաև մարդիկ, ովքեր ոչ սեփական տարածք ունեն ՀՀ-ում, ոչ էլ բնակարան ու ապրում են ժամանակավոր կացարաններում: Ես հասկանում եմ, որ հավանաբար պետական բյուջեի միջոցներով հնարավոր չի լինի ամբողջությամբ լուծել այդ խնդիրը, բայց պետք է բարձրաձայնել այն, գուցե այլ լուծումներ առաջարկվեն:


Ինձ մտահոգիչ մյուս խնդիրն արտագաղթն է, որը պետք է կանխել` աշխատատեղեր ստեղծելով, հույս և հավատ ներշնչելով ժողովրդին, որպեսզի նրանք ապագան կապեն իրենց հող ու ջրի հետ: Կարծում եմ` ամենակարևոր քայլը ներդրումային ծրագրերի ներգրավումն է մարզ: Իհարկե, վերջին տարիներին բացվել են նոր աշխատատեղեր մարզում, բայց դա բավարար չէ:

Ծրագրում ենք «Ծառուկյան» դաշինքի գրասենյակներ բացել մարզում,

որոնց միջոցով ժողովրդի հետ կապն առավել կամրապնդվի:

-Ունե՞ք գրասենյակներ մարզում, որպեսզի բնակիչները կարողանան հանդիպել Ձեզ, ներկայացնել իրենց խնդիրները:

-Որպես պատգամավոր` գրասենյակ ունեմ Սպիտակ քաղաքում, շուտով ևս մեկը կբացվի Վանաձորում: Իսկ հանդիպումներ ազգաբնակչության հետ ես ամեն օր եմ ունենում, քանի որ ընտանիքիս հետ միասին ապրում եմ Սպիտակ քաղաքում, անընդհատ շփման մեջ եմ ժողովրդի հետ և պատասխանում եմ ինձ ուղղված հարցերին:

 

-Ի՞նչ խնդիրներով են Ձեզ հիմնականում դիմում:

-Հիմնականում դիմումներում նշված խնդիրները սոցիալական բնույթի են` անհատական օգնություններ սոցիալապես անապահով ընտանիքներին, ուսման վարձերի վճարում, առողջական խնդիրների համար ֆինանսական աջակցություն և այլն: Իհարկե, ես փորձում եմ իմ հնարավորությունների չափով աջակցել բնակչությանը, սակայն որպես պատգամավոր` իմ խնդիրն է հեղինակել օրենքներ, առավել հիմնավոր լուծում գտնել իրենց խնդիրներին` նպաստելով մարզի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը:

 

-«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ ծրագրեր իրականացվելո՞ւ են մարզում:

-Այժմ ծրագրում ենք «Ծառուկյան» դաշինքի գրասենյակներ բացել մարզում, որոնց միջոցով առավել ամուր կապ կստեղծվի ժողովրդի հետ, լավատեղյակ կլինենք նրանց խնդիրներին: Այլ ծրագրեր ևս կան, սակայն դրանց մասին խոսելը դեռ վաղ է:
-Պարո՛ն Ասատրյան, մեկնարկել է 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը, ինչպիսի՞ աշխատանք եք ակնկալում Ձեր գործընկերներից:
-Իմ ակնկալիքներն ավելի շատ իմ և «Ծառուկյան» դաշինքի գործունեության հետ են կապված, հետո` մյուսների, կարծում եմ` ամեն մարդ պետք է սկսի իրենից: Արդեն իսկ սկսել եմ ակտիվ ներգրավվել ԱԺ աշխատանքներում, մասնակցել ընդլայնված նիստերին, քննարկումներին, առաջարկություններ անել, նպատակ ունեմ շարունակել հետևողական և արդյունավետ աշխատել ի շահ օրենքի և ժողովրդի:

 

-Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ կառավարությունն աշխատում է Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Ինչպե՞ս կգնահատեք այդ մեկ տարին:

-Ինձ թվում է` մեկ տարին կարճ ժամանակահատված է պետության մեջ զգալի փոփոխություններ արձանագրելու համար, բայց այն ծրագրերը, որոնք ներկայացվում են և վարչապետի խորհրդակցությունների ժամանակ հաստատվում, բավականին ծանրակշիռ են և արդյունավետ, ինչը կարձանագրենք ավելի ուշ:

 

-Պարո՛ն Ասատրյան, հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքում:

-Մարդ պետք է և՛ կյանքում, և՛ աշխատանքում առաջնորդվի դիմացինի շահի հետ հաշվի նստելու, հանուն ճշմարտության իր շահը զիջելու սկզբունքով, հատկապես` ՀՀ ԱԺ պատգամավորը: Նա պետք է գործի բացառապես ի շահ ժողովրդի` երկրորդելով սեփական շահերը:

 

-Ինչպիսի՞ ապագա եք երազում մեր երկրի համար:

-Ինչ վերաբերում է ապագային, ապա այն ստեղծողը մենք ենք, եթե ցանկանում ենք շենացնել մեր երկիրը, ապա պետք է ազգովի նվիրվենք այդ գործին, ու ես վստահ եմ, որ մենք, անպայման, կհասնենք դրական արդյունքների: Սակայն պետք է գիտակցենք նաև, որ մեր ապագան մեծապես կապված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման հետ, որին ուղղված աշխատանք են տանում մեր դիվանագետներն ու երկրի ղեկավարությունը: Բայց այսօր փաստն այն է, որ պատերազմը չի ավարտվել, և ամեն օր հետապնդում է մեզ, սակայն ի փառս մեր զինվորների, բանակի` մենք կարողանում ենք դիմակայել թշնամու լարած թակարդներին ու արժանի հակահարված տալ:

 

-Եվ վերջում, ցանկանում եմ կարճ անդրադարձ կատարեք որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն լուրերին, թե Դուք պետական մարմինների հետ կապված խնդիրներ եք ունեցել: 

-Նախ նշեմ, որ ես որևէ լրատվամիջոցի նման տեղեկատվություն չեմ տվել, և կարող եմ ասել, որ որևէ խնդիր չեմ ունեցել պետական մարմինների հետ: Դա պարզապես քաղաքական պայքարի ժամանակ հակառակ դաշտի կողմից արված քայլ էր: Պետք է նշեմ նաև, որ ընտրապայքարի ժամանակ ես երբևէ որևէ մեկի չեմ թերագնահատել, մասնակցել եմ ընտրություններին ազնիվ կերպով, ստացել իմ արժանիքներին համապատասխան ձայներ և գոհ եմ իմ ընտրողներից: Ժողովուրդը կարողանում է օբյեկտիվ գնահատել արված աշխատանքը, և նրա համար կարևոր է ոչ թե օրվա գումարը, այլ մարդու տարիների վաստակը:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...