19:11
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գիտելիքի եւ դպրության օր

2017-10-27 11:16

 «Դե Ֆակտո » N 136 (09/2017թ.)  

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում՝
1984 թվականից: Այսօր Հայաստանում սեպտեմբերի 1-ը պետական տոն է՝ Գիտելիքի և դպրության օրը: Այն համընկնում է նոր ուսումնական տարվա առաջին օրվա հետ:
Սովորելու համար երբեք էլ ուշ չէ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք վեց տարին բոլորած փոքրիկներին, որ դեռ երեկ անվստահ քայլեր էին անում, հանձնում այդչափ լուրջ հաստատությանը` դպրոցին: Եվ, առհասարակ, ի՞նչ նպատակ ունի այն: Պատճառները շատ են ու հիմնավորված: Կրթվելու, բուհ ընդունվելու, մյուսներից հետ չմնալու, հասակակիցների հետ հաղորդակցման համար ու էլի շատ պատճառներով: Չնայած ոչ մի առարկություն չի կարող լինել, արի ու տես` «բայց»-երը շատ են:
«Ես ուզում եմ, որ երեխաս սովորի դպրոցում», - հաճախ կլսեք ծնողներից, - «բայց.
ա) մեծանա առողջ միջավայրում,
բ) ստանա իր ընդունակությունների չափով առավելագույնը,
գ) ճիշտ ուղղորդվի ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում,
դ) ոգևորվի համակարգի ստեղծագործական մոտեցմամբ և, հետևաբար, դառնա փայլուն մասնագետ,
ե) չձուլվի կրթական միօրինակ կաղապարում, այլ ունենա իր սեփական կարծիքն ու չկաշկանդվի այն բարձրաձայնելուց»:

Հնագույն դպրոցը

«Դպրոց» բառը ծագել է հունարեն σχολείο (scholeio) բառից, որը նշանակում է «ժամանց»: Դժվար է գտնել այսօր աշակերտների, որոնք կհամաձայնեն այսպիսի լավատեսական որակման հետ: Ինչևիցե: Մեր խնդիրները պետք է փնտրել մեր ժամանակներում: Իսկ այժմ թույլ տվեք ուղեկցել ձեզ դեպի վաղ անցյալ: Քաղաքակրթությանը զուգահեռ սկիզբ է առել դպրությունը, և քանի որ մեզ հայտնի հնագույն քաղաքակրթությունը եգիպտականն է, ապա տրամաբանորեն` առաջին դպրոցները եղել են հենց այստեղ` խորհրդավոր բուրգերի բարձրագույն հովանու ներքո: Եգիպտական դպրոցը զարգացել է մի քանի հազարամյակների ընթացքում, ինչով էլ պայմանավորված են նրա խոր արմատներն ու ազդեցությունը մյուս հնագույն դպրության կենտրոնների վրա:
Դպրոցի մասին մեզ հասած առաջին հիշատակումները, Եգիպտոսից զատ, կապված են շումերացիների հետ: Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում դպրոցում ուսանել են ապագա գրագիրներն ու դպիրները: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաներ:
Հիշատակման արժանի հնագույն դպրոցներից են եղել նաև Հին Հունաստանի կրթօջախները: Այստեղ մեծ դեր է տրվել երեխայի կրթությանը: Հույները ձգտում էին հասնել երեխայի դաստիարակության մեջ առավելագույնի. առողջ, ֆիզիկապես զարգացած, օժտված թե՛ ներքին, թե՛ արտաքին գեղեցկությամբ, աշխարհագրական, կենսաբանական, մաթեմատիկական հաշվումների գիտելիքների զգալի պաշարով: Առաջին հին հունական դպրոցը հիմնել է Պյութագորասը:
Հռոմում դպրոցը ստեղծվել է կայսրության օրոք (մ.թ. I դարի 2-րդ կեսին):

Կրթությունը
Հայաստանում

Նախաքրիստոնեական շրջանից մեզ հայտնի հայ կրթատունը Երազամույն տաճարի քրմական դպրոցն է:Մինչև հայալեզու դպրոցների ստեղծումը Հայաստանում գործել են հունարեն և ասորերեն ուսուցմամբ դպրոցներ:
Առաջին դպրոցը՝ վարդապետարանը, բացվել է Վաղարշապատում: Սկզբնական շրջանում դասավանդվել են Սուրբ գիրքը, վարքաբանություն, քերականություն, ճարտասանություն, դիալեկտիկա, հետագայում նաև աստղաբաշխություն, բարոյագիտություն, թվաբանություն և այլ առարկաներ: Դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ և եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը: Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ է բացել նաև Հայաստանի միջնաշխարհում և գավառներում:
8-9-րդ դարերում վերելք է ապրել Սյունյաց դպրոցը:
Լայն տարածում են ունեցել նաև վանական դպրոցները, որոնք գործել են խոշոր վանքերին կից և եղել են երկու կարգի՝ տարրական և բարձր: Այդ շրջանի դպրոցներում դասավանդման մեջ նկատվում էր աշխարհականացման գործընթաց:
12-րդ դարի վերջին աչքի ընկնող ուսումնական հաստատություններից է Խորանաշատի վանքի Հովհաննես Տավուշեցու դպրոցը, որտեղ սովորել է Մխիթար Գոշը: Նոր Գետիկում նրա հիմնած վարդապետարանը, որը հետագայում կոչվել է Գոշավանք, լայն ճանաչում է ունեցել: Այստեղ ուսանելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից:
Դպրոցներ են գործել նաև Հառիճում, Երզնկայում (վերջինս գլխավորել է Հովհաննես Երզնկացին) և այլուր:
14-16-րդ դարերում պատմական դժվարին պայմաններում խամրեցին ու վանական անապահով խցերում պարփակվեցին հայկական ուսումնական հաստատությունները: Չնայած դրան՝ դպրոցներն արձագանքում էին ժամանակի համազգային բոլոր կարևոր իրադարձություններին:
Մխիթար Սեբաստացին 1717 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում միաբանության վանքին կից հիմնել է դպրոց, որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտական կենտրոն: Դպրոցի մատենադարանում պահվում են բազմաթիվ հայերեն ձեռագիր մատյաններ:
1799 թվականին Զմյուռնիայում հիմնվեց Արևմտյան Հայաստանի առավել նշանավոր և համեմատաբար երկար գոյատևած (մինչև 1922 թվականը) ուսումնական հաստատություններից մեկը՝ Մեսրոպյան վարժարանը:

Ժամանակակից դպրոցը


Այսօր էլ կրթական համակարգերը տարբեր երկրներում տարբերվում են մի շարք հատկանիշներով:

Տարիքը
Աշխարհի տարբեր երկրներում ամենակրտսեր աշակերտները մեծամասամբ վեց տարեկան են: Այժմ այդպես է նաև մեզ մոտ: Բայց, օրինակ, իտալացի ծնողներն իրենք են որոշում հարմար տարիքը` ուսումը սկսելու: Նրանք կարող են իրենց փոքրիկին տանել դպրոց նույնիսկ հինգ տարեկանում, ըստ օրենքի ուսուցիչները պարտավոր են ընդունել նրան: Իսկ Հնդկաստանում լուսավոր ճանապարհն սկսվում է չորս տարեկանից:

Ուսումնական տարվա սկիզբը
Այն, որպես կանոն, համընկնում է աշնան սկզբի հետ: Բայց, ասենք Ճապոնիայում և Հնդկաստանում Գիտելիքի օրը նշում են ապրիլին:

Գնահատման համակարգը

Պատկերացրեք սովորական մի ընտանիք Չեխիայում, որտեղ, ի դեպ, գնահատումը կատարվում է 5-բալանոց համակարգով. հուզված երեխան հայտնում է ծնողին, որ հինգ է ստացել: Եվ ո՛չ, դրանք ուրախության արցունքներ չեն: Պարզապես իրենց մոտ գերազանց գնահատականը, պատկերացրեք, ոչ թե 5-ն է, այլ 1-ը: 

Արևելյան, մասնավորապես չինական ու ճապոնական համակարգերն առանձնանում են իրենց խստապահանջությամբ: Ու, եթե արևմուտքում շեշտը դրվում է սոցիալական ադապտացիայի, շփման, անհատի զարգացման վրա, ապա ճապոնական համակարգը դեռևս մանկապարտեզից դասավանդում է թվաբանության հիմունքները: Բայց, այնուամենայնիվ, կրթօջախը Ճապոնիայում աշխատում է ճնշում չգործադրել նորելուկ սաների վրա գնահատականներով: Չնայած որ առաջին տարվա ընթացքում նրանց թեստային աշխատանքները գնահատվում են, տարեվերջին առաջին դասարանցիներն ուսուցչից ստանում են ոչ թե գնահատականներ, այլ գրավոր մեկնաբանություն. «լա՛վ է», «շա՛տ լավ է», «մի փոքր էլ աշխատի՛ր»: «Վատ» բառը չի օգտագործվում, այնպես որ ցածր առաջադիմությամբ աշակերտներ չկան:

Ունենք այն, ինչ որ ունենք
Շատ ջրեր են հոսել՝ Միջագետքի տարածքում՝ Տիգրիսի և Եփրատի ավազանում ստեղծված առաջին դպրոցներից մինչ օրս: Մնացել է անցյալում տեր-թոդիկյան դասավանդման ձևը, կրթության մեջ գործում է սեռական հավասարության սկզբունքը ու էլի շատ դրական տեղաշարժեր, որոնք կերտել են մեր այսօր-ը: Դեռևս ոչ շատ վաղ անցյալում ֆանտաստիկ թվացող Էլեկտրոնային մատյաններ, օրագրեր, գրքեր, համացանցում տեղ գտած տեղեկությունների անթիվ աղբյուրներ: Ճիշտ է, վերջիններս առաջացրել են տարակարծություն, ճեղքելով հասարակության շարքերը, որոնց մի ստվար զանգված հակված է մտածելու, որ նորագույն տեխնոլոգիաները չարիք են: Այնուամենայնիվ, սթափ դատողները մեծամասնություն են կազմում և հասկանում են, որ ցանկացած երևույթ ոչ ճիշտ դիրքորոշման դեպքում կհանգեցնի չարիքի: Մինչդեռ դրականն իրոք շատ է: Մնում է ի՞նչը: Այո՛, մնում է երեխաներին ճիշտ ուղղորդելը տեղեկատվության այսօրվա օվկիանոսում: Իսկ ովքե՞ր են ուղղորդողները: Այո՛, մեր կրթական համակարգը՝ ի դեմս ուսուցիչների:
Տարրական կրթությունից է կախված` կմտնի երեխան չորս տարի անց դպրոցի դարպասներից ներս նույն պսպղուն աչիկներով, թե ձեռք կբերի բարդույթներ, անվստահություն ու հետագայում էլ՝չիրականացած երազանքներ: Անշուշտ, ընտանիքի դերը ոչ ոք չի պատրաստվում թերագնահատել, սակայն միայն միասնական լիարժեք աշխատանքը կբերի նրան, որ մենք կունենանք առողջ մտածելակերպով, բարդույթներից զերծ սերունդ, որը կվերաբերվի ուսմանը՝ որպես կրթող «ժամանցի», ինչպես և մտածված էր իմաստուն հին հույների կողմից: Սերունդ, որը կկարդա Հրանտ Մաթևոսյանի պատմվածքները ոչ թե ուսուցչի պարտադրմամբ, այլ սիրով, այն մեծ սիրով, որով դրանք գրվել են: Տեղեկացված կլինի և կսիրի նաև դրսինը, կկարողանա զատել վատը լավից, անպետքը պիտանիից, մնայունը ժամանակավորից:
Դպրոցի պատվիրած ամենաառաջին ու արժեքավոր գաղափարը պիտի լինի հավատն առ գիտելիք: Առ այն, որ մենք, ի վերջո, այստեղ ենք՝ անընդմեջ ընկալելու ու սովորելու համար` ծնված օրվանից սկսած:

 

Հեղինե Հարությունյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...