2017-10-25 11:35
Աստղիկ Ղազարյան
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի և վիտրեորետինոլոգիայի բաժանմունքի բժիշկ
Էմմայի հետ սովորել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, մեր ընկերությունը տարիների ընթացքում վերածվել է բարեկամության, իսկ այսօր արդեն կոլեգաներ ենք, և մեր հարաբերություններն առավել լիարժեք են դարձել: Էմմայի հետ մեր ընկերությունն առավել ամրապնդվեց չորրորդ կուրսում, մեզ միավորեց բժշկությունը, մենք երկուսս էլ ընտրեցինք ակնաբուժությունը, սկսեցինք ծրագրել մեր հետագա անելիքները, ընտրել մեզ համար նեղ մասնագիտական ուղղվածություններ:
Որպես նրա ընկերուհի՝ կարող եմ ասել, որ Էմման մարդ-մաքսիմալիստ է, նա ամեն ինչում ձգտում է առավելագույնի՝ կամ առավելագույնը կամ ոչինչ: Նա այդպիսին է թե՛որպես զավակ, թե՛որպես կին, թե՛որպես մայր, թե՛որպես ընկեր, և թե՛որպես բժշկուհի: Նա այդ սկզբունքով է քայլեր կատարել նաև իր բաժանմունքը հիմնելիս. այնտեղ ներդրել է ժամանակակից լավագույն սարքավորումները, ստեղծել առավելագույն հարմարավետ և գեղեցիկ պայմաններ իր այցելուների համար: Մասնակցել է բաժանմունքի ստեղծման բոլոր աշխատանքներին, հետևողական եղել, որ ամեն ինչ բարձր մակարդակով արվի՝ առանց թերացումների: Նա միշտ ասում է՝ ես ուզում եմ, որ մեր ծերանոցներում ապրող պապիկներն ու տատիկները գան և այստեղ բարձրակարգ սպասարկում ստանան, նրանք արժանի են լավագույն սպասարկման և վերաբերմունքի:
Գուցե սուբյեկտիվ թվա, բայց պետք է ասեմ, որ Էմման չափազանց բարի, կամեցող, նվիրված, մեծ սրտով անձնավորություն է, նրա կատարած յուրաքանչյուր քայլում սեր և նվիրում կա: Եթե նրան որևէ մեկը դիմում է խնդրանքով, ապա նա ամեն կերպ փորձում է աջակցել նրան, և հանգիստ է լինում միայն այն ժամանակ, երբ խնդիրը լուծում է ստանում:
Այսօր ես շատ ուրախ եմ, որ Էմման իր երազանքներն ու ծրագրերը կամաց-կամաց իրականություն է դարձնում: Նա կյանքում ամեն ինչ ունեցել է, սակայն նրա մեծագույն ձգտումն է եղել ինքնուրույն կերտել իր ուղին, ծավալել անհատական գործունեություն: Եվ ահա այդ պահը եկել է, և ես վստահ եմ, որ սա միայն սկիզբն է, մեր հանրությունը դեռ պետք է բացահայտի Էմմա Ծառուկյան մարդուն և բժշկուհուն ու հիանա նրանով:
Ցանկանում եմ շնորհավորել Էմմային իր ծրագրերի իրականացման մեկնարկի առթիվ և մաղթել, որ նրա սրտի խորքում թաքնված բոլոր երազանքները կետ առ կետ իրականություն դառնան, պահպանի իր մարդ տեսակը, մնա իմ Էմման, թող Աստծո աջակցությունը մշտապես նրա հետ լինի: Ես վստահ եմ, որ Էմման ճիշտ ուղի է ընտրել, և նրա բոլոր երազանքներն իրականանալու են:
Վերադառնալ