2017-07-24 17:34
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Ջոն Կիրակոսյանի անվան h. 20 դպրոցի տնօրեն
Անահիտ Խոսրովյանը:
«Դե Ֆակտո » N 132(05/2017թ.)
-Մանկավարժի աշխատանքը, թերևս, ամենաբարդ ու ամենապատասխանատու աշխատանքներից մեկն է, կցանկանայինք մի փոքր ներկայացնեք՝ ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել:
-Մանկավարժական գործունեությունս սկսել եմ 1985 թվականին հենց այս դպրոցից, սկզբնական շրջանում անգլերեն լեզվի ուսուցչուհի էի, այնուհետև նշանակվեցի մեթոդմիավորման նախագահ:
1996 թվականին աշխատանքային գործունեությունս շարունակեցի` զբաղեցնելով ուսմասվարի պարտականությունները, իսկ տաս տարի անց` 2006 թվականին, նշանակվեցի դպրոցի տնօրեն:
Ուսուցչից մինչև տնօրեն, այսպիսի աշխատանքային ուղի եմ անցել` սիրով և նվիրումով, և ինչպես Լև Տոլստոյն է ասել. «Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի: Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին: Իսկ եթե ուսուցիչը սիրում է և՛ իր աշխատանքը, և՛ իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ»:
-Հետաքրքիր նախապատմություն ունի Ձեր դպրոցը, տղաների ոգով սկսվեց դպրոցի ստեղծման պատմությունը Այգեստան թաղամասում, իսկ տարիներ անց դպրոցն անցավ երկսեռ ուսուցման: Երկար տարիներ է արդեն դպրոցը հաստատուն կերպով իր տեղն ունի կրթական համակարգում, ո՞րն եք համարում դպրոցի կայացման և զարգացման գլխավոր գործոնը:
-Իսկապես շատ հետաքրքիր է. 1943 թվականին Հայաստանում տարասեռ ուսուցման կազմակերպման խնդիր էր դրված: Հայաստանի կրթության նախարարության հրամանով Պուշկինի անվան դպրոցի տղաները տեղափոխվեցին նորաբաց մի դպրոց, որը կոչվեց Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոց՝ նոր լույս և նոր տաճար դառնալով մատաղ սերնդի համար: 1999 թվականից դպրոցը վերանվանվեց Ջոն Կիրակոսյանի անվան հ.20 հիմնական դպրոց:
Դպրոցի կայացման և զարգացման կարևոր գործոնը մեր սաների աշխատասիրությունն ու նվիրումն է դպրոցին: 2013 թվականին աշակերտների մի խումբ, մեր դպրոցի շրջանավարտ բարերար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, որոշեցին հեղաշրջում կատարել դպրոցի պատմության մեջ` նոր շունչ և նոր կյանք տալով դպրոցին: Ամեն ինչ սկսվեց շենքային պայմանների բարեկարգման աշխատանքներից: Հպարտությամբ կարող եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանը միշտ մեր դպրոցի կողքին է և գիտելիքների ամրացման ու զարգացման ուղղությամբ մի շարք բարենպաստ ծրագրեր է իրականացրել: Դպրոցը համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ և մեր սաները մշտապես մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի:
-Տիկի՛ն Խոսրովյան, Ձեր ներդրումը դպրոցի զարգացման և կայացման գործում շատ մեծ է, ինչպե՞ս է Ձեզ հաջողվել այս տարիների ընթացքում ստեղծել համերաշխ կոլեկտիվ և խաղաղ մթնոլորտ:
-Ինձ համար աշխատանքում առաջնային նախապայմանն այն է, որ յուրաքանչյուր ուսուցիչ հաճույքով գա աշխատանքի, և ես փորձում եմ ստեղծել այնպիսի ջերմ և բարի մթնոլորտ, որ ուսուցիչները նույնիսկ տուն գնալ չցանկանան, կարողանան տեղ հասցնել ուսումնական ծրագիրը, յուրացնել տան աշակերտին: Մեր նպատակն է դաստիարակել բազմակողմանի զարգացած, ակտիվ և գիտակից երիտասարդներ:
Բարություն, հանդուրժողականություն, ներողամտություն այս հատկանիշներով է օժտված մեր դպրոցի աշխատակազմը՝ պահակից մինչև տնօրեն:
-Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա սերնդին, ի՞նչ առավելություններ և թերություններ ունեն:
-Ես ամեն տեղ բարձրաձայնում եմ, որ այսօրվա սերունդն իր մտածելակերպով շատ ու շատ առաջ է մեզանից և շատ ավելի խելացի է: Այսօրվա երիտասարդների աշխարհայացքը ինձ դուր է գալիս, նրանք գիտեն իրենց իրավունքները և ի տարբերություն մեր սերնդի` նրանք անկաշկանդ արտահայտում են իրենց տեսակետը: Միայն կցանկանայի, որ նրանք ավելի լուրջ վերաբերեին իրենց պարտականություններին:
-Ինչպե՞ս կգնահատեք վերջին տարիների ընթացքում կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները:
-Մշտապես կողմ եմ եղել բարեփոխումներին: Ամեն ինչ արվել է և արվում է կրթական համակարգի բարելավման և զարգացման ուղղությամբ, հուսով եմ որ այն շարունակական կլինի, քանի որ կրթական ծրագրերի փոփոխությունները միմիայն ուղղված են գալիք սերնդի բարօրության համար:
-2016 թվականին ՀՀ ԿԳ նախարարի կողմից արժանացել եք Տարվա լավագույն տնօրենի կոչմանը, նման ձեռքբերումները ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար:
-Ինձ համար յուրաքանչյուր կոչում, յուրաքանչյուր շնորհակալություն շատ թանկ է և պարտավորեցնող: Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր աջակցում են ինձ, ովքեր գնահատում են իմ կատարած աշխատանքը, ովքեր միշտ իմ կողքին են:
Պարգևներս միայն իմ աշխատանքի արդյունքը չեն, իմ բոլոր ձեռքբերումների հետևում իմ թիկունքն է կանգնած, իսկ իմ թիկունքը՝ իմ աշխատակազմն է:
Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ