2017-07-19 11:31
Շուրջ մեկդարյա կենսագրությամբ Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը` Հայաստանում միջին մասնագիտական բժշկական կրթությամբ կադրերի պատրաստման առաջին ուսումնական հաստատությունն է:
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Ներսիսյանը:
«Դե Ֆակտո » N 132(05/2017թ.)
-Տիկի՛ն Ներսիսյան, Ձեր կրթօջախը ՀՀ-ում ամենահին և կայացած կրթօջախներից մեկն է, կցանկանայինք, որ մի փոքր պատմեք քոլեջի ստեղծման պատմությունը:
-Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը Հայաստանում միջնակարգ բժշկական կրթությամբ կադրերի պատրաստումը սկսել է 1921թ., Երևան քաղաքի առաջին ծննդատան բազայի վրա, որն էլ դարձավ Հայաստանի մայր բժշկական ուսումնարանի հիմնաքարը: Հետագայում ուսումնարանի բազայի հիման վրա ստեղծվեցին բժշկական ուսումնարաններ և մասնաճյուղեր տարբեր շրջաններում, որոնք հետագայում առանձնացան և վերակազմավորվեցին որպես առանձին բժշկական ուսումնարաններ:
1978թ. Երևանի բժշկական ուսումնարանն արժանացավ բազային բժշկական ուսումնարանի կոչմանը, իսկ ՀՀ կառավարության որոշման և ՀՀ ԱՆ հրամանով 2003թ. վերակազմավորվեց որպես «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
1992թ-ից մինչ օրս քոլեջի տնօրեն է Մկրտիչ Էմիլի Մկրտչյանը, որը ղեկավարում է ՀՀ պետական բժշկական քոլեջների տնօրենների խորհուրդը:
-Բացի ՀՀ քաղաքացիներից արդյո՞ք ունեք օտարերկրացի ուսանողներ:
-Իհարկե ունենք նաև օտարերկրացի ուսանողներ՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Սիրիայից, Իրաքից, Ղազախստանից, Թուրքմենստանից և այլն:
-Ի՞նչ մասնագետներ է պատրաստում քոլեջը և ովքե՞ր կարող են դիմել քոլեջ:
-Քոլեջ կարող են դիմել միջնակարգ, հիմնական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք:
Այսօր քոլեջում իրականացվում է միջին մասնագիտական բժշկական կրթություն հետևյալ մասնագիտություններով՝ քույրական գործ, մանկաբարձական գործ, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ, բուժական կոսմետոլոգիա: Իրականացնում է նաև հանրակրթական 9-ամյա կրթություն ունեցող դիմորդների ընդունելություն: «Քույրական գործ» և «Մանկաբարձական գործ» բաժիններում ուսման տևողությունը կազմում է միջնակարգ կրթությամբ ուսանողների համար 3 տարի, իսկ հիմնական կրթություն ունեցողների համար՝ 4 տարի: «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ», «Բուժական կոսմետոլոգիա» բաժիններում միջնակարգ կրթությամբ ուսման տևողությունը 2 տարի է, իսկ հիմնական կրթությամբ` 3 տարի:
-Արդյո՞ք քոլեջն ունի համապատասխան պայմաններ որակյալ կրթություն ապահովելու համար:
-Քոլեջը հարուստ նյութատեխնիկական բազա ունեցող, կրթական բարեփոխումներ իրականացնող, առաջնակարգ բուժկանխարգելիչ գործնական բազաներով ապահովված հաստատություն է: Քոլեջում ուսանողների համար ստեղծված են լավագույն պայմանները որակյալ կրթություն ապահովելու համար: Բոլոր առարկաների համար գործում են դիտողական պարագաներով, տեսա-լսողական սարքերով կահավորված կաբինետներ և լաբորատորիաներ, դասերը անց են կացվում տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած լսարաններում, որոնք համապատասխանում են կրթական չափորոշիչների պահանջներին ըստ մասնագիտությունների: Ինչ վերաբերվում է բժշկական հաստատություններում անցկացվող ուսումնա-արտադրական պրակտիկաներին, ասեմ, որ քոլեջը համագործակցում է Երևանի և մարզերի գրեթե բոլոր խոշոր կլինիկաների, պոլիկլինիկաների, ծննդատների և գիտահետազոտական կենտրոնների, կոսմետոլոգիական կենտրոնների, դեղատնային ցանցերի հետ:
Ամբիոնների դասախոսների կողմից, մեթոդական կաբինետի երաշխավորությամբ և հանրապետության անվանի մասնագետների գրախոսականներով մշակվել և տպագրվել են շուրջ 58 անուն ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր` հայերեն լեզվով, նախատեսված միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողների համար և այդ բոլորը տրամադրվել է նաև հանրապետության մյուս մասնագիտական պետական բժշկական ուսումնական հաստատություններին: Գրադարանը քոլեջի հպարտությունն է՝ ունի մոտ 70.000 գիրք:
Ավելի քան 95 տարի շարունակ քոլեջը ոչ միայն պարզապես կադրեր է պատրաստել առողջապահության համակարգի միջին մասնագիտական սեկտորի համար, այլ նաև կյանք ուղարկել հայրենիքի համար իր աշխատանքի կարևորությունը գիտակցող, ազգային արժեքները գնահատող, առողջ ապրող ու դատող երիտասարդների, որոնք ոչ միայն պատշաճ կրթություն, կայուն գիտելիքներ են ստացել և դառել որակյալ մասնագետներ, այլ նաև միաժամանակ ձեռք են բերել մարդկային բազմաթիվ դրական հատկանիշներ, մարդկային որակներ, որոնց պետք է տիրապետի մասնագետը թիմում աշխատելու, այլ անձանց հետ հաղորդակցվելու, աշխատանքային կոլեկտիվում իրեն դրսևորելու և այլ առումներով:
Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում բարձր մակարդակով իրականացվում է ոչ միայն մասնագիտական ուսուցումը: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում ուսանողական կյանքն ավելի հագեցած ու հետաքրքիր դարձնելուն ուղղված միջոցառումներին, ուսանողների մշակութային և սպորտային, գեղարվեստական և ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Քոլեջի հպարտությունը վոլեյբոլի աղջիկների «Նժդեհ» թիմն է, որը ՀՀ բազմակի չեմպիոն է, ՀՀ բազմակի գավաթակիր, տարբեր մրցաշարերի բազմակի հաղթող, ինչպես նաև երեք անգամ դարձել է համահայկական խաղերի չեմպիոն: Ուսանողների ստեղծագործական, հետազոտական աշխատանքները զարգացնելու նպատակով ուսումնական տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում առարկայական խմբակների աշխատանքներին, կազմակերպվում են ուսանողների գիտագործնական համաժողովներ:
Հայրենասիրական դաստիարակության հարցում քոլեջը որդեգրել է Նժդեհյան գաղափարախոսությունը, որի առաջին կրողը քոլեջի տնօրեն, երկար տարիներ ԵԿՄ վարչության անդամ Մկրտիչ (Սերժ) Մկրտչյանն է:
Մեր շրջանավարտները դիպլոմները ստանալուց հետո կարող են անցնել աշխատանքի
ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհաստատություններում
-Ըստ վիճակագրության՝ Ձեր ուսանողների քանի՞ տոկոսն է աշխատանքի անցնում, և արդյո՞ք լավագույն ուսանողներին օգնում եք աշխատանքի տեղավորման հարցում:
-Նախ ասեմ, որ մեր ամենաարժանավոր ուսանողների համար քոլեջում սահմանված է «Գարեգին Նժդեհ» անվանական ներքոլեջային ուսանողական կրթաթոշակ` բաղկացած վկայականից, կրծքանշանից և ամենամսյա կրթաթոշակից:
Մեր շրջանավարտները դիպլոմները ստանալուց անմիջապես հետո կարող են անցնել աշխատանքի ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհաստատություններում: Քոլեջի ավարտական դիպլոմը ճանաչվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգներում, մի շարք եվրոպական երկրներում, Ռուսաստանում և այլն: Մենք հպարտանում ենք մեր բազմահազար շրջանավարտներով, որոնք ամենուր են` շարունակում են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, աշխատում են Հայաստանի և արտերկրի լավագույն բուժհաստատություններում, որտեղ մեր քոլեջի դիպլոմը ընդունվում և գնահատվում է ըստ արժանվույն: Միջին մասնագիտական բժշկական կրթությունը այսօր ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ և բարձր հեղինակություն է վայելում: Այն ոչ միայն ճանապարհ է հարթում աշխատաշուկա, այլ նաև հիմք է ստեղծում որակյալ բարձրագույն կրթություն ստանալու համար: Գերազանց և բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կարող են շարունակել ուսումը ՀՀ պետական բուհերի 2-րդ կուրսերում հեռակա ուսուցմամբ` քոլեջի և մի շարք բուհերի միջև կնքված պայմանագրերի համաձայն: Քոլեջի հիմնական նպատակը ԲՈՒՀ-ի համար ուսանողներ պատրաստելը չէ: Մեր հիմնական նպատակը աշխատաշուկայի համար միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողներ պատրաստելն է:
Ինչ վերաբերվում է աշխատանքի տեղավորմանը, ապա մեզ հաճախ են դիմում բուժկանխարգելիչ հիմնարկներից կադրերի հարցով և մենք երաշխավորում ենք մեր լավագույն ուսանողներին և օգնում իրենց աշխատանքի տեղավորման հարցում: Ուսումնաարտադրական և նախաավարտական պրակտիկաների ժամանակ լավագույն ձևով իրենց դրսևորած ուսանողներին երբեմն հենց տեղում աշխատանք է առաջարկվում: Լավագույն ուսանողները համարյա միշտ էլ աշխատանք գտնում են, այլ հարց է, որ նրանց չի բավարարում վարձատրությունը, որը մեր երկրում գլոբալ խնդիր է:
-Ինչպիսի՞ մասնագետներ են աշխատում այստեղ:
-Մեր քոլեջի հաջողությունը ես, նախ և առաջ կապում եմ մեր մանկավարժական կոլեկտիվի փայլուն աշխատանքի հետ և խոնարհվում եմ նրանց պրոֆեսիոնալիզմի առաջ: Քոլեջում դասավանդում են բարձր որակավորում ունեցող, դասավանդման նորագույն մեթոդներին տիրապետող, մասնագետների պատրաստման առաջավոր փորձ ունեցող բարձրակարգ դասախոսներ, որոնք պարբերաբար մասնակցում են տարբեր վերապատրաստումների և իրենց գիտելիքները, տարիների ընթացքում կուտակած փորձն ու մասնագիտական հմտությունները սիրով և անմնացորդ փոխանցում են ապագա բուժաշխատողներին:
Ընդհանրապես, քոլեջի հարուստ պատմությունը և բարձր հեղինակությունը մեծ պատասխանատվություն է դնում բոլոր աշխատակիցների ուսերին: Պատահական չէ, որ 2014թ. «Համազգային վստահության խորհուրդ» մրցանակաբաշխության ժամանակ «Միջին մասնագիտական կրթությամբ առողջապահական ոլորտի տարվա որակյալ մասնագետներ պատրաստող» անվանակարգում հաղթող է ճանաչվել ԵՊՀԲՔ:
-Այս քոլեջի շրջանավարտ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռոբերտ Աբաջյանը, ով քաջաբար զոհվեց մարտում, Ձեր քոլեջի նախաձեռնությամբ գիրք է տպագրվել մի փոքր կպատմե՞ք այդ մասին:
-Մեզ համար շատ մեծ ու անդառնալի կորուստ էր Ռոբերտի մահը, նաև մեծ հպարտություն... Ռոբերտ Աբաջյանի սխրագործությունը երբեք չի մոռացվի: Ճիշտ եք, քոլեջի տնօրեն պարոն Մկրտչյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ տպագրվել է հերոս երիտասարդին նվիրված գիրք, անցկացվել է նրա հիշատակին նվիրված մեծ միջոցառում, որին հրավիրված էին Ռոբերտի ծնողները, հարազատները, ընկերները: Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվել է քոլեջի «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով, նրա անունով է կոչվել ատամնատեխնիկական լաբորատորիաներից մեկը, քոլեջի փառքի սրահում, որտեղ ներկայացված են հայ ազգային հին ու նոր հերոսների՝ Նժդեհի, Անդրանիկի,Վ. Սարգսյանի և հայ մյուս հերոսների նկարներն ու կենսագրականները, այժմ ընդգրկվել է նաև Ռոբերտ Աբաջյանի հիշատակի անկյունը:
-Տիկի՛ն Ներսիսյան, ո՞րն եք համարում աշխատանքում Ձեր հաջողության բանաձևը:
-Հատուկ բանաձև չունեմ: Սակայն շատ եմ կարևորում, որ ցանկացած աշխատանքի մեջ առաջնայինը լինի սերը աշխատանքի նկատմամբ, կարգ ու կանոնը, պարտաճանաչությունն ու պատասխանատվության բարձր զգացումը, քանի որ առանց դրանց ոչինչ չի հաջողվի: Աշխատանքում իմ առաջին սկզբունքն է ազնվությունը և անկեղծությունը: Նաև շատ կարևոր է փոխադարձ վստահությունը, առանց որի հնարավոր չէ շփվել մարդկանց հետ, հարաբերություններ ստեղծել և աշխատել:
Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ