2017-07-17 10:59
Արթիկ քաղաքային համայնքի ղեկավար Մխիթար Վարագյան
«Դե Ֆակտո » N 132(05/2017թ.)
-Պարո՞ն Վարագյան, հետևում մնացին Աժ ընտրությունները, որոնք կարևոր նշանակություն ունեին հատկապես կառավարման նոր մոդելի անցնող մեր պետության համար: Ինչպե՞ս կգնահատեք դրանց ընթացքը Արթիկում, և ի՞նչ ակնկալիք ունեք նոր ձևավորված խորհրդարանից:
-Մեր երկրի համար մեծ կարևորություն ունեցող խորհրդարանական ընտրությունները Արթիկ քաղաքում նորմալ ընթացք են ունեցել՝ առանց միջադեպերի: Իսկ ինչ վերաբերում է իմ ակնկալիքներին, ապա պետք է նշեմ, որ նոր ձևավորված խորհրդարանից ակնկալում եմ երկրի զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, բիզնես միջավայրի բարելավմանը նպաստող օրինաստեղծ ու բեղմնավոր աշխատանք:
-Դուք աշխատանքային հարուստ կենսագրություն ունեք, աշխատել եք նաև օրենսդիր մարմնում՝ ներկայացնելով Արթիկը: Ինչպիսի՞ տարիներ էին դրանք, ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:
-Ես երկու անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Այդ տարիներին լիարժեք մասնակցություն եմ ունեցել խորհրդարանական բուն աշխատանքներին և, կարծում եմ, որ պատգամավորական իմ պարտականությունները բարեխղճորեն եմ կատարել: Դրան զուգահեռ՝ նվիրվել եմ Արթիկի և Անիի տարածաշրջանների համայնքների հիմնախնդիրների լուծմանը: Հպարտությամբ կարող եմ նշել, որ իմ անմիջական միջնորդությամբ լուծվել են դպրոցական շենքերի կառուցման ու վերանորոգման, ջրագծերի կառուցման, գազաֆիկացման, ճանապարհների ու փողոցների ասֆալտապատման ու բարեկարգման հիմնախնդիրներ: Անձնական խնդիրների լուծման ակնկալիքներով ինձ դիմած և ոչ մի ընտրող կամ քաղաքացի ինձնից դժգոհ չի մնացել:
-Որքանո՞վ է պատգամավորական աշխատանքի փորձն օգնում Ձեզ այսօրվա աշխատանքում:
-Այդ փորձն ինձ օգնում է մարդկային էլ ավելի լավ փոխհարաբերություններ ձևավորելու, ինչպես նաև համայնքի հիմնախնդիրները պատկան մարմիններին պատշաճ մակարդակով ներկայացնելու և անհրաժեշտ լուծումներ կամ լուծման ակնկալիքներ ստանալու գործում:
-Որպես Արթիկի քաղաքապետ՝ արդյո՞ք հաջողվում է իրականացնել Ձեր նախընտրական ծրագիրը, ի՞նչ աշխատանքներ, ծրագրեր եք հասցրել իրականացնել մինչև այսօր:
-Իմ նախընտրական ծրագիրը շատ մեծ է ու ընդգրկուն: Դրանում զետեղված նախագծերը պետք է իրականացվեն առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Արթիկում մինչև տարեվերջ բացվելու է 400 աշխատատեղով կարի ֆաբրիկա, որի համար դեռևս փետրվար ամսին հիմնվել է ուսումնական կենտրոն և արդեն իսկ, դերձակի մասնագիտական որակավորում են ստացել ավելի քան 250 մարդ: Մինչև տարեվերջ ֆաբրիկան կգործարկվի:
Մասնավոր ներդրողի ուժերով և համայնքի իշխանության օգնությամբ մինչև տարեվերջ կգործարկվի նաև 50 աշխատատեղով ծխախոտի գործարանը:
Ինտենսիվ աշխատանք է տարվում Արթիկում իրանցիների հետ համատեղ 250 աշխատատեղով գորգի ֆաբրիկա կառուցելու համար:
Մասնավոր ներդրողների միջոցներով մտադիր ենք կառուցել նաև կաթի ընդունման ու վերամշակման գործարան՝ 50 աշխատատեղով և անասունների սպանդանոց՝ կրկին 50 աշխատատեղով:
Բացի այդ, ինչպես գիտեք, 2016 թվականի հունիսի 24-ին Արթիկում տեղի էր ունեցել ջրհեղեղ, որի պատճառով քաղաքի տարածքով անցնող Մովրովի և Բմբուլենց հեղեղատարներով քարհանքերի ավազն ու քարաբեկորները տեղափոխվել էին քաղաքի տարածք ու խցանել ջրաթունելներն ու կամուրջները, նյութական վնաս հասցրել ազգաբնակչությանը: Մեզ հաջողվել է ՀՀ կառավարության հատկացրած 172մլն դրամով սկսել աղետի հետևանքների վերացման գործընթացը: Մրցույթը կայացել է, շինարարը հայտնի է և սկսվել է հեղեղատարների մաքրման ու բետոնապատման աշխատանքները: Այսօր հետևողական աշխատանք է տարվում միջազգային դրամաշնորհներով Արթիկի արևելյան և հարավ արևելյան հատվածներում՝ 40 հա տարածքի վրա, տուֆի լքված հանքերի ռեկուլտիվացիայի, անտառատնկման և քաղաքից դուրս հեղեղատարների հունի մաքրմանն ուղղված: Ծրագրի արժեքը 1.5 միլիոն ԱՄՆ դոլար է: Նախնական քննարկմամբ՝ ծրագիրը հավանության է արժանացել: Վերջնական քննարկումը նշանակված է հոկտեմբերի 2-ին:
-Ի՞նչ խնդիրներ են առկա Արթիկում այսօր, որոնք հրատապ լուծում են պահանջում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:
-Հրատապ են փողոցների ասֆալտապատման ու բարեկարգման, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, առանձին թաղամասերում կոյուղագծերի կառուցման աշխատանքները: Բայց ամենահրատապ խնդիրը Արթիկի շրջակայքում գոյացած թվով 29 աղբավայրերի ծածկումն ու փակումն է: Բանն այն է, որ տարածաշրջանի 23 գյուղերից և ոչ մեկը չունի սեփական աղբավայր և համայնքներում առաջացած կենցաղային աղբը հիմնականում թափվել և կուտակվել է Արթիկի շրջակայքում:
Աղբավայրերից մի քանիսը, արդեն իսկ, համայնքի ուժերով շաբաթօրյակների միջոցով փակվել և ծածկվել են հողաշերտով: Այդ աշխատանքները շարունակվելու են, սակայն համայնքի բյուջեի հաշվին ամբողջ ծավալով իրականացնել հնարավոր չէ: Փնտրելու ենք այլ տարբերակներ և միջոցներ:
-Արթիկը եղել է զարգացած արդյունաբերական քաղաք, արդյո՞ք հնարավոր եք համարում վերականգնել Արթիկի նախկին կերպարը:
-Այո՛, Արթիկը եղել է զարգացած արդյունաբերական կենտրոն: Քաղաքում գործել են թվով 12 արդյունաբերական ձեռնարկություններ, սակայն դրանք բոլորը մասնավորեցվել են և ներկայումս չեն գործում: Ես լավատես եմ, կարծում եմ, որ քաղաքի նախկին դիմագիծը վերականգնվելու է: Ինքս ամեն ինչ անելու եմ դրան հասնելու համար:
-Ո՞րն է բնակչության հիմնական զբաղմունքը:
-Տղամարդկանց հիմնական մասը մեկնում է արտագնա աշխատանքի: Արտագնա աշխատանքի է մեկնում նույնիսկ կանանց որոշակի մասը: Մնացածն աշխատում են պետական և համայնքային կառույցներում, զբաղվում առևտրով և գյուղատնտեսությամբ:
-Ի՞նչ խնդիրներ են առկա կրթության ոլորտում, շենքային ինչպիսի՞ պայմաններ ունեն դպրոցները, նախադպրոցական հաստատությունները:
-Կրթության ոլորտում խնդիրները շատ են: որհրդային տարիներին Արթիկն ունեցել է ինը նախակրթարան, սակայն այսօր ունենք ընդամենը չորսը: Դրանցից ոչ մեկը ավելի քան 35 տարի չի վերանորոգվել, շենքային պայմանները վատն են: Ձմռան երկու ամիսներին՝ հունվար, փետրվար, ցրտի պատճառով նախակրթարանները չեն գործում:
Քաղաքում ունենք երկու ավագ, վեց հիմնական և մեկ հատուկ դպրոց: Դրանցից ոչ մեկի շենքը վերանորոգված չէ և բոլորն էլ խիստ կարիք ունեն վերանորոգման: Բացի դրանից, դպրոցների կառավարման խորհուրդներում համայնքապետարանն ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ: Կարծում եմ, որ ժամանակն է դպրոցներն ապակենտրոնացնելու և համայնքներին հանձնելու համար: Այլապես ստացվում է, որ համայնքապետարանը գրեթե տեղյակ չէ դպրոցներում տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքներից և տիրող իրավիճակից:
-Որպես նորընտիր քաղաքապետ՝ Ձեր խոսքում նշեցիք, որ բոլորի քաղաքապետն եք, հաջողվո՞ւմ է այդպիսին լինել, ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք արթիկցիների հետ:
-Ընտրություններն ընդամենը միջոց են համայնքային իշխանության ձևավորման համար: Ընտրություններից հետո էլ բոլորս արթիկցիներ ենք: Ես սիրում և հարգում եմ իմ համաքաղաքացիներին: Բոլորի հետ պահպանում եմ մարդկային նորմալ փոխհարաբերություններ:
-Ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել Արթիկը Ձեր պաշտոնավարման տարիներն ամփոփելիս:
-Ցանկանում եմ տեսնել զարգացած արդյունաբերությամբ, կրթական, մշակութային, սպորտային հաջողություններով, բարեկարգ, ասֆալտապատ, մաքուր քաղաք: Արթիկը պետք է ամրապնդի իր դեմքն ու դիրքը, լինի հպարտ քաղաք, որտեղ գերիշխում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և մարդկային նորմալ փոխհարաբերությունները:
Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի
Վերադառնալ