11:25
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ընտրություններին իմ կատարած աշխատանքով եմ ներկայացել ընտրողներին

2017-07-12 10:54

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքային համայնքի ղեկավար Գագիկ Մաթեւոսյան

  «Դե Ֆակտո » N 132(05/2017թ.)

-Պարո՛ն Մաթևոսյան, Դուք երկար տարիներ է զբաղեցնում եք Նոր Հաճն համայնքի ղեկավարի պաշտոնը, մի փոքր պատմեք Ձեր գործունեության ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

-Իմ ղեկավարման տարիների ընթացքում իրականացված աշխատանքները շատ են, բազմաոլորտ ու տարաբնույթ: Նոր Հաճնի համայնքապետարանը մշտապես հոգ է տարել համայնքի բնակչության խնդիրները լուծելու մասին, սրտացավորեն վերաբերվել ստացված յուրաքանչյուր դիմում-խնդրանքի: Տարիների ընթացքում իրականացված մեծածավալ քաղաքաշինական և բարեկարգման աշխատանքների շնորհիվ՝ Նոր Հաճն քաղաքը փոխել իր ճարտարապետական տեսքը, առավել գեղեցկացել՝ համապատասխանելով ժամանակակից չափանիշներին:
Մասնավորապես՝ պետական ծրագրերի շրջանակներում վերանորոգվել է մշակույթի տունը, ՀԱՕԿ նախագահ Նոր Հաճնի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ Նոր Հաճնում կառուցվել է ճարտարապետական հոյակերտ և վեհաշուք տեսքով աչքի ընկնող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, սփյուռքահայ բարերարներ Արսլանյան եղբայրների աջակցությամբ, ովքեր Կիլիկիայի հաճնցու զավակներ են, վերանորոգվել է համայնքի միակ արվեստի դպրոցը, մանկապարտեզն ամբողջությամբ՝ համալրվելով նոր գույքով և բակային խաղասարքերով: Արսլանյանն եղբայրների միջոցներով հիմնանորոգվել է նաև Նոր Հաճնում գտնվող Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը, որի աշխատանքները կիսատ էին մնացել: Պետք է նշեմ, որ Նոր Հաճնում գտնվող այս թանգարանը Կիլիկիայի մշակութային ժառանգության միակ գիտամշակութային կենտրոնն է, այն ոչ միայն Նոր Հաճնի, այլև Կոտայքի մարզի ամենահայտնի մշակութային օջախներից է և հետաքրքիր վայր՝ զբոսաշրջիկների համար: Արսլանյան եղբայրները կատարում են իրենց ծնողների պատգամը, և նրանց աշխատանքները մեր համայնքում շարունակական են լինելու:
Պետք է նշեմ նաև, որ մեր մշտական ուշադրության կենտրոնում են քաղաքի մաքրության, լուսավորության անցկացման, ասֆալտապատման, փոսալցումների, տանիքների վերանորոգման, բակերում խաղահրապարակների կառուցման աշխատանքները, որոնք բոլոր հնարավոր միջոցներով բարեխղճորեն իրականացվում են: Մեր բակային տարածքների 85 տոկոսում բարեկարգման և խաղահրապարակների կառուցման աշխատանքները լիովին կատարված են, մնացել է շատ փոքր մասը, որը շուտով ավարտին կհասցնենք:

 

-Եթե չեմ սխալվում, Նոր Հաճնում սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ հատուկ վերաբերմունք կա:

-Ես և իմ աշխատանքային թիմը հատուկ վերաբերմունք ունենք յուրաքանչյուր նորհաճնցու խնդրի հանդեպ: Ես կարծում եմ՝ կյանքում ամենամեծ չարիքը մարդկային անտարբերությունն է, և ես ձգտում եմ, որպեսզի մեր կողմից առավելագույն ուշադրություն, բարի վերաբերմունք դրսևորվի բնակչի նկատմամբ անգամ այն դեպքում, երբ չենք կարող աջակցություն ցուցաբերել:
Սոցիալապես անապահով ընտանիքները մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են, մենք նրանց տրամադրում ենք ամենամսյա օգնություններ, ինչպես նաև մեր քաղաքում գործում է բարեգործական ճաշարան, որից օգտվում են մոտ 250 սոցիալապես անապահով բնակիչ: Մեր մշտական ուշադրության կենտրոնում են նաև Հայրենական պատերազմի վետերանները, Արցախյան ազատամարտում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքները, բազմազավակ մայրերը, վաստակաշատ մանկավարժները և այլոք: Մենք ձգտում ենք տարվա մեջ մի քանի անգամ նրանց վերաբերող ծրագրեր իրականացնել, հանդիպել նրանց հետ, որպեսզի այդ մարդիկ իրենց սիրված և գնահատված զգան և ամենակարևորը՝ իմանան, որ մենակ չեն:

 

-Պարո՛ն Մաթևոսյան, վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով համայնքի ղեկավարները պետք է ներկայացնեն իրենց ղեկավարած համայնքի զարգացման ծրագիրը, ի՞նչ առաջարկներ եք ներկայացրել:

-Ես առիթ եմ ունեցել հանդիպելու վարչապետ Կարեն Կարապետյանին Ծաղկաձորում մարզային հավաքի ժամանակ և առաջարկել եմ մեր քաղաքում վերականգնել ադամանդագործության նախկին ավանդույթները, որը իրատեսական և հեռանկարային ծրագիր է: Ճիշտ է, այսօր փոքր ծավալներով գործում են ադամանդագործական արտադրություններ, որոնք ապահովում են 150-200 աշխատատեղ, բայց դա քաղաքի զարգացման համար լուրջ հեռանկար ստեղծել չի կարող:
Ընդհանրապես, մեր քաղաքը բավականին գրավիչ է ներդրումների համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մոտ է մայրաքաղաքին: Այժմ իրականացվում են բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրեր, սակայն կարելի է նաև շատ ուրիշ ծրագրեր կյանքի կոչել, պարզապես պետք է նպատակային աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ, որն էլ ես ձգտում եմ անել և ապագայում Նոր Հաճնը, կարծում եմ, առավել մեծ հաջողություններ և ձեռքբերումներ կունենա:

 

-Ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները բնակչության հետ, ունե՞ք ընդունելության օրեր:

-Քաղաքի բնակչության հետ ես ամենօրյա շփման մեջ եմ, հասանելի եմ նրանց համար անգամ իմ բնակարանում: Ինձ շատ են դիմում ամենատարբեր խնդիրներով, որոնց լուծմանը անպայման փորձում եմ աջակցել:

 

-Վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Դուք վերընտրվեցիք Նոր Հաճնի համայնքապետ, ինչի առթիվ շնորհավորում ենք: Ըստ Ձեզ` ո՞րն է Ձեր հաղթանակի գրավականը, և ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու:

-Իմ կարգախոսն իմ կատարած աշխատանքն էր, որը բոլորը տեսել են, այսինքն` ես ոչ թե խոսքով, այլ գործով եմ ներկայացել իմ ընտրողներին: Կարծում եմ` դա է իմ հաղթանակի գրավականը: 

Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա ես պետք է շարունակեմ համայնքի զարգացմանն ուղղված մեր ծրագրերը, առավել նպատակային աշխատանքներ իրականացնեմ ներդրումներ ներգրավելուն, աշխատատեղերի ստեղծմանը և նորհաճնեցու կյանքը բարեկեցիկ դարձնելուն ուղղված: Առաջիկայում պետք է իրականցվեն տանիքների վերանորոգման աշխատանքներ, որոնց ուղղված մեր ներկայացրած ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և տրամադրվել համապատասխան գումար:

 


Հարցազրույցը՝
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...