18:33
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սպիտակում իրականացվող ներդրումները` նոր աշխատեղերի ստեղծման եւ զարգացման գրավական

2017-07-06 09:41

 «Դե Ֆակտո » N 132(05/2017թ.)

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյան

-Պարո՛ն Սահակյան, հետևում մնացին մեր երկրի համար կարևոր ընտրական գործընթացները, ինչպե՞ս կգնահատեք դրանց ընթացքը Սպիտակ քաղաքում ու որպես քաղաքապետ և ուղղակի ՀՀ քաղաքացի՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր ձևավորված խորհրդարանից:


-Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ընթացան նոր մոդելով` փոփոխությունների ֆոնի վրա, և ուրախալին այն է, որ հաջողվեց ձևավորել խորհրդարան, որը միանշանակ նպաստելու է մեր երկրի առաջընթացին: Սպիտակ քաղաքում ընտրությունները բնականոն, նորմալ ընթացք ունեցան` առանց արտառոց միջադեպերի, և հերթական անգամ սպիտակցիների մեծամասնությունը արդարացիորեն իր ձայնը տվեց իր համաքաղաքացուն՝ Արկադի Համբարձումյանին, մարդու, ով մշտապես կանգնած է սպիտակցու կողքին, ով ոչ միայն մտահոգված է Սպիտակի խնդիրներով, զարգացման հեռանկարով, այլ մշտապես իր ներդրումն է ունենում հարազատ քաղաքի ու տարածաշրջանի զարգացման գործում: Ներկայումս սպիտակցիները նրանից ակնկալում են, որ նա իր նպաստը բերի համայնքում առկա ամենակարևոր հիմնախնդիրներից մեկի լուծմանը՝ աշխատատեղերի ստեղծմանը` ապահովելով արժանապատիվ կյանք իր համաքաղաքացիների համար:
Նոր խորհրդարանից բոլորս էլ ակնկալում ենք այնպիսի օրենքների ընդունում, որոնք կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը, ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանը և քննություն կբռնեն ժամանակի մեջ՝ ունենալով տևական կյանք:

 

-Դուք շուրջ 9 տարի է, ինչ զբաղեցնում եք Սպիտակի քաղաքապետի պաշտոնը. բավականին երկար ժամանակ արդյունավետ աշխատանքի համար: Կխնդրեմ ներկայացնեք՝ ինչպե՞ս է փոխվել Սպիտակ քաղաքը այդ տարիների ընթացքում, ի՞նչ կարևոր ծրագրեր են իրականացվել՝ ուղղված Սպիտակի վերականգնմանը և զարգացմանը:


-Սպիտակի քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարման հենց սկզբից աշխատանքային գործունեությունս իրականացրել եմ նպատակային և պարտքի բարձր գիտակցումով՝ ի բարօրություն մեր քաղաքի շենացման ու զարգացման: Չնայած համայնքում առկա բազում խնդիրներին` քաղաքում նկատելի ու դրական շատ փոփոխություններ են արձանագրվել:
Իմ պաշտոնավարման ընթացքում իրականացվել են բնակարանաշինության, փողոցների լուսավորության ու բարեկարգման, կրթօջախների հիմնանորոգման, գույքով ապահովման, մարզադպրոցի նոր մասնաշենքի կառուցման, գազաֆիկացման, բուժհաստատությունների ստեղծման ու գույքով համալրման, լուսավորության համակարգերի արդիականացման, կանաչապատման, սոցիալական ձեռնարկության հիմնման, սոցիալական աջակցության բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրեր: Ստեղծվել են աշխատատեղեր՝ փոքր ու միջին բիզնեսի օբյեկտներ: Համագործակցել ենք Հայաստանում և Հայաստանից դուրս գործող միջազգային դոնոր հասարակական կազմակերպությունների հետ, փորձի փոխանակման, համագործակցության ծրագրեր իրականացրել Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Բելառուսի, Վրաստանի մի շարք քաղաքների հետ: Մեծապես նպաստել ու աջակցել ենք համայնքում սպորտի զարգացմանը. սպիտակցի մարզիկները Աշխարհի ու Եվրոպայի, Հայաստանի առաջնություններում նվաճել են բազմաթիվ տիտղոսներ, մեդալներ, այդ թվում` ոսկե:
Ի թիվս վերը նշված աշխատանքների՝ մենք միջոցներ ենք ձեռնարկում արևային էներգիայի հնարավորության օգտագործման ընդլայնման ուղղությամբ՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ:

-Որքան էլ ծանր է գիտակցել, բայց աղետի գոտի հասկացությունը դեռևս գոյություն ունի Հայաստանում, մասնավորապես՝ Սպիտակում, ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, որ Սպիտակը դուրս գա աղետի գոտու կարգավիճակից:

-Մեզ հաջողվել է պետական աջակցությամբ ինչ-որ չափով մեղմել համայնքում առկա անօթևանության խնդիրը: Սպիտակը նախկինում եղել է արդյունաբերական խոշոր կենտրոն, որտեղ գործել է 14 արդյունաբերական ձեռնարկություն, որոնք երկրաշարժի ժամանակ ավերվել և մինչև օրս չեն վերականգնվել: Չնայած Սպիտակում գործում է թռչնաֆաբրիկան, կերերի արտադրամասը, «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ն, «Հայ փոստ» ՓԲԸ հյուսիսային տարածաշրջանի կենտրոնական գրասենյակը, պետական կազմակերպություններ, առևտրի և սպասարկման օբյեկտներ, այնուամենայնիվ, գործազրկությունը մեծ թիվ է կազմում:
Կարծում եմ՝ «Աղետի գոտի» հասկացությունը կվերանա աշխատատեղերի ստեղծումով, անհատական բնակարանաշինական ծրագրեր իրականացնելու դեպքում:

 

-1988թ. երկրաշարժից տուժած քանի՞ ընտանիք է դեռևս ապրում տնակներում, ի՞նչ աշխատանքներ են իրականացվում նրանց թիվը պակասեցնելուն ուղղված:


-Երկրաշարժից տուժած դեռևս շուրջ 560 ընտանիք շարունակում է բնակվել կենցաղային պայմաններից զուրկ տնակներում, համայնքի բյուջեով նրանց բնակապահովման խնդիրը լուծել հնարավոր չէ, այս հարցում ակնկալում ենք պետության և դոնոր կազմակերպությունների աջակցությունը:
Իհարկե, պետք է նշեմ, որ մեզ երբեմն հաջողվում է լուծել սոցիալական հատուկ խմբերի բնակարանային խնդիրը անհատ բարերարների կամ դոնոր կազմակերպությունների միջոցով:

 

-Ի թիվս վերը նշված խնդիրների՝ ուրիշ ի՞նչ խնդիրներ են առկա Սպիտակում, ինչի՞ կարիք ունի քաղաքը:


-Քաղաքը կարիք ունի աշխատատեղերի ստեղծման, հատկապես երիտասարդների զբաղվածության խթանման, փողոցների բարեկարգման, նախակրթարանի նոր շենքի, խաղահրապարակների կառուցման, ազգաբնակչության կոմունալ, կենցաղային պայմանների բարելավման:


-Ո՞րն է քաղաքի բնակչության հիմնական զբաղմունքը:


-Բնակչության մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, մյուսը` առևտրի, սպասարկման ծառայությունների մատուցմամբ, իսկ մի հատվածն էլ իր հացը վաստակում է արտագնա աշխատանքով:

 

-Որքանո՞վ է զարգացած առողջապահական ծառայությունը Սպիտակում:


-Համայնքում գործում են Սպիտակի բժշկական կենտրոնը, պոլիկլինիկան, 2016թ.-ից՝ նաև աչքի ախտորոշման, հոգեկան առողջության պահպանման և խնամքի կենտրոնները, որոնցում աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Այժմ մենք աշխատանքներ ենք տանում բոլոր առողջապահական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով ապահովելու ուղղությամբ:
Ի դեպ՝ աչքի ախտորոշման կենտրոնը միակն է ՀՀ Լոռու մարզում:

 

-Կրթա-մշակութային ինչպիսի՞ կյանքով է ապրում Սպիտակը:


-Սպիտակում գործում են գեղարվեստի, երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն: Մեր մշակութային բոլոր օջախների սաները նկատելի հաջողություններ են գրանցել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Գերմանիայում, Լեհաստանում: Համայնքն ընդունել է հայ, ռուս և համաշխարհային մեծության աստղերի, ինչպիսիք են` Տիգրան Մանսուրյանը, Եվգենի Կիսինը, Իան Գիլլանը և այլք:
Արդեն ավանդույթ է դարձել Սպիտակում տոնակատարությունները կազմակերպել հայ աստղերի մասնակցությամբ:
Այս տարի սպիտակցիները մեծ ակտիվությամբ մասնակցում են նաև «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Սպիտակի մշակույթի տանը անցկացվող բոլոր միջոցառումներին:

 

-Առաջիկայում իրականացվելիք ի՞նչ ծրագրեր կան:


-Արդեն ընթացքի մեջ է «Վերականգնվող էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Սպիտակ քաղաքում» ծրագիրը, որի շրջանակներում Սպիտակի 27 բազմաբնակարան շենքերում էներգիայի խնայողության համար կփոխվեն և կջերմամեկուսացվեն տանիքները, դռները, պատուհանները, կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ և մարտկոցներ: Արդյունքում` կապահովվի 15-30% էներգախնայողություն: Ծրագիրը թույլ կտա հոգալ ընտանիքների տաք ջրի պահանջարկի մինչև 80%-ը:
Դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ` 2017-2018թթ. կբարեկարգվի քաղաքային զբոսայգին, կկառուցվեն խաղահրապարակներ քաղաքի տարբեր թաղամասերում: Ինչպես նաև համայնքապետարանի կարևոր ծրագրերից է մշակույթի տան հիմնանորոգումը:
Համայնքում արդեն իսկ սկսվել են փողոցային լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները. նոր լուսավորության համակարգեր կկառուցվեն քաղաքի տարբեր թաղամասերում, բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն քաղաքի բոլոր փողոցներում:
Մեր տարածքի պատգամավոր, բարերար Արկադի Համբարձումյանի ընտանիքի հովանավորությամբ` Սպիտակում կկառուցվի կարի ֆաբրիկա և կաթի վերամշակման արտադրամաս` ապահովելով մեծ թվով աշխատատեղեր:

 

-Պարո՛ն Սահակյան, որո՞նք եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումները:


-Իմ, սպիտակցիների և մեր քաղաքի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ նոր` «Վարպետաց» թաղամասի կառուցումը` իր տեղանքի ընտրությամբ:


-Ինչպիսի՞ Սպիտակի և Հայաստանի մասին եք երազում:


-Երազում եմ անվտանգ, ապահով ու զարգացած Սպիտակի ու Հայաստանի մասին:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...