2017-05-27 14:33
«Դե Ֆակտո » N 131(04/2017թ.)
2017 սեպտեմբերի 4-ին Մալազիայում կկայանա «Miss Cosmopolitan World» գեղեցկության մրցույթը, որին մասնակցելու է նաև Հայաստանը ներկայացնող Յանա Գրիգորյանը:
Մոդելային կարիերայի դժվարությունների, հեռանկարների և առաջիկա մրցույթի մասին «Դե ֆակտո» ամսագիրը կզրուցի «Miss Cosmopolitan World» գեղեցկության մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Յանա Գրիգորյանի հետ:
-Բավականին դժվար մասնագիտություն եք ընտրել, մշտապես հանրության ուշադրության կենտրոնում եք և անընդմեջ պետք է հետևեք Ձեր արտաքին տեսքին, ինչպե՞ս եղավ որոշումը զբաղվել մոդելային կարիերայով:
-Նախ և առաջ ասեմ, որ մոդելային կարիերան ընդհանրապես կապ չունի իմ մասնագիտության հետ, մասնագիտությամբ իրավաբան եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանը: Ավարտելուց հետո սկսեցի զբաղվել մոդելային կարիերայով, սկզբնական շրջանում մասնակցել եմ մի շարք մրցույթների: Տարիներ առաջ, երբ աշխատում էի այլ բնագավառում, ժամանակ չէի ունենում լուրջ գործունեություն իրականացնել մոդելային ասպարեզում, սակայն այժմ ունեմ և՛ ժամանակ, և՛ ցանկություն զբաղվելու այն աշխատանքով, ինչն ինձ դուր է գալիս: Տարիների ընթացքում հասկացել եմ մի բան, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի այն աշխատանքով, որն իրեն հոգեհարազատ է:
-Մոդելի կարիերայի հետ մեկտեղ, նաև երգում եք, դժվար չէ՞ արդյոք համատեղելը:
-Դեռ մանուկ հասակից սկսել եմ երգել, երկար ժամանակ վոկալ դասընթացների եմ հաճախել, այնուհետև կիսատ եմ թողել, քանի որ հայրիկս դեմ էր ընտրածս մասնագիտությանը: Իսկ արդյոք համատեղելը հեշտ է թե դժվար, կասեմ, որ շատ դժվար է, սակայն երբ մարդ ունենում է ցանկություն և նպատակ, ապա, իմ կարծիքով, ամեն ինչ հասցնում է: Իմ բնավորության համաձայն ես երբեք չեմ հանձնվում և ամեն ինչ անում եմ, որ հասնեմ իմ երազանքին:
-Ինչպիսի՞ն էիք պատկերացնում մոդելային աշխարհը և ինչպե՞ս է այն այժմ Ձեզ համար:
-Մոդելային աշխարհը շատ դաժան է, սակայն հարկավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և շարունակել գնալ դեպի քո երազանքը, հենց դժվարություններ են կոփում մարդուն և դարձնում ավելի ուժեղ: Իմ կյանքի ընթացքում ես սովորել եմ հաղթահարել խոչընդոտները և շարժվել առաջ. հարկավոր է ցանկացած իրավիճակում լինել լավատես:
-Ըստ Ձեզ` մոդել դառնալու համար միայն գեղեցիկ արտաքին ունենալը բավարա՞ր է: Ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինեն մոդել ցանկացողները:
-Միայն գեղեցիկ արտաքին ունենալը բավարար չէ: Իմ կարծիքով մոդել դառնալու համար հարկավոր է լինել պարտաճանաչ, ուժեղ, աշխատասեր, դիմացկուն և բազմակողմանի զարգացած:
-Ո՞րն եք համարում հաջողության Ձեր բանաձևը:
-Հաջողության իմ բանաձևը նպատակասլացությունն է, պետք է միշտ ձգտես և հասնես քո նպատակին: Ես համաձայն եմ ԱՄՆ առաջին տիկիններից՝ Բարբարա Բուշի հետ, ով ասում էր. «Դուք անհաջողակ եք Ձեր գործում այնքան. որքան դուք եք մտածում»: Որպեսզի լինես հաջողակ առաջին հերթին հարկավոր է հաղթահարել ներքին անհամոզմունքն ու վախը:
-Մոդելային կարիերայում կա՞ն սկզբունքներ, որոնք չեք ընդունում:
-Կան սահմաններ, որոնք ես չեմ անցնում և կարևոր չէ դա մոդելային կարիերայում է, թե կյանքում: Երբեք չեմ վաճառի իմ սեփական եսը:
Հարկավոր է լինել ազնիվ ինքդ քո հանդեպ. հենց սա է իմ կյանքի առաջնային սկզբունքը:
-Հայաստանը դուք եք ներկայացնելու «Miss Cosmopolitan World» գեղեցկության մրցույթում, պատասխանատու է երբ ներկայացնում ես երկիրդ, ինչպե՞ս է տրամադրվածությունը:
-Շատ վճռական եմ տրամադրված և մեծ պատասխանատվությամբ եմ պատրաստվում այդ մրցույթին և հուսով եմ, որ կկարողանամ Հայաստանը պատվով ներկայացնել:
-Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
-Արդեն ունեմ նոր առաջարկներ մասնակցելու միջազգային մրցույթներին, սակայն այդ մասին կմտածեմ ավելի ուշ:
-Ձեզ ի սրտե գալիք մրցույթում ցանկանում ենք հաջողություն:
-Շնորհակալություն հետաքրքիր զրույցի և բարեմաղթանք համար: Ես էլ իմ հերթին Ձեզ ցանկանում եմ հաջողություն և բարգավաճում:
Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ծնողներիս և նրանց ովքեր իմ կողքին են: Համագործակցության համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մոդելավորող Արամ Նիկոլյանին, Լիլիթ Մելիքյանին, Տաթև Մանուկյանին, Kokchian Jewelry-ին, Աննա Գրիգորյանին, լուսանկարիչ` Արտաշես Մարտիրոսյանին, ինչպես նաև «Megerian Carpet»-ի ողջ անձնակազմին:
Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ