2013-01-14 10:58
Ռաֆիկ Սիմոնյան, ՙԱրենի գինու գործարան՚ ՓԲԸ տնօրեն
ՙԱրենի գինու գործարան՚ ՓԲԸ-ն հայտնի է գինիների իր լավագույն տեսականիով: Ընկերության յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով գինիները իրենց պատվավոր տեղն ունեն հայկական ամենահարգի գինիների շարքում:
-Պարո´ն Սիմոնյան, Արենի համայնքը կարծես գինու հայրենիքը լինիˋ շնորհիվ Արենի տեսակի խաղողի, ո՞րն է խաղողի այդ տեսակի առանձնահատկությունը:
-Արենի խաղողն ունի յուրահատուկ բաղադրություն, նրանում առկա է գինեստեղծման տարրերի անհրաժեշտ քանակությունն ու համամասնությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում այդ որակից ստանալ գինիների հիանալի տեսականի։ Եվ դա հիմնականում պայմանավորված է ինչպես հենց խաղողի տեսակով, այնպես էլ Վայոց Ձորի յուրահատուկ կլիմայով:
Ապացուցված փաստ է, որ Արենի տեսակի խաղողը հազարամյակների ընթացքում աճել է հենց այս տարածաշրջանում: 2008թ. Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում հայտնաբերվել է 6000 տարվա հնություն ունեցող գինու հնձան, որտեղ տեղադրված կավե ավազանները շրջապատված էին խոշոր կուժերով, կարասներով ու սերմերի ցաքուցրիվ մնացորդներով, իմիջայլոց, այստեղ պեղվել է նաև աշխարհում ամենահին`ավելի քան 5500 տարեկան, կաշվե կոշիկը:
-Արենիի գինու գործարանը 18 տարվա կենսագրություն ունի, հետաքրքիր էˋ ինչպե՞ս կգնահատեք այդ տարիների գործունեությունը:
-Գործարանը հիմնադրել եմ 1994թ. Արենի գյուղում: Դա այն ժամանակահատվածն էր, երբ փլուզվել էր Խորհրդային Միությունը, մարզում գտնվող միակ գործարանը պարապուրդի էր մատնված և գյուղացու ստեղծած բերքը չէր իրացվում, տեղական արտադրությունը նոր-նոր սկսում էր զարգանալ և այդ ժամանակ գինու արտադրության ոլորտում ես առաջին նախաձեռնողներից մեկը եղա:
Ես և իմ համագյուղացիները խաղողի այգիներ ունեինք, սակայն մեր խաղողը մթերողներ չկային: Ես որոշեցի անձամբ զբաղվել այդ գործով, հիմնել գինու արտադրություն և մթերել իմ ու համագյուղացիների խաղողը, որքան որ կպահանջվեր գինու արտադրության համար: Սկզբում, բնականաբար, արտադրության ծավալները փոքր էին, սակայն հետագայում գործարանը վերածվեց ժամանակակից արտադրության, և մենք, կիրառելով ժամանակակից մեթոդներ, ավելացրեցինք արտադրության ծավալները: Եթե սկզբում մենք մթերում էինք 25 տոննա խաղող, ապա այսօր մթերման ծավալները հասնում են 250 տոննայի:
Մենք ունենք մեր մշտական սպառողները, ովքեր նախընտրում են Արենիի գինու գործարանի գինիները:
-Ո՞րն եք համարում ընկերության գրանցած առաջին հաջողությունը:
-Երբ ես նախաձեռնեցի գինու արտադրությունը, և առաջին արտադրանքը պետք է դուրս գար շուկա, այդքան էլ հույս չունեի, որ այն կվաճառվեր, քանի որ խորհրդային տարիներին սեղանի գինիների արտադրությունը Հայաստանում հիմնավորապես վարկաբեկված էր, վերևներից եկած հրահանգովˋ ՀՀ-ն մասնագիտացած էր էժանագին թունդ գինիների և կոնյակի արտադրության ոլորտում: Եվ ահա ես փորձեցի շուկա ներմուծել այն ժամանակների համար թանկ և որակյալ արտադրանք: Գինիների վաճառքն ինձ համար առաջին հաջողությունը դարձավ, որից հետո ավելի մեծ թափով սկսեցինք աշխատելˋ ելնելով շուկայի պահանջարկից:
Երկրորդ հաջողությունը գրանցեցինք 2001թ., երբ սկսեցինք արտահանել մեր գինիները սկզբում Մոսկվա, հետո նաև այլ երկրներ:
-Այսօր ինչպիսի՞ հզորություն ունի գործարանը:
-Ներկայումս գործարանը վերամշակում է միջինը տարեկան 250 տոննա խաղող, անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող ենք եռապատկել, կախված իրացման ծավալների ավելացումից:
Արենի գինու գործարանի մրգային գինիները կարելի է ձեռք բերել Ամանորի նախաշեմին:
-Գինիների ինչպիսի՞ տեսականի ունեք:
-Մեր հիմնական տեսականին Արենի խաղողից պատրաստված կիսաքաղցր, կիսաանապակ և անապակ գինիներն են, արտադրում ենք նաև սպիտակ անապակ գինի` Խարջի տեսակի խաղողից, սկսած 2011թ-իցˋ նաև մրգային գինիներˋ նռան, ծիրանի, դեղձի, խնձորի, մոշի, բալի, մորիի:
-Մրգային գինիները համակրանք վայելո՞ւմ են սպառողների շրջանում:
-Մրգային գինիները դեռևս շուկայում ներկայացված չեն, դրանք հիմնականում սպառվում են հենց գործարանում, քանի որ մեզ այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ, ովքեր տեղում հավանում և գնում են դրանք:
Նախատեսել ենք դեկտեմբեր ամսից մրգային գինիները նույնպես ներկայացնել սպառողների դատին:
-Ինչպիսի՞ն են Ձեր արտադրած գինիների ներքին և արտաքին սպառման ծավալները:
-Մեր արտադրանքի մոտ 40 տոկոսն արտահանվում է, իսկ 60 տոկոսը սպառվում Հայաստանում և Արցախում: Ինչպես նշեցի, մեր մշտական գնորդներն են նաև զբոսաշրջիկները, ովքեր հնարավորություն ունեն շրջել գործարանում, ծանոթանալ գինու պատրաստման գործընթացին, փորձել և ընտրել իրենց նախընտրած համն ու հոտն ունեցող գինու տեսակը: Զբոսաշրջային սեզոնի ժամանակ մեզ օրական 50-60 զբոսաշրջիկ է այցելում:
-Մրցակցային ինչպիսի՞ պայմաններ են ստեղծված շուկայում:
-Տեղական շուկայում մրցակցությունը շատ սուր է, որն ունի իր դրական և բացասական կողմերը: Ես կարծում եմˋ դրականն այն է, որ մրցակցությունը միշտ էլ հանգեցնում է արտադրանքի որակի պահպանմանն ու բարձրացմանը: Իմ հիմնական մրցակիցները Վայոց Ձորի արտադրողներն են:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն 15 տարի էˋ մեր գինիներն են մատուցվում մի շարք ռեստորաններում, որոնք երբևէ դժգոհություն չեն հայտնել:
-Գինու ո՞ր տեսակներն են հիմնականում նախընտրում զբոսաշրջիկները:
-Զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են ավանդույթներով հարուստ ՙԱրենի՚ կարմիր չոր գինին, նայած, թե որ երկրից են նրանք ժամանել: Օրինակ, Ռուսաստանից և Չինաստանից ժամանած զբոսաշրջիկները նախընտրում են կիսաքաղցր, կիսաանապակ, ինչպես նաև մրգային գինիները:
-Անձամբ Դուք, ո՞ր գինին եք նախընտրում:
-Ես նախընտրում եմ կարմիր անապակ գինին:
-2013թ. հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
-Քանի որ մրցակցությունը Հայաստանի շուկայում բավականին սուր է, մտադիր ենք մեծացնել արտահանման ծավալները, ընդլայնել տարբեր երկրների հետ մեր համագործակցության շրջանակները: Եթե պետությունն էլ մի փոքր օգնի գինի արտադրողներին արտահանման գործում, ապա մենք ավելի մեծ հաջողությունների կհասնենք:
-Ձեր ամանորյա բարեմաղթանքը:
-Շնորհավորում եմ Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայ ժողովրդին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղ և իղձերի իրականացման տարի:
Հարցազրույցըˋ Սուսաննա Թամազյանի
«Դե Ֆակտո» N79 (2012թ.)
Վերադառնալ