02:18
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ARTIOLI Երբ ներդաշնակվում են բացառիկ նրբաճաշակությունը, հարմարավետությունն ու շքեղությունը

2017-05-17 11:56


«Դե Ֆակտո » N 131(04/2017թ.)

Գեղեցիկ ու նրբաճաշակ ապրելակերպը հատուկ է գեղեցիկն իրենց մեջ կրող մարդկանց, ովքեր ստեղծում և շրջապատում են իրենց գեղագիտությամբ ու նրբաճաշակությամբ` ընդգծելով սեփական եզակիությունը, տարածելով գեղեցիկ ապրելու և արարելու արվեստը: Այդպիսին է իտալական Արտիոլի ընտանիքը, որի ընտանեկան գեղեցիկ ավանդույթներից, գեղագիտական աշխարհայացքի ու գեղեցիկը զգալու ու նրբաճաշակությամբ դրան կերպար, գույն ու ոճ հաղորդելու տաղանդի դրսևորումից ծնվեց «Արտիոլի» համաշխարհային բրենդը: Պատահական չէ, որ «Արտիոլի» կոշիկներն ու աքսեսուարները գրավել են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի և մշակույթի, քաղաքական գործիչների` Պաբլո Պիկասո, Սալվադոր Դալի, Ֆրենկ Սինատրա, Մարչելո Մաստրոյանի, Ռոբերտ Դենիրո, Ջորջ Քլունի, ինչպես նաև քաղաքական դինաստիաներ՝ Էյզենհաուերներ, Քենեդիներ, Օնասիսներ:
Գեղեցիկը գնահատելու և նրբաճաշակ կյանք վարելու արվեստին տիրապետում է նաև Գոռ Մեխակյանի ընտանիքը, որը ջանաց իտալական հանրահայտ բրենդի ավանդույթներն ու գեղագիտական ճաշակը, ոճը, որակն ու հարմարավետությունը հասու դարձնել նաև հայ հասարակությանը` Հայաստանում հիմնելով «Արտիոլի» խանութ-սրահները:
«Արտիոլի» համաշխարհային բրենդի հմայքի ու նրբագեղության, որակի և հարմարավետության առեղծվածը փորձեցինք բացահայտել Հայաստանում «Արտիոլի» բրենդային խանութ-սրահի հիմնադիր Գոռ Մեխակյանի հետ հարցազրույցի ընթացքում:


Հայաստանը «Արտիոլի» բրենդի պատմության մի

մասնիկը դարձնելու առաջին պատճառը անձնական էր...


-Պարո՛ն Մեխակյան, «Արտիոլի» բրենդը երկարամյա պատմություն ունի և գրավել է աշխարհն իր նրբաճաշակությամբ, բարձր որակով ու շքեղությամբ` դառնալով կոշիկի շուկայում նորաձևություն և ճաշակ թելադրողներից մեկը: Հետաքրքիր է, ինչպե՞ս որոշեցիք Հայաստանը դարձնել բրենդի տարածման և պատմության մի մասնիկը, և ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց:


-Պետք է նկատել, որ զարգացման ճանապարհ բռնած նորանկախ մեր հայրենիքում՝ Հայաստանում, հատկապես վերջին տարիներին նկատվում է բրենդային խանութների թվի զգալի աճ, ինչը մեծապես պայմանավորված է հասարակության ընդգծված հետաքրքրությամբ դեպի նորաձևությունը, ոճային հագուկապով սեփական կերպարը և եզակիությունը ընդգծելու ձգտումով: Ճիշտ է, մեր հասարակության զգալի հատվածը դեռևս նախընտրում է չինական կամ թուրքական էժանագին, ցածրորակ արտադրանք կրել, սակայն, ընդհանուր առմամբ, ճաշակի փոփոխություն է նկատվում, և հնարավորության դեպքում հայ սպառողը, անպայման նախապատվությունը տալիս է եվրոպական բարձրորակ և նրբաճաշակ արտադրանքին, հատկապես նորաձև, հարմարավետ ու չկրկնվող կոշիկներին:
Իսկ թե ինչու ես որոշեցի մեր երկրում ևս «Արտիոլի» բրենդը տարածել և այն հասու դարձնել հայ սպառողին, ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Սուբյեկտիվ պատճառն այն է, որ ես և իմ ընտանիքի անդամները կրում ենք այս բրենդի կոշիկները, որոնք հարմարավետ են, նրբաճաշակ, հետաքրքիր ու չկրկնվող դիզայներական լուծումներով, այնպես որ, առաջին պատճառը, որ Հայաստանը դարձրեցինք «Արտիոլի» բրենդի պատմության մի մասնիկը, անձնական էր, իսկ օբյեկտիվ պատճառն այն էր, որ մենք ցանկանում էինք մեր նախընտրած բրենդի կոշիկները վաճառվեին նաև մեր երկրում, որպեսզի հայ նրբաճաշակ սպառողին այն հասու լինի հենց Հայաստանում:

-Պարո՛ն Մեխակյան, «Արտիոլի» կոշիկները և աքսեսուարները գրավել են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի և մշակույթի, քաղաքական գործիչների: Ըստ Ձեզ` ի՞նչ առեղծվածային հմայք և գաղտնիք է իր մեջ պարունակում իտալացի ընտանիքի կողմից ստեղծված այս բրենդը:

-Ցանկացած ոլորտի բիզնեսի հաջողության համար կարևոր նշանակություն ունի նպատակների սահմանումը: Ճանաչելով «Արտիոլի» բրենդի սեփականատերերին՝ կարող եմ վստահաբար նշել, որ այս բրենդի հաջողության բանալին նպատակային աշխատելաոճն է, այսինքն՝ բարձր որակ, հարմարավետություն, նրբաճաշակություն, շքեղություն ապահովելը և, առհասարակ, գեղեցիկի գնահատումը: Կարծում եմ` հենց դրանում է թաքնված այս բրենդի հմայքը և գաղտնիքը:

Բազմադարյա պատմություն, մշակույթ ունեցող երկրի ժողովուրդն ունակ է գնահատելու

գեղեցիկ եւ որակով արտադրանքը, այդ թվում՝ բարձրորակ ու նրբաճաշակ կոշիկները:

-«Արտիոլի» իտալական կոշիկի ապրանքանիշն ամենաթանկարժեքներից մեկն է աշխարհում: Արդյո՞ք հայաստանյան շուկայում այն իր արժանի տեղը գտավ, և արդյո՞ք հայ սպառողը կարողանում է գնահատել համաշխարհային բրենդի իրական արժեքը:

-Գնային քաղաքականությունն ունի իր սպառողական դաշտը: «Արտիոլի» բրենդը, ունենալով համաշխարհային ճանաչում, թելադրում է բարձր ճաշակ, որը յուրաքանչյուր հասարակության մեջ էլ գտնում է իր գնահատողներին: Բազմադարյա պատմություն, մշակույթ ունեցող երկրի ժողովուրդն ունակ է գնահատելու գեղեցիկ և որակով արտադրանքը, այդ թվում՝ բարձրորակ ու նրբաճաշակ կոշիկները:
Ավելացնեմ նաև, որ հայկական շուկայում պահանջարկ ունեն ոչ միայն «Արտիոլի» տղամարդկանց կոշիկներն ու աքսեսուարները, այլ նաև նուրբ, բարձրաճաշակ ու գեղեցիկ կանացի պայուսակները, որոնք նույնպես ցուցադրված են մեր խանութ-սրահներում:

-Վերջերս Հայաստանում էր «Արտիոլի» իտալական բրենդը գլխավորող Անդրեա Արտիոլին: Ինչպե՞ս անցավ նրա այցը Հայաստան, ի՞նչ տպավորություններ նա ստացավ մեր երկրից և ժողովրդից:

-Մենք մեծ ուրախությամբ մեր հայրենիքում հյուրընկալեցինք աշխարհահռչակ «Արտիոլի» բրենդի հիմնադրին՝ Անդրեա Արտիոլիին, ում այցի օրերին ընթացան փոխշահավետ բանակցություններ, որոնք հետագա համագործակցության ամուր հիմքեր ստեղծեցին: Պարոն Արտիոլին խոստացավ աշխատանքային այցով կրկին ժամանել մեր երկիր և իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում իր ստեղծած բրենդը տարածելու և զարգացնելու առթիվ:
Աշխարհահռչակ այս իտալացին հիացած էր Հայաստանով, մեր վարդագույն քաղաքի գեղեցկությամբ ու մեր մշակութային արժեքներով: Անդրեա Արտիոլին Հայաստանից հեռացավ լավ տպավորություններով՝ վստահ, որ իր հիմնադրած բրենդը կսիրվի ու կգնահատվի հայ սպառողի կողմից, ու նաև հայաստանյան շուկայի շնորհիվ` զարգացում կապրի իր բիզնեսը:

 

-Հյուսիսային պողոտայում բացվել է ևս մեկ «Արտիոլի» խանութ-սրահ: Ի՞նչ տեսականի է այնտեղ ներկայացված, ինչո՞վ է այն տարբերվում մյուս սրահից:

-Այո՛, Հյուսիսային պողոտայում արդեն իսկ գործում է բրենդի երկրորդ խանութ-սրահը: Մենք ընտրել ենք քաղաքի հենց այս հատվածը, քանի որ այն, գտնվելով քաղաքի սրտում և լինելով առևտրային ու ժամանցային ակտիվ վայր, հարմար է թե՛ այցելուների, թե՛ աշխատանքային հաջող գործընթաց կազմակերպելու համար:
Ինչ վերաբերում է տեսականուն, ապա պետք է նշեմ, որ ներկայացվող տեսականին երկու խանութներում էլ հիմնականում նույնն է, պարզապես երկրորդ սրահն առավել աչքի է ընկնում իր սպորտային շարքով:

-Ներկայացնել «Արտիոլի» բրենդը Հայաստանում նշանակում է նաև շփում Արտիոլի ընտանիքի հետ: Ի՞նչ տպավորություն եք ստացել այդ ընտանիքից, ի՞նչ հետաքրքիր առանձնահատկություններ ունի այդքան նրբորեն և գեղագիտորեն ոճ, գույն, ճաշակ զգացող ընտանիքը:

-Ես և մեր ողջ աշխատանքային թիմը հիացած է Արտիոլի ընտանիքով, նրանց հետ շփումը մեզ համար գեղեցիկի բացահայտում էր, մարդկային յուրահատուկ տեսակների ճանաչելու բացառիկ հնարավորություն: Դրանից հետո մեզ համար պարզ դարձավ բրենդի հաջողության գաղտնիքը, դրանում արտահայտված նրբաճաշակության և գեղեցիկի ինքնատիպության առեղծվածը:
Եվ պետք է միանշանակ նշեմ, որ մարդկային գործոնն է ապահովում բրենդի հարատև գործունեությունն ու անթերի ճաշակը:

-Պարո՛ն Մեխակյան, մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին, ինչո՞վ են զբաղվում Ձեր ծնողները, ի՞նչ ավանդույթներ կան Ձեր ընտանիքում:

-Ես և քույրս՝ Ռամինան, որը Հայաստանում «Արտիոլի» բրենդի խանութ-սրահների փոխտնօրենն է, դեռևս մանկուց մեր աչքի առջև ունեցել ենք գործարար հոր կերպարը, որը մեզ համար օրինակ է ծառայել: Եվ պատահական չէ, որ այսօր ես և քույրս շարունակում ենք նրա գործը՝ համատեղելով այն ուսումնառության հետ: Միևնույն ժամանակ` մենք դաստիարակվել ենք մորս կերպարով ու արժեքներով, ով տնային տնտեսուհի է, և կարողացել է ստեղծել և շրջապատել մեզ հայ ավանդական ընտանիքի ջերմ մթնոլորտով:
Ես համոզված եմ, որ հաջողակ բիզնեսի գրավականը ջանադիր ու սրտացավ աշխատանքն է, այդ պատճառով մեր ողջ ընտանիքը ներգրավված է աշխատանքային գործունեության մեջ. նույն ավանդական մոտեցումն առկա է նաև «Արտիոլի» բրենդի հիմնադիրների ընտանիքում:

 

«Արտիոլի»-ի խանութ-սրահի գործունեությունը մեզ համար ոչ միայն 


աշխատանք է, այլեւ ապրելաոճ եւ առօրյայի մի մաս:


-Երևի թե պատահական չէ, որ Դուք նախաձեռնել եք «Արտիոլի»-ի մուտքը Հայաստան: Հետաքրքիր է, ի՞նչ տեղ և դեր ունի նորաձևությունը, ճաշակը, ընդհանրապես, գեղեցիկը Ձեր և Ձեր ընտանիքի կյանքում:

-«Արտիոլի» խանութ-սրահը մեզ համար ոչ միայն աշխատանք է, այլև ապրելաոճ և առօրյայի մի մաս: Վաղ հասակից կրել ենք այս բրենդի կոշիկները՝ գնահատելով «Արտիոլի»-ի որակը, շքեղությունը և բացառիկ նրբաճաշակությունը:
Մեր ընտանիքում գեղեցիկը մեծ կարևորություն ունի. մենք փնտրում ենք գեղեցկություն ամենուր, իսկ մեր աշխատանքում փորձում ենք համադրել այն հարմարավետության և նորաձևության հետ:

-Ձեր նախաձեռնությունը խոսում է նաև այն մասին, որ Դուք ցանկություն ունեք հայ հասարակությանն առավել մոտեցնել գեղեցիկին, արվեստին, նորաձևությանը, ճի՞շտ եմ գուշակում, եթե այո, ապա արդյո՞ք հաջողվում է դա անել:

-Շնորհակալություն, Դուք շատ ճիշտ եք հասկացել մեր նպատակները, այն է՝ հայ սպառողին հնարավորություն ընձեռել ճանաչել, ձեռք բերել և գնահատել նորաձև, գեղեցիկ, համաշխարհային ճանաչում ունեցող կոշիկները:
Իհարկե, այդ գործընթացը դյուրին չէ, սակայն փոփոխության միտումն ակնհայտ է, հատկապես երիտասարդության շրջանում:


Հույս ունեմ, որ իմ ապագա 


երեխաները կշարունակեն իրենց պապի եւ հոր գործը, կլինեն նրբաճաշակ, ամենուր կփնտրեն, կգտնեն եւ կստեղծեն գեղեցիկը:


-Ո՞րն է Ձեր երազանքների նախագիծը, և առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:

-Մենք կցանկանայինք տեսնել, որ հայ սպառողը մշտապես կրում է հարմարավետ ու գեղեցիկ իրեր և գիտակցել, որ մենք մեր աշխատանքով ունեցել ենք փոքրիկ ներդրում այդ կարևոր գործում: Սա՝ որպես երազանք, իսկ ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, ապա մենք աշխատում ենք ապահովել մեր աշխատանքի հետագա զարգացումը` հիմնվելով համագործակցության ընդլայնման և նվիրված աշխատակազմի աշխատանքի վրա:
Մենք նպատակ ունենք հայ հասարակությանը ներկայացնել ոչ միայն տղամարդկանց կոշիկներ, աքսեսուարներ ու կանացի պայուսակներ, այլ նաև ներկրել կանացի նրբաճաշակ կոշիկներ, որոնք առավել նորաձև, գեղեցիկ ու շքեղ կդարձնեն մեր հայ գեղեցկուհիներին:

-Պարո՛ն Մեխակյան, ի՞նչ կարևոր արժեքներ կցանկանայիք փոխանցել Ձեր ապագա երեխաներին:

-Քանի որ «Արտիոլի»-ի աշխատելու և հաջողության հասնելու սկզբունքը ընտանեկան համատեղ աշխատանքն է, ես հույս ունեմ, որ այս աշխատելաոճը կփոխանցվի սերնդեսերունդ, և իմ ապագա երեխաները կշարունակեն իրենց պապի և հոր գործը, կլինեն նրբաճաշակ, ամենուր կփնտրեն, կգտնեն և կստեղծեն գեղեցիկը:

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...