2017-04-01 10:44
«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է 2-րդ բուժմիավորման կլինիկական հոգեբան Քրիստինա Բաղիյանը:
« Դե Ֆակտո» N 130 (2017թ.)
-Հոգեբանի աշխատանքը, թերևս, ամենաբարդ աշխատանքներից է, հետաքրքիր է, ինչո՞ւ եք ընտրել հենց հոգեբանի մասնագիտությունը:
-Հոգեբանի մասնագիտությունն ընտրել եմ, քանի որ ինձ մշտապես հետաքրքրել է մարդն իր հույզերով և ապրումներով: Երբ սկսեցի ուսումնասիրել հոգեբանությունը, կարողացա ճանաչել ինքս ինձ, հասկանալ ու բացահայտել իմ հույզերն ու ապրումները և վերլուծել այն ամենը ինչ կատարվում է ինձ հետ: Գիտեք, հրաշալի զգացողությունն է, երբ դու կարողանում ես օգնել մարդուն, հասկանալ իր խնդիրները և փորձում ես քո չեզոքության միջոցով, առաջարկել խնդրին համապատասխան տարբերակներ:
-Հիմնականում, ո՞ր խնդիրներով են առավել հաճախ Ձեզ դիմում:
-Ես կլինիկական հոգեբան եմ, ուղղությունս հոգեվերլուծական է: Ինձ դիմում են տարբեր տարիքային խմբի մարդիկ: Իմ այցելուներն այն մարդիկ են, ովքեր ունենում են որոշակի հոգեբանական խնդիրներ, որոնք խանգարում են իրենց որակյալ ապրելակերպին:
-Ինչո՞վ է տարբերվում կլինիկական հոգեբանը սովորական հոգեբանից:
-Ե՛վ կլինիկական հոգեբանը, և՛ հոգեբույժը, և՛ հոգեթերապևտը աշխատում են մարդու հետ, զբաղվում են մարդու հոգեբանական վիճակի կարգավորմամբ:
Կլինիկական հոգեբաններն աշխատում են մարդու հետ՝ ուսումնասիրում են հոգեբանական խորքային խնդիրներ: Հոգեբանական խնդիրներից կարող են լինել նևրոզները, ֆոբիաները, դեպրեսիան, կպչուն մտքերը և այլն:
Ոչ մի հոգեբան իրավունք չունի խորհուրդներ տալ, նա պետք է պահպանի իր չեզոք դիրքը, կարողանա ցույց տալ խնդրի տարբեր կողմերը և օգնի, որպեսզի մարդը դուրս գա հոգեբանական ծանր վիճակից:
-Ճի՞շտ է այն պնդումը, որ կանայք ավելի դյուրագրգիռ և բռնկուն են՝ քան տղամարդիկ:
-Այո՛, կա նման պնդում, որ կանայք ավելի հուզական են, սակայն ես ցանկանում եմ ասել, որ տղամարդիկ ավելի շատ են նեղսրտում, մտածում, ուղղակի, ի տարբերություն կանանց, նրանք ավելի քիչ են արտահայտում իրենց հույզերն ու ապրումները:
-Եթե տարիներ առաջ մարդիկ կաշկանդվում էին դիմել հոգեբանին, ապա այսօր, այդ առումով, ինչպիսի՞ն է մարդկանց հոգեբանությունը:
-Նախ և առաջ, մարդիկ պետք է տարբերեն հոգեբանին, հոգեբույժին և հոգեթերապևտին: Եթե համեմատենք տարիներ առաջ և այսօր, ապա պետք է նշեմ, որ այսօր մարդիկ ավելի անկաշկանդ են այցելում հոգեբանին, քան տարիներ առաջ:
Իմ կարծիքով մարդը պետք է շատ ուժեղ լինի, որ այցելի հոգեբանին և կարողանա բարձրաձայնել իր խնդիրը:
-Եղանակային պայմանները կարո՞ղ է կապված լինել մարդու դեպրեսիվ վիճակի հետ:
-Հոգեբանության մեջ կա այսպիսի հասկացողություն «ձմեռային դեպրեսիա», «աշնանային դեպրեսիա», շատերն իրենց հոգեբանական անկայուն վիճակը կապում են արևի պակասի հետ, սակայն, իմ կարծիքով, մարդու հոգեբանական վիճակը կապված է միմիայն իր ներսի պահանջների հետ: Եթե հոգեբանական առումով դու հանգիստ ես, ապա կապ չունի թե ինչ եղանակ է դրսում:
-Ըստ Ձեզ, այսօր կա՞ անհրաժեշտություն հանրակրթական դպրոցում հոգեբանությունը, որպես առանձին առարկա դասավանդելու:
-Այո, իհարկե կա, ես կարծում եմ որ դա անհրաժեշտություն է: Երիտասարդների դաստիարակության ընթացքում շատ կարևոր է անձի հոգեբանական ուսուցումը, քանի որ դա կօգնի երիտասարդներին ճանաչել իրենց՝ հասկանալու իրենց հույզերը, և երբեք չվախենալ դրանցից:
-Եվ վերջում, քանի որ այժմ ամենագեղեցիկ տոներն են՝ կանանց միամսյակը, ի՞նչ կմաղթեք կանանց և աղջիկներին:
-Կմաղթեմ բոլոր կանանց և աղջիկներին, նախ և առաջ հոգեկան հանգստություն, այնուհետև կանացի երջանկություն, թող որպես կին յուրաքանչյուրն իրեն երջանիկ և գնահատված զգա:
Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի
Վերադառնալ